Ծերության մեջ էլ հոգևորապես բարգավաճում են
«Տիրոջ տան մէջ տնկուածները.... ծերութեան մէջ էլ պտուղ կ’բերեն» (ՍԱՂՄՈՍ 92։13, 14)։
1, 2. ա) Ինչպե՞ս է հաճախ նկարագրվում ծերությունը։ բ) Ի՞նչ են խոստանում Գրությունները ադամական մեղքի հետևանքների հետ կապված։
ԾԵՐՈՒԹՅՈՒՆ։ Ի՞նչ է այս բառը արթնացնում քո մեջ։ Կնճիռնե՞ր։ Վատ լսողությո՞ւն։ Դողդոջուն ոտքեր ու ձեռքե՞ր։ Թե՞ «թշվառության օրերին» բնորոշ մեկ ուրիշ բան, որի մասին մանրամասնորեն խոսվում է Ժողովող 12։1–7 համարներում։ Ինչ էլ որ այդ բառը հիշեցնի, չպետք է մոռանալ, որ Ժողովող 12–րդ գլխում ծերությունը նկարագրվում է ոչ թե որպես Արարչի՝ Եհովա Աստծու կողմից սկզբնապես նախատեսված մի բան, այլ ադամական մեղքի հետևանք (Հռոմեացիներ 5։12)։
2 Տարիք առնելն ինքնին անեծք չէ. մարդն ապրում է, ժամանակը գնում է, և բնականաբար անցնում են տարիներ։ Իրողությունն այն է, որ զարգանալն ու հասունանալը բոլոր կենդանի էակների ցանկալի առանձնահատկություններից են։ Արդեն վեց հազար տարի է, ինչ մեղքն ու անկատարությունը աղետալի ազդեցություն են թողնում մեզ վրա։ Սակայն դրանք շուտով անցյալի գիրկը կանցնեն, և բոլոր հնազանդ մարդիկ կվայելեն այն կյանքը, որ Աստված նախատեսել էր նրանց համար. այլևս չի լինի ծերության ու մահվան բերած ցավը (Ծննդոց 1։28; Հայտնություն 21։4, 5)։ Այն ժամանակ «այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24)։ Տարեցները դարձյալ կլինեն այնպես կայտառ, ինչպես իրենց «մանկութեան օրերին», և նրանց մարմինը «փափուկ կ’լինի երեխայի մարմնից» (Յոբ 33։25)։ Իսկ մինչ այդ բոլորս էլ ստիպված ենք պայքարել Ադամի ժառանգության դեմ։ Այդուհանդերձ, Եհովայի ծառաները տարիքն առնելու հետ մեկտեղ առանձնահատուկ օրհնություններ են ստանում։
3. Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները «ծերության մեջ էլ պտուղ բերել»։
3 Աստծու Խոսքը հավաստիացնում է. «Տիրոջ տան մէջ տնկուածները.... ծերութեան մէջ էլ պտուղ կ’բերեն» (Սաղմոս 92։13, 14)։ Սաղմոսերգուն փոխաբերական լեզվով արտահայտում է մի հիմնարար ճշմարտություն. Աստծու հավատարիմ ծառաները կարող են շարունակել հոգևորապես առաջադիմել, հաջողություններ ունենալ ու բարգավաճել անգամ այն դեպքում, երբ իրենք գնալով ֆիզիկապես ավելի են տկարանում։ Դա են փաստում բազմաթիվ աստվածաշնչյան, ինչպես նաև ժամանակակից օրինակներ։
«Երբեք չէր հեռանում»
4. Ինչպե՞ս տարեց Աննա մարգարեուհին ցույց տվեց իր նվիրվածությունն Աստծուն և ինչպե՞ս օրհնվեց։
4 Քննենք առաջին դարում ապրած Աննա մարգարեուհու օրինակը։ Անգամ 84 տարեկան հասակում նա «երբեք չէր հեռանում տաճարից և ծոմերով ու աղաչանքներով գիշեր–ցերեկ սրբազան ծառայություն էր մատուցում»։ Աննայի հայրը «Ասերի ցեղից» էր՝ ոչ ղևտացի, ուստի նա չէր կարող ապրել տաճարում։ Պատկերացրու, թե որքան ջանք էր նրանից պահանջվում ամեն օր տաճարում գտնվելու համար՝ առավոտյան ողջակեզի պահից մինչև երեկոյան զոհի ժամանակը։ Իր նվիրվածության համար Աննան մեծապես օրհնվեց։ Նա պատիվ ունեցավ ներկա լինելու, երբ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին, համաձայն Օրենքի, բերեցին տաճար՝ ներկայացնելու Եհովային։ Տեսնելով Հիսուսին՝ Աննան «սկսեց շնորհակալություն հայտնել Աստծուն և խոսել երեխայի մասին բոլոր նրանց հետ, ովքեր սպասում էին Երուսաղեմի ազատագրմանը» (Ղուկաս 2։22–24, 36–38; Թուոց 18։6, 7)։
5, 6. Այսօր ինչպե՞ս են շատ տարեցներ ընդօրինակում Աննային։
5 Մեր տարեց շատ հավատակիցներ նման են Աննային նրանով, որ կանոնավորաբար հաճախում են ժողովի հանդիպումներին, ջերմեռանդորեն աղոթում են ճշմարիտ երկրպագության առաջխաղացման համար և մեծ խանդավառություն ունեն մասնակցելու բարի լուրի քարոզչությանը։ Մի 80 տարեկան եղբայր, որն իր կնոջ հետ կանոնավորաբար հաճախում է քրիստոնեական հանդիպումների, ասում է. «Մենք հանդիպումների հաճախելու սովորություն ենք մշակել և չենք ուզում գտնվել ուրիշ վայրում։ Մենք ուզում ենք լինել այնտեղ, որտեղ Աստծու ժողովուրդն է։ Այստեղ է, որ մեզ լավ ենք զգում»։ Ինչպիսի՜ քաջալերական օրինակ բոլորի համար (Եբրայեցիներ 10։24, 25)։
6 «Ճշմարիտ երկրպագության հետ կապված ցանկացած բանի, եթե ի վիճակի եմ, ես ուզում եմ մասնակցել». սա է Ջինի՝ 80–ամյա քրիստոնյա մի այրու նշանաբանը։ Նա շարունակում է. «Իհարկե, ես տխուր էլ եմ լինում, բայց չեմ ցանկանում, որ իմ տխրությունը փոխանցվի շրջապատին»։ Շողացող աչքերով նա պատմում է, թե ինչ ուրախություն է ստանում, երբ տարբեր երկրներում ներկա է լինում հոգևոր կերտիչ միջոցառումների։ Վերջին ճանապարհորդության ժամանակ նա իր ուղեկիցներին ասել էր. «Այլևս չեմ ցանկանում դղյակներ տեսնել. ուզում եմ գնալ ծառայության»։ Թեև Ջինը չգիտեր տեղացիների լեզուն, նա կարողացավ մարդկանց մեջ հետաքրքրություն արթնացնել Աստվածաշնչի պատգամի նկատմամբ։ Նաև, մի քանի տարի շարունակ Ջինը ծառայել է մի ժողովում, որն աջակցության կարիք ուներ, թեև դա նշանակում էր նոր լեզու սովորել և հանդիպումներին գնալ–գալու համար ծախսել երկու ժամ։
Միտքդ կենդանի պահիր
7. Տարեց հասակում ինչպե՞ս Մովսեսը ցանկություն արտահայտեց խորացնելու իր փոխհարաբերությունները Եհովայի հետ։
7 Կյանքի փորձը գալիս է ժամանակի ընթացքում (Յոբ 12։12)։ Սակայն չի կարելի ասել, որ տարիքի հետ անհատը ինքնաբերաբար հոգևորապես առաջադիմում է։ Ուստի Աստծու հավատարիմ ծառաները չեն ապավինում իրենց կուտակած գիտելիքներին, այլ ջանում են տարիների հետ «ավելացնել իրենց ուսումը» (Առակաց 9։9)։ Մովսեսն 80 տարեկան էր, երբ Եհովան նրան հանձնարարություն տվեց (Ելից 7։7)։ Ըստ ամենայնի, նրա օրերում այդպիսի երկարակեցությունը անսովոր բան էր, քանի որ նա գրեց. «Մեր տարիների օրերը յոթանասուն տարի են, և եթե զորությունով՝ ութսուն տարի» (Սաղմոս 90։10)։ Սակայն Մովսեսը երբեք չմտածեց, որ ինքը չափազանց ծեր է սովորելու համար։ Նա, որ տասնամյակներ շարունակ ծառայել էր Աստծուն, մեծ պատասխանատվություններ ուներ և շատ կարևոր գործեր էր կատարել, Եհովային դիմեց այսպիսի խնդրանքով. «Ինձ իմացրու քո ճանապարհները՝ որ ճանաչեմ քեզ» (Ելից 33։13)։ Մովսեսը միշտ ցանկանում էր խորացնել իր փոխհարաբերությունները Եհովայի հետ։
8. Ինչպե՞ս Դանիելն իր միտքը կենդանի պահեց 90 տարեկան հասակում, և ի՞նչ օրհնություն ստացավ դրա համար։
8 Դանիել մարգարեն անգամ 90 տարեկան հասակում խորությամբ ուսումնասիրում էր սուրբ գրությունները։ Այն, ինչ նա հասկացավ՝ քննելով «գրքերը»՝ հավանաբար «Ղեւտացոց» գիրքը, Եսայիայի, Երեմիայի, Ովսեեի և Ամովսի մարգարեությունները, մղեց նրան ջերմեռանդորեն աղոթելու Եհովային (Դանիէլ 9։1, 2)։ Աստված պատասխանեց նրա աղոթքին՝ տեղեկություններ տալով նրան Մեսիայի գալստյան և ճշմարիտ երկրպագության ապագայի վերաբերյալ (Դանիէլ 9։20–27)։
9, 10. Ի՞նչ են անում ոմանք՝ իրենց միտքը կենդանի պահելու համար։
9 Մովսեսի և Դանիելի նման՝ մենք կարող ենք ձգտել մեր միտքը կենդանի պահել՝ որքան հնարավոր է կենտրոնանալով հոգևոր բաների վրա։ Շատերը հենց այդպես են վարվում։ Ուորթը՝ 80–ամյա մի քրիստոնյա երեց, ձգտում է միշտ տեղյակ լինել «հավատարիմ և իմաստուն ծառայի» տված ամենանոր բացատրություններից (Մատթեոս 24։45)։ Նա ասում է. «Ես պարզապես սիրահարված եմ ճշմարտությանը և սրտի թրթիռով եմ տեսնում, թե ինչպես է ճշմարտության լույսն ավելի ու ավելի պայծառանում» (Առակաց 4։18)։ Իսկ Ֆրեդը, որն ավելի քան 60 տարի անց է կացրել լիաժամ ծառայության մեջ, ասում է. «Ինձ շատ է դուր գալիս հավատակիցների հետ աստվածաշնչյան թեմաներով զրույց սկսելը»։ Նա շարունակում է. «Ես պետք է Աստվածաշունչը կենդանի պահեմ իմ մտքում։ Եթե դու կարողանաս այնպես անել, որ Աստծու Խոսքը քեզ համար դառնա կենդանի և իմաստալից գիրք, և եթե կարողանաս քո սովորածը քննել «առողջ խոսքերի օրինակի» լույսի ներքո, այդ դեպքում քո ձեռքի տակ միայն ինֆորմացիայի առանձին կտորներ չեն լինի։ Դու կտեսնես, թե ինչպես է յուրաքանչյուր կտորը պսպղում իր համապատասխան տեղում» (2 Տիմոթեոս 1։13)։
10 Տարեց լինել չի նշանակում անկարող լինել սովորելու նոր և բարդ բաներ։ Մարդիկ հաղթահարել են անգրագիտությունը կամ նոր լեզու են սովորել 60, 70 և նույնիսկ 80 տարեկան հասակում։ Որոշ Եհովայի վկաներ այդպիսի դժվարություններ են հաղթահարել բարի լուրը տարբեր ազգերի մարդկանց պատմելու նպատակով (Մարկոս 13։10)։ Օրինակ՝ Հարին և նրա կինը գրեթե 70 տարեկան էին, երբ որոշեցին աջակցություն ցույց տալ պորտուգալախոս «դաշտում»։ Հարին ասում է. «Ինչ որ ճիշտ է, ճիշտ է. տարիքի հետ դժվարանում է որևէ գործ ձեռնարկելը»։ Սակայն ջանքերի և հաստատակամության շնորհիվ նրանք կարողացան Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնել պորտուգալերեն լեզվով։ Արդեն շատ տարիներ է, ինչ Հարին մարզային համաժողովներում իր սովորած նոր լեզվով ելույթներ է ներկայացնում։
11. Ինչո՞ւ արժե քննել այն, թե ինչ են արել հավատարիմ տարեցները։
11 Իհարկե, ամեն մեկը չէ, որ ունի այնպիսի առողջություն կամ հանգամանքներ, որոնք թույլ են տալիս նման փոփոխություններ կատարել։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի քննել, թե ինչ են արել որոշ տարեցներ։ Ինչ խոսք, նպատակն այն չէ, որ բոլորը ձգտեն միևնույն բաներին։ Վերոհիշյալ օրինակները ներդաշնակ են այն խոսքերի ոգուն, որոնք Պողոս առաքյալը գրեց եբրայեցի քրիստոնյաներին ժողովի հավատարիմ երեցների վերաբերյալ։ Կարդում ենք. «Խորհրդածելով այն մասին, թե ինչ արդյունքներ է բերում նրանց վարքը՝ ընդօրինակե՛ք նրանց հավատը» (Եբրայեցիներ 13։7)։ Նման օրինակների շուրջ խորհրդածելը կարող է քաջալերել մեզ, որ ընդօրինակենք վերոհիշյալ տարեցների ամուր հավատը։ Այդպիսի հավատն է, որ ծառայության մեջ մղիչ ուժ է հանդիսանում նրանց համար։ Բացատրելով, թե ինչն է մղիչ ուժ հանդիսանում իր համար՝ Հարին, որն այժմ 87 տարեկան է, ասում է. «Կուզենայի կյանքիս մնացած տարիներն իմաստությամբ ապրել և հնարավորին չափ օգտակար լինել Եհովայի ծառայության մեջ»։ Իսկ Ֆրեդը, որի մասին հիշատակվեց վերևում, մեծ բավարարվածություն է գտնում Բեթելում ունեցած իր նշանակման մեջ։ Նա շեշտում է. «Պետք է կերպեր փնտրես, թե ինչպես լավագույն ձևով ծառայես Եհովային և ամուր կառչած մնաս քո ընտրած ուղուն»։
Նվիրված՝ չնայած նոր հանգամանքներին
12, 13. Ինչպե՞ս Բերզելին նվիրվածություն դրսևորեց Աստծու հանդեպ՝ չնայած տարեց հասակի դժվարություններին։
12 Հեշտ չէ, երբ առողջությունդ գնալով վատանում է։ Այնուամենայնիվ, հնարավո՛ր է նվիրվածություն դրսևորել Աստծու հանդեպ։ Այս առումով հիանալի օրինակ է գաղաադացի Բերզելին, որի մասին խոսվում է Աստվածաշնչում։ 80 տարեկանում նա արտակարգ հյուրասիրություն ցույց տվեց Դավթին և նրա բանակին. Բերզելին նրանց ապահովեց սննդով ու կացարանով Աբիսողոմի ապստամբության ժամանակ։ Երբ Դավիթը վերադառնում էր Երուսաղեմ, Բերզելին ուղեկցեց նրան մինչև Հորդանան գետը։ Դավիթն առաջարկեց նրան դառնալ իր պալատականը։ Ի՞նչ պատասխանեց Բերզելին։ «Ես այսօր ութսուն տարեկան մարդ եմ. մի՞թէ կարող եմ լաւը վատից ջոկել. կամ ծառադ կերածիս խմածիս հա՞մը կառնեմ. կամ էլ կ’լսե՞մ երգիչների եւ երգչուհիների ձայնը.... ահա թող Քամաամ ծառադ անցնէ իմ տէր թագաւորի հետ. եւ նորան արա ինչ որ բարի է քո աչքին» (Բ Թագաւորաց 17։27–29; 19։31–40)։
13 Չնայած տարեց հասակի դժվարություններին՝ Բերզելին հնարավորության սահմաններում ամեն ինչ արեց, որ աջակցի Եհովայի նշանակած թագավորին։ Թեև գիտակցում էր, որ իր լսողությունն ու համի զգացողությունը առաջվանը չէին, նա չէր դառնացել։ Բերզելին խնդրեց, որ իրեն առաջարկվող պատիվը ստանա Քամաամը։ Այստեղից երևում է, որ Բերզելին անեսասեր անձնավորություն էր։ Նրա պես՝ այսօր շատ տարեցներ դրսևորում են անեսասիրություն և առատաձեռնություն։ Նրանք իրենց ձեռքից եկածն անում են ճշմարիտ երկրպագությանը թիկունք կանգնելու համար՝ հասկանալով, որ «այսպիսի զոհերն են Աստծուն հաճելի»։ Ինչպիսի՜ օրհնություն է մեր կողքին ունենալ աստվածանվեր անհատներ (Եբրայեցիներ 13։16)։
14. Ինչպե՞ս է Դավթի ծեր լինելը խոր իմաստ հաղորդում Սաղմոս 37։23–25-ում գրված խոսքերին։
14 Թեև տարիների ընթացքում Դավթի հանգամանքները բազմիցս փոխվեցին, նրա համոզվածությունը, որ Եհովան միշտ հոգ է տանում իր նվիրված ծառաներին, երբեք չթուլացավ։ Կյանքի վերջում Դավիթը գրեց մի երգ, որն այսօր հայտնի է որպես 37–րդ սաղմոս։ Պատկերացրու, թե ինչպես է Դավիթը մտածկոտ հայացքով, քնարը ձեռքին երգում. «Տիրովն է հաստատվում մարդիս գնացքը, եւ նա հաւանում է նորա ճանապարհին։ Թէեւ վայր ընկնի՝ չի կործանուիլ, որովհետեւ Տէրը նորա ձեռքիցը բռնում է։ Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չ’տեսայ արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրանայ» (Սաղմոս 37։23–25)։ Եհովան տեղին համարեց այս ներշնչված սաղմոսում նշել Դավթի ծեր լինելը։ Այս հանգամանքը որքա՜ն խորիմաստ է դարձնում այս խոսքերը։
15. Հավատարմության ի՞նչ լավ օրինակ է Հովհաննես առաքյալը՝ չնայած իր փոխված հանգամանքներին և ծերությանը։
15 Հովհաննես առաքյալը մեկ ուրիշ հիանալի օրինակ է։ Նա շարունակեց հավատարիմ մնալ՝ չնայած իր փոխված հանգամանքներին և ծերությանը։ Աստծուն մոտ 70 տարի ծառայելուց հետո առաքյալն աքսորվեց Պատմոս կղզի «Աստծու մասին խոսելու և Հիսուսի մասին վկայելու պատճառով» (Հայտնություն 1։9)։ Սակայն դրանով նրա գործունեությունը չավարտվեց։ Իրողությունն այն է, որ Աստվածաշնչի այն գրքերը, որ պատկանում են Հովհաննեսի գրչին, գրվել են նրա կյանքի վերջին տարիներին։ Պատմոսում նրան տրվեց Հայտնության հափշտակիչ տեսիլքը, որը նա մանրամասնորեն գրի առավ (Հայտնություն 1։1, 2)։ Կարծիք կա, որ Հովհաննեսը ազատ է արձակվել Հռոմի Ներվա կայսեր օրոք։ Այնուհետև՝ հավանաբար 98 թ.–ին, երբ 90 կամ 100 տարեկան էր, նա գրեց իր անունը կրող Ավետարանը և երեք նամակները։
Տոկուն մարդու անուն
16. Ինչպե՞ս կարող են հաղորդակցվելու ունակությունից զրկված տարեցները դրսևորել իրենց նվիրվածությունը Եհովային։
16 Տարեց անհատը կարող է տարբեր տկարություններ ունենալ, ընդ որում՝ տարբեր բարդության։ Օրինակ՝ որոշ անհատներ նույնիսկ կորցրել են հաղորդակցվելու ունակությունը։ Այդուհանդերձ, նրանք ջերմորեն հիշում են, թե ինչպես է Աստված սեր ու բարություն դրսևորել իրենց հանդեպ։ Թեպետ նրանք չեն կարողանում խոսել, սակայն իրենց սրտում Եհովային ասում են. «Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը» (Սաղմոս 119։97)։ Եհովան, իր հերթին ճանաչում է նրանց, ովքեր «մտածում են իր անվան վրա», և տեսնում է, թե ինչ մեծ տարբերություն կա նրանց ու մարդկանց մեծամասնության միջև, որոնք ընդհանրապես չեն հետաքրքրվում իրենով (Մաղաքիա 3։16, ԱԱ; Սաղմոս 10։4)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովային հաճելի է մեր «սրտի խորհուրդը»՝ մեր մտքերը (Ա Մնացորդաց 28։9; Սաղմոս 19։14)։
17. Ի՞նչ եզակի ձեռքբերում ունեն Եհովայի՝ երկար տարիների ծառաները։
17 Ուշադրության է արժանի նաև այն, որ ովքեր տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայում են Եհովային, ձեռք են բերում մի եզակի բան, որն այլ կերպ հնարավոր չէ ունենալ՝ տոկուն մարդու անուն։ Հիսուսն ասաց. «Ձեր տոկունությամբ կշահեք ձեր հոգիները» (Ղուկաս 21։19)։ Տոկունությունը անհրաժեշտ է հավիտենական կյանքի հասնելու համար։ Ովքեր «Աստծու կամքը կատարել» են և իրենց ապրելակերպով փաստել են իրենց նվիրվածությունը, կարող են վստահ լինել, որ «կստանան խոստացվածը» (Եբրայեցիներ 10։36)։
18. ա) Տարեցների հետ կապված ի՞նչն է Եհովան բարձր գնահատում։ բ) Ի՞նչ կքննարկենք հաջորդ հոդվածում։
18 Եհովան թանկ է գնահատում քո բոլորանվեր ծառայությունը՝ լինի դա շատ կամ քիչ։ Անկախ այն բանից, թե ինչ կպատահի «արտաքին մարդուն», մինչ նա ծերանում է՝ «ներքին մարդը» կարող է օրեցօր նորոգվել (2 Կորնթացիներ 4։16)։ Անշուշտ, Եհովան շատ բարձր է գնահատում այն, ինչ դու արել ես անցյալում։ Բայց միանգամայն հստակ է, որ նա բարձր է գնահատում նաև այն, ինչ դու անում ես այսօր իր անվան համար (Եբրայեցիներ 6։10)։ Հաջորդ հոդվածում կքննենք, թե ինչ մեծ օրհնություններ կարող է բերել այդպիսի հավատարմությունը։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ի՞նչ լավ օրինակ է թողել Աննան տարեց քրիստոնյաների համար։
• Ինչո՞ւ տարիքը միշտ չէ, որ խոչընդոտում է անհատին նոր բաներ ձեռնարկելու։
• Ինչպե՞ս կարող են տարեցները շարունակել Աստծու հանդեպ նվիրվածություն դրսևորել։
• Ինչպե՞ս է Եհովան դիտում տարեցների կողմից իրեն մատուցվող ծառայությունը։
[նկար 23–րդ էջի վրա]
Տարեց Դանիելը «գրքերից» իմացավ, թե որքան է տևելու Հուդայի գերությունը
[նկարներ 25–րդ էջի վրա]
Շատ տարեցներ գերազանց օրինակ են թողնում՝ կանոնավորաբար հաճախելով հանդիպումներին, եռանդորեն քարոզելով և սովորելու հանդեպ սեր դրսևորելով