Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 հունվար էջ 26–31
  • Ճշմարտությունը հայտնենք վայելուչ կերպով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ճշմարտությունը հայտնենք վայելուչ կերպով
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
  • ԻՆՉՈՒ ԵՆՔ ԱՍՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
  • ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՍՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
  • ԵՐԲ ԵՆՔ ԱՍՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
  • Տարբերո՞ւմ ես ճշմարտությունը ստից
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Համաժողովին կհնչեն հետևյալ հարցերի պատասխանները
    Շրջանային համաժողով շրջանային վերակացուի մասնակցությամբ. ծրագիր 2025–2026
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 հունվար էջ 26–31

ՄԱՐՏԻ 30-ԱՊՐԻԼԻ 5, 2026

ԵՐԳ 76 Ի՞նչ է քո սիրտը զգում

Ճշմարտությունը հայտնենք վայելուչ կերպով

«Եհո՛վա, ճշմարտությա՛ն Աստված» (ՍԱՂ. 31։5, ծնթ.)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Ինչպես հայտնել ճշմարտությունը, որ այն օգուտ բերի մարդկանց։

1. Ի՞նչ պետք է անենք Եհովայի ընտանիքի մի մասը լինելու համար։

ԵՐԲ ծանոթանում ենք ինչ-որ հավատակցի հետ, սովորաբար հարցերից մեկը, որ տալիս ենք, հետևյալն է. «Ինչպե՞ս ես իմացել ճշմարտությունը»։ Ոմանք պատասխանում են. «Ճշմարտությունը մանկուց գիտեմ»։ Ոմանք էլ ասում են, որ վերջերս են իմացել այն։ Սա ցույց է տալիս, որ Աստծու Խոսքի ճշմարտությունը ազդում է մեր ապրելակերպի վրա։ Մենք գիտենք, որ Եհովայի ընտանիքի անդամ կարող ենք լինել միայն այն դեպքում, եթե սիրենք ճշմարտությունը և ապրենք դրա համաձայն։ Իսկ դա անելու կերպերից մեկը մեր խոսքերում և գործերում ազնիվ լինելն է (Սաղ. 15։1-3)։

2. ա) Ի՞նչ համբավ ուներ Հիսուսը։ բ) Հիսուսի սովորեցրած ճշմարտությունը ի՞նչ ազդեցություն էր ունենալու մարդկանց վրա։

2 Հիսուսը միշտ ճշմարտությունն էր խոսում։ Նրա թշնամիները հասկանում էին, որ նա ճիշտն էր ասելու, նույնիսկ եթե դա շատերին դուր չգար (Մատթ. 22։16)։ Հիսուսը իր սովորեցրած ճշմարտությունների ազդեցության մասին ասաց. «Եկել եմ բաժանելու տղային հորից, աղջկան՝ մորից և հարսին՝ սկեսրոջից» (Մատթ. 10։35)։ Ինչ խոսք, նա չէր ցանկանում, որ իր կամ իր հետևորդների հայտնած լուրին բացասաբար արձագանքեն, բայց նա իրատես էր (Մատթ. 23։37)։ Հիսուսը գիտեր, որ իր հայտնած լուրը երկու մասի էր բաժանելու աշխարհը. մի մասը սիրելու էր աստվածաշնչյան ճշմարտությունը, իսկ մյուսը՝ ոչ (2 Թեսաղ. 2։9-11)։

3. Ինչի՞ մասին կխոսենք այս հոդվածում։

3 Մենք ձգտում ենք Հիսուսի պես ազնիվ լինել և միշտ ճիշտն ենք ասում, նույնիսկ եթե դա մարդկանց դուր չի գալիս։ Մենք նաև քարոզում ենք և սովորեցնում աստվածաշնչյան ճշմարտությունը, անգամ երբ մեր հայտնած լուրից ոմանք վրդովվում են։ Արդյո՞ք սա նշանակում է, որ չպետք է մտածենք այն մասին, թե ինչպես և երբ ենք ասում ճշմարտությունը։ Ամենևի՛ն։ Այս հոդվածում նախ կտեսնենք, թե որտեղից կարող ենք իմանալ ճշմարտությունը։ Այնուհետև կքննարկենք, թե ինչու, ինչպես և երբ պետք է ասենք ճշմարտությունը։ Այս հարցերի պատասխանները կօգնեն մեզ, որ բարելավենք ճշմարտությունը վայելուչ կերպով, այսինքն՝ նրբանկատորեն և ճիշտ ժամանակին հայտնելու մեր հմտությունը։

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

4. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան ճշմարտության Աղբյուրն է։

4 Եհովան ճշմարտության Աղբյուրն է։ Նրա բոլոր խոսքերը, օրինակ՝ ճշտի և սխալի վերաբերյալ ասածները, ճշմարտություն են (Սաղ. 19։9; 119։142, 151)։ Այն, ինչ նա ասում է ապագայի վերաբերյալ, իրականանում է (Ես. 55։10, 11)։ Նա երբեք չի դրժում իր խոստումները (Թվեր 23։19)։ Իրականում անհնար է, որ Եհովան սուտ խոսի (Եբր. 6։18)։ Ահա թե ինչու ենք ասում, որ նա «ճշմարտության Աստված» է (Սաղ. 31։5)։

5. Ինչո՞ւ դժվար չէ «գտնել», կամ՝ ճանաչել «ճշմարտության Աստծուն»։ Բացատրիր (Գործեր 17։27)։

5 «Ճշմարտության Աստծուն» գտնելը դժվար չէ, թեև ոմանք այդպես չեն կարծում։ Նրա գոյության ապացույցները ամենուր են (Հռոմ. 1։20)։ Աթենքում մի խումբ կրթված հույների հետ խոսելիս Պողոս առաքյալն ասաց, որ Աստված ուզում է՝ գտնենք նրան, և որ «իրականում նա յուրաքանչյուրիցս հեռու չէ» (կարդա Գործեր 17։27)։ Եհովան դեպի իրեն է ձգում խոնարհ մարդկանց, ովքեր փնտրում են ճշմարտությունը (Հովհ. 6։44)։

6. Նշիր, թե որոնք են Աստվածաշնչում գրված ճշմարտություններից մի քանիսը, և թե ինչու ես երախտապարտ, որ գիտես դրանք։

6 Եհովային գտնելու կերպերից մեկը Աստվածաշունչը ուսումնասիրելն է։ Այդ գիրքը գրած տղամարդիկ ներշնչված են եղել Աստծու սուրբ ոգով (2 Պետ. 1։20, 21)։ Ուստի Աստվածաշնչում գրված ամեն բան ճշմարտություն է և վստահարժան։ Օրինակ՝ մենք կարող ենք վստահել տիեզերքի և երկրի վրա կյանքի ծագման վերաբերյալ այնտեղ գրված տեղեկությանը (Ծննդ. 1։1, 26)։ Նաև կարող ենք հավատալ Աստվածաշնչի այն բացատրությանը, որ մեղքն է տառապանքի և մահվան պատճառը (Հռոմ. 5։12; 6։23)։ Մենք կարող ենք լիովին վստահ լինել, որ Եհովան իր Որդու միջոցով վերացնելու է Սատանայի՝ «ստության հոր» պատճառած վնասները (Հովհ. 8։44; Հռոմ. 16։20)։ Բացի այդ՝ կարող ենք համոզված լինել, որ կիրականանա աստվածաշնչյան այն խոստումը, համաձայն որի՝ Հիսուսը վերացնելու է չարերին, հարություն է տալու մահացածներին, վերականգնելու է երկիրը և օգնելու է մեզ դառնալ կատարյալ (Հովհ. 11։25, 26; 1 Հովհ. 3։8)։ Եհովան մեզ սովորեցրել է ճշմարտությունը և հնարավորություն է տվել այն ուսուցանելու ուրիշներին (Մատթ. 28։19, 20)։ Սա մեծ պատիվ է մեզ համար։

ԻՆՉՈՒ ԵՆՔ ԱՍՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

7-8. Արդյոք կարևո՞ր է, թե ինչ մղումով ենք ասում ճշմարտությունը։ Բեր օրինակ (Մարկոս 3։11, 12; տես նաև նկարները)։

7 Ինչպես արդեն նշեցինք, եթե ուզում ենք Եհովայի ընտանիքի անդամ լինել, պետք է ճշմարտությունը խոսենք։ Սակայն նրան հաճեցնելու համար ավելին է հարկավոր։ Եհովայի համար կարևոր է այն, թե ինչու ենք ասում ճշմարտությունը։ Մտածենք, թե ինչ եղավ Հիսուսի հետ երկրի վրա իր ծառայության ընթացքում (կարդա Մարկոս 3։11, 12)։ Երբ նա քարոզում էր Գալիլեայի ծովի մոտակայքում, մի մեծ բազմություն հավաքվեց նրա շուրջը։ Նրանց մեջ կային դիվահարներ, ովքեր ընկնում էին Հիսուսի առաջ և աղաղակելով ասում. «Դու Աստծու Որդին ես»։ Ինչո՞ւ էին դևերը ճշմարտությունն ասում Հիսուսի մասին։ Հավանաբար, նրանց նպատակը իրենց լսողների վստահությունը շահելն էր, որպեսզի հետո վերջիններիս հեռացնեին Եհովայից։ Դևերը ճիշտն էին ասում, սակայն դա անում էին եսասիրական մղումներով։ Ինչ խոսք, նրանք չէին կարող մոլորեցնել Հիսուսին, ոչ էլ կարող էին հաճեցնել։ Ուստի Հիսուսը հրամայեց նրանց չքարոզել իր մասին։

8 Ի՞նչ ենք սովորում այս դեպքից։ Այն, թե ինչն է մղում մեզ ասել ճշմարտությունը, մեծ նշանակություն ունի Եհովայի համար։ Որքա՜ն կարևոր է, որ ճշմարտությունը սովորեցնենք մաքուր մղումներով, և երբ մեզ գովաբանում են, փառքն ուղղենք Եհովային (Մատթ. 5։16; համեմատիր Գործեր 14։12-15)։

Երկու հակադիր նկարներում պատկերված է, թե ինչպես է քույրը Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնում մի կնոջ հետ։ 1. Քույրը խոսում է իր մասին, իսկ բաց Աստվածաշունչը շրջված վիճակում դրված է սեղանին։ 2. Քույրը բացել է Աստվածաշունչը և ուսումնասիրողին մի համար է ցույց տալիս։

Ճշմարտությունը սովորեցնելիս ո՞ւմ վրա ես հրավիրում ուշադրությունը (տես պարբերություններ 7-8)


9. Ի՞նչ չպետք է անենք և ինչո՞ւ։

9 Քննենք մեկ այլ իրավիճակ, երբ պետք է զգույշ լինենք, որ չփորձենք այնպես անել, որ մեզ փառաբանեն։ Ենթադրենք՝ մի պատասխանատու եղբայր գաղտնի տեղեկություն է մեզ վստահել, և մենք այն հայտնում ենք ուրիշներին։ Երբ մեզ լսողները ավելի ուշ իմանան, որ այդ տեղեկությունը ճիշտ է, գուցե տպավորվեն մեր իմացածով և ենթադրեն, որ շատ այլ գաղտնի տեղեկություններ էլ գիտենք։ Այդպես մենք նրանց աչքում թերևս կբարձրանանք, բայց ոչ Աստծու աչքում (Առակ. 11։13)։ Ինչո՞ւ. քանի որ ոչ միայն հայտնել ենք գաղտնի տեղեկությունը, այլև դա արել ենք սխալ շարժառիթներով։

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՍՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

10. Ինչպե՞ս կսահմանես «վայելուչ խոսք» արտահայտությունը (Կողոսացիներ 4։6)։

10 Կարդա Կողոսացիներ 4։6։ Պողոս առաքյալը Կողոսայի քրիստոնյաներին հիշեցրեց, որ նրանց խոսքը պետք է «միշտ վայելուչ լինի»։ Ի՞նչ է դա նշանակում։ Այս բնագրային արտահայտությունը հաղորդում է այն միտքը, որ մեր խոսքը լսողների համար պետք է լինի ոչ միայն օգտակար, այլ նաև բարի և հաճելի։

11-12. Ինչո՞ւ պետք է զգուշորեն սովորեցնենք ճշմարտությունը։ Բեր օրինակ (տես նաև նկարները)։

11 Մենք պետք է վարվենք Պողոսի խորհրդի համաձայն և ճշմարտությունը վայելուչ կերպով սովորեցնենք։ Աստվածաշունչը ճշմարտությունը համեմատում է երկսայրի սրի հետ, որը կարող է բաժանել հոգին ու ոգին։ Այլ կերպ ասած՝ այն կարող է բացահայտել մեր խոր զգացումներն ու մղումները (Եբր. 4։12)։ Բայց եթե Աստվածաշունչը հմտորեն չգործածենք, գուցե անտեղի վիրավորենք ինչ-որ մեկին կամ կոնֆլիկտի մեջ մտնենք։ Ինչպե՞ս դա կարող է լինել։

12 Պատկերացնենք՝ ծառայության ժամանակ հանդիպում ենք մեկին, ով կանոնավորաբար աղոթում է պատկերների առաջ և իր ընտանիքի հետ ուրախությամբ նշում է Սուրբ Ծննդյան և Զատկի տոները։ Աստվածաշնչի միջոցով մենք կարող ենք այդ մարդուն ցույց տալ, թե որքան անմիտ է աղոթել անշունչ կուռքերին, և փաստել, որ Սուրբ Ծնունդն ու Զատիկը հեթանոսական տոնակատարություններ են (Ես. 44։14-20; 2 Կորնթ. 6։14-17)։ Եթե դա անենք հենց մեր առաջին զրույցի ժամանակ, ճիշտը ասած կլինենք, բայց արդյո՞ք կարող ենք ասել, որ Աստծու Խոսքը հմտորեն ենք օգտագործել։

Երկու հակադիր նկարներում պատկերված է, թե ինչպես է զույգը դռան շեմին քարոզում մի տղամարդու, իսկ հետին պլանում նրա ընտանիքը զարդարում է տոնածառը։ 1. Զույգը տղամարդուն jw.org կայքից ցույց է տալիս «Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Սուրբ Ծնունդի մասին» հոդվածը։ Տղամարդը՝ ձեռքերը խաչած, խոժոռ դեմքով լսում է։ 2. Զույգը տղամարդուն jw.org կայքից ցույց է տալիս «Ինչպես լինել լավ հայր» հոդվածը։ Տղամարդը ժպտալով լսում է։

Ինչպե՞ս կարող ես ճշմարտությունը հմտորեն սովորեցնել (տես պարբերություններ 11-12)a


13. Ինչպե՞ս կարող ենք մեր խոսքերը համեմել աղով։

13 Պողոսը նաև ասաց, որ խոսքը պետք է աղով համեմել։ Նա չասաց, որ մենք պետք է փորձենք քողարկել ճշմարտությունը կամ թաքցնել այն։ Ընդհակառակը, նա հորդորում էր «համեմված» խոսքեր օգտագործել, որպեսզի ճշմարտությունն այնպես ներկայացնենք, որ լսողները ցանկանան «համտեսել» այն (Հոբ 12։11)։ Ինչ խոսք, դա կարող է դժվար լինել։ Բառացի ուտելիքի դեպքում մենք գուցե հակված լինենք մտածելու, որ եթե այն մեզ հաճելի ձևով է համեմված, ուրեմն ուրիշներին էլ է հաճելի։ Նմանապես՝ մեզ գուցե թվա, որ մեր խոսելաձևը բոլորի համար է գրավիչ։ Բայց դա այդպես չէ։ Օրինակ՝ որոշ մշակույթների պատկանող մարդիկ իրենց տեսակետը ուղիղ են արտահայտում, նույնիսկ երբ խոսում են իրենցից տարիքով մեծ անհատների հետ։ Ոմանք էլ հաղորդակցման նման ձևը անընդունելի և նույնիսկ վիրավորական են համարում։ Պողոսն ասաց, որ պետք է իմանանք, թե ինչպես է հարկավոր «պատասխան տալ ամեն մարդու»։ Սա նշանակում է, որ մեր խոսքը պետք է համեմենք ոչ թե մեր ճաշակով կամ այնպես, ինչպես մեր մշակույթում է ընդունված, այլ այնպես, որ ուրիշների համար «համեղ» լինի։

ԵՐԲ ԵՆՔ ԱՍՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

14. Հիսուսն աշակերտներին իր իմացած բոլո՞ր բաներն էր սովորեցնում։ Բացատրիր։

14 Հիսուսն իր հետևորդների հետ միշտ վայելուչ կերպով էր խոսում և բարությամբ բազմաթիվ բաներ էր սովորեցնում (Մարկ. 6։34)։ Բայց նրանք դեռ շատ բան ունեին սովորելու։ Հիսուսը չէր փորձում ամեն ինչ սովորեցնել նրանց, քանի որ լավ հասկանում էր, որ նրանց ունակությունները սահմանափակ են, և որ դա նրանց համար լավագույն ժամանակը չէր որոշ ճշմարտություններ իմանալու համար։ Նա ասաց, որ նրանք ի վիճակի չեն լինի դրանք հասկանալու (Հովհ. 16։12)։ Ի՞նչ ենք սովորում։

15. Պե՞տք է Աստվածաշունչ ուսումնասիրողին միանգամից սովորեցնենք այն ամենը, ինչ գիտենք։ Բացատրիր (Առակներ 25։11; տես նաև նկարը)։

15 Հիսուսի օրինակը ցույց է տալիս, որ կարիք չկա միանգամից ասելու այն ամենը, ինչ գիտենք։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։ Մենք պետք է հաշվի առնենք մարդկանց հանգամանքները։ Կրկին մտածենք այն մարդու մասին, ով իր ընտանիքի հետ ուրախությամբ նշում է Սուրբ Ծնունդն ու Զատիկը։ Մենք գիտենք, որ այս տոները հեթանոսական ծագում ունեն ու տհաճ են Աստծուն։ Բայց պատկերացրու, որ այդ մարդու հետ սկսել ես Աստվածաշունչ ուսումնասիրել Սուրբ Ծնունդից մեկ կամ երկու շաբաթ առաջ։ Մեր խոսքը վայելուչ կլինի՞, եթե նրան ցույց տանք, թե ինչ է Աստվածաշունչը ասում հեթանոսական տոների վերաբերյալ, և ակնկալենք, որ նա անմիջապես կդադարի նշել Սուրբ Ծնունդը։ Ճիշտ է, որոշ ուսումնասիրողներ անմիջապես կիրառում են իրենց սովորածը, սակայն ուրիշներին ավելի շատ ժամանակ է հարկավոր իրենց մտածելակերպն ու վարվելակերպը փոխելու համար։ Մենք կօգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին առաջադիմել, եթե այն, ինչ նա պետք է իմանա, ասենք ճիշտ ժամանակին, այսինքն՝ երբ նա ի վիճակի կլինի դա հասկանալու (կարդա Առակներ 25։11)։

Նախորդ նկարում պատկերված զույգը «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկի օգնությամբ ուսումնասիրություն է անցկացնում նույն տղամարդու հետ նրա տանը։ Նրանց կողքին տոնածառ է դրված։

Հետևիր Հիսուսի օրինակին, երբ որոշում ես, թե երբ ասել ճշմարտությունը և որքան տեղեկություն հայտնել (տես պարբերություն 15)


16. Ինչպե՞ս կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողին, որ «շարունակի քայլել ճշմարտության ուղով»։

16 Քիչ բան կա, որից մենք այնքան ուրախություն ենք ստանում, որքան ուրիշներին Եհովայի մասին ճշմարտությունը սովորեցնելուց։ Մենք կօգնենք նրանց «շարունակել քայլել ճշմարտության ուղով», եթե անենք հետևյալը. միշտ լավ օրինակ լինենք նրանց համար, մեր ապրելակերպով փաստենք, որ հավատում ենք Աստծու Խոսքում գրված խոստումներին, ճշմարտությունը ասենք ճիշտ շարժառիթով, մեր խոսքը լինի վայելուչ, նրբանկատ, բարի ու ճիշտ ժամանակին ասված, և փառքը ուղղենք Եհովային (3 Հովհ. 3, 4)։ Այդպիսով կփաստենք, որ Եհովայինն ենք՝ ճշմարտության Աստծունը։

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՄԱՐՆԵՐԻՑ.

  • Գործեր 17։27

  • Կողոսացիներ 4։6

  • Առակներ 25։11

ԵՐԳ 160 Պատմենք բարի լուրը

a ՆԿԱՐ։ Առաջին լուսանկարում եղբայրը տեսնում է բնակչի տոնածառը և նրան ցույց է տալիս Սուրբ Ծնունդի հեթանոսական ծագման վերաբերյալ մի հոդված։ Երկրորդ նկարում եղբայրը բնակչին ցույց է տալիս մի հոդված, որում հայրերի համար գործնական խորհուրդներ կան։ Այս մոտեցումներից ո՞րն է ավելի արդյունավետ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը