«Մենք չե՛նք ցանկանում տոնել Հելոուինը»
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԲԵԼԳԻԱՅԻՑ
ԱՅՍ որոշումը կայացրին մի դասարանի աշակերտներ, որոնք սովորում են Տինենի (Բելգիա) դպրոցներից մեկում։ Ինչպե՞ս նրանք եկան այսպիսի եզրակացության։ Բելգիայում Հելոուինի տոնակատարությունը սկսել են նշել ոչ շատ վաղուց։ 2002 թ. հոկտեմբերի 31–ին այդ դպրոցում այն պետք է անցկացվեր առաջին անգամ։ Տոնից առաջ ուսուցչուհին բոլոր երեխաներին հանձնարարեց Հելոուինի թեմայով որևէ բան գրել կամ նկարել։ Նաև ասաց. «Որքան սարսափազդու և անճոռնի, այնքան լավ»։
Դասարանում սովորում էր նաև 10–ամյա Մաթիասը։ Նա հիշեց, որ «Արթնացեք»–ի 2001 թ. հոկտեմբերի 8–ի համարում կարդացել էր այն թաքնված վտանգների մասին, որ կան հանրահայտ տոնակատարությունների մեջ, ինչպիսին է օրինակ՝ Հելոուինը։ Նա գիտեր, որ Հելոուինի տոնը բովանդակում է այնպիսի բաներ, որոնք Աստծուն հաճելի չեն։ Ուստի Մաթիասը հիմնվելով այդ հոդվածների վրա՝ մի շարադրություն գրեց։ Տեղեկությունները ուշադրությամբ կարդալուց հետո ուսուցչուհին եզրակացրեց, որ Հելոուինը անմեղ տոնակատարություն չէ, ինչպես կարծում են շատերը։ Այնուհետև նա Մաթիասին խնդրեց թեման ներկայացնել ամբողջ դասարանին։
Երբ Մաթիասը սկսեց կարդալ իր շարադրությունը, որոշ աշակերտներ չէին լսում։ Սակայն նա շարունակեց, և շուտով բոլորն էլ սկսեցին համակ ուշադրությամբ լսել նրա բացատրությունները։ Երբ Մաթիասը վերջացրեց թեման, ուսուցչուհին հարցրեց դասարանին, թե արդյոք նրանք դեռ ցանկանում են նշել այդ տոնը։ Աշակերտները միաբերան պատասխանեցին՝ ո՛չ։ Մի աշակերտուհի բացականչեց. «Սարսափելի՛ է»։ Մեկ ուրիշն ասաց. «Ես անգամ չէի պատկերացնում, որ Հելոուինի տոնակատարության մեջ ոչ հարգալից վերաբերմունք է արտահայտված մահացած մարդկանց հանդեպ»։
Մաթիասը մինչ այդ բավական ամաչկոտ էր։ Սակայն այս դեպքը նրան շատ քաջալերեց և մղեց, որ նա ամուր կառչի աստվածաշնչյան իր համոզմունքներին՝ չնայած իր վրա գործադրվող ճնշմանը։ Որպես Եհովայի վկա՝ նա ավելի մեծ հարգանքի արժանացավ թե՛ իր ուսուցչուհու և թե՛ համադասարանցիների կողմից։