Բանջարեղեն, որը սիրում են գրեթե բոլորը
Մեր թղթակիցը՝ Մեքսիկայից
ՊԱՏԿԵՐԱՑՆՈ՞ՒՄ եք խոհանոցն առանց սոխի... Այս ունիվերսալ բանջարեղենը կարող է օգտագործվել գրեթե բոլոր ճաշատեսակներում՝ ապուրների, սալաթների, հիմնական կերակուրների, ինչպես նաև բժշկական պատրաստուկների մեջ։ Այն կարող է նույնիսկ ստիպել մեզ մի փոքր արտասվել։
Սովորական սոխը, որը դասվում է ծաղկող գեղեցիկ բույսերի թվին, ինչպիսիք են՝ ոսկեսխտորը, նեապոլիտական և աֆլատունական սոխը, ունի գեղեցիկ ծաղիկներ։ Սակայն աշխարհի գրեթե բոլոր խոհանոցներում օգտագործվում է այս բույսի արմատը՝ հողի տակ աճող գլուխը, որը գտնվում է փքված շապիկի մեջ։
Սոխը մարդու կողմից աճեցվող ամենահին կուլտուրաներից մեկն է։ Թե որքան լայն տարածում է ունեցել այս բանջարեղենը, երևում է նաև Աստվածաշնչի արձանագրությունից, որը ցույց է տալիս, որ մ.թ.ա. մոտ 1513 թվականին իսրայելացիները կարոտով էին հիշում այն ժամանակը, երբ Եգիպտոսում սոխ էին ուտում (Թուոց 11։5)։
Սակայն ի՞նչն է պատճառը, որ տարբեր ազգերի խոհանոցներում սոխն այսքան մեծ «հեղինակություն» ունի։ Անշուշտ պատճառը նրա մեջ պարունակված ծծումբն է, որը հատուկ բույր և կծվություն է հաղորդում այս բանջարեղենին։ Իսկ ծծմբաթթուն այնպիսի նյութ է առաջացնում, որի պատճառով մեր աչքերն արցունքոտվում են։
Ավելին, քան պարզապես համեղ բանջարեղեն
Սոխը շատ առողջարար է։ Այն պարունակում է սննդարար նյութեր, ինչպես օրինակ՝ կալցիում, ֆոսֆոր և ասկորբինաթթու (վիտամին C)։ Այս բանջարեղենը հատկապես արժեքավոր է իր բուժիչ հատկությունների համար։ Նույնիսկ այսօր այն օգտագործվում է մի շարք հիվանդություններ բուժելու նպատակով, այդ թվում՝ մրսածություն, կոկորդաբորբ, աթերոսկլերոզ, սրտի իշեմիկ հիվանդություն, շաքարախտ և ասթմա։ Այն նաև ունի հականեխիչ, խոլեստերինը իջեցնող, հակաբորբոքային, երակների խցանմանը և քաղցկեղի առաջացմանը խոչընդոտող ազդեցություն։
Սոխը լինում է տարբեր գույնի՝ սպիտակ, դեղին, դարչնագույն, կանաչ, կարմիր և մանուշակագույն։ Այն կարող է օգտագործվել հում, եփած, պահածոյացված, թթու դրած, չորացրած, փոշու վերածած վիճակում։ Համաձայն չե՞ք, որ սոխն իրոք հրաշալի բանջարեղեն է, թեև ստիպում է ձեզ մի փոքր արտասվել։