Ավազե դրախտի կղզին
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻՑ
ԲՐԻՏԱՆԱՑԻ բնախույզ կապիտան Ջեյմս Կուկը 1770 թ.–ին նավարկություն կատարեց Ավստրալիայի արևելյան ափով։ Գտնվելով ներկայիս Բրիսբեն քաղաքից հարյուր հիսուն կիլոմետր դեպի հյուսիս՝ նա շրջանցեց մի ավազուտ կղզի, որը հետագայում տարեկան 300 000 այցելուների էր հրապուրելու։ Բայց կղզին գրեթե չգրավեց Կուկի ուշադրությունը։ Իրականում և՛ Կուկը, և՛ ուրիշները կարծեցին, թե դա թերակղզի է և ոչ թե՝ կղզի։ Մի քանի տարի անց բնախույզ Մեթյու Ֆլինդերսը նույնպես ափ իջավ այստեղ։ Նա գրեց. «Ոչինչ չի կարող այնքան անբարեբեր լինել, որքան այս թերակղզին»։
Եթե Կուկը և Ֆլինդերսը փորձեին այդ ոսկե ծովափի ավազաթմբերից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ անցնել, ապա նրանց կարծիքը բոլորովին այլ կլիներ։ Նրանց առջև կբացվեր կուսական խոնավ անտառների, բյուրեղյա քաղցրաջուր լճերի, գունավոր հրաշագեղ ավազների մի աշխարհ՝ լի կենդանիների զանազան տեսակներով։ Այս ավազե կղզին, որ ամենամեծն է աշխարհում և այսօր ստացել է Ֆրեյզեր անվանումը, այնքան հրապուրիչ և ուշագրավ է, որ 1992 թ.–ին գրանցվեց Համաշխարհային ժառանգության ցուցակում։a
Ծնված՝ սարերում
Ֆրեյզեր կղզին ունի 120 կիլոմետր երկարություն և մոտավորապես 25 կիլոմետր լայնություն։ Այն զբաղեցնում է 160 000 հեկտար տարածություն։ Ավազե վիթխարի բլուրների բարձրությունը, ծովի մակարդակից հաշված, հասնում է մինչև 240 մետրի, ինչի շնորհիվ էլ կղզին իր տեսակի մեջ ամենաբարձրն է համարվում աշխարհում։ Իսկ ինչպե՞ս է գոյացել ցամաքի այս հսկայական կտորը։
Փաստերը ցույց են տալիս, որ անհամար տոննաներ կշռող ավազը, որից և բաղկացած է կղզին, առաջացել է Մեծ Ջրբաժան լեռնաշղթայից, որը ձգվում է Ավստրալիայի արևելյան ափի ողջ երկայնքով։ Ժամանակի ընթացքում հորդառատ անձրևները այս լեռներից ժայռաբեկորներ են պոկել ու գետերի միջոցով հասցրել ծով։ Օվկիանոսային հոսանքների ազդեցությամբ այդ բեկորները վերածվել են նուրբ ավազի, որը ժամանակի ընթացքում ծովի հատակով քշվել է դեպի հյուսիս։ Դեմ առնելով օվկիանոսի հատակում եղող ժայռային գոյացություններին՝ ավազի հատիկները, աստիճանաբար հավաքվելով, ծնունդ են տվել Ֆրեյզեր կղզուն։
Այդ ժամանակից ի վեր Խաղաղ օվկիանոսը շարունակել է թարմ խոնավ ավազը կուտակել կղզու ափերի երկայնքով։ Այնուհետև քամին ավազը քշել է խորքերը՝ կազմելով ավազաթմբեր։ Ավազաթմբերն իրենց հերթին սողացել են՝ առաջ գնալով տարեկան մեկ մետր և ճանապարհին կլանելով ամեն ինչ։
Քաղցրահամ ջրերն ու անզուգական անտառները
Զարմանալի է, բայց ողջ կղզով մեկ՝ ավազաթմբերի ցածրադիր մասերում, 40 քաղցրահամ լճեր են գոյացել։ Դրանցից որոշները բարձրադիր են՝ բազմած երկնասլաց ավազաթմբերի գագաթների լայն խոռոչներում։ Իսկ ինչո՞ւ ջուրը չի ներծծվում ավազի մեջ։ Որովհետև օրգանական նստվածքները, կամ՝ տորֆը, որ մասամբ բաղկացած է քայքայված տերևներից, ծառի կեղևից և ճյուղերից, պահում են ջուրը։
Բացի այդ, կղզին նաև ունի «լիճ–պատուհաններ», որոնք գոյացել են այն տեղերում, որտեղ ավազի իջվածքները գետնաջրերի մակարդակից ավելի ցածր են։ Մաքուր ջուրը ավազի միջով հոսում է դեպի այդ իջվածքները՝ կազմավորելով բյուրեղի պես մաքուր, ավազով ֆիլտրված ավազաններ, որոնք էլ կարծես գետնաջրերի պատուհաններ լինեն։
Կղզու լճերի ջրերը համալրվում են տեղումների շնորհիվ, որոնք կազմում են տարեկան 1 500 միլիմետր։ Այն անձրևաջրերը, որոնք չեն լցվում լճերը կամ ներծծվում ավազի մեջ, վերածվում են առուների և հոսում դեպի ծովը։ Համաձայն հաշվարկների՝ մեկ առուն ժամում ավելի քան հինգ միլիոն լիտր ջուր է տեղափոխում Խաղաղ օվկիանոս։
Ջրի առատության շնորհիվ Ֆրեյզեր կղզին փարթամ բուսականություն ունի։ Սովորաբար անպտուղ ավազուտներում խոնավ անտառներ չեն գոյանում։ Բայց Ֆրեյզեր կղզին երկրագնդի այն եզակի վայրերից է, որտեղ խոնավ անտառները փթթում են ավազի վրա։ Իրականում, մի ժամանակ այդ անտառներն այնքան խիտ են եղել, որ չնայած փայտահատի կացնի հարվածներին՝ ավելի քան հարյուր տարի է, ինչ դրանք շարունակում են փարթամ մնալ։ Էվկալիպտը, կաուրին և ճարպային ծառը այն ծառատեսակներն են, որ գրավել են փայտահատների ուշադրությունը։ 1929 թ.–ին նրանցից մեկը հետևյալն ասաց. «Այս տեղանքով անցնողը դեմ հանդիման բախվում է մինչև 45 մետրի հասնող ծառերի հսկա պատնեշի։ Անտառի այս վիթխարի մենատերերը 2–3 մետր տրամագիծ ունեն»։ Որոշ ծառեր, ինչպես օրինակ բևեկնը, օգտագործվել են Սուեզի ջրանցքի պատերի շինարարության ժամանակ։ Սակայն այսօր Ֆրեյզեր կղզում ծառեր այլևս չեն հատում։
Դրախտ՝ ողբերգական անցյալով
Կղզու անվան ծագումը առնչություն ունի մի ողբերգության հետ։ 1836 թ.–ին կապիտան Ջեյմս Ֆրեյզերը և նրա կինը՝ Էլիզան, փրկվեցին «Սթիրլինգ քասլ» երկկայմանավի նավաբեկությունից։ Նրանք ափ դուրս եկան այս կղզում։ Բնիկ ցեղերից մեկը հավանաբար սպանեց կապիտանին, բայց Էլիզան մնաց կենդանի։ Ի հիշատակ այդ ողբերգության՝ Մեծ ավազուտ կղզին վերանվանվեց Ֆրեյզեր կղզի։
Սակայն բնիկների հետ նույնպես ողբերգություն պատահեց։ Ֆրեյզեր կղզում մի ժամանակ մոտ 2 000 աբորիգեն էր ապրում։ Նրանք ամրակազմ էին և բարձրահասակ։ Իրենց բնակավայրը անվանում էին Գարի, կամ՝ Դրախտ։ Այս կղզու արարման մասին աբորիգենների լեգենդում նկարագրվում է, որ այն երբևէ գոյություն ունեցող վայրերից ամենագեղեցիկն է։ Ցավոք, եվրոպական հիվանդությունները բազմաթիվ մարդկանց կյանքեր խլեցին։ Դեռ ավելին, 20–րդ դարի սկզբին կենդանի մնացած աբորիգենների մեծ մասը վերաբնակեցվեց մայրցամաքի գաղթավայրերում։
Ցանկալի ապաստարան
Այսօր կղզին ապաստարան է կենդանական աշխարհի համար։ Նրա ամենահայտնի բնակիչներից է ավստրալիական վայրի շունը՝ դինգոն։ Մայրցամաքի ընտանի շներից մեկուսացած լինելու պատճառով Ֆրեյզեր կղզու դինգոն ամենամաքուր ցեղատեսակն է համարվում։ Այն կարող է ընտանի շան տպավորություն թողնել, բայց դա այդպես չէ, ուստիև հարկավոր է նրա հետ ուշադիր և զգույշ լինել։
Կղզում նաև հայտնաբերվել են թռչունների մոտ 300 տեսակ։ Բրահմանական ցինը և սպիտակափոր ոսկրկուլը թևածում են ծովափի վրայով, իսկ կապտերանգ անտառային ալկիոնը ճախրում է լճերի վրայով։ Չվող այցելուների թվին է պատկանում մոնղոլական քարադրը, որը բազմանում է Սիբիրում, իսկ ձմռանը չվում է հարավ։ Նա կարճատև հանգիստ է առնում Ֆրեյզեր կղզում նախքան ճանապարհորդությունն ավարտելը։ Բացի այդ, 30 000–ից ավելի մոխրագույն գլխիկով թռչող աղվեսները, որոնք իրականում ագռավի չափեր ունեցող չղջիկներ են, տարվա որոշակի եղանակին հանգրվանում են կղզում՝ կերակրվելով ծաղկած էվկալիպտի նեկտարով։
Ֆրեյզեր կղզու ափերը ողողող ջրերը նույնպես զեռում են կյանքով։ Սապատավոր կետերը ճանապարհորդություն են կատարում սառցապատ Անտարկտիկայից մինչև Մեծ արգելախութ, որտեղ էլ նրանք զուգավորվում և ձագեր են հանում։ Վերադարձի ճանապարհին կետերը, տպավորիչ ցուցադրում կատարելով, իրենց հսկայական մարմնով նետվում են օդ և շրմփալով զարկվում ջրին։ Ջրի ցայտերն այնքան շատ և բարձր են լինում, որ տեսանելի են անգամ մի քանի կիլոմետրից։ Ի՜նչ փառահեղ հրաժեշտ չքնաղ կղզուն։
[Ծանոթագրություն]
a Կրթության, գիտության և մշակույթի հարցերով ՄԱԿ–ի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկում է մշակույթի և բնության արժեքներ, որոնք ֆիզիկական, կենսաբանական, աշխարհագրական և գիտական տեսանկյունից մեծ կարևորություն ունեն։
[Քարտեզ 22–րդ էջի վրա]
(ամբողջությամբ տե՛ս պարբերագրում)
ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ
Ֆրեյզեր կղզին
[Նկարներ 23–րդ էջի վրա]
Աջից՝ վերևից ներքև.
Քերնոն Քրիկի գետաբերանը
Քառասուն քաղցրահամ լճերը բնորոշում են Ֆրեյզեր կղզին
Հազվադեպ երևույթ. ավազի վրա աճում են խոնավ անտառներ
[Թույլտվությամբ]
All photos: Courtesy of Tourism Queensland
[Նկարներ 24–րդ և 25–րդ էջերի վրա]
Դինգո և կոալա
[Թույլտվությամբ]
Courtesy of Tourism Queensland
[Նկար 24–րդ և 25–րդ էջերի վրա]
Ֆրեյզեր կղզու հարյուր քսան կիլոմետրանոց ծովափը ամենաերկարներից մեկն է աշխարհում
[Նկար 25–րդ էջի վրա]
Սպիտակափոր ոսկրկուլ
[Նկար 25–րդ էջի վրա]
Հսկա ալկիոն
[Նկարազարդում 25–րդ էջի վրա]
Հավալուսն
[Նկարազարդում 25–րդ էջի վրա]
Սապատավոր կետը Անտարկտիկայի ճանապարհին
[Թույլտվությամբ 25–րդ էջի վրա]
Eagle: ©GBRMPA; all other photos except pelicans: Courtesy of Tourism Queensland