Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/04 էջ 24–25
  • Աշխարհի ամենափոքրիկ շունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աշխարհի ամենափոքրիկ շունը
  • 2004 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Չիուաուայի ծագումը
  • Չիուաուան տան մեջ
  • Շան հոտառությունը
    Արդյոք պատահականությո՞ւն է
2004 Արթնացե՛ք
g 10/04 էջ 24–25

Աշխարհի ամենափոքրիկ շունը

ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՄԵՔՍԻԿԱՅԻՑ

ԿՑԱՆԿԱՆԱՅԻ՞Ք գտնել այնպիսի ընկերոջ, որն անմիջական է ու աշխույժ, բայց միևնույն ժամանակ բավարարվում է ձեր ծնկներին կամ կողքին հանգիստ նստելով, երբ որևէ բան եք ընթերցում։ Մի ընկերոջ, որը քիչ է ուտում, քիչ տեղ է զբաղեցնում և կարիք չի զգում, որ իրեն ամեն օր տանեն զբոսնելու։ Եթե այդպես է, ապա ձեզ հավանաբար մեծ բավականություն կպատճառի չիուաուան՝ աշխարհում հայտնի ամենափոքր շունը։a

Չիուաուան լավ պահապան է, քանի որ իր հաչոցով զգուշացնում է վտանգի մասին։ Նա խիզախ է և ընդհանրապես չի վախենում մեծ շներից։

Նա ունի կլորավուն գլուխ, իրարից հեռու գտնվող պսպղուն, չարաճճի աչքեր ու ցցված ականջներ, որ հանգստի ժամանակ կախվում են։ Այս շների մազերը կարող են լինել կարճ ու փափուկ կամ երկար ու թավշյա, երբեմն շեկ, շիկակարմիր, կապույտ կամ շագանակագույն։ Բացի դրանից, չիուաուան կարող է լինել միագույն, զոլավոր կամ բծավոր։ Մեծամասամբ, նրա ձագերն աչքի են ընկնում այն բանով, որ իրենց գլխին փափուկ փոսիկ ունեն, ինչպես որ նորածին երեխաները։

Չիուաուայի ծագումը

Թեպետ չիուաուայի ծագման մասին կան տարբեր ենթադրություններ, սակայն, ըստ երևույթին, նա առաջացել է տեչիչի կոչվող փոքր շներից, որոնց պահել են տոլտեկները (մ.թ. իններորդ դարում Մեքսիկայի տարածքում բնակված ցեղեր)։ Այդ մասին վկայող փաստեր կարելի է գտնել Վեհոցինգո քաղաքի տաճարներից մեկում, որը կառուցվել է ֆրանցիսկյան վանականների կողմից Չոլուլայի բուրգերից վերցված քարերով։ Քարերի վրա քանդակված են պատկերներ, որոնք հիշեցնում են մեր օրերի չիուաուաներին։

Ավելի ուշ ացտեկները կործանեցին տոլտեկներին, իսկ այդ փոքրիկ շներին, հատկապես կապույտներին, նրանց վերնախավի ներկայացուցիչները դարձրեցին պաշտամունքի առարկա։ Ացտեկները հավատում էին, թե այդ շները առաջնորդում են մահացածների ոգիներին անդրշիրիմյան աշխարհում իրենց ճանապարհորդության ժամանակ։ Չիուաուայի սիրահար էր ացտեկների վերջին կայսր Մոնթեսումա II–ը։ Ասում են, որ նա հարյուրավոր այդպիսի շներ էր պահում, և նրանցից յուրաքանչյուրը խնամող ուներ։ Չիուաուայի կմախքներ են հայտնաբերվել Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանում գտնվող գերեզմաններում։

Հանգուցյալ պատմաբան Թելմա Գրեյը, որ հետազոտել էր չիուաուա շների ծագման պատմությունը, իր ուսումնասիրությունների արդյունքում եկել էր այն համոզման, որ ացտեկները իրենց մոտ բնակվող շներին խաչասերել էին փոքրիկ տերիեր ցեղի շների հետ, որոնց այնտեղ էին բերել իսպանացի կոնկիստադորները։ Այդպես նրանք նպաստել էին շների ավելի փոքր ցեղի՝ ժամանակակից չիուաուայի առաջացմանը։ Վերջիններս այդ անունը ստացան այն պատճառով, որ 19–րդ դարի կեսերին Մեքսիկա ժամանած ամերիկացի ճանապարհորդները այդ ցեղը հայտնաբերեցին Չիուաուա նահանգում։ Այդ շներից մի քանիսին նրանք իրենց հետ տարան ԱՄՆ։ Գրեթե նույն ժամանակամիջոցում Մեքսիկայի կայսր Մաքսիմիլիանի կինը՝ Կառլոտան, իր մասնակցությունը բերեց չիուաուայի համաշխարհային ճանաչման գործում, երբ այդ շներին տարավ Եվրոպա։

Չիուաուան տան մեջ

Չիուաուան տնային շուն է, և շատ հարմար է նրան պահել բնակարանում։ Նա հոյակապ ընկեր է տարեց, խեղանդամ կամ տնից դուրս գալու հնարավորություն չունեցող անհատների համար։ Չիուաուան լավ է զգում իրեն, երբ արժանանում է սիրո և ուշադրության։ Սակայն քանի որ այդ շունը բավական փոքր է, նրան խնամելիս հարկավոր է զգույշ լինել։ Չիուաուան կարող է լուրջ վնասվել կամ սատկել, եթե մարդը պատահաբար ոտքը դնի կամ նստի նրա վրա, կամ էլ շատ ուժեղ սեղմի նրան։ Այս շանը չպետք է առանց ուշադրության թողնել բարձր տեղերում, ինչպես օրինակ՝ մահճակալի կամ բազմոցի վրա։ Քանի որ չիուաուան չունի բարձրությունը զգալու ունակություն, կարող է ցատկել ու կոտրել իր ոսկորները։ Այդ պատճառով խորհուրդ չի տրվում այդպիսի շուն նվիրել շատ փոքր երեխաներին։

Այնուամենայնիվ, չիուաուան շատ ավելի կենսունակ է, քան կարող եք պատկերացնել։ Իրականում, նա ամենաերկարակյաց շներից մեկն է և ապրում է մինչև 20 տարի։ Չիուաուան բավական աշխույժ կենդանի է, սակայն բավարարվում է իր խաղալիքների հետ ամեն օր խաղալով։ Քանի որ նա իր կալորիաները սպառում է շատ ավելի արագ, քան մեծ շները, և ունի նուրբ մարսողական համակարգ, կարող է հեշտությամբ հիվանդանալ թերշաքարարյունությամբ։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որ նա շատ հանգստանա և սնունդ ընդունի հաճախակի, սակայն քիչ քանակությամբ։ Դողը այս շներին բնորոշ առանձնահատկություններից մեկն է։ Չիուաուան դողում է ոչ միայն մրսելիս, այլև երբ ուրախ է, անհանգիստ, վախեցած կամ բավարարված չէ որևէ բանով։

Չիուաուան հավատարիմ շուն է, հեշտությամբ վարժեցվող և միշտ պատրաստ է ուրախություն պատճառել իր տիրոջը։ Այս շների խնամքի մասին պատմող մի գրքում ասվում է. «Եթե պատրաստ լինեք կատարելու չիուաուայի խնամքի համար անհրաժեշտ բոլոր պահանջները, ապա հազիվ թե գտնեք այնպիսի շուն, որն այդքան կայտառ, բարյացակամ ու հարմարվող լինի» («A New Owner’s Guide to Chihuahuas»)։ Շատ մարդիկ համոզվել են, որ փոքրիկ չիուաուան հոյակապ ընկեր է։

[Ծանոթագրություններ]

a Չիուաուան շների միակ «բնական» խաղալիքային տեսակն է, այսինքն՝ միակ փոքր շունը, որին չեն աճեցրել նույն ցեղի ավելի մեծ շներից։

[Նկար 25–րդ էջի վրա]

կատվի և չիուաուայի ձագերը

[Թույլատվությամբ]

© Tim Davis/CORBIS

[Նկար 25–րդ էջի վրա]

չիուաուա

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը