12 հուլիսի, շաբաթ
Հովասին սպանեցին.... բայց [չթաղեցին] թագավորների գերեզմանոցում (2 Տար. 24։25)։
Հովասին կարելի է նմանեցնել մի ծառի, որը խոր արմատներ չուներ և կանգնած էր հենակի շնորհիվ։ Երբ հենակը, այսինքն՝ Հովիադան, այլևս չկար, հավատուրացության քամիները փչեցին, և Հովասը տապալվեց։ Մեր աստվածավախությունը չպետք է կախված լինի միայն մեր հավատակիցների, այդ թվում՝ ընտանիքի անդամների լավ ազդեցությունից։ Հոգևորապես ուժեղ մնալու համար մենք ինքներս պետք է ջանքեր թափենք, որ նվիրված մնանք Եհովային և ակնածալից վախ ունենանք նրա հանդեպ։ Դրա համար կարևոր է կանոնավորաբար ուսումնասիրել Աստծու Խոսքը, խորհրդածել դրա շուրջ և աղոթել (Երեմ. 17։7, 8; Կող. 2։6, 7)։ Իրականում, Եհովան մեզանից շատ բան չի պահանջում։ Ժողովող 12։13-ում ասվում է. «Վախեցիր ճշմարիտ Աստծուց և պահիր նրա պատվիրանները։ Դա ամենակարևոր բանն է, որ մարդ պետք է անի իր կյանքում»։ Եթե աստվածավախ լինենք, կհաղթահարենք ապագա փորձությունները և հավատարիմ կմնանք Եհովային։ Այդ դեպքում ոչինչ չի կարող վնասել նրա հետ ունեցած մեր ընկերությունը։ w23.06, էջ 19, պրբ. 17-19
13 հուլիսի, կիրակի
Ահա ես ամեն բան նոր եմ դարձնում (Հայտն. 21։5)։
Աստծու երաշխիքը սկսվում է հետևյալ խոսքերով. «Նա, ով նստած էր գահին, ասաց» (Հայտն. 21։5ա)։ Այս նախաբանին հաջորդող խոսքերը առանձնահատուկ են նրանով, որ դրանք անձամբ Եհովան է ասել. «Հայտնություն» գրքում ընդամենը երեք այդպիսի դեպք է արձանագրված։ Այսինքն՝ խոստման երաշխիքը տալիս է ոչ թե մի հզոր հրեշտակ, ոչ թե հարություն առած Հիսուս Քրիստոսը, այլ անձամբ Եհովան։ Այս հանգամանքը ընդգծում է, որ դրանից հետո ասված խոսքերը արժանահավատ են։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովան «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Ուստի մենք համոզված ենք, որ Հայտնություն 21։5, 6 համարների խոսքերը իրականություն կդառնան։ Եհովան իր խոսքը սկսում է «ահա» բառով։ «Ահա» թարգմանված հունարեն բառը հաճախ է հանդիպում «Հայտնություն» գրքում։ Իսկ ի՞նչ է հաջորդում «ահա» բառին։ Եհովան ասում է. «Ես ամեն բան նոր եմ դարձնում»։ Ճիշտ է, խոսքը ապագա իրադարձությունների մասին է, բայց նա այնքան վստահ է դրանց կատարման մեջ, որ խոսում է այնպես, ասես դրանք արդեն կատարվում են (Ես. 46։10)։ w23.11, էջ 3-4 պրբ. 7-8
14 հուլիսի, երկուշաբթի
[Նա] դուրս գնաց ու դառնագին լաց եղավ (Մատթ. 26։75)։
Պետրոս առաքյալը երբեմն թերանում էր։ Ուշադրություն դարձնենք նրա կյանքից մի քանի դրվագի։ Երբ Հիսուսն ասաց, որ մարգարեության համաձայն՝ տառապելու և մահանալու է, Պետրոսը սաստեց նրան (Մարկ. 8։31-33)։ Բացի այդ՝ Պետրոսն ու մյուս առաքյալները շարունակ վիճում էին, թե ով է իրենցից մեծը (Մարկ. 9։33, 34)։ Իսկ Հիսուսի երկրային կյանքի վերջին գիշերը Պետրոսը, պահի ազդեցության տակ, կտրեց ներկաներից մեկի ականջը (Հովհ. 18։10)։ Այդ նույն գիշեր մարդավախությանը տրվելով՝ նա երեք անգամ ուրացավ իր ընկերոջը՝ Հիսուսին, որից հետո դառնագին լաց եղավ (Մարկ. 14։66-72)։ Հիսուսը չլքեց իր վհատված առաքյալին։ Հարություն առնելուց հետո նա Պետրոսին հնարավորություն տվեց փաստելու, որ սիրում է իրեն, և հանձնարարեց, որ խոնարհաբար հոգ տանի իր գառների մասին՝ հովվելով նրանց (Հովհ. 21։15-17)։ Պետրոսը պատրաստակամորեն ընդունեց այդ հանձնարարությունը։ Պենտեկոստեի օրը նա Երուսաղեմում էր, նրանց թվում, ովքեր օծվեցին սուրբ ոգով։ w23.09, էջ 22, պրբ. 6-7