ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոգևոր սնունդ փոքրիկ տուփի մեջ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 2020
Եհովայի վկաները այսօր հոգևոր սնունդը ստանում են հիմնականում թվային ձևաչափով։ Բայց շատ երկրներում ինտերնետ կապը մատչելի չէ, որոշ տեղերում էլ այն շատ թույլ է կամ ընդհանրապես չկա։
Այնուամենայնիվ, մեր եղբայրներից ու քույրերից շատերը այժմ կարողանում են բեռնել մեր թվային հրատարակությունները առանց ինտերնետ կապի։ Ինչպե՞ս։
«JW Box»-ը (JW տուփ) փոքրիկ սարք է, որը տրամադրվում է այն ժողովներին, որոնք ինտերնետ կապի խնդիր ունեն։ Այդ սարքի մեջ մի առևտրային ընկերությունից գնված մոդեմ է տեղադրված, իսկ ծրագրային համակարգը մշակել է Բեթելի համակարգչային բաժինը։ Այն պարունակում է jw.org կայքից նախապես բեռնված թվային հրատարակություններ և տեսանյութեր։ Սարքի արժեքը մոտավորապես 75 ԱՄՆ դոլար է։
Թագավորության սրահում մեր հավատակիցները իրենց էլեկտրոնային սարքերը Wi-Fi կապի միջոցով միացնում են «JW Box» սարքին և բեռնում հրատարակություններն ու տեսանյութերը։ Նրանք նույնիսկ էժան և հին սարքերով են կարողանում միանալ։ Իսկ ինչպե՞ս է «JW Box» սարքը թարմացվում նոր հրատարակություններով, եթե ժողովները ինտերնետ կապի խնդիր ունեն։ Մասնաճյուղը պարբերաբար նրանց ուղարկում է USB կրիչներ, որոնք ընդամենը 4 ԱՄՆ դոլար արժեն։ Դրանք պարունակում են jw.org կայքի նոր հրատարակությունները։
Ինչպե՞ս է «JW Box» սարքը օգնել մեր եղբայրներին։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ապրող Նաթան Ադրուանդրա անունով մի հայր ասում է. «Շատ եմ փորձել բեռնել «Ո՛վ Եհովա.... քեզ եմ ապավինում» և «Հիշե՛ք Ղովտի կնոջը» վիդեոբեմադրությունները, սակայն երբեք չի ստացվել։ Դա ինձ շատ էր տխրեցնում։ Իսկ այժմ ես կարող եմ այդ վիդեոբեմադրությունները բեռնել իմ հեռախոսի մեջ։ Դրանք ինձ ու կնոջս օգնում են ավելի լավ կրթել մեր երեխաներին»։
Մի եղբայր, որն օգնում է Նիգերիայի ժողովներին օգտվել «JW Box» սարքից, ասում է. «Եղբայրները «JW Box» սարքը համարում են հատուկ նվեր Եհովայից։ Նրանք շատ ոգևորված են, որ հիմա կարողանում են հեշտությամբ բեռնել ուսուցանելու գործիքների արկղի մեր հրատարակություններն ու տեսանյութերը»։
Ավելի քան 1 700 սարք է ուղարկվել Աֆրիկայում, Օվկիանիայում և Հարավային Ամերիկայում ապրող մեր եղբայրներին, և նախատեսվում է հետագայում ավելի շատ ժողովների ուղարկել այդ սարքերից։ Իսկ ի՞նչ միջոցներով են կատարվում այս ծախսերը։ Համաշխարհային գործի համար արված կամավոր նվիրատվություններով, որոնց մեծ մասն արվում է donate.jw.org կայքի միջոցով։ Շնորհակալ ենք ձեր առատաձեռնության համար։