Երաժշտության աշխարհը ձեր մատների տակ
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՑ
«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ գործիքներից մեծագույնը». ահա թե ինչպես են արտահայտվում ոմանք դաշնամուրի մասին։ Իր մեծ ձայնածավալի և հարուստ հնչողության շնորհիվ այն հավասարապես օգտագործվում է ինչպես դասական, այնպես էլ ջազային և հանրամատչելի երաժշտություն նվագելու համար։ Դաշնամուրը՝ որպես շքեղ մենակատար, համերգային բեմերի տիրուհին է։ Նա նաև կարող է մեղմորեն ձայնակցել նույնիսկ ամենաամաչկոտ երգչին։ Դաշնամուրը հնարավորություն ունի մի ամբողջ նվագախմբի դեր կատարելու, ինչպես և նվագակցելու գրեթե բոլոր գործիքներին։ Համեմատվելով նկարչի վրձնի հարուստ գույների հետ՝ այս հրաշալի գործիքը շատերին է ոգեշնչել՝ գրելու բազում հրաշալի ստեղծագործություններ։ Ո՞վ է ստեղծել դաշնամուրը, և ինչո՞ւ է այն շատերի կողմից այդքան սիրված։a
Դաշնամուրի նախնիները
Լարային ամենավաղ նվագարաններից են տավիղն ու քնարը (Ծննդոց 4։21)։ Ավելի ուշ երևան եկավ ցիմբալը, որը նվագում էին՝ փայտե թակիչները հարվածելով լարերին։ Միջնադարյան Եվրոպայում լայն տարածում գտան ստեղնալարային նվագարանները, որոնց ձայնն արտաբերվում էր լարերը կսմթելով կամ դրանց հարվածելով։ Այդ գործիքներից ամենատարածվածները կլավիկորդն ու կլավեսինն էին։ Կլավիկորդը կափարիչով քառանկյունի գործիք էր, որը ձայն էր արձակում շնորհիվ մետաղե բարակ թերթիկների՝ տանգենտների, որոնք ներքևից հարվածում էին լարերին։ Այս գործիքը կարող էր զանազան հույզեր արտահայտել, սակայն երգիչների կամ մյուս գործիքների ձայները հեշտությամբ խլացնում էին նրա թույլ ձայնը։ Կլավեսինը, որն ավելի մեծ էր և ինչ–որ չափով նման ժամանակակից ռոյալին, ուներ երկար լարեր, որոնք կսմիթահարվում էին թռչունների փետուրներից պատրաստված ձողիկների կամ պլեկտրների միջոցով։ Թեև այն ուներ ուժգին ձայն և լավ ձայնադարձություն, սակայն հնչում էր միևնույն ուժգնությամբ և միապաղաղ էր։
1700–ականներին, երբ արդեն ստեղծվել էին դրամատիզմով և հուզականությամբ հարուստ ստեղծագործություններ, երաժիշտները տենչում էին ձեռքի տակ ունենալ մի այնպիսի գործիք, որի ձայնը կլավիկորդի նման զգացմունքներ կարտահայտեր և միևնույն ժամանակ կունենար կլավեսինի ուժգնությունը։
Հայտնվում է դաշնամուրը
Երաժշտական գործիքների վարպետ, իտալացի Բարտոլոմեո Կրիստոֆորին կլավեսինի հիմնական մեխանիզմը միացրեց կլավիկորդի մուրճային համակարգին, իսկ մուրճիկները պատեց կաշվով։ Իր հայտնագործությունը նա անվանեց «gravicembalo col piano e forte», որը նշանակում է «կլավեսին՝ մեղմ և ուժգին ձայնով», կրճատ՝ «pianoforte»b կամ «piano»։ Դա ստեղնաշարային գործիք էր, որն ուներ զորեղ ու հնչեղ ձայն, և կարող էր արտաբերել ինչպես մեղմ, այնպես էլ ուժգին հնչյուններ։
Ցավոք, Կրիստոֆորին չտեսավ իր նորաստեղծ գործիքի հաջողությունը։ Քանի որ սկզբում քչերն էին հետաքրքրվում գործիքով, նա կրկին սկսեց կլավեսին պատրաստել։ Կրիստոֆորիի առաջին դաշնամուրի ստեղծումից գրեթե երեսուն տարի հետո երգեհոն պատրաստող գերմանացի Գոտֆրիդ Զիլբերմանը վերանայեց այդ գործիքի կառուցվածքը և դաշնամուրների իր սեփական արտադրությունը բացեց։ Գերմանիայի և Ավստրիայի վարպետները կատարելագործեցին գործիքը՝ ստեղծելով ավելի փոքր ու թեթև մոդել, որը կոչվում էր «քառանկյունի դաշնամուր»։
Անգլիայում վարպետների մեկ այլ խումբ, որը 1750–ականների վերջին գաղթել էր Գերմանիայից, իր լուման ներդրեց դաշնամուրի զարգացման մեջ։ Նրանցից մեկն էր Յոհաննես Ցումպեն։ Նա կատարելագործեց քառանկյունի դաշնամուրը, որը մեծ պահանջարկ գտավ։ Լրացուցիչ բարելավումներ մտցրեցին ֆրանսիացի Սեբաստիան Էրարը, ինչպես նաև Եվրոպայի և Ամերիկայի այլ վարպետներ։ Ձեռներեց շոտլանդացի, կահույքագործ Ջոն Բրոդվուդը կռահեց, որ գնալով ավելի մեծացող միջին դասին պատկանող երիտասարդ կանանց համար դաշնամուրը հոյակապ զբաղմունք կարող էր լինել։ Շուտով նրա ձեռնարկությունը սկսեց արտադրել մեծ քանակությամբ քառանկյունի դաշնամուրներ և ռոյալներ։
Հաջորդ նպատակը կոմպակտ դաշնամուր ստեղծելն էր, որը կունենար ռոյալի հիանալի հնչողությունը։ Ուստի հորիզոնական դիրք ունեցող դաշնամուրների փոխարեն սկսեցին պատրաստել ուղղաձիգ դաշնամուրներ, որոնք թեև չափերով ավելի մեծ էին, սակայն քիչ տեղ էին զբաղեցնում։ Բրոդվուդի մոդելներից մեկի ուղղահայաց լարերի երկարությունը, ստեղնաշարից սկսած, կազմում էր 2,7 մետր։ Բայց քանի որ ծանրությունը կենտրոնացած էր գործիքի վերևի մասում, նվագելը բավականին վտանգավոր էր։ Դաշնամուրի մեկ այլ մոդել, որը կոչում էին «ընձուղտ», ուղղահայաց կերպով կանգնեցված ռոյալ էր հիշեցնում, որի իրանը ընձուղտի վզի նման վեր էր ձգվում։ Անգլիացի Ջոն Այզեկ Հոկինսը 1800–ին ստեղծեց ուղղաձիգ դաշնամուրների առաջին հաջող մոդելը, որի լարերի ներքևի ծայրերը գտնվում էին հատակին մոտ։ Արդյունքում՝ քառանկյունի դաշնամուրը գործածությունից դուրս եկավ։
Հայտնագործություն կոմպոզիտորների համար
Դաշնամուրը իսկական հայտնագործություն էր կոմպոզիտորների համար։ Երբ 1777 թ.–ին երիտասարդ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը այցելեց Բավարիայում գտնվող Յոհան Շտայնի արհեստանոց՝ ծանոթանալու նոր գործիքին, խորապես տպավորվեց։ Կարճ ժամանակ անց նա սկսեց ստեղծագործել դաշնամուրի համար՝ գրելով առնվազն 15 դաշնամուրային կոնցերտ ընդամենը չորս տարվա ընթացքում։ Սակայն Լյուդվիգ վան Բեթհովենն էր, որ մի քանի տարի հետո երևան հանեց այս գործիքի հնարավորությունները։ Դաշնամուրը նրա մատների տակ կենդանություն առավ, սկսեց երգել։ Երաժշտական աշխարհը հենց նման գործիք էր երազում։ Առաջ եկավ ռոմանտիկ երաժշտության մի նոր ալիք, որը լի էր զգացմունքայնությամբ։ Ֆրիդերիկ Ֆրանցիշեկ Շոպենը՝ «դաշնամուրի պոետը», բացահայտեց, որ նոր գործիքը մտքեր և զգացմունքներ արտահայտելու հիանալի միջոց է։ Ֆերենց Լիստը գրեց յուրօրինակ հուզականությամբ լի երկեր, որոնց կատարման ժամանակ դաշնամուրն ասես մի ամբողջ նվագախմբի դեր կատարեր։ Նա հանդիսատեսներին ապշեցնում էր նաև իր վիրտուոզային կատարումով։
Սակայն, դաշնամուրի փայտե շրջանակը և բարակ լարերը դժվարությամբ էին դիմանում համերգների ժամանակ հնչող կրքոտ երաժշտության ուժգնությանը։ Հետևաբար վարպետները երկաթե ամրակներ ամրացրեցին շրջանակին, որն էլ ի վերջո փոխարինվեց զանգվածեղ չուգունե շրջանակով։ Այսուհետև նրանք կարող էին ավելի հաստ լարեր ու ծանր մուրճիկներ օգտագործել ավելի բարձր ձայն արտաբերելու համար։ Իսկ կտրուկ ձայնը մեղմեցին՝ մուրճիկները թաղիքապատելով։ Երկար լարերը անկյունագծով ձգեցին կարճ լարերի վրայով, ինչը նպաստեց նրան, որ բարելավվի ձայնի հնչողությունը և ավելի քիչ տեղ զբաղեցվի։ Ի վերջո ի հայտ եկավ ժամանակակից դաշնամուրը։ Դրա հետ մեկտեղ բեմում հայտնվեցին անվանի դաշնակահարներ։ Նրանց համերգների ժամանակ սրահները լեփ–լեցուն էին հիացմունքով լի ունկնդիրներով, ովքեր փափագում էին լսել նորանոր կատարումներ։ Միևնույն ժամանակ Եվրոպայում և Ամերիկայում դաշնամուր պատրաստող վարպետները մեծ քանակությամբ գործիքներ արտադրեցին՝ հազիվ հասցնելով բավարարել դաշնամուրի մեծացող պահանջարկը։
Դաշնամուրն՝ ամենուր
20–րդ դարի սկզբին յուրաքանչյուր ընտանիք ձգտում էր դաշնամուր ունենալ, անկախ նրանից՝ տան անդամներից որևէ մեկը նվագում էր, թե՝ ոչ, քանի որ այդ գործիքն ունենալը հեղինակության նշան էր։ Դաշնակահարների պահանջարկ առաջացավ, ովքեր կզվարճացնեին հաճախորդներին և զբոսաշրջիկներին, կնվագակցեին համր ֆիլմերի համար և նվագել կսովորեցնեին բազմաթիվ երաժշտասերների։ Ընտանեկան հավաքույթներին բոլորը խմբվում էին դաշնամուրի շուրջ։ Նվագել սիրողները կազմակերպում էին իրենց համերգները։ Անընդհատ ծնունդ էին առնում նորանոր դաշնամուրային ստեղծագործություններ։ Ձևավորվեցին նաև երաժշտության տարբեր ոճեր՝ հեշտ հիշվող, սինկոպացված ռեգթայմ, դանդաղ բլուզ և ռիթմիկ բուգի–վուգի։
Առաջին աշխարհամարտից հետո դաշնամուրի արտադրության թափը կոտրվեց։ 1910 թ.–ին ամբողջ աշխարհում արտադրված դաշնամուրների բարձրագույն թիվը 600 000 էր, սակայն այդ թիվը սկսեց հետզհետե նվազել։ Դաշնամուրին փոխարինեցին գրամոֆոնը, ռադիոն, նվագարկիչն ու վերջապես հեռուստացույցը և ընտանիքում հանգստի ժամերն անցկացնելու գլխավոր միջոցներ դարձան։ Բայց դաշնամուրի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունն իսպառ չկորավ։ Երկրորդ աշխարհամարտից հետո գործիքը է՛լ ավելի կատարելագործվեց, և նրա արտադրությունը նոր թափ ստացավ։ 1980 թ.–ին արտադրանքի թիվը հասավ 800 000–ի։ Ներկայումս ավելի թեթև դաշնամուրներ պատրաստելիս օգտագործում են պլաստմասսա և այլ խառնուրդներ և նրանց սպիտակ ստեղները ծածկում են ոչ թե փղոսկրով, այլ սինթետիկ նյութով։ Ճապոնիան դարձել է աշխարհի ամենամեծ արդյունաբերողներից մեկը, իսկ Չինաստանը դաշնամուրն անվանել է «գործիքների թագուհի»։
Կցանկանայի՞ք դաշնամուր նվագել
Երաժշտական որոշ գործիքներից նույնիսկ մեկ հնչյուն արտաբերելու համար մեծ ջանքեր են հարկավոր, մինչդեռ բավական է որոշակի հերթականությամբ սեղմեք դաշնամուրի մի քանի ստեղն, և մեղեդին կհնչի։ Ոմանք կարողանում են նվագել լսողությամբ։ Սակայն շատերը ինքնուսույցի օգնությամբ կարճ ժամանակում սովորում են աջ ձեռքով մեղեդին նվագել, իսկ ձախով՝ նվագակցել։ Պատկերացրեք, թե ինչպիսի՜ զգացում կունենաք, երբ ինքներդ, նոտաներն ընթերցելով, կարողանաք նվագել ձեր սիրելի մեղեդին։ Ի՞նչ կնախընտրեիք նվագել. խրոխտ քայլերգ, մեղմ վալս, թե՞ ձեր սիրած բալլադը։ Գուցե ձեզ դուր են գալիս լատինամերիկյան ռիթմերը կամ թերևս ջազային երաժշտությունը։ Իսկ ինչպիսի՜ հաճույք կստանաք, երբ, դուետ կազմելով, նվագեք ձեր ընկերոջ հետ։ Ի՜նչ բավականություն կզգաք՝ նվագակցելով ձեր ընկերներին՝ երգելիս լինեն, թե տարբեր գործիքներ նվագելիս։ Չէի՞ք ցանկանա, որ երաժշտության չքնաղ աշխարհը հայտնվեր ձեր մատների տակ։
[Ծանոթագրություններ]
a Տե՛ս «Արթնացե՛ք»–ի 2002 թ. նոյեմբերի 8–ի համարը, էջ 19–21 (ռուս.)։
b Հայերեն՝ դաշնամուր (piano– դաշն, կամ՝ մեղմ, և forte– ամուր, ուժգին)։
[Շրջանակ 21–րդ էջի վրա]
Մեխանիկական դաշնամուր
Այն մարդկանց համար, ովքեր լավ ծանոթ չէին ստեղնաշարին, մեծ օգնություն եղավ մեխանիկական դաշնամուրը։ Դա երաժշտական արկղիկի և դաշնամուրի միակցություն էր, որի ստեղները ինքնուրույն էին սեղմվում՝ գործի դրվելով մեխանիկական անիվներին փաթաթված ծակոտաժապավենի օգնությամբ։ 1890–ական թվականների առաջին մոդելների ստեղնաշարին կցում էին մեխանիզմ, որի փայտե մուրճիկները սեղմում էին ստեղները, երբ դաշնամուրի մոտ նստողը աշխատեցնում էր ոտնակը։ Ավելի ուշ պատրաստված մոդելներում այդ մեխանիզմը տեղադրված էր դաշնամուրի մեջ։ Ավելի կատարելագործված «վերարտադրող դաշնամուրները» վերարտադրում էին մեծ դաշնակահարների իսկական կատարումները, իսկ դրանց ծակոտաժապավենները կարելի էր գնել, ինչպես այսօր սկավառակներն ու ձայներիզները։ 1925 թ.–ին Միացյալ Նահանգներում ավելի շատ արտադրվել էր մեխանիկական, քան սովորական դաշնամուրներ։ Սակայն երբ առաջ եկան ռադիոն և գրամոֆոնը, 1930–ականներից մեխանիկական դաշնամուրը դուրս եկավ գործածությունից։
[Թույլատվությամբ]
Culver Pictures
[Շրջանակ 22–րդ էջի վրա]
Ռոյալի մեխանիզմը
Ավելի քան 200 պինդ ձգված պողպատյա լարերը արտաբերում են 88 նոտա։ Կարճ ու բարակ լարերը, որ արագ են տատանվում, բարձր նոտաներ են առաջացնում, մինչդեռ երկար ու հաստ, պղնձով պատված լարերը՝ ցածր, բասային նոտաներ։ Բասային ամենացածր նոտաներից բացի, մյուս բոլորը արտաբերվում են երկուական կամ երեքական հավասարաչափ ձգված՝ միահնչյուն լարերի օգնությամբ։
Երբ նվագողը սեղմում է ստեղնը (1), լծակը շարժման մեջ է դնում թաղիքապատ մուրճիկը, որը հարվածում է համապատասխան նոտայի մեկ կամ ավել լարերին և անմիջապես ետ ցատկում։ Ստեղնը սեղմած պահելու դեպքում լարը շարունակում է տատանվել, և ձայնը դանդաղորեն է հանգչում։ Երբ նվագողը թողնում է ստեղնը (2), խլարարը ամուր հպվում է լարին և խլացնում ձայնը։ Ռոյալի ներքևում գտնվող աջ ոտնակը սեղմելիս բոլոր խլարարները միանգամից հեռանում են լարերից, և յուրաքանչյուր հաջորդ սեղմված նոտան հարստացնում է նախորդի հնչողությունը։
Լարերը անցնում են փայտե լարակալի վրայով (3), որը ամրացված է փայտե հնչերեսին (4)։ Լարերի տատանումները փոխանցվում են հնչերեսին, որը, միևնույն տատանումները շարունակելով, ուժգնացնում է լարերի հնչողությունն ու ձայնադարձությունը։ Փայտե իրանը ձայնադարձային արկղի դեր է կատարում՝ ուժեղացնելով ձայնը։
Լարերը ամրացված են չուգունե զանգվածեղ շրջանակին՝ պողպատյա ականջներով (5)։ Ռոյալի շրջանակը պետք է բավականին ամուր լինի, որպեսզի դիմանա լարերի՝ մինչև 30 տոննա հասնող ձգման ուժին։
[Նկար]
խլարար
լար
մուրճիկ
ստեղն՝ սեղմված վիճակում
ստեղն՝ հանգիստ վիճակում
[Նկար]
Կրիստոֆորիի առաջին դաշնամուրը, 1720 թ.
[Թույլատվությամբ]
The Metropolitan Museum of Art, The Crosby Brown Collection of Musical Instruments, 1889. (89.4.1219) Photograph ©1983 The Metropolitan Museum of Art