«Բարի լուրը» հասնում է Ավստրալիայի հեռավոր հյուսիսային կղզիներ
«ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ այս բարի լուրը կքարոզվի ամբողջ բնակեցված երկրով մեկ»,— ասաց Հիսուսը (Մատթեոս 24։14)։ Եհովայի վկաները հնազանդվում են նրա պատվերին և Աստվածաշնչի պատգամը ձգտում են հասցնել մինչև երկրի հեռավոր վայրերը (Մատթեոս 28։19, 20)։ Այս աշխատանքը կատարվում է կամավորների շնորհիվ, որոնք տրամադրում են իրենց անձնական միջոցները և երբեմն էլ բազում անհարմարություններ կրում։
Օրինակ՝ Նաթանը և Քարլին այն կամավորների թվում էին, ովքեր վերանայեցին իրենց հանգամանքները, որ քարոզեն հեռավոր Տորեսի նեղուցի կղզիներում։ 2003 թ.–ին Եհովայի վկաների Ավստրալիայի մասնաճյուղի ներկայացուցիչը առաջարկեց նրանց տեղափոխվել Թերսդի կղզի՝ համագործակցելու տեղի ժողովի անդամների հետ։ Այս կղզին մեկն է այն շղթայի օղակներից, որոնք կանաչ զմրուխտի նման սփռված են կապույտ Օվկիանայի վրա՝ Ավստրալիայի ու Նոր Գվինեայի միջև։
2007 թ.–ին ընտանիքը գնեց մի հին փայտե նավ, որով մարգարիտներ են որոնում. այն կոչվում է Թիսան–Վի։ Իրենց անձնական միջոցներով նրանք վերանորոգեցին այն և ուղևորվեցին՝ քարոզելու տասը ամենահեռավոր կղզիներում։ Նրանք հաստատվեցին Թերսդի կղզում։ Ստորև ներկայացնում ենք «Նավապետի օրագրում» գրի առնված տեղեկության մի մասը։
2008 թվական, հունվար։ Այսօր ես մի մակույկ վերցրի Բամագա ուղևորվելու համար։ Այնտեղ վեց վկա պետք է միանար մեզ։ Տեղ հասնելու համար պիտի անցնեինք մոտ 40 կիլոմետր և նույնքան էլ կպահանջվեր վերադառնալու համար։ Հիմա Թիսան–Վիի վրա ենք և ուղևորվում ենք դեպի Վարեբեր և Պորումա կղզիներ։ Բաքերը լիքն են՝ 5500 լիտր վառելիք, որի մեկ լիտրն արժե 2 դոլար։ Մակույկը շատ դանդաղ է գնում՝ ժամում միջինը տասը կիլոմետր արագությամբ։ Եղանակը հրաշալի է, օվկիանոսը՝ հանդարտ։
Ափ չհասած՝ խարիսխ գցեցինք և մեր նավի անձնակազմից նրանք, ովքեր Վարեբերում հարազատներ ունեն, մակույկ տեղափոխվեցին։ Հետո հանդիպեցինք կղզու խորհրդի անդամներից մեկի հետ, որ այնտեղ քարոզելու համար թույլտվություն ստանանք։ Պարզվեց՝ նա տեղի եկեղեցու քահանան է, բայց թույլ տվեց, որ խոսենք բնակիչների հետ։ Այդպես վարվեցինք նաև Պորումայում և դարձյալ քարոզելու թույլտվություն ստացանք։ Մարդիկ շատ բարեհամբույր են այստեղ. նրանք ասացին, որ հաճույքով կկարդան մեր գրականությունը։ Մենք բազմաթիվ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսեցինք։
2008 թվական, ապրիլ։ Պլանավորում ենք ուղևորվել դեպի երեք ամենահեռավոր կղզիներ՝ Դվերն, Սաիբաի և Բոիգու, որոնք գտնվում են Պապուա Նոր Գվինեայի (ՊՆԳ) սահմանի մոտ։ Եղանակը կտրուկ վատանում է, ուստի մենք գնում ենք Մբեոգ կղզի։ Մբեոգը մեր նավահանգստից 70 կիլոմետր հեռու է։ Բայց մենք ավելի երկար կգնանք՝ 140 կիլոմետր, քանի որ ուզում ենք շրջանցել ստորգետնյա խութերը։
Մի վիթխարի ալիք մեր մակույկը կտրեց Թիսան–Վիից։ Մենք շրջեցինք նավը, որ ջրի բարձր պատերի միջից խլենք մակույկը։ Նավամատույցի վրա գտնվողների մեծ մասը տառապում է ծովախտից։
Մբեոգում քարոզելու թույլտվություն ստացանք։ Տեղացիները այնպիսի ջերմ ընդունելություն ցույց տվեցին, որ մոռացանք ճանապարհին կրած դժվարությունները։ Մի կին, երբ լսեց մեր բերած լուրը, այնքան ուրախացավ, որ լրացուցիչ գրականություն խնդրեց տեղի գրադարանում դնելու համար, որտեղ նա աշխատում է։
2008 թվական, մայիս–հոկտեմբեր։ Եղանակի պատճառով չենք կարողանում հասնել կղզիներ։ Քարոզում ենք տեղացիներին, աշխատում ենք և վերանորոգում նավը։
Նավի վրա շատ գործ կա անելու, դրա համար ուղևորվում ենք մայրցամաք՝ Ուեյպա քաղաքի նավահանգիստ, և մեծ կցասայլով նավը դուրս ենք բերում ջրից։ Ասելը հեշտ է, անելը՝ դժվար։ Տեղի Վկաները գալիս են մեզ օգնելու. վերանորոգում են խողովակները, ներկում են և ատաղձագործական աշխատանքներ կատարում։ Մյուսները ուտելիք են բերում, ուրիշներն էլ անհրաժեշտ իրեր՝ հաջորդ քարոզչական ճանապարհորդության համար։ Նրանց հյուրասիրությունն ու օգնությունն անգնահատելի է։
2008 թվական, դեկտեմբեր։ Այս անգամ ուղղություն ենք վերցնում դեպի Դվերն, Սաիբաի և Բոիգու կղզիներ։ Փորձում ենք խուսափել արևադարձային փոթորիկներից՝ օգտագործելով մեր ռադարը, և շրջանցում ենք ստորգետնյա խութերը էլեկտրոնային քարտեզագրի օգնությամբ։ 12 ժամ հետո հասնում ենք Դվերն, ու հանկարծ մեր առջև բացվում է մի հրաշալի տեսարան. բարձր քարքարոտ բլուրները մխրճվել են ամպերի մեջ։ Իմ տեսած կղզիներից ոչ մեկը այսքան գեղեցիկ չէր։ Դվերնի բնակիչները հաճույքով լսում են մեզ, և մենք պայմանավորվում ենք, որ կշարունակենք աստվածաշնչյան զրույցները հեռախոսով, երբ տուն վերադառնանք։
Լեթի անունով մի կին ինչ–որ ձևով ստացել էր մեր պարբերագրերը և կտրոններ էր ուղարկել Ավստրալիայի մասնաճյուղ, որ ավելի շատ գրականություն ուղարկեն։ Նրան ուղարկել էին գրականություն։ Մեր ժողով նաև նամակ էին գրել՝ խնդրելով հնարավորության դեպքում կապ հաստատել այդ կնոջ հետ։ Մենք այցելեցինք Լեթիին և ուրախ էինք, որ կարողացանք փոքր–ինչ օգնել նրան՝ հոգևոր ճշմարտությունները հասկանալու։
Սաիբաի կղզու խորհրդի անդամներից մեկը թույլ չի տալիս մեզ քարոզել բնակիչներին։ Սակայն մեր անձնակազմից նրանց, ովքեր կղզում բարեկամներ ունեն, թույլ է տալիս հանդիպել ու զրուցել նրանց հետ։ Ես պայմանագիր եմ կնքել կառավարության հետ, որը հնարավորություն է տալիս ինձ աշխատելու կղզում, օրինակ՝ ներկելու Սաիբաիի տները։ Այդ աշխատանքի միջոցով փակում ենք մեր ծախսերը։
Տեսի անունով մի քույր ծնվել է ՊՆԳ–ի գյուղերից մեկում, որն ընդամենը չորս կիլոմետր է հեռու Սաիբաիից։ Ավստրալիայի կառավարության թույլտվությամբ՝ ՊՆԳ–ի բնակիչները կարող են գալ Սաիբաի և զբաղվել առևտրով։ Եհովայի վկա դառնալուց հետո Տեսին առաջին անգամ է, որ հանդիպում է իր համագյուղացիներին, սակայն բավականաչափ գրականություն չունի առաջարկելու համար։ Ուստի վերադառնում ենք նավ և նրան մի արկղ գրականություն ենք տալիս, որոնցից մեծ մասը ՊՆԳ–ի պիջին լեզվով է, որը հայտնի է տոկ փիսին անունով։ Տեսին աստվածաշնչյան լուրը հայտնում է ՊՆԳ–ից եկած 30–ից ավելի մարդկանց, և նրանք վերցնում են արկղում եղած ողջ գրականությունը։ Իրենց գյուղ կարելի է հասնել միայն նավով։ Հավանաբար այնտեղ երբեք Եհովայի վկաներ չեն այցելել։
Շատ դժվար է հասնել վերջին՝ Բոիգու կղզի։ Մենք հեռու ենք ափից չորս կիլոմետր, իսկ ջրի բարձրությունը ընդամենը 2,5 մետր է։ Նավը 1,8 մետր մխրճվել է ջրի մեջ։ Ես և մեր անձնակազմից մեկը մակույկով գնում ենք հետախուզելու տարածքը, որ կղզի մտնելու ուղի գտնենք։ Հորդ անձրև է գալիս, մենք ոտից գլուխ թրջվել ենք։ Երկու ժամ հետո գտնում ենք ճանապարհը։
Երբ հասանք կղզի, զարմացած բնակիչներն ասացին, որ մեր քարտեզը ճիշտ չէ, և այդ տարածք չի կարողանում մտնել ո՛չ առափնյա պահակախումբը, ո՛չ էլ նավատորմը։ Կղզու խորհրդի անդամը թույլ չտվեց, որ քարոզենք, սակայն թույլ տվեց այցելել և քարոզել միայն նրանց, ովքեր այդ կղզում բարեկամներ ունեն։ Մենք հարգեցինք նրա որոշումը և այցելեցինք միայն հարազատներին։ Մի մարդ վերցրեց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»a գիրքը և սկսեց անմիջապես կարդալ, հետո իր Աստվածաշնչի հետևում հարցեր գրեց։ Նրան ավելի ուշ հանդիպեցինք Թերսդի կղզում։
2009 թվական, հունվար։ Վերադառնում ենք Մոա և Մբեոգ կղզիներ, որ նորից խոսենք այն մարդկանց հետ, ովքեր հետաքրքրվել են բարի լուրով։ Երկու կղզիներում էլ մեզ շատ ջերմ ընդունեցին։ Մոա կղզու վրա գտնվող Ս. Պողոսի գյուղից շատերը խնդրեցին, որ շուտ վերադառնանք։ Իսկ խորհրդի անդամը ասաց, որ կարող ենք քարոզել գյուղում, երբ էլ ցանկանանք։
Տորեսի նեղուցում կան 17 բնակեցված կղզիներ։ Չգիտենք, թե մեզ որքանով կհաջողվի քարոզել բոլոր բնակիչներին։ Սակայն Ավստրալիայի հեռավոր հյուսիսային կղզիների ժողովի բոլոր անդամներս ուրախ ենք, որ կարող ենք մեր ուժերից եկածն անել Մեծ Արարչին՝ Եհովային փառաբանելու համար։
[Ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[Նկար 23–րդ էջի վրա]
Based on NASA/Visible Earth imagery
[Նկար 24–րդ էջի վրա]
Դուրս ենք գալիս Թերսդի կղզու ափ
[Նկար 24–րդ էջի վրա]
Գնում ենք այցելելու Սաիբաի կղզու բնակիչներին
[Նկար 25–րդ էջի վրա]
Բարի լուրը հայտնում ենք տոկ փիսին լեզվով
[Նկար 25–րդ էջի վրա]
Based on NASA/Visible Earth imagery
[Նկար 23–րդ էջի վրա]
ԱՎՍՏՐԱԼԻԱ
ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ
Բամագա
Ուեյպա
ՏՈՐԵՍԻ ՆԵՂՈՒՑԻ ԿՂԶԻՆԵՐ
ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ
Բոիգու կղզի
Դվերն կղզի
Մբեոգ կղզի
Մոա կղզի
Թերսդի կղզի
Բամագա
Սաիբաի կղզի
Պորումա կղզի
Վարեբեր կղզի