Օգուտներ, որ բերում է երեխաների համար ընթերցանությունը
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԼԵՀԱՍՏԱՆԻՑ
«ՈՂՋ Լեհաստանը ընթերցում է երեխաների համար» տարեկան արշավի կազմակերպիչները հետևյալն են ասում. «Ընթերցանությունը կարևոր դեր է խաղում թե՛ գիտելիքներ ձեռք բերելու, թե՛ մտային կարողությունները զարգացնելու հարցում.... Այն դուռ է բաց անում դեպի մարդկային մտքերի ու գիտելիքների գանձարանը»։ Եթե դա ճիշտ է, ապա ինչո՞ւ են չափահաս տարիքի շատ մարդիկ ու երեխաներ ընթերցանությունը համարում անհրաժեշտ «չարիք»։
Այդ արշավի կազմակերպիչներն ասում են. «Ընթերցելու սովորությունը և սերը գրքերի հանդեպ երեխայի մեջ պետք է զարգացնել դեռ մանկուց»։ Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս. «Եթե դուք ցանկանում եք, որ ձեր երեխաները լինեն խելացի և հաջողություններ ունենան ոչ միայն դպրոցում, այլև կյանքում, ամեն օր 20 րոպե բարձրաձայն ընթերցեք նրանց համար»։
Ծնողներին խորհուրդ է տրվում նաև չհետաձգել իրենց փոքրիկների համար ընթերցելը, այլ «սկսել որքան հնարավոր է շուտ»։ Երբվանի՞ց։ «Եկեք կարդանք, երբ երեխան դեռ նորածին է՝ պահելով նրան մեր գրկում, սիրով լի հայացքով նայելով նրա դեմքին և մեր ձայնով նրա մեջ հետաքրքրություն արթնացնելով։ Մշտապես ընթերցելու շնորհիվ հաղորդակցություն, ինչպես նաև փոխադարձ մտերմություն է ստեղծվում ծնողի ու երեխայի միջև՝ վերջինիս մեջ առաջ բերելով ապահովվածության և բավարարվածության զգացում։ Բացի դրանից, ընթերցանությունը խթանում է երեխայի մտավոր զարգացումը»։
Արշավի կազմակերպիչներն ընդգծում են, որ երեխաների համար կարդալն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ, նաև մատնանշում են դրա բերած օգուտները։ Բարձրաձայն ընթերցանությունը սովորեցնում է երեխաներին մտածել, «օգնում է նրանց հասկանալ մյուս մարդկանց, աշխարհը և, վերջապես, իրենք իրենց, .... արթնացնում է նրանց հետաքրքրությունը, զարգացնում է երևակայությունը, խթանում է էմոցիոնալ զարգացումը, առաջ է բերում նրբազգացություն ու կարեկցանքի զգացում, սերմանում է բարոյական արժեքներ .... ձևավորում է ինքնահարգանքի զգացում»։ Կասկած չկա, որ դա «հակաթույն է շատ անցանկալի ազդեցությունների դեմ .... որոնք վտանգ են սպառնում երեխաների մտքին և սրտին»,— եզրափակում են այդ արշավի կազմակերպիչները։
Որպեսզի ընթերցանությունը հատկապես արդյունավետ դառնա, պետք է օգտվել այնպիսի գրքերից, որոնք քաջալերում են փոքրիկներին մոտենալ իրենց երկնային Արարչին։ Աստվածաշունչը լավագույն գիրքն է, որը կօգնի մեզ մոտենալ Աստծուն։ Աստվածաշունչը նշում է, որ երիտասարդ Տիմոթեոսը ‘մանկությունից սուրբ գրքերը գիտեր’ (Բ Տիմոթէոս 3։15)։ Երեխաների համար բարձրաձայն ընթերցանության ծրագրի մեջ ծնողները կարող են ընդգրկել Աստվածաշնչի վրա հիմնված այնպիսի գրքեր, ինչպիսիք են «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» և «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքերը, որոնք նախատեսված են հատկապես փոքր տարիքի երեխաների համար և հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։