Երեմիա
16 Եհովայի խոսքը դարձյալ ինձ եղավ. 2 «Քեզ համար կին մի՛ առ և այստեղ որդիներ ու աղջիկներ մի՛ ունեցիր+, 3 որովհետև Եհովան այսպես է ասում այն տղաների ու աղջիկների մասին, որ պիտի ծնվեն այստեղ, նրանց մայրերի մասին, որ պիտի ծնեն նրանց, և հայրերի մասին, որ այս երկրում պիտի ունենան նրանց+. 4 «Նրանք հիվանդություններից կմեռնեն+, նրանց վրա լաց չեն լինի+ և նրանց չեն թաղի+, այլ երկրի երեսին գոմաղբի պես կլինեն+։ Սրով ու սովով նրանց վերջը կգա+, և նրանց դիակները երկնքի թռչունների ու երկրի գազանների համար կերակուր կլինեն»+։
5 Այսպես է ասում Եհովան. «Մի՛ մտիր այն տունը, որտեղ սգո ճաշ են տալիս, լացուկոծ անելու մի՛ գնա ու նրանց ցավակից մի՛ եղիր»+։
«Ես իմ խաղաղությունը, սիրառատ բարությունն ու ողորմությունը վերցրել եմ այս ժողովրդից+,– ասում է Եհովան։– 6 Թե՛ մեծերը, թե՛ փոքրերը մեռնելու են այս երկրում։ Նրանք չեն թաղվելու+, նրանց համար ոչ մեկը կուրծք չի ծեծելու, ոչ մեկը իր վրա կտրվածքներ չի անելու+ և նրանց համար իր գլուխը չի սափրելու+։ 7 Կորուստ ունեցողին մխիթարելու համար սգի հաց չեն բաժանելու+, ոչ էլ որևէ մեկի հոր կամ մոր մահվան առիթով մխիթարության բաժակ են նրան տալու+։ 8 Խնջույքի տուն մի՛ մտիր և նրանց հետ կերուխումի մի՛ նստիր»+։
9 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես այս վայրում ձեր աչքերի առաջ ու ձեր օրերում կդադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը»+։
10 Եվ երբ այս ժողովրդին ասես այս բոլոր խոսքերը, ու նրանք քեզ հարցնեն՝ «ինչո՞ւ է Եհովան այս բոլոր սարսափելի չարիքները մեր դեմ ազդարարում, ո՞րն է մեր հանցանքը և ո՞րն է մեր մեղքը, որ գործել ենք մեր Աստված Եհովայի դեմ»+, 11 այդ ժամանակ նրանց կասես. «Քանի որ ձեր հայրերը լքեցին ինձ+,– ասում է Եհովան,– և գնացին ուրիշ աստվածների հետևից, նրանց ծառայեցին ու նրանց առաջ խոնարհվեցին+, իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին+։ 12 Բայց դուք ձեր հայրերից ավելի վատ եք վարվում+, և ձեզնից յուրաքանչյուրը քայլում է իր չար սրտի կամակորությամբ+ ու չի հնազանդվում ինձ+։ 13 Ես էլ այս երկրից ձեզ կնետեմ+ մի երկիր, որը չգիտեք ո՛չ դուք+ և ո՛չ էլ ձեր հայրերը. այնտեղ ցերեկ ու գիշեր ուրիշ աստվածների պիտի ծառայեք+, որովհետև ձեր հանդեպ բարեհաճ չեմ լինի»։
14 «Ահա այս պատճառով էլ օրեր են գալիս+,– ասում է Եհովան,– երբ այլևս չեն ասի՝ «կենդանի է Եհովան, որը Իսրայելի որդիներին հանեց Եգիպտոսի երկրից»+, 15 այլ կասեն. «Կենդանի է Եհովան, որը Իսրայելի որդիներին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր նրանց ցիրուցան էր արել»։ Եվ ես նրանց ետ կդարձնեմ դեպի իրենց հողը, որն իրենց հայրերին եմ տվել»+։
16 «Ահա ես կանչել եմ տալիս բազում ձկնորսների,– ասում է Եհովան,– և նրանք կորսան նրանց, դրանից հետո կանչել կտամ բազում որսորդների+, և նրանք կորսան նրանց ամեն լեռան, ամեն բլրի վրա ու ժայռերի խոռոչներում+։ 17 Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է, նրանք ծածկված չեն իմ առաջից, նրանց անօրենությունը թաքնված չէ իմ աչքից+։ 18 Նախ կրկնապատիկ կհատուցեմ նրանց իրենց անօրենության+ և իրենց մեղքի դիմաց, քանի որ պղծեցին իմ երկիրը+ և իրենց գարշությունների ու պղծությունների դիերով լցրին իմ ժառանգությունը»»+։
19 Ո՜վ Եհովա, ի՛մ զորություն և ի՛մ ամրոց, նեղության օրերի ի՛մ ապաստարան+, երկրի ծայրերից ազգերը քեզ մոտ պիտի գան+ ու ասեն. «Իրավամբ, մեր նախահայրերը ստություն+, ունայնություն ու անօգուտ բաներ+ ժառանգեցին»։ 20 Մի՞թե մարդ կարող է իր համար աստվածներ շինել։ Այն, ինչ նրանք շինում են, ամենևին էլ աստվածներ չեն+։
21 «Դրա համար էլ ահա ես նրանց պիտի իմացնեմ. այս անգամ իմ ձեռքն ու իմ զորությունը պիտի իմացնեմ նրանց+, և նրանք պիտի իմանան, որ իմ անունը Եհովա է»+։