Աստվածաշնչի տեսակետը
Աստված իսկապե՞ս հոգ է տանում երեխաների մասին
ԱՄԵՆ տարի հարյուր միլիոնավոր երեխաներ շահագործվում են, դաժան վերաբերմունքի արժանանում ու բռնության զոհ դառնում։ Նրանցից շատերին վտանգավոր պայմաններում ստրուկի պես աշխատեցնում են։ Մյուսներին գողանում են ու ստիպում զինվոր դառնալ կամ պոռնկությամբ զբաղվել։ Շատ երեխաներ էլ արյունապղծության ու այլ ահավոր բռնությունների զոհ են դառնում, և արդյունքում նրանք կորցնում են իրենց վստահությունը։
Միանգամայն հասկանալի է, թե ինչու է անկեղծ մարդկանց մտահոգում երեխաների վիճակը։ Ընդունելով, որ նման վերաբերմունքի պատճառը հիմնականում մարդու ագահությունն ու արատավորությունն է՝ ոմանք, սակայն, դժվարանում են համաձայնվել, որ սիրող Աստված թույլ կտար այդպիսի անարդարություն։ Նրանց, հնարավոր է, թվում է, թե Աստված անտարբեր է երեխաների հանդեպ ու իրականում հոգ չի տանում նրանց մասին։ Բայց ճի՞շտ է արդյոք դա։ Այն ողբալի փաստը, որ երեխաներին շահագործում են ու հաճախ դաժանորեն վերաբերվում նրանց, արդյո՞ք նշանակում է, որ Աստված չի հետաքրքրվում երեխաներով։ Իսկ ի՞նչ է ասվում Աստվածաշնչում։
Աստված դատապարտում է երեխաների հանդեպ դաժանորեն վարվողներին
Եհովա Աստված երբեք մտադրություն չի ունեցել, որ մեծահասակները անգթորեն շահագործեն երեխաներին։ Երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքը մեկն է այն ամենաողբերգական հետևանքներից, որ ունեցավ մարդկանց բարձրացրած ապստամբությունը Եդեմի պարտեզում։ Աստծո գերիշխանությունը մերժելը հանգեցրեց նրան, որ մարդը մարդուն սկսեց անողոքաբար շահագործել (Ծննդոց 3։11–13, 16; Ժողովող 8։9)։
Աստված գարշում է նրանցից, ովքեր հարստահարում են թույլերին ու անօգնականներին։ Հնում Եհովային չծառայող շատ ազգեր երեխաներ էին զոհաբերում իրենց աստվածներին, սակայն Եհովան ասաց, որ նա նման բան «չը պատուիրեց, եւ միտք[ն] էլ չէր եկել» (Երեմիա 7։31)։ Աստված իր վաղեմի ժողովրդին նախազգուշացրել էր. «Եթէ նորան [որբ երեխային] չարչարես, նա ինձ բողոքէ, անպատճառ պիտի լսեմ նորա աղաղակը. եւ իմ բարկութիւնը կ’բորբոքուի» (Ելից 22։22–24)։
Եհովան սիրում է երեխաներին
Աստծո հոգատարությունը երեխաների հանդեպ ակնհայտորեն երևում է այն իմաստուն խորհուրդներից, որ նա տալիս է ծնողներին։ Հավանականությունը մեծ է, որ ընտանեկան ջերմ մթնոլորտում մեծացած երեխաները դառնան հասուն, հավասարակշռված անհատներ։ Ուստի մեր Արարիչը հիմնել է ամուսնական՝ ողջ կյանքի համար նախատեսված կառույց, ըստ որի «մարդը կ’թողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը. եւ մէկ մարմին կ’լինին» (Ծննդոց 2։24)։ Աստվածաշնչում սեռական հարաբերությունները օրինական են համարվում միայն ամուսնության մեջ, հետևաբար լույս աշխարհ եկող երեխաները կարող են մեծանալ կայուն պայմաններում (Եբրայեցիս 13։4)։
Սուրբ Գրություններում նաև ընդգծվում է ծնողական դաստիարակության կարևորությունը։ «Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են,— ասվում է Աստվածաշնչում,— եւ որովայնի պտուղը՝ նորա վարձքը [«պարգեւն է», ԱԱ]։ Ինչպէս որ նետերը զօրեղ մարդի ձեռքումը, այնպէս են երիտասարդ որդիքը» (Սաղմոս 127։3, 4)։ Երեխաներն Աստծո կողմից տրված չքնաղ պարգևներ են, և Աստված ցանկանում է, որ նրանք բարգավաճեն։ Նա ծնողներին կոչ է անում իրենց երեխաներին ճիշտ առաջնորդություն տալ կյանքում, ինչպես նետաձիգն է նետն արձակելուց առաջ ուշադրությամբ նշան բռնում։ «Հայրեր,— հորդորում է Աստծո Խոսքը,— մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» (Եփեսացիս 6։4)։
Եհովան իր սերը երեխաների հանդեպ ցույց է տալիս նաև նրանով, որ սովորեցնում է ծնողներին պաշտպանել իրենց երեխաներին «գիշատիչ» մարդկանցից։ Հին Իսրայելում նույնիսկ փոքր երեխաներին էր պատվեր տրվել լսելու Օրենքը, որը պարզաբանում էր սեռական վարքի ճիշտ ու սխալ ձևերը (Բ Օրինաց 31։12; Ղեւտացոց 18։6–24)։ Աստված ցանկանում է, որ ծնողներն ամեն բան անեն իրենց երեխաներին պաշտպանելու համար այն մարդկանցից, ովքեր կարող են շահագործել կամ դաժանորեն վերաբերվել նրանց։
Հույս՝ երեխաների համար
Եհովայի մշտատև սերը երեխաների հանդեպ հիասքանչ կերպով դրսևորեց Հիսուս Քրիստոսը, որը կատարելապես արտացոլում է իր Հոր էությունը (Յովհաննէս 5։19)։ Երբ Հիսուսի առաքյալները, սխալմամբ կարծելով, թե օգնում են նրան, արգելեցին ծնողներին, որ իրենց փոքրիկ երեխաներին բերեն նրա մոտ, Հիսուսը վրդովվեց ու նրանց ասաց. «Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գան»։ Ապա «նորանց առաւ գիրկը, ձեռքը դրաւ նորանց վերայ, եւ օրհնեց նորանց» (Մարկոս 10։13–16)։ Թե՛ Եհովա Աստված և թե՛ նրա Որդին չեն անտեսում երեխաներին։
Իրականությունն այն է, որ շուտով Աստված իր նշանակած թագավոր Հիսուս Քրիստոսի միջոցով ազատելու է երեխաներին այն մարդկանցից, ովքեր ագահորեն շահագործում են նրանց ու դաժանորեն վերաբերվում։ Այդ մարդիկ մեկընդմիշտ կվերանան (Սաղմոս 37։10, 11)։ Եհովային փնտրող հեզ մարդկանց մասին Աստվածաշունչն ասում է. «Կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։3, 4)։
Իսկ մինչ այդ Աստված իր սերը դրսևորում է՝ հոգևոր ու էմոցիոնալ օգնություն ցույց տալով բոլոր նրանց, ում շահագործում ու ճնշում են։ «Կորածը որոնելու եմ,— խոստանում է նա,— եւ մոլորուածը ետ եմ բերելու, եւ կոտրածը պիտի կապեմ եւ հիւանդը պիտի զօրացնեմ» (Եզեկիէլ 34։16)։ Իր Խոսքի, սուրբ ոգու և քրիստոնեական ժողովի միջոցով Եհովան մխիթարում է այն երեխաներին, որոնք կեղեքված են ու աղքատության մատնված։ Որքա՜ն ուրախալի է իմանալ, որ այժմ «գթութիւնների Հայրը եւ ամեն մխիթարութեան Աստուածը.... մխիթարում է մեզ մեր ամեն նեղութիւնումը», և ապագայում էլ կմխիթարի (Բ Կորնթացիս 1։3, 4)։
[Թույլտվությամբ 28-րդ էջի վրա]
© Mikkel Ostergaard /Panos Pictures