Կենսագրություն
Վճռական՝ կատարելու մեր ծառայությունը
Պատմում է Լինա Դեյվիսոնը
«Աչքերիս դիմաց մթնում է։ Ոչինչ չեմ տեսնում»,— ասաց օդաչուն նվաղած ձայնով։ Մի քանի վայրկյան անց նրա ձեռքերը ցած սահեցին փոքր ինքնաթիռի ղեկից, նա ետ ընկավ նստատեղին և ուշաթափվեց։ Ամուսինս, որը ինքնաթիռի ղեկավարումից գաղափար անգամ չուներ, ջանաց նրան ուշքի բերել, բայց ապարդյուն։ Նախքան ձեզ կպատմեմ, թե ինչպես ողջ մնացինք, թույլ տվեք նկարագրել, թե ինչպես հայտնվեցինք մի ինքնաթիռում, որը թռչում էր դեպի երկրագնդի ամենահեռավոր վայրերից մեկը՝ Պապուա Նոր Գվինեա։
ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1929 թ.–ին Ավստրալիայում, մեծացել եմ Սիդնեյում՝ Նոր Հարավային Ուելսի մայրաքաղաքում։ Հայրս՝ Բիլ Մուսկատը, կոմունիստ էր։ Հետաքրքիր է, որ նա հավատում էր Աստծուն։ 1938 թ.–ին նա նույնիսկ համաձայնվեց ստորագրել այն խնդրագիրը, ըստ որի՝ Ջոզեֆ Ռադերֆորդին՝ Եհովայի վկաների գլխավոր վարչության ներկայացուցչին, թույլատրվում էր ելույթ ունենալու Սիդնեյի քաղաքապետարանում։
Հայրս ասաց. «Նա հավանաբար մի լավ բան ունի ասելու»։ Դրանից ութ տարի անց միայն մենք հասկացանք այդ ելույթի իմաստը։ Աստվածաշնչյան թեմաներ քննարկելու նպատակով հայրս մեր տուն հրավիրեց Նորման Բելոտիին՝ Եհովայի վկաների լիաժամ քարոզիչներից մեկին։ Մեր ընտանիքը արագորեն ընդունեց Աստվածաշնչի ճշմարտությունը, և մենք շուտով սկսեցինք ակտիվորեն զբաղվել քրիստոնեական գործունեությամբ։
1940–ականների կեսերին ես դուրս եկա դպրոցից, որպեսզի օգնեի մորս, որը տառապում էր քրոնիկական հիվանդությամբ։ Փող վաստակելու համար կարուձև էի անում։ Շաբաթ երեկոները քույրս՝ Ռոուզը, և ես մի խումբ ռահվիրաների հետ փողոցի վկայություն էինք տալիս Սիդնեյի քաղաքապետարանի մոտակայքում։ 1952 թ.–ին մեծ եղբայրս՝ Ջոնը, ավարտեց «Գաղաադ» միսիոներական դպրոցը (ԱՄՆ) և նշանակում ստացավ ծառայելու Պակիստանում։ Ես նույնպես շատ էի սիրում քարոզչական ծառայությունը և ուզում էի նրա օրինակին հետևել։ Հաջորդ տարի դարձա ընդհանուր ռահվիրա։
Ամուսնություն և միսիոներական ծառայություն
Շուտով հանդիպեցի Ջոն Դեյվիսոնին, որը ծառայում էր Եհովայի վկաների Ավստրալիայի մասնաճյուղում։ Նրա խոնարհությունը, վճռականությունը և ուժեղ բնավորությունը տպավորեցին ինձ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա երեք անգամ ազատազրկվել էր քրիստոնեական չեզոքություն պահելու պատճառով։ Մենք որոշեցինք քրիստոնեական ծառայությունը դարձնել մեր կյանքի ուղին։
Ամուսնացանք 1955 թ. հունիսին։ Մենք գնեցինք ավտոբուս, որպեսզի այն դարձնեինք շարժական տնակ։ Մեր նպատակն էր այդ ավտոբուսով գնալ Ավստրալիայի հեռավոր մասերը և այնտեղ քարոզել։ Հաջորդ տարի Վկաներին կոչ արվեց տեղափոխվել Նոր Գվինեա, որը գտնվում էր Ավստրալիայից հյուսիս ընկած մի մեծ կղզու հյուսիսարևելյան մասում։a Թագավորության պատգամը դեռ չէր քարոզվել աշխարհի այդ հատվածում։ Մենք անմիջապես վճռեցինք տեղափոխվել։
Այն ժամանակներում Նոր Գվինեա մտնելու միակ կերպը լիաժամ աշխատանքի պայմանագիր կնքելն էր։ Ուստի Ջոնը սկսեց աշխատանք փնտրել։ Շուտով նա պայմանագիր կնքեց Նոր Բրիտանիա կղզու փայտասղոցման գործարանի հետ (Նոր Բրիտանիան շատ ավելի փոքր կղզի է, որը մտնում է Նոր Գվինեայի կազմի մեջ)։ Մի քանի շաբաթ անց՝ 1956 թ. հուլիսին, մենք ճանապարհ ընկանք մեր նոր նշանակման վայրը և ժամանեցինք Ռաբաուլ (Նոր Բրիտանիա)։ Այնտեղ վեց օր սպասելուց հետո նավով գնացինք Ուոթերֆոլ Բեյ։
Մեր ծառայությունը Ուոթերֆոլ Բեյում
Մի քանի օր փոթորկոտ ծովում նավարկելուց հետո հասանք Ուոթերֆոլ Բեյ, որը Ռաբաուլից 240 կիլոմետր հարավ գտնվող մի փոքրիկ ծովախորշ էր։ Փայտասղոցման գործարանը, որը կառուցված էր ջունգլիներից մաքրված տարածքում, հսկայական էր։ Այդ երեկո, երբ գործարանի բոլոր աշխատողները սեղանի շուրջ նստած էին ընթրիքի, նրանց ղեկավարն ասաց. «Ի դեպ, պարոն և տիկին Դեյվիսոննե՛ր, մեր ընկերությունում ընդունված է, որ յուրաքանչյուր աշխատող հայտնի իր կրոնական պատկանելության մասին»։
Մենք միանգամայն համոզված էինք, որ նման բան գոյություն չուներ, և գլխի ընկանք, որ նրանք ինչ–որ կասկածներ ունեն, քանի որ մենք հրաժարվել էինք ծխելուց։ Ամեն դեպքում, Ջոնը պատասխանեց. «Մենք Եհովայի վկաներ ենք»։ Տիրեց տարօրինակ լռություն։ Այդ տղամարդիկ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ էին և կանխակալ կարծիք ունեին Եհովայի վկաների մասին՝ պատերազմի ժամանակ նրանց չեզոք դիրքորոշման պատճառով։ Դրանից հետո նրանք ամեն ինչ անում էին մեր գործը դժվարացնելու համար։
Նախ՝ ղեկավարը հրաժարվեց մեզ սառնարան և սալօջախ տալ, չնայած որ մենք իրավունք ունեինք դրանք ստանալու։ Մեր մթերքները փչանում էին, ուստի ստիպված էինք լինում եփել դրանք մի կիսավեր սալօջախի վրա, որը հայթայթել էինք ջունգլիներից։ Հետո՝ տեղի գյուղացիները հրաժարվեցին մեզ թարմ սննդամթերք վաճառել, ուստի մենք գոյատևում էինք այն բանջարեղենով, որ գտնում էինք։ Բացի այդ, մեզ դիտում էին որպես լրտեսների և ուշադիր հետևում էին, որ հանկարծ ինչ–որ մեկին չքարոզենք։ Ի վերջո, ես վարակվեցի մալարիայով։
Չնայած այդ ամենին՝ մենք որոշել էինք կատարել մեր ծառայությունը։ Ուստի խնդրեցինք տեղացի երկու երիտասարդ բանվորների, որոնք անգլերեն գիտեին, մեզ սովորեցնել իրենց ազգային լեզուն՝ մելանեզյան փիջին։ Իսկ մենք նրանց Աստվածաշունչ կսովորեցնեինք։ Հանգստյան օրերին երիտասարդների հետ երկար ու ձիգ «ճանապարհորդությունների» էինք գնում՝ իբրև թե դիտելու տեսարժան վայրերը։ Եթե ճանապարհին որևէ գյուղացու էինք հանդիպում, զգուշությամբ քարոզում էինք, իսկ Աստվածաշունչ ուսումնասիրող երիտասարդները ծառայում էին որպես թարգմանիչ։ Մենք անցնում էինք հորդահոս գետերով, որոնց ափերին հսկայական կոկորդիլոսները տաքանում էին արևի տակ։ Այդ սարսափազդու գիշատիչները մեզ չէին անհանգստացնում՝ բացառությամբ մի դեպքի, երբ հազիվ կարողացանք փրկվել։
Գործիքներ ուսուցանելու համար
Քանի որ մեր ծառայությունն ընդարձակվում էր, որոշեցինք աստվածաշնչյան պարզ հաղորդագրություններ տպագրել՝ հետաքրքրություն ցուցաբերած անհատներին բաժանելու համար։ Երկու երիտասարդները, որոնց հետ մենք Աստվածաշունչ էինք ուսումնասիրում, օգնեցին մեզ թարգմանել առաջին հաղորդագրությունը։ Գիշերները չէինք քնում և հարյուրավոր թերթիկներ էինք տպագրում, հետո դրանք բաժանում էինք գյուղացիներին և անցնող նավերի անձնակազմերին։
1957 թ.–ին մի փորձառու շրջագայող ծառայող՝ Ջոն Քատֆորտը, այցելեց մեզ։ Մենք անչափ քաջալերվեցինք։b Նա առաջարկեց ծառայության մեջ նկարներ օգտագործել։ Դրանցով կարելի էր սուրբգրային ճշմարտությունները արդյունավետ կերպով ուսուցանել կարդալ չիմացող մարդկանց։ Նա և ամուսինս նկարեցին մի շարք պարզ պատկերներ՝ Աստվածաշնչի հիմնական ուսմունքները բացատրելու համար։ Հետո մեզանից բավական երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի այդ նկարները արտապատկերենք տետրերի մեջ։ Յուրաքանչյուր ուսումնասիրող ստացավ իր օրինակը, որով կարող էր քարոզել ուրիշներին։ Ուսուցման այս մեթոդը վերջիվերջո սկսվեց կիրառվել ողջ երկրով մեկ։
Ուոթերֆոլ Բեյում երկուսուկես տարի անցկացնելուց հետո մեր աշխատանքային պայմանագիրն ավարտվեց, և մենք թույլտվություն ստացանք մնալու երկրում։ Մեզ առաջարկվեց ծառայել որպես հատուկ ռահվիրաներ, և մենք սիրով ընդունեցինք այդ առաջարկը։
Վերադառնում ենք Ռաբաուլ
Նավարկելով դեպի հյուսիս՝ Ռաբաուլ, մենք կանգ առանք Ուայդ Բեյում՝ գիշերելու կոպրայի և կակաոյի պլանտացիաներում։ Պլանտացիայի տերերը, որոնք տարեց ամուսիններ էին և ցանկանում էին վերադառնալ Ավստրալիա, Ջոնին առաջարկեցին իրենց փոխարեն ղեկավարել պլանտացիաների մշակումը։ Առաջարկը շատ գայթակղիչ էր։ Գիշերը խոսեցինք այդ հարցի շուրջ և եկանք այն եզրակացության, որ չենք եկել Նոր Գվինեա՝ հարստանալու նպատակով։ Մեր ցանկությունն էր ծառայել որպես ռահվիրա։ Ուստի հաջորդ օրը տանտերերին հայտնեցինք մեր որոշումը և նավ նստեցինք։
Ռաբաուլ ժամանելուն պես միացանք ուրիշ երկրներից եկած Վկաների մի փոքր խմբի։ Տեղացիները մեծ հետաքրքրություն ցույց տվեցին Թագավորության պատգամի հանդեպ, ուստի մենք Աստվածաշնչի շատ ուսումնասիրություններ սկսեցինք։ Այդ ժամանակներում մեր քրիստոնեական հանդիպումներն անցկացնում էինք մի վարձած սրահում։ Հանդիպումներին հաճախում էին մոտ 150 հոգի։ Նրանցից շատերը ընդունեցին ճշմարտությունը և բաժին ունեցան Աստծու Թագավորության բարի լուրը երկրի տարբեր մասերում տարածելու մեջ (Մատթեոս 24։14)։
Մենք նաև այցելեցինք Վունաբալ՝ Ռաբաուլից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի գյուղ, որտեղ մի խումբ մարդիկ անկեղծորեն հետաքրքրվում էին աստվածաշնչյան ճշմարտությամբ։ Շուտով նրանք հայտնվեցին մի ազդեցիկ կաթոլիկ մարդու ուշադրության կենտրոնում։ Մի խումբ ծխականների ուղեկցությամբ այդ կաթոլիկը ներխուժեց այն տունը, որտեղ Աստվածաշնչի ուսումնասիրություն էինք անցկացնում, և ստիպեց մեզ հեռանալ գյուղից։ Երբ լսեցինք, որ հաջորդ շաբաթ ավելի մեծ անախորժություններ կարող են լինել, խնդրեցինք ոստիկաններին ուղեկցել մեզ։
Այդ օրը ճանապարհի երկու կողմերին կանգնած էին կաթոլիկներ. նրանց շարքերը ձգվում էին մի քանի կիլոմետր։ Նրանք տրամադրված էին ծաղրուծանակի ենթարկելու մեզ, իսկ շատերը պատրաստ էին քարկոծելու։ Քահանան հավաքել էր գյուղում ապրող տարբեր ցեղերի հարյուրավոր անդամների։ Ոստիկանության աշխատակիցները հավաստիացրին մեզ, որ մենք իրավունք ունենք հանդիպում անցկացնելու, ուստի նրանք ճանապարհ բացեցին մեզ համար ամբոխի միջով։ Սակայն երբ սկսեցինք հանդիպումը, ամբոխը քահանայի հրահրմամբ մոլեգնեց։ Ոստիկաններն անկարող էին զսպել նրանց, ուստի ոստիկանապետը հորդորեց անհապաղ հեռանալ և մեզ տարավ դեպի մեքենան։
Ամբոխը հավաքվեց մեր շուրջը. մարդիկ հայհոյում էին մեզ, թքում և թափահարում բռունցքները, մինչդեռ քահանան ձեռքերը կրծքին խաչած ժպտում էր։ Ոստիկանապետի կարծիքով՝ դա վատագույն իրավիճակն էր, որը նա երբևիցե տեսել էր։ Թեև շատերը Վունաբալում վախեցել էին ամբոխի բռնությունից, սակայն Աստվածաշունչ ուսումնասիրողներից մեկը քաջաբար թիկունք կանգնեց Թագավորության ճշմարտությանը։ Այդ ժամանակից ի վեր Նոր Բրիտանիայում շատերն են դիրք բռնել Թագավորության կողմը։
Ծառայությունը Նոր Գվինեայում
1960 թ. նոյեմբերին մենք նշանակվեցինք ծառայելու Մադանգում՝ մեծ քաղաք Նոր Գվինեայի հյուսիսային ափին։ Այստեղ մենք լրիվ աշխատանքային օրով աշխատելու շատ առաջարկներ ստացանք։ Մի կազմակերպություն համոզում էր ինձ ստանձնել հագուստի խանութի տնօրենի պաշտոնը։ Մեկ ուրիշ ձեռնարկություն ուզում էր, որ ես հագուստի ձևափոխմամբ զբաղվեի իրենց մոտ։ Հայրենիքից վտարված որոշ կանայք նույնիսկ ասացին, որ կարող են ինձ օգնել հագուստի սեփական խանութ բացելու։ Սակայն մենք չէինք մոռացել, թե ինչու էինք եկել այդտեղ, ուստի քաղաքավարի կերպով մերժեցինք այդ և ուրիշ շատ առաջարկներ (2 Տիմոթեոս 2։4)։
Մադանգի տարածքը շատ «պտղաբեր» էր, և շուտով այնտեղ մի ակտիվ ժողով հիմնադրվեց։ Մենք կա՛մ ոտքով, կա՛մ մոտոցիկլետով գնում էինք հեռավոր գյուղեր՝ քարոզելու։ Մեր քարոզչական արշավները տևում էին մի քանի օր։ Ճանապարհներին քնում էինք լքված հյուղակներում՝ թփերից կտրված խոտի վրա։ Մենք մեզ հետ վերցնում էինք միայն պահածոյացված սննդամթերք, չոր թխվածքներ և մոծակներից պաշտպանվելու ցանց։
Քարոզարշավներից մեկի ժամանակ այցելեցինք մի խումբ հետաքրքրվողների, որոնք ապրում էին Տալիդիգ գյուղում՝ Մադանգից մոտ 50 կիլոմետր դեպի հյուսիս։ Այդ խումբը Աստվածաշունչ էր ուսումնասիրում տեղի դպրոցում և հոգևորապես բավական առաջադիմեց։ Դպրոցի տնօրենին դա դուր չեկավ, և նա արգելեց նրանց Աստվածաշունչ ուսումնասիրել հասարակական վայրում։ Հետագայում նա դրդեց ոստիկաններին, որ քանդեն այդ մարդկանց տներն ու նրանց վռնդեն մացառուտներ։ Սակայն հարևան գյուղապետը թույլ տվեց այդ խմբին ապրել իր տարածքում։ Ժամանակի ընթացքում այս բարի գյուղապետը ընդունեց Աստվածաշնչի ճշմարտությունը, և այդ տարածքում մի ժամանակակից Թագավորության սրահ կառուցվեց։
Թարգմանչական և շրջագայական աշխատանք
1956 թ.–ին՝ Նոր Բրիտանիա ժամանելուց ընդամենը երկու տարի անց, ինձ և Ջոնին առաջարկեցին Աստվածաշնչի հրատարակությունները թարգմանել մելանեզյան փիջին լեզվով։ Այդ գործը արեցինք տարիներ շարունակ, մինչև որ 1970 թ.–ին հրավիրվեցինք զբաղվելու թարգմանչությամբ Պապուա Նոր Գվինեայի մասնաճյուղում, որը գտնվում է Փորտ Մորսբիում։ Այնտեղ մենք նաև լեզվի դասընթացներ անցկացրեցինք։
1975 թ.–ին վերադարձանք Նոր Բրիտանիա՝ շրջագայական գործ կատարելու։ Հաջորդ 13 տարիներին մենք շրջել ենք, նավարկել, ինքնաթիռով և ավտոմեքենայով գնացել այդ երկրի գրեթե յուրաքանչյուր անկյունը։ Շատ անգամ հազիվ ենք խուսափել մահից, այդ թվում նաև հոդվածի սկզբում նշված դեպքում։ Օդաչուն ստամոքսաբորբի ուժեղ նոպայից ուշաթափվեց, երբ մոտենում էինք Կանդրիանի (Նոր Բրիտանիա) թռիչքադաշտին։ Մինչ ինքնաթիռը ավտոպիլոտով (ինքնակառավարման համակարգով) պահվում էր օդում, մենք անօգնական պտտվում էինք ջունգլիի վրա, իսկ Ջոնը հուսակտուր փորձում էր ուշքի բերել օդաչուին։ Ի վերջո, օդաչուն գիտակցության եկավ, և երբ նրա տեսողությունը բավականաչափ լավացավ՝ մի կերպ ինքնաթիռը իջեցրեց գետնին։ Այնուհետև կրկին ուշաթափվեց։
Ծառայության մեկ ուրիշ դուռ է բացվում
1988 թ.–ին մենք դարձյալ հրավիրվեցինք ծառայելու Փորտ Մորսբի մասնաճյուղի թարգմանչական բաժնում, քանի որ ավելի շատ թարգմանիչների կարիք կար։ Մասնաճյուղում մեկ ընտանիքի պես բնակվում և աշխատում էին 50 հոգի։ Այնտեղ ես ու ամուսինս կրթում էինք նաև նոր թարգմանիչների։ Բոլորս ունեինք համեստ սենյակներ։ Ջոնն ու ես որոշեցինք մեր դուռը կիսաբաց թողնել ու այդպիսով քաջալերել մեր ընտանիքի անդամներին ու այցելուներին մտնել մեր սենյակ ու ծանոթանալ։ Այդպես մենք շատ մտերմացանք մեր ընտանիքի հետ ու կարողացանք նրանց սիրել ու աջակցել, իսկ նրանք էլ՝ մեզ։
1993 թ.–ին Ջոնը մահացավ ինֆարկտից։ Այնպիսի զգացում ունեի, կարծես նրա հետ իմ մի մասն էլ մահացավ։ Մենք ամուսնացած էինք 38 տարի և այդ ամբողջ ժամանակը անցկացրել ենք միասին ծառայության մեջ։ Ես տրամադրված էի Եհովայի զորությամբ շարունակել ծառայությունս Բեթելում (2 Կորնթացիներ 4։7)։ Սենյակիս դուռը առաջվա պես բաց էի պահում, և երիտասարդ եղբայրներն ու քույրերը այցելում էին ինձ։ Այդ օգտակար ընկերակցությունն օգնեց ինձ դրական մտածելակերպ պահպանել։
2003 թ.–ին վատթարացող առողջությանս պատճառով նշանակվեցի ծառայելու Ավստրալիայի մասնաճյուղում (Սիդնեյ)։ Այսօր, լինելով 77 տարեկան, շարունակում եմ ծառայել թարգմանչական բաժնում և, բացի այդ, զբաղված եմ նաև քարոզչական գործով։ Իմ ընկերները, հոգևոր երեխաներն ու թոռները ուրախության աղբյուր են ինձ համար։
Բեթելում իմ սենյակի դուռը առաջվա պես բաց է, և գրեթե ամեն օր այցելուներ ունեմ։ Երբ դուռս փակ է լինում, մարդիկ հաճախ թակում են՝ իմանալու համար, թե ինչ է պատահել։ Քանի դեռ կենդանի եմ, վճռականորեն տրամադրված եմ ծառայելու իմ Աստծուն՝ Եհովային (2 Տիմոթեոս 4։5)։
[ծանոթագրություններ]
a Այդ ժամանակ կղզու արևելյան մասը բաժանված էր Պապուայի (հարավում) և Նոր Գվինեայի (հյուսիսում) միջև։ Այսօր այս կղզու արևմտյան մասը պատկանում է Ինդոնեզիային, իսկ արևելյան մասը՝ Պապուա Նոր Գվինեային։
b Ջոն Քատֆորտի կենսագրությունը տպագրված է «Դիտարանի» 1958 թ. հունիսի 1–ի համարում (էջ 333–336, անգլ.)։
[Քարտեզներ 18–րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
ՆՈՐ ԳՎԻՆԵԱ
ԱՎՍՏՐԱԼԻԱ
Սիդնեյ
ԻՆԴՈՆԵԶԻԱ
ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ
Տալիդիգ
Մադանգ
ՓՈՐՏ ՄՈՐՍԲԻ
ՆՈՐ ԲՐԻՏԱՆԻԱ
Ռաբաուլ
Վունաբալ
Ուայդ Բեյ
Ուոթերֆոլ Բեյ
[թույլտվությամբ]
Map and globe: Based on NASA/Visible Earth imagery
[նկար 17–րդ էջի վրա]
Ջոնի հետ Լաեում կայացած համաժողովին, 1973
[նկար 20–րդ էջի վրա]
Պապուա Նոր Գվինեայի մասնաճյուղում, 2002