Երաժշտությունը թագավորի կյանքում
ՆԱ ԱՊՐԵԼ է 3000 տարի առաջ։ Նրա անունը լսելիս ակամայից միտքդ է գալիս աստվածաշնչյան ժամանակների երգն ու երաժշտությունը։ Նա սիրում էր երգը, երբ դեռ պատանի հովիվ էր, և երաժշտությունը ուղեկցեց նրան իր ողջ կյանքում, նույնիսկ երբ դարձավ թագավոր և հմուտ կառավարիչ։ Այդ մարդը Դավիթն էր։
Դավթի կյանքից շատ բան կարող ենք իմանալ աստվածաշնչյան ժամանակների երաժշտության մասին։ Երաժշտական ի՞նչ գործիքներ են օգտագործվել։ Ինչպիսի՞ երգեր են երգվել։ Ի՞նչ դեր է ունեցել երաժշտությունը Դավթի կյանքում և ընդհանրապես Իսրայելում։
Երաժշտությունը հին Իսրայելում
Հաճախ երգի բառերը արտասանելիս ակամայից հիշում ես մեղեդին։ Աստվածաշնչում կան բազում լիրիկական երգեր, որոնց մեղեդին, ցավոք, մոռացվել է։ Սակայն «Սաղմոսներ» գրքի բանաստեղծական գոհարները կարդալիս կարող ենք պատկերացնել, թե որքա՜ն գեղեցիկ են եղել այդ երգերը։
Աստվածաշնչում շատ քիչ տեղեկություն կա երաժշտական գործիքների մասին (տե՛ս «Աստվածաշնչյան ժամանակների երաժշտական գործիքները» շրջանակը)։ Անգամ հայտնի չէ, թե ինչպիսի տավիղ է նվագել Դավիթը։ Պետք է նշել, սակայն, որ որոշ գործիքներ, օրինակ՝ հազվագյուտ ու թանկարժեք տավիղները, որոնք պատրաստվել են փայտից, իսրայելացիներն են ստեղծել (Բ Մնացորդաց 9։11; Ամովս 6։5)։
Մի բան, սակայն, հստակ է. իսրայելացիների կյանքում երաժշտությունը մեծ տեղ է զբաղեցրել, հատկապես իրենց երկրպագության մեջ։ Երաժշտությունը հնչում էր թագադրության, կրոնական արարողությունների, ինչպես նաև պատերազմի ժամանակ։ Թագավորական պալատում, հարսանեկան խնջույքների և ընտանեկան հավաքույթների ժամանակ նույնպես հնչել են գեղեցիկ մեղեդիներ։ Խաղողի և հացահատիկի հնձի տոնակատարություններին երաժշտությունը հաճելի մթնոլորտ է ստեղծել։ Իսկ երբ մարդ էր մահանում, երաժշտությունը մխիթարում էր սգավորներին։ Ցավոք, երաժշտություն հնչել է նաև վատահամբավ վայրերում։
Երաժշտությունը կարևոր է համարվել նաև այլ առումով. այն հոգևոր տրամադրություն է ստեղծել և ոգեշնչել է Աստծու մարգարեներին։ Օրինակ՝ Եղիսեն ներշնչվեց Եհովայից, երբ քնարահարը սկսեց նվագել (Դ Թագաւորաց 3։15)։ Հին ժամանակներում հատուկ իրադարձությունների մասին հայտարարվել է երաժշտական գործիքների միջոցով։ Օրինակ՝ արծաթե երկու շեփորի հնչողությամբ ազդարարվում էր, որ նորալուսին է կամ որևէ տոնի սկիզբն է։ Իսկ Հոբելյան տարում՝ Քավության օրը, փող էր հնչեցվում, և իսրայելացի ծառաներին ազատ էին արձակում, ինչպես նաև նրանց վերադարձնում էին իրենց հողն ու տունը։ Որքա՜ն էին ուրախանում այդ աղքատ մարդիկ, երբ լսում էին փողի ձայնը (Ղեւտացոց 25։9; Թուոց 10։10)։
Ինչ խոսք, Իսրայելում կային շնորհալի երաժիշտներ և երգիչներ։ Մի ասորական արձանագրության համաձայն՝ Սենեքերիմ թագավորը պահանջել է, որ Եզեկիա թագավորը որպես տուրք տղամարդ և կին երաժիշտներ տա իրեն։ Սա ցույց է տալիս, որ որոշ իսրայելացիներ եղել են բարձրակարգ երաժիշտներ։ Սակայն Դավիթը իր տաղանդով գերազանցում էր բոլորին։
Տաղանդավոր երաժիշտ
Դավիթը իսկապես տաղանդավոր անձնավորություն էր. նա և՛ երաժիշտ էր, և՛ բանաստեղծ։ Սաղմոսների մեծ մասը նա է գրել։ Դեռևս պատանեկան տարիքից նա հովիվ է եղել և հաճախ է զմայլվել Բեթլեհեմի արոտավայրերի գեղեցկությամբ։ Նա լսել է առվակների քչքչոցը, գառնուկների մայոցը։ Բնության ձայներից տպավորված՝ Դավիթը վերցնում էր իր տավիղը և բարձր ձայնով գովերգում էր Աստծուն։ Ի՜նչ հաճելի կլիներ լսել 23–րդ սաղմոսի երաժշտությունը, որը գրել է նա։
Դավիթն այնքան լավ էր տավիղ նվագում, որ Սավուղի սպասավորներից մեկը խորհուրդ տվեց հենց նրան բերել թագավորի պալատ՝ որպես հմուտ երաժշտի։ Երբ չար ոգի էր գալիս Սավուղի վրա, Դավիթը վերցնում էր քնարը և նվագում։ Սավուղը հանգստանում էր ու իրեն լավ էր զգում, և չար մտքերը հեռանում էին նրանից (Ա Թագաւորաց 16։16)։
Երաժշտությունը ուրախությամբ էր լցնում Դավթի սիրտը, սակայն մի անգամ երգի պատճառով նա մի լուրջ խնդրի բախվեց։ Երբ Դավիթն ու Սավուղը փղշտացիների դեմ պայքարում հաղթանակած տուն էին վերադառնում, տոնախմբությանը մասնակցող կանայք երգեցին. «Սաւուղն իր հազարաւորներին զարկեց, եւ Դաւիթն իր բիւրաւորներին»։ Այդ ժամանակ Սավուղը սաստիկ զայրացավ և նախանձով լցվեց ու «այն օրից ի վեր ծուռ աչքով էր նայում Դաւիթին» (Ա Թագաւորաց 18։7–9)։
Երաժշտություն. ներշնչանքի աղբյուր
Աստծու ներշնչանքով գրված Դավթի սաղմոսները արտացոլում էին նրա խորհրդածությունները։ Իր երգերում նա արտահայտում էր իր խոր զգացմունքները Եհովայի հանդեպ, անցյալի մասին հուշերը, հույս, Եհովային ուղղված իր խնդրանքներն ու աղաչանքները, նաև այն ուրախությունը, որ ունեցել է խաղողաքաղի և պալատի շքեղ բացման ժամանակ։ Դավիթը գրել է նաև գեղեցիկ հովվերգություններ (տե՛ս Սաղմոս 32, 23, 145, 8, 30, 38, 72, 51, 86 գլուխները և ենթախորագրերը)։ Իսկ երբ մահացան Սավուղը և իր որդի Հովնաթանը, նա մի ողբերգ գրեց, որը կոչվում է «Աղեղ»։ Այդ տխուր երգը սկսվում է հետևյալ խոսքերով. «Փառաւորութիւնը, ով Իսրայէլ, քո բարձր տեղերի վերայ խոցուեցաւ» (Բ Թագաւորաց 1։17–19)։ Այո՛, Դավիթը կարողանում էր իր զգացմունքներն արտահայտել թե՛ խոսքով, թե՛ երաժշտությամբ։
Քանի որ Դավիթը ուրախ անձնավորություն էր, նա աշխույժ երաժշտություն էր սիրում։ Օրինակ՝ երբ ուխտի տապանակը բերեցին Սիոն, բարձր երաժշտություն հնչեց, և Դավիթը ուրախ թռչկոտելով պարեց։ Տեսնելով դա՝ Մեղքողը արհամարհեց իր ամուսնուն և վիրավորական խոսքեր ասաց նրան։ Բայց Դավիթը ականջ չդրեց իր կնոջ խոսքերին։ Նա սիրում էր Եհովային, ու աշխույժ երաժշտության տակ թռչկոտելով պարում էր (Բ Թագաւորաց 6։14, 16, 21)։
Դավիթը նաև երաժշտական գործիքներ է պատրաստել (Բ Մնացորդաց 7։6)։ Այո՛, նա տաղանդավոր արվեստագետ էր. բանաստեղծ, երգիչ, երգահան, երաժշտական գործիքներ պատրաստող։ Սակայն Դավիթը տաղանդավոր էր նաև մեկ այլ առումով։
Երգն ու երաժշտությունը տաճարում
Դավիթ թագավորը 4 000 երգիչներ ու երաժիշտներ ընտրեց Եհովայի տան համար։ Այնուհետև Ասափին, Եմանին և Իդիթունին նշանակեց նրանց ղեկավարելու համար։ Բացի այդ, նա նրանց միջից ընտրեց 288 մասնագետներ, որոնք պետք է կրթեին խմբի մյուս անդամներին։ Հետագայում այս 4 000 երգիչներն ու երաժիշտները տարեկան երեք մեծ տոների ժամանակ ծառայություն էին մատուցում տաճարում։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ ցնծությամբ էր երգում այս մեծ երգչախումբը (Ա Մնացորդաց 23։5; 25։1, 6, 7)։
Տաճարում երգում էին միայն տղամարդիկ։ Բ Մնացորդաց 5։13–ում նշվում է, որ երգիչներն այնքան ներդաշնակ էին երգում, որ «մէկ ձայն էր լսվում»։ Նրանք երգում էին Դավթի սաղմոսները, որոնցից մեկը հավանաբար 3–րդ սաղմոսն էր։ Որոշ երգեր կրկներգ ունեին, ինչպես օրինակ՝ Սաղմոս 42։5, 11 և 43։5։ Կային նաև երգեր, որոնք երգում էր երգչախումբը մեներգչի հետ։ Հենց այսպիսի երգ է 24–րդ սաղմոսը, որը հնչեց այն ժամանակ, երբ Դավիթը ուխտի տապանակը բերեց Սիոն (Բ Թագաւորաց 6։11–17)։
Սակայն բացի տաճարում ծառայողներից, երգում էր նաև ժողովուրդը, երբ տարեկան տոնակատարությունների համար բարձրանում էր Երուսաղեմ։ Այդ պատճառով էլ 120–134 սաղմոսները կոչվում են «վերելքի երգ», կամ՝ «աստիճանների երգ»։ Իսկ 133–րդ սաղմոսում Դավիթը նկարագրել է այն եղբայրական միասնությունը, որ զգում էին իսրայելացիները մեծ տոների ժամանակ։ Երգը սկսվում է այսպես. «Տես ի՜նչքան բարի եւ ի՜նչքան ցանկալի է, որ եղբարք իրար հետ մէկտեղ բնակուեն»։ Այս երգի մեղեդին թերևս շատ գեղեցիկ է եղել։
Երաժշտությունը Եհովայի երկրպագության մեջ
«Սաղմոսներ» գիրքը հորդորում է բոլոր մարդկանց գովաբանության երգեր երգել (Սաղմոս 150)։ Երաժշտությունը այնպիսի զորություն ունի, որ կարող է ամոքել կոտրված սիրտը, երաժշտության ազդեցության ներքո անհատը կարող է մի պահ մոռանալ իր հոգսերը։ Սակայն Աստվածաշունչը հորդորում է սաղմոսներ երգել նաև նրանց, ովքեր լավ տրամադրություն ունեն (Հակոբոս 5։13)։ Իզուր չէ, որ Աստվածաշնչի մեկ տասներորդ մասը երգեր են։
Երգով կարելի է արտահայտել Աստծու հանդեպ ունեցած հավատն ու սերը։ Առաքյալների հետ իր վերջին ընթրիքից հետո Հիսուսը նրանց հետ գովաբանության երգեր երգեց (Մատթեոս 26։30)։ Հավանաբար նրանք երգեցին 113–118 սաղմոսները։ Թեև առաքյալները չէին պատկերացնում, թե շուտով ինչ իրադարձություններ են լինելու, բայց Հիսուսը գիտեր ու բարձրաձայն երգում էր. «Ես ուրախ եմ, որ Տէրը լսեց իմ աղաչանքի ձայնին։ ....Մահի լարերը պատեցին ինձ, եւ դժոխքի վիշտերը գտան ինձ։ ....Տէր, փրկիր իմ անձը» (Սաղմոս 116։1–4)։ Ի՜նչ գեղեցիկ ձայն կունենար Դավթի Որդին, ով փառաբանության երգեր էր երգել Աստծու երկնային գահի առաջ։
Իրականում երաժշտության հեղինակը մարդը չէ։ Աստվածաշունչը նկարագրում է, որ երաժշտությունը սկիզբ է առել երկնքում. ոգեղեն արարածները նույնպես փառաբանական երգեր են երգել ու փոխաբերական իմաստով տավիղ են նվագել Եհովայի գահի առաջ (Հայտնություն 5։9; 14։3; 15։2, 3)։ Եհովա Աստված է երաժշտական ունակություններով օժտել մարդկանց։ Նա է նրանց սրտերում դրել երգի ու երաժշտության հանդեպ անհագ փափագ։ Դա է պատճառը, որ մարդիկ իրենց զգացմունքներն արտահայտում են երգի ու երաժշտության միջոցով։ Այո՛, երաժշտությունը պարգև է Աստծու կողմից (Հակոբոս 1։17)։
[Մեջբերում 27–րդ էջի վրա]
«Ձեր ուրախութեան օրը՝ եւ ձեր տօներին.... փողերը հնչեցնէք» (ԹՈՒՈՑ 10։10)
[Մեջբերում 28–րդ էջի վրա]
«Տէրն է իմ հովիւը. եւ կարօտութիւն չեմ ունենալ։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ» (ՍԱՂՄՈՍ 23։1, 2)
[Մեջբերում 29–րդ էջի վրա]
«Չորս հազարը՝ Տիրոջը օրհնեն այն գործիքներովը, որ [Դավիթը] շինել է օրհնելու համար» (Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 23։4, 5)
[Մեջբերում 29–րդ էջի վրա]
Դավիթն իր զգացմունքներն արտահայտում էր թե՛ խոսքով, թե՛ երաժշտությամբ
[Մեջբերում 30–րդ էջի վրա]
«Օրհնեցէք Աստուծուն։ .... Օրհնեցէք նորան թմբուկով եւ պարով։ ....Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը» (ՍԱՂՄՈՍ 150։1, 4, 6)
[շրջանակ/նկար 28–րդ էջի վրա]
Երաժշտական գործիքները հնում
Լարային գործիքներից էին քնարը, տավիղը և տասնալար նվագարանները (Սաղմոս 92։3)։ Այս գործիքները նվագում էին ալամոթով և շեմինիթով, այսինքն՝ բարձր և ցածր օկտավաներով (Ա Մնացորդաց 15։20, 21)։ Փողային գործիքներից էին սրինգը, ֆլեյտան, եղջերափողը, շեփորը, որոնք բարձր ձայն էին հանում (Բ Մնացորդաց 7։6; Ա Թագաւորաց 10։5; Սաղմոս 150։3, 4)։ Օրինակ՝ մի անգամ տաճարի նվիրման ժամանակ փողերի ու երգիչների ձայները միախառնվեցին, և բոլորը միաձայն գովաբանեցին Եհովային (Բ Մնացորդաց 5։12, 13)։ Երգը հնչում էր մի տոնայնությամբ, այդ պատճառով տարբեր ձայներ չէին լսվում։ Իսկ հարվածային գործիքներից էին դափը, թմբուկը, ինչպես նաև փայտից պատրաստված տարբեր նվագարաններ (Բ Թագաւորաց 6։5; Սաղմոս 150։5)։ Կային նաև երկու տեսակի ծնծղաներ՝ քաղցրահնչյուն ծնծղա և զրնգուն ծնծղա (Բ Թագաւորաց 6։5; Սաղմոս 150։5)։
[նկարներ]
Նկարում՝ հատված Տիտոսի հաղթակամար հուշարձանից (Իտալիա, Հռոմ)։ Պատկերված են մ.թ. 70 թ. Երուսաղեմի տաճարից տարվող շեփորները։ Մետաղադրամներ, որոնց վրա պատկերված են իսրայելացիների երաժշտական գործիքները (մ.թ. 130)։
[Թուլտվությամբ]
Coins: © 2007 by David Hendin. All rights reserved.