Երաժշտություն, որ բավականություն է պատճառում Աստծուն
Երաժշտությունը համարվում է «համամարդկային և գեղեցիկ արվեստներից հնագույնը»։ Լեզվի նման սա էլ մի հիասքանչ պարգև է, որով մարդը տարբերվում է կենդանիներից։ Երաժշտությունը հույզեր է արթնացնում. այն կարող է բերկրանք պատճառել, վերարտադրվել մտքում և, որ ամենագլխավորն է, հաճեցնել Աստծուն։
ԻՆՉՊԵՍ ցույց է տալիս Աստվածաշունչը, իսրայելացիները երաժշտասեր ժողովուրդ էին։ Մի բառարանում ասվում է. «Երաժշտական արվեստը նշանակալից դեր ուներ աստվածաշնչյան հին ժամանակներում» (Unger’s Bible Dictionary)։ Իսրայելացիների երկրպագության առանձնահատուկ մասն էր կազմում իրենց առօրյա կյանքում տեղ գտած ինչպես վոկալ, այնպես էլ գործիքային երաժշտությունը։ Սակայն ամենամեծ տեղը հատկացվում էր մարդկային ձայնին։
Դավիթ թագավորը խորանի առջև կատարվելիք «երգեցողութեան վերայ» ղևտացիներ էր դրել մինչև իր որդու՝ Սողոմոնի կողմից կառուցված տաճարի հանդիսավոր բացումը (Ա Մնացորդաց 6։31, 32)։ Երբ Եհովայի ներկայությունը խորհրդանշող ուխտի տապանակը բերվեց Երուսաղեմ, Դավիթը ղևտացիներից պաշտոնյաներ կարգեց «Տէր Աստուծուն յիշելու, օրհնելու եւ փառաւորելու համար»։ Գովաբանության այդ երգերը ուղեկցվում էին «տաւիղների եւ քնարների նուագարաններով..., հնչեցնող ծնծղաներով..., փողերով»։ Այս ղևտացիներն «անունով յիշուեցան, որպէս զի Տէրոջը գոհութիւն մատուցանեն, քանզի անոր ողորմութիւնը յաւիտեան է» (Ա Մնացորդաց 16։4—6; 16։41, Արևմտ. Աստ.; 25։1)։
«[Եհովայի] ողորմութիւնը յաւիտեան է» կրկներգը հատկապես շատ հաճախ է հանդիպում Աստվածաշնչի «Սաղմոսներ» գրքում, որը ամենամեծ չափով է առնչվում երաժշտության հետ։ Օրինակ՝ 136–րդ սաղմոսի 26 խոսքերից յուրաքանչյուրը ուղեկցվում է այդ արտահայտությամբ։ «Շնորհիվ իր հակիրճության, ժողովրդի կողմից այն հեշտությամբ է արտաբերվում,— նկատում է մի մատենագետ–աստվածաբան։— Բավական է այն մեկ անգամ լսել, որպեսզի իսկույն տպավորվի յուրաքանչյուրի հիշողության մեջ»։
Ելնելով սաղմոսների վերնագրերից՝ կարելի է պատկերացում կազմել, թե որքան մեծ տարածում ունեին այն ժամանակ երաժշտական գործիքները։ 150–րդ սաղմոսում հիշատակվում են շեփորը, տավիղը, քնարը, թմբուկը, սրինգը, ծնծղաները, ինչպես նաև տարբեր լարային նվագարաններ։ Բայց և այնպես, գլխավոր շեշտը դրվում էր մարդկային ձայնի վրա։ 6–րդ խոսքը հետևյալ կոչն է անում. «Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը։ Ալէլուիա [«Փառաբանեցեք Յահին», ՆԱ]»։
Հայտնի է, որ երաժշտությունն արտացոլում է մարդու զգացմունքներն ու ապրումները։ Այդպիսով՝ աստվածաշնչյան ժամանակներում վշտալի մտքերից ծնունդ առան ողբերգերը կամ սգո երգերը։ Սակայն իսրայելացիների երգացանկում դրանք սահմանափակ տեղ էին զբաղեցնում։ «Միայն ողբի կամ սգո երգերում էր, որ զգացմունքներն արտահայտվում էին թախծալի երգեցողությամբ, և ոչ թե երաժշտական մեղեդայնությամբ ու խոսքային տեքստի արտահայտչականությամբ»,— նշվում է «Գրությունների ըմբռնում» (անգլ.) աստվածաշնչյան հանրագիտարանում (Insight on the Scriptures)։a
Իր մահվան նախորդ գիշերը Հիսուսն իր հավատարիմ առաքյալների հետ միասին օրհներգում էին Եհովային, ամենայն հավանականությամբ, «Հալլել» կոչվող փառաբանության սաղմոսներով (113—118 սաղմոսներ)։ Դժվար չէ պատկերացնել, թե իրենց ուսուցչին կորցնելու նախօրեին որքա՜ն մեծ կարիք ունեին նրանք այս երգերով զորանալու, որպեսզի կարողանային դիմագրավել այդ մեծ կորուստը։ Դեռ ավելին, դրանք կարող էին նաև ամրացնել Ամենակարող Աստված Եհովային հավատարիմ մնալու նրանց վճռականությունը, երբ առնվազն հինգ անգամ արտասանում էին կրկներգի «յաւիտեան է նորա ողորմութիւնը» խոսքերը (Սաղմոս 118։1— 4, 29)։
Եփեսացի և կողոսացի վաղ քրիստոնյաները ևս «սաղմոսներ ու օրհներգություններ» (բառացի՝ «հիմներ», ՆԱ, ծանոթ.) էին երգում։ Դրանց գումարվում էին նաև ‘հոգևոր երգեր’, որ հնչում էին իրենց սրտերում (Եփեսացիս 5։19; Կողոսացիս 3։16)։ Եվ ինչ խոսք՝ դրանք հնչում էին նաև նրանց շուրթերից, քանզի Հիսուսն ինքը ասաց, որ «բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է» (Մատթէոս 12։34)։
Աստծուն տհաճություն պատճառող երաժշտություն
Աստվածաշնչում խոսք է գնում ոչ միայն Աստծուն բավականություն պատճառող երաժշտության մասին։ Նկատի առնենք Սինայ լեռան ստորոտում կատարվածը։ Օրենքը, այդ թվում նաև Տաս պատվիրանները ստանալուց հետո, Մովսեսն իջնում էր սարից, երբ հանկարծ ինչ–որ ձայներ հասան նրա ականջին։ Արդյո՞ք նրա լսածը «յաղթութեան աղաղակի ձայն» էր և կամ՝ «պարտութեան»... Ո՛չ, դա «խաղի [«երգի», ՆԱ] ձայն» էր։ Այն ուղեկցում էր Աստծուն գարշելի մի արարողության՝ կռապաշտությանը, որը դարձավ մոտ 3 000 իսրայելացիների մահվան պատճառ (Ելից 32։18, 25—28)։
Թեև մարդիկ կարող են ստեղծագործել, նվագել և հաճույք ստանալ ամեն տեսակի երաժշտությունից, սակայն սխալ կլիներ ենթադրել, որ Աստծուն նույնպես այդ ամենը հաճելի կլինի։ Թե ինչո՞ւ է դա այդպես, երևում է Պողոս առաքյալի հետևյալ խոսքերից. «Որովհետեւ բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկուեցին Աստծու փառքից» (Հռովմայեցիս 3։23)։ Հեթանոսական ծագում ունեցող բերքատվության ծեսերը, հոգու անմահության ուսմունքը և Մարիամի հասցեին ուղղված մեծարանքները՝ որպես «աստվածածնի», երաժշտական ստեղծագործություններում հաճախակի կրկնվող նյութեր են։ Սակայն այս հավատալիքներն ու սովորությունները անարգում են ճշմարտության Աստծուն, քանզի հակասում են իր ներշնչմամբ գրված գրքի՝ Աստվածաշնչի պարունակությանը (Բ Օրինաց 18։10—12; Յակոբոս 5։20; Ղուկաս 1։35, 38)։
Երաժշտության ընտրության հարցում խելամիտ լինենք
Այնքան էլ հեշտ չէ արժեքավոր երաժշտություն ընտրելու հարցում ճիշտ կողմնորոշվելը։ Որպես կանոն, կոմպակտ դիսկերը մատուցվում են հնարավորին չափ գրավիչ ձևավորումներով, որպեսզի գնորդները չկարողանան անտարբեր անցնել ցանկացած ոճի ձայնագրության կողքով։ Բայց Աստծո երկրպագուն, որի համար կարևոր է Նրան գոհացնելը, շրջահայաց կլինի և խելացի ընտրություն կկատարի՝ խուսափելով վոկալ կամ գործիքային այնպիսի երաժշտությունից, որը ներշնչված է կրոնական կեղծ ուսմունքներով, կամ որը կենտրոնացած է անառակության և դիվապաշտության վրա։
Ալբերտ անունով մի քրիստոնյա խոստովանում է, որ Աֆրիկայում որպես միսիոներ ծառայելու տարիներին նա դաշնամուր նվագելու հնարավորություն գրեթե չուներ։ Եվ կրկին ու կրկին լսում էր այն մի քանի ձայնագրությունները, որոնք վերցրել էր իր հետ։ Իսկ այժմ նա ծառայում է հայրենի երկրում՝ քրիստոնեական ժողովներ այցելելով՝ որպես շրջագայող վերակացու։ Բայց այստեղ ևս երաժշտություն ունկնդրելու իր ժամանակը սահմանափակ է։ «Բեթհովենն իմ սիրած կոմպոզիտորն է,— նշում է նա։— Տարիների ընթացքում նրա սիմֆոնյաների, կոնցերտների, սոնատների և կվարտետների հիանալի ձայնագրություններ եմ հավաքել»։ Ալբերտին, անշուշտ, մեծ բավականություն է պատճառել այդ ձայնագրություններն ունկնդրելը։ Իհարկե, երաժշտության նկատմամբ ամեն մեկն իր նախապատվությունն ունի, բայց, որպես քրիստոնյաներ, մեր մտքում ունենք Պողոսի հետևյալ խրատը. «Ուտէք թէ խմէք, կամ ինչ էլ անէք, ամէն ինչ արէ՛ք Աստծու փառքի համար» (Ա Կորնթացիս 10։31)։
Երաժշտություն և նվիրում
Երաժշտությունը Սյուզիի ամենանվիրական զբաղմունքն էր։ «Վեց տարեկանից սկսել եմ դաշնամուր նվագել, տասից՝ ջութակ, իսկ, ի վերջո, տասներկու տարեկանից՝ քնար»,— պատմում է նա։ Հետագայում քնարի դասեր է ստացել Անգլիայում՝ հաճախելով Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջը։ Այնտեղ նա չորս տարի շարունակ սովորել է մի հայտնի իսպանացի քնարահարուհու մոտ, որից հետո մի տարի էլ գերազանց գնահատականներով սովորել է Փարիզի կոնսերվատորիայում և ստացել համապատասխան դիպլոմներ՝ քնարի ու դաշնամուրի գծով։
Լոնդոնում սովորելու տարիներին Սյուզին սկսում է հաճախել Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին, որտեղ նրան գրավում է այդ մարդկանց միջև եղած անկեղծ սերն ու միմյանց հանդեպ ուշադրությունը։ Աստիճանաբար Սյուզին ավելի ու ավելի է սիրում Եհովային, և նրան ծառայելու փափագից մղված՝ որոշակի քայլեր է ձեռնարկում։ Սա առաջնորդում է նրան նվիրման ու մկրտության։ «Քանի որ երաժշտական կարիերան նույնպես նվիրվածություն է պահանջում, ուստի ինձ արդեն լավ հայտնի էր, թե ինչ էր նշանակելու այս նոր նվիրումը»,— պատմում է Սյուզին։ Երբ, արձագանքելով Հիսուսի խոսքերին, նա սկսել է Աստծո Թագավորության բարի լուրը քարոզելու քրիստոնեական ծառայությունը, զուգահեռաբար նվազել է համերգներին մասնակցելու իր ժամանակը (Մատթէոս 24։14; Մարկոս 13։10)։
Այժմ, երբ նա սահմանափակ ժամանակ է հատկացնում կատարումներին, ինչպե՞ս է իրեն զգում։ «Երբեմն հուսահատվում եմ, որ երաժշտությանը չեմ կարողանում բավարար ժամանակ տրամադրել,— խոստովանում է նա,— բայց ես հիմա էլ նվագում եմ իմ գործիքներն ու հաճույք ստանում։ Երաժշտությունը Եհովայի տված պարգևներից է։ Այժմ, երբ իմ կյանքում առաջնային տեղը հատկացրել եմ Եհովային, ես ավելի մեծ չափով եմ բավականություն ստանում երաժշտությունից (Մատթէոս 6։33)։
Եհովային փառավորող երաժշտություն
Ալբերտն ու Սյուզին, ինչպես նաև մոտ վեց միլիոն Եհովայի վկաներ, երաժշտության միջոցով կանոնավորաբար փառաբանում են Եհովա Աստծուն։ 234 երկրներում անցկացվող քրիստոնեական ժողովների հանդիպումները, որտեղ որ դրա հնարավորությունը կա, սկսվում և ավարտվում են Աստծուն նվիրված երգերով։ Այդ երգերում մաժոր և մինոր տոնայնությամբ բարեհնչուն մեղեդիներն ուղեկցվում են Եհովային փառավորող՝ Աստվածաշնչի վրա հիմնված խոսքային տեքստերով։
Բոլոր ներկա գտնվողներն իրենց ձայները միացնում են՝ երգով ջերմորեն գովաբանելու հոգատար Աստված Եհովային (երգ 44), արտահայտելու Նրա հանդեպ ունեցած իրենց երախտագիտությունը (երգ 190)։ Նրանց երգերում տեղ են գտել քրիստոնեական եղբայրությանը ու ապրելակերպին բնորոշ, ինչպես նաև քրիստոնեական հատկություններից բխող ուրախություններն ու պարտավորությունները։ Նրանց ականջներին հաճելի են նաև երաժշտության զանազան ոճերը, որոնք օգտագործել են Ասիայի, Ավստրալիայի, Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի Վկաները՝ մեղեդիները ստեղծագործելիս։b
«Տիրոջը նոր երգ երգեցէք. երգեցէք Տիրոջը ամեն երկիր։ Երգեցէք Տիրոջը. օրհնեցէք նորա անունը»։ Այս խոսքերով է բացվում սաղմոսերգուի օրերում հորինված մի վեհ, հոյակապ հիմն։ «Քարոզեցէք օրէ ցօր նորա փրկութիւնը։ Պատմեցէք հեթանոսների մէջ նորա փառքը, ամեն ազգերի մէջ նորա հրաշքները» (Սաղմոս 96։1—3)։ Ահա թե ինչով են զբաղվում Եհովայի վկաները ձեր բնակավայրում։ Նրանք հրավիրում են ձեզ իրենց հետ միասին երգելու այս օրհներգությունը։ Նրանք ձեզ սիրով կողջունեն իրենց Թագավորության սրահներում, որտեղ կարող եք սովորել փառաբանել Եհովային՝ իրեն հաճելի երաժշտությամբ։
[ծանոթագրություններ]
a Հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
b Այս երգերը գտնվում են «Երգով փառաբանենք Եհովային» գրքում. հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
[նկար 31–րդ էջի վրա]
Եհովային փառաբանող երգեր երգելիս...