Հավատս օգնում է պայքարել ծանր հիվանդության դեմ
ՊԱՏՄՈՒՄ Է ՋԵՅՍՈՆ ՍՏՅՈՒԱՐՏԸ
«Ցավում եմ, պարո՛ն Ստյուարտ, ձեզ մոտ Շարկոյի հիվանդություն է հայտնաբերվել»a։ Այնուհետև բժիշկը հայտնեց, թե ինչպիսի ծանր ընթացք կունենա իմ հիվանդությունը. շուտով այլևս չէի կարողանալու շարժվել ու խոսել, մինչև որ հիվանդությունը վերջնականապես խլեր իմ կյանքը։ «Ինչքա՞ն կարող եմ ապրել,— հարցրեցի ես։ Հավանաբար երեքից հինգ տարի»,— պատասխանեց բժիշկը։ Ես ընդամենը 20 տարեկան էի։ Չնայած դա ցավալի լուր էր, այնուհանդերձ չէի կարող ինձ օրհնված չզգալ։ Թույլ տվեք բացատրել, թե ինչու եմ այդպես ասում։
ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1978 թվականի մարտի 2–ին Ռեդվուդ Սիթիում (Կալիֆորնիա, ԱՄՆ)։ Ծնողներս՝ Ջիմ և Քեթի Ստյուարտները, չորս երեխա ունեին. մեր ընտանիքում երեխաներից երրորդը ես էի։ Հայրս ու մայրս ամուր սեր ունեին Աստծու հանդեպ և իրենց երեխաների՝ իմ, Մեթյուի, Ջենիֆերի և Ջոնաթանի մեջ մեծ հարգանք էին ներշնչել հոգևոր բաների նկատմամբ։
Հիշում եմ, որ տնետուն ծառայությունը, Աստվածաշնչի ուսումնասիրությունը և ժողովի հանդիպումներին հաճախելը մեր ընտանիքի սովորություններն էին։ Այդ հոգևոր դաստիարակությունը օգնեց ինձ ամուր հավատ զարգացնել Եհովա Աստծու հանդեպ։ Ես երբեք չէի պատկերացնում, թե հավատս ինչ փորձությունների է ենթարկվելու։
Իրականանում է իմ մանկության երազանքը
1985 թ.–ին հայրս մեզ տարավ Բրուքլինի Բեթել՝ Եհովայի վկաների գլխավոր վարչություն, որը գտնվում է Նյու Յորք քաղաքում։ Թեև ընդամենը յոթ տարեկան էի, սակայն Բեթելի հետ կապված յուրօրինակ ինչ–որ բան զգացի։ Ակնհայտ էր, որ բոլորը մեծ բավականություն էին ստանում իրենց աշխատանքից։ Եվ ես մտածեցի. «Երբ մեծանամ, կգնամ Բեթել, որ Աստվածաշնչեր պատրաստեմ Եհովայի համար»։
1992 թ.–ի հոկտեմբերի 18–ին ես մկրտվեցի։ Մի քանի տարի անց, երբ 17 տարեկան էի, հայրս ինձ կրկին Բեթել տարավ։ Քանի որ արդեն չափահաս էի, կարողացա ավելի շատ գնահատել այնտեղ կատարվող գործը։ Այս անգամ տուն վերադարձա ավելի վճռական դիրքորոշմամբ՝ հասնել Բեթելում ծառայելու իմ նպատակին։
1996 թ.–ի սեպտեմբերին սկսեցի ծառայել որպես լիաժամ քարոզիչ։ Բեթելում ծառայելու նպատակը մտքումս վառ պահելու համար ես ամբողջությամբ ներգրավվեցի հոգևոր գործերի մեջ։ Բարելավեցի Աստվածաշնչի ամենօրյա իմ ընթերցանությունը և անձնական ուսումնասիրությունը։ Գիշերները աստվածաշնչյան թեմաներով ելույթների ձայնագրություններ էի լսում։ Այդ ելույթներից մի քանիսում հիշատակվում էր այն քրիստոնյաների մասին, որոնք մահվան սպառնալիքի տակ անսասան հավատ են դրսևորել գալիք դրախտի և հարության վերաբերյալ (Ղուկաս 23։43 ՆԱ; Յայտնութիւն 21։3, 4)։ Կարճ ժամանակ անց այդ բոլոր ելույթները անգիր հիշում էի։ Ես նույնիսկ չէի պատկերացնում, թե որքան արժեքավոր էին լինելու ինձ համար այդ հավատ զորացնող ելույթները մոտ ապագայում։
1998 թ.–ի հուլիսի 11–ին Բրուքլինից նամակ ստացա։ Ինձ հրավիրում էին ծառայելու Բեթելում։ Մի ամիս հետո արդեն իմ սենյակում էի։ Ինձ նշանակեցին աշխատելու կազմատանը։ Այնտեղ պատրաստվում են գրքեր, որոնք հետո առաքվում են բազմաթիվ ժողովներ։ Իրականացել էր իմ մանկության երազանքը։ Ես Բեթելո՛ւմ էի, որ «Աստվածաշնչեր պատրաստեմ Եհովայի համար»։
Հիվանդությունս գլուխ է բարձրացնում
Բեթել գալուց մոտավորապես մեկ ամիս առաջ նկատեցի, որ չեմ կարողանում ուղիղ պահել իմ աջ ձեռքի ցուցամատը։ Այդ ժամանակ ես աշխատում էի որպես լողավազան մաքրող և զգացի, որ շուտ եմ ուժասպառ լինում, չնայած մինչ այդ ավելի ծանր աշխատանք եմ կատարել, սակայն ոչ մի խնդիր չեմ ունեցել։
Բեթել գալուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում ախտանշաններն ավելի սրվեցին։ Ես չէի կարողանում մյուս երիտասարդների պես արագորեն բարձրանալ և իջնել աստիճաններով։ Կազմատան իմ աշխատանքի մեջ մտնում էր տպագիր թղթերի ծանր արկղեր բարձրացնելը։ Բացի այն, որ շատ շուտ էի հոգնում, նաև աջ ձեռքս սկսեց հաճախակի ոլորվել։ Ավելին, բութ մատիս մկանը ատրոֆիայի ենթարկվեց, և շուտով բացարձակ չէի կարողանում շարժել այն։
Հոկտեմբերի կեսերին՝ Բեթել գալուց ընդամենը երկու ամիս անց, բժիշկը հայտնեց, որ ես տառապում եմ Շարկոյի հիվանդությամբ։ Երբ դուրս եկա բժշկի գրասենյակից, անմիջապես միտքս եկան աստվածաշնչյան այն ելույթները, որոնք անգիր գիտեի։ Եհովայի ոգին ամենայն հավանականությամբ ինձ հետ էր, քանի որ մահվան մասին միտքը չվախեցրեց ինձ։ Ես պարզապես դուրս եկա և գնացի Բեթել։ Աղոթում էի Եհովային, որ զորացնի ընտանիքիս անդամներին, երբ նրանք իմանային իմ հիվանդության մասին։
Ինչպես նշեցի սկզբում, ես չէի կարող ինձ օրհնված չզգալ։ Իրականացել էր Բեթել գնալու իմ մանկության երազանքը։ Այդ երեկո զբոսնեցի Բրուքլինի կամրջով և շնորհակալություն հայտնեցի Եհովային իմ նպատակին հասնելու համար։ Նաև ջերմեռանդորեն խնդրեցի նրան, որ օգնի ինձ դիմագրավելու այդ ծանր փորձությունը։
Ընկերներս օգնության ձեռք մեկնեցին և քաջալերեցին ինձ։ Ես փորձում էի ուրախ և լավատես լինել։ Այնուամենայնիվ, ախտորոշումից մեկ շաբաթ անց, երբ հեռախոսով զրուցում էի մայրիկիս հետ, նա ասաց, որ իրականում լավ է, որ ես այդքան քաջ եմ, բայց լաց լինելն էլ սխալ չէ։ Հենց մայրս ասաց այդ խոսքերը, սկսեցի լաց լինել։ Հանկարծ հասկացա, որ շուտով կորցնելու եմ այն ամենը, ինչի մասին երազել էի։
Մայրս ու հայրս ցանկանում էին, որ ես տուն վերադառնամ, ուստի մի օր առավոտյան՝ հոկտեմբերի վերջին, նրանք անակնկալ մատուցեցին ինձ՝ թակելով իմ սենյակի դուռը։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում ես ցույց տվեցի նրանց Բեթելը և ծանոթացրեցի իմ ընկերների, ինչպես նաև տարեց անհատների հետ, որոնք երկար տարիներ շարունակ ծառայում են Բեթելում։ Այդ թանկագին օրերը, երբ ծնողներիս պատմում էի Բեթելի իմ ծառայության մասին, կյանքիս ամենաերջանիկ պահերից են եղել։
Հաշվում եմ օրհնություններս
Մինչև հիմա Եհովան շարունակում է օրհնել ինձ տարբեր կերպերով։ 1999 թ.–ի սեպտեմբերին ես ներկայացրեցի իմ առաջին հանրային ելույթը։ Նաև կարողացա ելույթներ ունենալ մի քանի այլ ժողովներում, սակայն կարճ ժամանակ անց իմ խոսքն այնքան անհասկանալի դարձավ, որ ստիպված էի դադարել հանրային ելույթներ ներկայացնել։
Մյուս օրհնությունը եղել է ընտանիքիս, ինչպես նաև հոգևոր եղբայրներիս ու քույրերիս ամուր սերն ու աջակցությունը։ Քանի որ ոտքերս թուլանում էին, ընկերներս բռնում էին թևերիցս և ինձ ծառայության ուղեկցում։ Ոմանք նույնիսկ ինձ հոգ տանելու համար մեր տուն էին գալիս։
Ամենամեծ օրհնություններից մեկը կինս է՝ Ամանդան։ Երբ վերադարձա Բեթելից, մենք ընկերներ դարձանք։ Ինձ տպավորել էր նրա հոգևոր հասունությունը։ Ես մանրամասնորեն պատմեցի նրան իմ հիվանդության մասին, նաև ասացի, թե բժշկի խոսքերի համաձայն՝ ինչ ընթացք պետք է այն ունենա։ Մինչև մտերմություն անելը մենք շատ էինք ծառայում միասին։ 2000 թ.–ի օգոստոսի 5–ին մենք ամուսնացանք։
Ամանդան պատմում է. «Ինձ գրավում էր Ջեյսոնի սերն Աստծու հանդեպ և նախանձախնդրությունը հոգևոր բաների նկատմամբ։ Թե՛ երիտասարդները, և թե՛ տարեցները հեշտությամբ էին ընկերակցում նրա հետ։ Ես բնավորությամբ հանգիստ ու քչախոս անձնավորություն եմ, իսկ նա՝ աշխույժ ու շփվող։ Երկուսս էլ հումորի զգացում ունենք և միասին շատ էինք ծիծաղում։ Այնքան հանգիստ էի զգում ինձ նրա հետ, որ կարծես վաղուց էինք ճանաչում իրար։ Ջեյսոնը ամեն ինչ պատմեց իր հիվանդության մասին համոզվելու համար, որ ամեն ինչից տեղյակ եմ և գիտեմ, թե ինչ է սպասվում ինձ։ Սակայն ես մտածեցի, որ միասին կվայելենք մեր ունեցած ժամանակը այնքան, որքան դա հնարավոր կլինի։ Բացի այդ, իրերի այս համակարգում ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե ինչպիսին կլինի իր կյանքը։ «Ժամանակ եւ դիպուած» պատահում է նույնիսկ առողջ մարդկանց (Ժողովող 9։11)։
Գտնում եմ հաղորդակցվելու ուղիներ
Քանի որ իմ խոսքը գնալով ավելի ու ավելի էր անհասկանալի դառնում, Ամանդան դարձավ իմ թարգմանիչը։ Երբ այլևս չկարողացա խոսել, մենք հաղորդակցվելու համար հատուկ համակարգ ստեղծեցինք։ Ամանդան արտասանում էր այբուբենի տառերը, և երբ նա ասում էր իմ ուզած տառը, ես աչքերով թարթում էի։ Նա մտապահում էր այդ տառը, այնուհետև մենք անցնում էինք մյուս տառերին։ Այս կերպով ես կարողանում էի ամբողջական նախադասություններ կազմել։ Ամանդան և ես բավականին փորձառու էինք դարձել հաղորդակցվելու այս մեթոդն օգտագործելու մեջ։
Այժմ ժամանակակից տեխնիկայի շնորհիվ ձեռք եմ բերել ծնկադիր համակարգիչ, որի միջոցով կարողանում եմ հաղորդակցվել։ Ես տպում եմ այն, ինչ ուզում եմ ասել, իսկ համակարգիչը ձայնով արտաբերում է իմ տպած բոլոր բառերը։ Քանի որ այլևս չեմ կարողանում շարժել ձեռքերս, այտիս ամրացված է ինֆրակարմիր ճառագայթներով էլեկտրոնային սարք, որը ֆիկսում է իմ շարժումները։ Երբ համակարգչի էկրանի անկյունում այբուբենի շրջանակ է հայտնվում, այտիս շարժումով ես կարողանում եմ ընդգծել իմ ուզած տառը և բառեր կազմել։
Այս համակարգչի օգնությամբ ես կարողանում եմ նամակներ գրել աստվածաշնչյան ճշմարտությամբ հետաքրքրվող մարդկանց, որոնց կինս հանդիպում է ծառայության ժամանակ։ Համակարգչի ձայնի միջոցով ես կարողանում եմ տնետուն ծառայության ժամանակ մատուցումներ անել և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնել։ Այսպես ի վիճակի եմ լինում շարունակել իմ լիաժամ ծառայությունը։ Վերջերս այն ժողովում, որտեղ ծառայում եմ որպես ծառայող օգնական, նորից կարողացա ելույթներ ներկայացնել և այլ ուսուցողական առաջադրանքներ կատարել։
Չեմ կորցնում հումորի զգացումս
Կնոջս հետ միասին հաճախ ենք տհաճ իրավիճակներ դիմագրավել։ Քանի որ ոտքերս գնալով թուլանում էին, վայր ընկնելը ինձ համար սովորական բան էր դարձել։ Մի քանի անգամ մեջքի վրա ընկնելով՝ նույնիսկ պատռել եմ գլուխս։ Մկաններս այնքան էին անզգայանում, որ ծառի պես ընկնում էի։ Ինձ տեսնող մարդիկ սարսափահար եղած շտապում էին ինձ օգնելու։ Սակայն լարված մթնոլորտը թեթևացնելու համար հաճախ կատակներ էի անում։ Միշտ փորձել եմ չկորցնել հումորի զգացումս։ Ուրիշ ի՞նչ կարող էի անել։ Ես կարող էի բարկանալ, որ կյանքս այդքան դժվար էր դարձել, բայց դրանից օգուտ չկար։
Մի երեկո, երբ Ամանդայի և մի ամուսնական զույգի հետ զբոսնում էի, հանկարծ մեջքի վրա ընկա և գլուխս հարվածեցի գետնին։ Հիշում եմ ինձ նայող նրանց ապշահար դեմքերը, որոնք հարցնում էին՝ ամեն ինչ լա՞վ է։
— Այո, այո, ամեն ինչ լավ է, պարզապես աստղերին եմ նայում,— ասացի ես։
— Իրո՞ք, ճի՞շտ ես ասում,— հարցրեց ընկերս։
— Այո՛, տեսեք, թե որքա՜ն գեղեցիկ են դրանք,— պատասխանեցի ես՝ ցույց տալով երկինքը։ Ու բոլորս ծիծաղեցինք։
Հաղթահարում եմ ամենօրյա դժվարություններս
Քանի որ մկաններս ատրոֆիայի էին ենթարկվում, սկսեցի ավելի մեծ դժվարություններ ունենալ։ Սովորական բաները, ինչպիսիք են՝ ուտելը, լողանալը, զուգարան գնալը, շորերս կոճկելը շուտով ինձ համար դարձավ ամենօրյա անտանելի մի բեռ։ Վիճակս այն աստիճանի վատացավ, որ այլևս չէի կարողանում շարժվել, խոսել, ուտել և ինքնուրույն շնչել։ Իմ ստամոքսում զոնդ տեղադրվեց, որի միջոցով սնունդը ստանում եմ հեղուկ վիճակում։ Իսկ կոկորդիս մեջ տեղադրված է խողովակ, որին ամրացված է արհեստական օդափոխության հատուկ սարք, ինչի շնորհիվ շնչում եմ։
Չնայած որոշել էի որքան հնարավոր է ամեն ինչ ինքնուրույն անել, բայց Ամանդան միշտ պատրաստ էր օգնելու ինձ։ Եվ քանի որ միշտ ուրիշների օգնության կարիքն էի զգում, կինս երբեք թույլ չէր տալիս, որ ես թերարժեքության զգացում ունենամ։ Նա օգնում էր ինձ պահպանել արժանապատվության զգացումս։ Այն, ինչ նա անում է ինձ հոգ տանելու համար, պարզապես հնարավոր չէ արտահայտել խոսքերով, սակայն ես հասկանում եմ, թե որքան դժվար է նրա համար։
Ամանդան պատմում է, թե ինչ զգացումներ է նա ունենում. «Ջեյսոնի առողջությունը գնալով վատանում էր, և ես սովորեցի հոգ տանել նրան։ Քանի որ նա շնչում է արհեստական օդափոխության հատուկ սարքի միջոցով, նրան հարկավոր է հոգ տանել օրվա բոլոր 24 ժամերի ընթացքում։ Նրա թոքերում շատ խորխ և թուք է կուտակվում, որը պետք է մաքրել հատուկ ներծծման սարքի միջոցով։ Դրա պատճառով երկուսս էլ չենք կարողանում գիշերները քնել։ Երբեմն ինձ ընկճված ու միայնակ եմ զգում։ Թեև միշտ միասին ենք, սակայն դժվար է հաղորդակցվել։ Նա այնքան կենսուրախ անձնավորություն էր, իսկ հիմա միայն նրա աչքերն են կենսուրախություն արտահայտում։ Նա մինչև հիմա էլ ուրախ և սրամիտ անձնավորություն է։ Ես կարոտում եմ նրա ձայնը։ Նաև շատ եմ ցանկանում, որ գրկի ինձ կամ պարզապես բռնի ձեռքս։
Երբեմն մարդիկ հարցնում են ինձ, թե ինչպես եմ հաղթահարում այս ամենը։ Պետք է ասեմ, որ հիվանդության հետ կապված դժվարությունները սովորեցրեցին ինձ ավելի շատ ապավինել Եհովային։ Եթե ապավինեմ ինձ, ապա այնքան ուժասպառ կլինեմ, որ չեմ կարողանա նույնիսկ շունչ քաշել։ Օգնում է նաև աղոթքը, քանի որ Եհովան այն միակ անձնավորությունն է, որ հասկանում է ինձ և զգում է, թե ինչ վիճակում եմ։ Ինձ համար մեծ օգնության աղբյուր են նաև Ջեյսոնի ծնողները։ Նրանք միշտ պատրաստ են աջակցել, երբ հանգստի կարիք ունեմ կամ պետք է գնամ ծառայության։ Երախտապարտ եմ նաև մեր ժողովի եղբայրներին և քույրերին իրենց ցուցաբերած օգնության համար։ Ինձ օգնում է նաև այն բանի գիտակցումը, որ ցանկացած տառապանք այս համակարգում «վաղանցիկ է ու թեթև» (Բ Կորնթացիս 4։17, ՆԱ)։ Փորձում եմ մտածել գալիք նոր աշխարհի մասին, որտեղ Եհովան ամեն բան կշտկի։ Հավանաբար կծիծաղեմ և միևնույն ժամանակ լաց կլինեմ, երբ բոլոր այս դժվարությունները անցած կլինեն, և Ջեյսոնը նորից կլինի առաջվա Ջեյսոնը»։
Պայքարում եմ դեպրեսիայի դեմ
Պետք է խոստովանեմ, որ երբեմն շատ եմ վհատվում, երբ տեսնում եմ ինձ նստած հաշմանդամի սայլակում՝ ամբողջապես անօգնական վիճակում։ Հիշում եմ՝ մի անգամ ընտանիքով հավաքվել էինք ավագ քրոջս տանը։ Ես դեռ հաց չէի կերել ու շատ քաղցած էի։ Բոլորը ըմբոշխնում էին խորոված մսի համբուրգերներ ու եփած եգիպտացորեն։ Երբ տեսա, թե ինչպես են մյուսները ուտում և խաղում երեխաների հետ, շատ ընկճվեցի։ Սկսեցի մտածել. «Դա արդարացի չէ։ Ինչո՞ւ պետք է զրկվեմ այսպիսի բաներից»։ Ես չէի ուզում գցել ոչ մեկի տրամադրությունը, ուստի աղերսեցի Եհովային, որ օգնի ինձ զսպելու արցունքներս։
Ինքս ինձ հիշեցնում էի, որ հավատարիմ մնալով՝ հնարավորություն եմ տալիս Եհովային պատասխան տալու Սատանային, որը անարգում է նրան (Առակաց 27։11)։ Դա զորացնում էր ինձ, որովհետև գիտակցում էի, որ բացի եգիպտացորեն ուտելուց կամ երեխաների հետ խաղալուց, գոյություն ունեն ավելի կարևոր բաներ։
Ես շատ լավ գիտեմ, որ իմ նման հիվանդ մարդու համար որքան հեշտ է տարվել իր պրոբլեմով։ Սակայն մտածում եմ, որ օգտակար է «աւելի առաջա[նալ] Տիրոջ գործումը» (Ա Կորնթացիս 15։58)։ Ծառայության մեջ զբաղված մնալով՝ խնդիրներովս տարվելու ժամանակ չեմ ունենում։ Ինձ համար իսկական երջանկության աղբյուր է մարդկանց օգնելը, որպեսզի նրանք հավատ զարգացնեն Եհովայի հանդեպ։
Մեկ ուրիշ բան էլ է ինձ օգնում պայքարելու դեպրեսիայի դեմ։ Ինձ տպավորում են այն հավատարիմ եղբայրների օրինակները, որոնք բանտարկվել են, իսկ նրանցից ոմանք մենախուց են նետվել այն պատճառով, որ չեն դադարել քարոզել Աստծու Թագավորության մասին։ Ես պատկերացնում եմ, որ իմ մենախուցը սենյակս է, և բանտարկվել եմ հավատիս համար։ Պատկերացնում եմ ինձ այդպիսի իրավիճակներում, և որ այդ եղբայրներից մեկն եմ։ Ես հնարավորություն ունեմ օգտվելու աստվածաշնչյան գրականությունից։ Կարող եմ հաճախել ժողովի հանդիպումներին կամ լսել ծրագիրը հեռախոսով։ Ծառայում եմ առանց արգելքի։ Իմ կողքին է թանկագին կինս։ Այդ ձևով մտածելը օգնում է ինձ հասկանալ, թե որքան եմ օրհնված։
Պողոս առաքյալի խոսքերը հատկապես հոգեհարազատ են ինձ համար. «Չենք թուլանում. այլ թէ եւ մեր դրսի մարդը փճանում է, բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է»։ Հստակ է, որ իմ դրսի մարդը փչանում է, բայց ես վճռել եմ չթուլանալ։ Դա օգնում է, որ հավատի իմ աչքերը պահեմ անտեսանելի բաների, ինչպես նաև այն օրհնությունների վրա, որ սպասվում են նոր աշխարհում, որտեղ, վստահ եմ՝ Եհովան կրկին ինձ կառողջացնի (Բ Կորնթացիս 4։16, 18)։
[Ծանոթագրություն]
a Այս հիվանդության վերաբերյալ կարող եք ընթերցել «Փաստեր Շարկոյի հիվանդության մասին» շրջանակից, էջ 19։
[Շրջանակ/նկարազարդում 19–րդ էջի վրա]
Փաստեր Շարկոյի հիվանդության մասին
◼ Ի՞նչ է Շարկոյի հիվանդությունը։ Դա մի հիվանդություն է, որը արագորեն զարգանում է և վնասում ողնուղեղի շարժական նեյրոնները (նյարդային բջիջներ) և ուղեղիկը։ Շարժական նեյրոնները պատասխանատու են ամբողջ մարմնով՝ ուղեղից դեպի զոլավոր մկաններ իմպուլսներ փոխանցելու համար։ Շարկոյի հիվանդությունը քայքայում կամ սպանում է շարժական նեյրոնները, որն էլ աստիճանաբար հանգեցնում է կաթվածիb։
◼ Ինչո՞ւ է Շարկոյի հիվանդությունը նաև Լու Գերիգի հիվանդություն կոչվում։ Լու Գերիգը եղել է ամերիկացի հայտնի բեյսբոլիստ, որի մոտ 1939 թ.–ին Շարկոյի հիվանդություն է հայտնաբերվել։ Նա մահացել է 1941 թ.–ին՝ 38 տարեկան հասակում։ Որոշ երկրներում այն կոչվում է նաև շարժական նեյրոնների հիվանդություն, որը այդ հիվանդության ընդհանուր անվանումն է։ 1869 թ.–ին այս հիվանդությունը հայտնաբերել է ֆրանսիացի նյարդաբան Ժան–Մարտին Շարկոն։
◼ Ո՞րն է առաջացման պատճառը։ Հայտնի չէ։ Հետազոտողները ենթադրում են, որ պատճառները կարող են լինել վիրուսները, սպիտակուցների պակասը, ժառանգությունը (հատկապես Շարկոյի հիվանդության ժառանգական տեսակը), ծանր մետաղները, նյարդատոքսինները (հատկապես գուամյան տեսակը), իմուն համակարգի և ֆերմենտների խանգարումը։
◼ Ինչպիսի՞ն է հիվանդության ընթացքը։ Մինչ հիվանդությունը զարգանում է, մկանները թուլանում են, և ամբողջ մարմինը ատրոֆիայի է ենթարկվում։ Հիվանդության վերջին փուլերում շնչառական ուղիների մկանները թուլանում են, և ի վերջո հիվանդները թոքերի արհեստական օդափոխության հատուկ սարքի միջոցով են կարողանում շնչել։ Քանի որ հիվանդությունը վնասում է միայն շարժական նեյրոնները, այն չի ազդում հիվանդի մտային կարողությունների, հիշողության, անհատականության, ինչպես նաև զգայարանների վրա. հիվանդը կարողանում է տեսնել, համ ու հոտ առնել, լսել և հպում զգալ։ Շարկոյի հիվանդության առաջին ախտանշանների ի հայտ գալուց հետո հիվանդները սովորաբար ապրում են 3–5 տարի, սակայն նրանց 10 տոկոսը կարող են ապրել նաև 10 տարի և ավելի։
◼ Ի՞նչ բուժում կա։ Շարկոյի հիվանդությունը անբուժելի է։ Բժիշկը կարող է դեղեր նշանակել հիվանդության ընթացքը մեղմացնելու համար։ Կախված այն բանից, թե ինչպիսին են ախտանշանները, և ինչ փուլում է գտնվում հիվանդությունը՝ հիվանդը կարող է օգուտ ստանալ վերականգնողական բուժման որոշակի ծառայություններից, որն ընդգրկում է ֆիզիոթերապիա, աշխատաբուժում, լոգոպետական թերապիա և տարբեր օժանդակ միջոցներ։
[Ծանոթագրություն]
b Շարկոյի հիվանդությունը երեք տեսակի է լինում. եզակի (հաճախակի հանդիպող), ժառանգական (մոտավորապես 5–10 տոկոսը փոխանցվում է ժառանգաբար) և գուամյան (հիմնականում տարածված է Գուամում և Խաղաղ օվկիանոսի մատակայքում)։
[Թույլտվությամբ]
Lou Gehrig: Photo by Hulton Archive/Getty Images
[Նկար 17–րդ էջի վրա]
1985 թ.–ին Բեթելում էքսկուրսիայի ժամանակ
[Նկար 18–րդ և 19–րդ էջերի վրա]
Ամանդայի հետ մեր հարսանիքի օրը
[Նկար 20–րդ էջի վրա]
Ես հաղորդակցվում եմ ծնկադիր համակարգչի օգնությամբ
[Նկար 20–րդ և 21–րդ էջերի վրա]
Ուրախությամբ ելույթներ եմ ներկայացնում մեր ժողովում