Գովերգենք Եհովային
«Պիտի սաղմոս երգեմ իմ Աստծուն, քանի դեռ կամ» (ՍԱՂ. 146։2)։
1. Ի՞նչը մղեց երիտասարդ Դավթին կազմելու իր սաղմոսներից մի քանիսը։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ժամանակ Դավիթն անթիվ-անհամար ժամեր էր անցկացնում Բեթլեհեմի մոտակայքում գտնվող դաշտերում՝ հոգալով իր հոր հոտերի մասին։ Այդ ընթացքում նա դիտում էր Եհովայի վեհ ստեղծագործությունը՝ աստղազարդ երկինքը, «դաշտի գազաններին» ու «երկնքի թռչուններին»։ Դավթի տեսածը այնպիսի մեծ ազդեցություն թողեց իր վրա, որ նա մղվեց հորինելու հուզիչ երգեր, որոնք փառաբանում էին այդ հրաշալի գործերի Արարչին։ Նրա երգերից շատերը գտնվում են «Սաղմոսներ» գրքումa (կարդա՛ Սաղմոս 8։3, 4, 7–9)։
2. ա) Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երաժշտությունը անհատի վրա։ Բե՛ր օրինակ։ բ) Սաղմոս 34։7, 8 և 139։2–8 համարներից ի՞նչ կարող ենք սովորել Դավթի՝ Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին։
2 Հավանաբար, կյանքի այս ժամանակահատվածում էր, որ Դավիթը կատարելագործեց երաժշտի իր հմտությունները։ Նա այնքան հմուտ դարձավ, որ հրավիրվեց քնար նվագելու Սավուղ թագավորի համար (Առակ. 22։29)։ Դավթի նվագած երաժշտությունը հանգստացնում էր անհանգիստ թագավորին, ինչպես որ այսօր լավ երաժշտությունն է հանգստացնում մարդկանց։ Ամեն անգամ, երբ Դավիթն իր ձեռքն էր վերցնում գործիքը, «Սավուղը հանգստանում էր ու իրեն լավ էր զգում» (1 Սամ. 16։23)։ Այդ աստվածավախ երաժշտի ու երգահանի ստեղծագործությունները անցել են ժամանակի փորձությունը։ Միայն մտածիր. այսօր, երբ Դավթի ծնունդից անցել է ավելի քան 3000 տարի, տարբեր խավերի պատկանող և երկրագնդի տարբեր մասերում ապրող միլիոնավոր մարդիկ կանոնավորաբար կարդում են Դավթի սաղմոսները՝ մխիթարություն և հույս ստանալու համար (2 Տար. 7։6; կարդա՛ Սաղմոս 34։7, 8; 139։2–8; Ամոս 6։5)։
Երաժշտության պատվավոր տեղը ճշմարիտ երկրպագության մեջ
3, 4. Դավթի օրերում ի՞նչ կարգադրություն էր արվել ճշմարիտ երկրպագության մեջ երաժշտություն ընդգրկելու նպատակով։
3 Դավիթը տաղանդ ուներ և այն օգտագործեց լավագույն կերպով՝ Եհովային փառաբանելու համար։ Իսրայելի թագավոր դառնալուց հետո նա կարգադրեց, որ խորանում կատարվող ծառայությունների մեջ մտնի նաև գեղեցիկ երաժշտությունը։ Տաճարում ծառայող 38000 ղևտացիներից 4000-ը նշանակված էին որպես «գովաբանողներ», իսկ 288-ը «սովորել էին Եհովային նվիրված երգեր երգել և այդ գործում հմուտ էին» (1 Տար. 23։3, 5; 25։7)։
4 Ղևտացիների կատարած երգերից շատերը հորինել էր հենց ինքը Դավիթը։ Յուրաքանչյուր իսրայելացի, ով առանձնաշնորհում ուներ լսելու Դավթի սաղմոսները, երբ դրանք երգում էին, հավանաբար խորապես հուզվում էր։ Հետագայում, երբ ուխտի տապանակը բերվեց Երուսաղեմ, «Դավիթը պատվիրեց ղևտացիների իշխաններին, որ իրենց երգիչ եղբայրներին կանգնեցնեն երաժշտական գործիքներով՝ տավիղներով, քնարներով ու ծնծղաներով, որպեսզի ուրախության ձայներ հնչեցնեն» (1 Տար. 15։16)։
5, 6. ա) Ինչո՞ւ էր Դավթի թագավորության ընթացքում այդքան մեծ ուշադրություն հատկացվում երաժշտությանը։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ հին Իսրայելում երաժշտությունը երկրպագության մեջ կարևոր դեր ուներ։
5 Ինչո՞ւ էր Դավթի օրերում երաժշտությանը այդպիսի մեծ ուշադրություն տրվում։ Միայն այն պատճառով, որ թագավորը երաժի՞շտ էր։ Ո՛չ։ Կար մի ուրիշ պատճառ, որն ի հայտ եկավ դարեր անց, երբ արդար Եզեկիա թագավորը վերականգնեց տաճարում մատուցվող ծառայությունները։ 2 Տարեգրություն 29։25-ում կարդում ենք. «Նրա [այսինքն՝ Եզեկիայի] կարգադրությամբ ղևտացիները ծնծղաներով, տավիղներով ու քնարներով կանգնել էին Եհովայի տան մոտ, ինչպես պատվիրել էին Դավիթը, թագավորի տեսանող Գադը և Նաթան մարգարեն, որովհետև Եհովան էր տվել այս պատվիրանը իր մարգարեների միջոցով»։
6 Այո՛, մարգարեների միջոցով Եհովան կարգադրեց իր երկրպագուներին երգով փառաբանել իրեն։ Քահանայական ցեղի երգիչներն անգամ ազատվում էին իրենց պարտականություններից, որոնք մյուս ղևտացիները պետք է կատարեին, որ կարողանային բավարար ժամանակ տրամադրել որոշ հանձնարարությունների, օրինակ՝ երաժշտական ստեղծագործություններ հորինելուն և շատ հավանական է՝ փորձերին (1 Տար. 9։33)։
7, 8. Ինչ վերաբերում է մեր Թագավորության երգերը երգելուն, ի՞նչն է տաղանդից ավելի կարևոր։
7 Գուցե ասես. «Հաստատ ես չէի լինի խորանում ծառայող հմուտ երգիչների մեջ, քանի որ լավ չեմ երգում»։ Բայց մի՛ մոռացիր, որ ղևտացիներից ոչ բոլորն էին փորձառու երաժիշտներ։ Համաձայն 1 Տարեգրություն 25։8-ի՝ կային նաև «աշակերտներ»։ Արժե նշել, որ Իսրայելի մյուս ցեղերում էլ գուցե լինեին բավականին հմուտ երաժիշտներ ու երգիչներ, բայց Եհովան հենց ղևտացիներին էր տվել այդ առանձնաշնորհումը։ Կարող ենք վստահ լինել, որ անկախ այն բանից՝ «փորձառու» էին, թե «աշակերտ», բոլոր հավատարիմ ղևտացիները ամբողջ սրտով էին կատարում իրենց հանձնարարությունը։
8 Դավիթը սիրում էր երաժշտությունը և հմուտ էր այդ գործում։ Բայց մի՞թե միայն տաղանդը նշանակություն ունի Աստծու համար։ Սաղմոս 33։3-ում Դավիթը գրեց. «Նվագե՛ք սրտանց, ցնծության բացականչություններով»։ Պարզ է ուրեմն, որ Եհովան կարևորություն է տալիս իրեն «սրտանց» փառաբանելուն։
Երաժշտության դերը Դավթի ժամանակներից հետո
9. Նկարագրիր, թե հավանաբար ինչ կտեսնեիր ու կլսեիր, եթե ներկա լինեիր տաճարի հանդիսավոր բացմանը Սողոմոնի թագավորության օրոք։
9 Սողոմոնի թագավորության օրոք երաժշտության դերը ճշմարիտ երկրպագության մեջ ավելի ակնհայտ էր։ Տաճարի հանդիսավոր բացման ժամանակ մեծ նվագախումբ կար, և պղնձյա փողային գործիքների մասում 120 հոգի փող էր հնչեցնում (կարդա՛ 2 Տարեգրություն 5։12)։ Աստվածաշունչն ասում է մեզ, որ «փողերի [որոնք քահանաներ էին նվագում] հնչյուններն ու երգիչների ձայները միախառնվեցին՝ միաձայն գովաբանելով ու շնորհակալություն հայտնելով Եհովային.... «որովհետև բարի է նա, որովհետև հավերժական է նրա սիրառատ բարությունը»»։ Հենց որ հնչեց երաժշտությունը, «տունը.... ամպով լցվեց». այդպիսով Եհովան իր հավանությունը ցույց տվեց։ Հավանաբար, որքա՜ն հուզիչ էր, որքա՜ն ակնածալից էր լսել փողերի ձայնը, որոնք միախառնվում էին երգիչների ձայնին (2 Տար. 5։13)։
10, 11. Ի՞նչն է ցույց տալիս, որ երաժշտությունը մեծ դեր ուներ վաղ քրիստոնյաների երկրպագության մեջ։
10 Երաժշտությունը նաև մեծ դեր ուներ վաղ քրիստոնյաների երկրպագության մեջ։ Իհարկե, առաջին դարի երկրպագուները իրենց հանդիպումները չէին անցկացնում խորանում կամ տաճարում, այլ տներում։ Թեև նրանք հալածվում էին և ուրիշ դժվարություններ ունեին, այնուհանդերձ, երգով փառաբանում էին Աստծուն։
11 Պողոս առաքյալը հորդորեց Կողոսայի իր քրիստոնյա եղբայրներին. «Իրար.... հորդորեք սաղմոսներով, Աստծուն ուղղված գովաբանություններով ու գոհունակությամբ լի հոգևոր երգերով» (Կող. 3։16)։ Իսկ երբ Պողոսն ու Շիղան բանտարկված էին, «աղոթում էին և երգով գովաբանում Աստծուն», թեև երգարան չունեին (Գործ. 16։25)։ Եթե քեզ էլ բանտարկեին, Թագավորության քանի՞ երգ կկարողանայիր անգիր երգել։
12. Ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքը ցույց տալ Թագավորության երգերի նկատմամբ։
12 Քանի որ երաժշտությունը պատվավոր տեղ է զբաղեցնում մեր երկրպագության մեջ, լավ կլինի հարցնենք ինքներս մեզ. «Գնահատո՞ւմ եմ այն։ Ջանքեր թափո՞ւմ եմ՝ ժամանակին գալու հանդիպումներին ու համաժողովներին, որ եղբայրներիս ու քույրերիս հետ մասնակցեմ բացման երգին և սրտանց երգեմ։ Բացատրո՞ւմ եմ երեխաներիս, որ Աստվածապետական ծառայության դպրոցից Ծառայողական հանդիպմանն անցնելու երգի կամ հանրային ելույթից «Դիտարանի» ուսումնասիրությանն անցնելու երգի ժամանակը ընդմիջում չէ և որ նրանք անտեղի չպետք է դուրս գան։ Երգելը մեր երկրպագության մասն է։ Այո՛, անկախ այն բանից՝ մենք «հմուտ» ենք, թե «աշակերտ», բոլորս կարող ենք և պետք է երգով փառաբանենք Եհովային (համեմատի՛ր 2 Կորնթացիներ 8։12)։
Փոխվում են ժամանակները, փոխվում են կարիքները
13, 14. Որքա՞ն կարևոր է ժողովի հանդիպումների ժամանակ ամբողջ սրտով երգելը։ Բե՛ր օրինակ։
13 Ավելի քան 100 տարի առաջ «Սիոնի Դիտարանում» բացատրվում էր պատճառներից մեկը, թե ինչու են մեր Թագավորության երգերը այդքան կարևոր։ Այնտեղ ասվում էր. «Ճշմարտության մասին երգելը լավ միջոց է Աստծու ժողովրդի մտքում և սրտում ճշմարտությունը դաջելու համար»։ Մեր երգերի խոսքերից շատերը հիմնված են Աստվածաշնչի որոշ հատվածների վրա, ուստի առնվազն մի քանի երգերի բառերը սովորելը կարող է ճշմարտությունը մեր սրտում արմատավորելու հիանալի միջոց լինել։ Հաճախ նրանք, ովքեր առաջին անգամ են այցելում մեր հանդիպումներին, խորապես հուզվում են՝ լսելով, թե ինչպես է ժողովը սրտանց երգում։
14 1869թ.-ին՝ մի երեկո, երբ Չ. Ռասելը տուն էր վերադառնում աշխատանքից, մի բան տեղի ունեցավ, որը փոխեց իր կյանքը։ Այդ շրջանում նա կորցրել էր հույսը, որ երբևէ կգտնի ճշմարտությունն Աստծու մասին։ Ուստի որոշել էր ամբողջովին նվիրվել բիզնեսին՝ մտածելով, որ եթե չի կարող հոգևոր օգնություն ցույց տալ մարդկանց, ապա փող կվաստակի և գոնե կկարողանա նյութապես օգնել նրանց։ Այդ երեկո եղբայր Ռասելի ականջին երգի ձայն հասավ, որը գալիս էր նկուղից։ Նա մտավ անշուք ու փոշոտ նկուղը, որտեղ կրոնական արարողություն էր ընթանում։ Եղբայրը նստեց ու սկսեց լսել։ Ավելի ուշ Ռասելը գրեց, որ այն, ինչ լսեց այդ երեկո, «բավական էր, որ Աստծու օգնությամբ ամրացնի [իր] սասանված հավատը Աստվածաշնչի ներշնչված խոսքերի հանդեպ»։ Ուշադրություն դարձրու՝ եղբայր Ռասելը գնաց այդ հանդիպմանը, քանի որ նրան սկզբում երգն էր գրավել։
15. Ինչո՞ւ էր ցանկալի նոր երգարան լույսընծայել։ Բե՛ր օրինակներ։
15 Ժամանակի ընթացքում բարելավվում է Սուրբ Գրքի ճշմարտությունների մասին ունեցած մեր հասկացողությունը։ Առակներ 4։18-ում կարդում ենք. «Արդարների ճանապարհը պայծառ լույսի պես է, որը ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ օրը լրիվ լուսավորվի»։ Բացվող լույսը անխուսափելիորեն անդրադառնում է «ճշմարտության մասին» մեր երգերի բովանդակության վրա։ Անցած 25 տարիների ընթացքում Եհովայի վկաները շատ երկրներում վայելում էին «Երգով փառաբանենք Եհովային» երգարանըb։ Սակայն տարիների ընթացքում մի շարք թեմաների առնչությամբ լույսն ավելի պայծառացավ, և այդ երգարանի որոշ արտահայտություններ ժամանակավրեպ դարձան։ Օրինակ՝ «նոր դրություն» արտահայտության փոխարեն՝ սկսեցինք ասել «նոր աշխարհ», Եհովայի անունը ոչ թե «արդարացվելու» է, այլ «սրբացվելու» է։ Փաստորեն, նոր երգարանի կարիք էր զգացվում։
16. Ինչպե՞ս նոր երգարանը կօգնի մեզ հետևելու Պողոսի խորհրդին՝ արձանագրված Եփեսացիներ 5։19-ում։
16 Այս և ուրիշ պատճառներով Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ հրատարակվի նոր երգարան, որի վերնագիրն է՝ «Գովերգենք Եհովային»։ Մեր նոր երգարանում երգերն ավելի քիչ են՝ 135, ուստի կարող ենք անգիր սովորել առնվազն մի քանի նոր երգ։ Այդպիսով կհետևենք Պողոսի խորհրդին՝ արձանագրված Եփեսացիներ 5։19-ում (կարդա՛)։
Կարող ես ցույց տալ գնահատանքդ
17. Ո՞ր մտքերը կարող են օգնել հաղթահարելու ամաչկոտությունը, որ երգենք հանդիպումների ժամանակ։
17 Պե՞տք է արդյոք ամաչկոտության պատճառով չերգենք քրիստոնեական հանդիպումների ժամանակ։ Փորձիր այսպես մտածել։ Խոսելու առնչությամբ մի՞թե ճշմարիտ չէ հետևյալ համարը. «Բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակ. 3։2)։ Այնուհանդերձ, մենք թույլ չենք տալիս, որ մեր անկատար խոսքը խանգարի մեզ Եհովային փառաբանելու տնից տուն ծառայելիս։ Ուրեմն ինչո՞ւ թույլ տանք, որ մեր անկատար երգը խանգարի մեզ Աստծուն երգով փառաբանելուց։ Եհովան, որը «մարդուն բերան է տվել», հաճույք է ստանում, երբ երգով փառաբանում ենք իրեն (Ելք 4։11)։
18. Առաջարկիր, թե ինչպես կարելի է սովորել երգերի խոսքերը։
18 «Գովերգենք Եհովային» (վոկալ կատարում) սեղմապնակը մատչելի է մի շարք լեզուներով։ Նոր երգերը ուղեկցվում են նվագախմբի ու երգչախմբի գեղեցիկ կատարմամբ։ Շատ հաճելի է ունկնդրել այդ կատարումները։ Հաճախ լսիր դրանք, այդպիսով շուտ կսովորես մեր նոր երգերից առնվազն մի քանիսը։ Երգերից շատերի խոսքերը այնպես են կազմված, որ եթե երգես մի տողը, հավանաբար, կկարողանաս կռահել, թե ինչ մտքեր կան հաջորդ տողում։ Ուստի երբ լսում ես երգը սեղմապնակով, փորձիր երգել երգչախմբի հետ։ Եթե տանը լավ ծանոթանաս խոսքերին ու մեղեդիներին, անկասկած, ավելի մեծ վստահությամբ կերգես Թագավորության սրահում։
19. Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Թագավորության երգերի նվագախմբային տարբերակը պատրաստելու համար։
19 Գուցե մեզ համար սովորական բան է մեկօրյա հատուկ, շրջանային և մարզային համաժողովների ժամանակ հնչող երաժշտությունը։ Սակայն մեծ աշխատանք է կատարվել այն պատրաստելու համար։ Երբ ընտրվում է երաժշտությունը, այն պետք է ամենայն ուշադրությամբ գործիքավորվի և ձևավորվի, որպեսզի 64 հոգուց կազմված «Դիտարանի» նվագախումբը կատարի այն։ Դրանից հետո երաժիշտները շատ ժամեր են անցկացնում՝ քննելով նյութը, որը պետք է փորձեն և ի վերջո ձայնագրեն Պատերսոնում (Նյու Յորք) գտնվող մեր ձայնագրման ստուդիաներում։ Այդ եղբայրներից ու քույրերից տասը չեն ապրում Միացյալ Նահանգներում։ Նրանք բոլորը առանձնաշնորհում են համարում, որ ջանք են ներդնում այն բանի համար, որ մեր աստվածապետական միջոցառումների ժամանակ գեղեցիկ երաժշտություն հնչի։ Մենք կարող ենք ցույց տալ մեր գնահատանքը իրենց՝ սիրով լի ջանքերի համար։ Երբ համաժողովների ժամանակ նախագահողը հրավիրում է մեզ երգելու, եկեք արագ զբաղեցնենք մեր տեղերը և լսենք երաժշտությունը, որն այդքան մեծ սիրով պատրաստվել է մեզ համար։
20. Ի՞նչ ես վճռել անել։
20 Եհովան ուշադրություն է դարձնում մեր փառաբանական երգերին։ Դրանք կարևոր են իր համար։ Մենք կարող ենք ուրախացնել նրա սիրտը՝ սրտանց երգելով երկրպագության ժամանակ։ Այո՛, անկախ նրանից, հմուտ ենք, թե աշակերտ, եկեք «գովերգենք Եհովային» (Սաղ. 104։33)։
[ծանոթագրություններ]
a Հետաքրքիր է, որ Դավթի մահից տասը դար անց հրեշտակների մի բազմություն գովաբանեց Աստծուն, երբ հայտնեց Մեսիայի ծննդի մասին հովիվներին, որոնք հսկում էին հոտերը Բեթլեհեմի մոտակայքում գտնվող դաշտերում (Ղուկ. 2։4, 8, 13, 14)։
b Բոլոր 225 երգերը մատչելի էին ավելի քան 100 լեզուներով։
Ի՞նչ ես կարծում
• Աստվածաշնչյան ժամանակների ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ երաժշտությունը կարևոր դեր ունի մեր երկրպագության մեջ։
• Ի՞նչ կապ ես տեսնում Մատթեոս 22։37-ում արձանագրված Հիսուսի պատվերին հնազանդվելու և ամբողջ սրտով Թագավորության երգերը երգելու միջև։
• Ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքը դրսևորել Թագավորության երգերի հանդեպ։
[նկար 23-րդ էջի վրա]
Բացատրո՞ւմ ես երեխաներիդ, որ անտեղի չպետք է դուրս գան երգի ժամանակ
[նկար 24-րդ էջի վրա]
Տանը սովորո՞ւմ ես մեր նոր երգերի խոսքերը