Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfs հոդված 20
  • Ուրախ եմ, որ կյանքի ճիշտ ուղի ընտրեցի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուրախ եմ, որ կյանքի ճիշտ ուղի ընտրեցի
  • Եհովայի վկաների կենսագրությունները
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մեր նպատակներին հասնելու ճանապարհին
  • Դժվարին, բայց ուրախ ծառայություն Շրի Լանկայում
  • Պապուա Նոր Գվինեա՝ անակնկալների երկիր
  • Շատ անելիքներ՝ մեր իսկ երկրում
  • Վճռական՝ կատարելու մեր ծառայությունը
    2007 Դիտարան
  • Կրթություն, որը շարունակվում է իմ ողջ կյանքի ընթացքում
    2004 Դիտարան
  • Եհովան սովորեցրել է ինձ կատարել իր կամքը
    2012 Դիտարան
  • «Երբեք մենակ չեմ եղել»
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Եհովայի վկաների կենսագրությունները
lfs հոդված 20
Ուորեն և Լեան Ռեյնոլդսներ

ՈՒՈՐԵՆ ՌԵՅՆՈԼԴՍ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ուրախ եմ, որ կյանքի ճիշտ ուղի ընտրեցի

Ավստրալիայի հյուսիսարևմտյան հեռավոր մի տարածքում՝ մացառախիտ անտառի խորքում, մի խումբ եղբայրների ու քույրերի հետ նստած ենք բոցկլտացող խարույկի շուրջ և պատմում ենք զանազան դեպքեր, թե ինչպես է Եհովան օրհնել մեզ։ Բազում անգամներ եմ այդպես նստել խարույկի շուրջ, բայց շատ հաճախ՝ տարբեր երկրներում և այլ լեզվով խոսող մարդկանց հետ։ Ինձ հետ խարույկի մոտ նստած է նաև այն կինը, որին ջերմորեն սիրում եմ։ Նրա դեմքին փայլում է գոհունակության ժպիտը։ Մենք միասին բազմաթիվ հրաշալի արկածներ ենք ունեցել՝ ծառայելով Եհովային այնպիսի վայրերում, որ կյանքիս պատանեկան տարիներին երբևէ չէի էլ պատկերացնի։ Դեռ ավելին՝ պատանեկան տարիքում գուցե նույնիսկ բոլորովին այլ ուղի ընտրեի։ Բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ։

Ես մեծացել եմ Ավստրալիայի գյուղական շրջաններից մեկում։ Ծնողներս ու տատիկ-պապիկներս ճշմարտությունը լսել էին 1950-ականներին։ Ես 6 տարեկանում քարոզիչ դարձա, իսկ 13-ում մկրտվեցի։ Դպրոցական արձակուրդներին հաճախ ենթառահվիրա էի ծառայում։ Ես սիրում էի Եհովային և ուզում էի հավիտյան ծառայել նրան։

Ծնողներիս և չորս եղբայրներիս հետ

Երբ 15 տարեկան էի, դպրոցում մարզիչներս նկատեցին, որ ես լավ սպորտային տվյալներ ունեմ։ Ուստի ռեգբիի պրոֆեսիոնալ լիգայի ներկայացուցիչները մարզական ինստիտուտում սովորելու համար ինձ կրթաթոշակ առաջարկեցին։ Ռեգբիի աստղ դառնալու միտքը ինձ շատ էր հրապուրում, բայց ես արդեն նվիրվել էի Եհովային։ Հայրս խորհուրդ տվեց, որ նախքան կորոշեմ մարզական կարիերա սկսել, թե ոչ, մտածեմ Եհովային տված իմ խոստման մասին։ Ես վարվեցի հորս խորհրդի համաձայն և ամեն ինչ ծանրութեթև անելուց հետո հասկացա, որ չեմ կարող միաժամանակ երկուսն էլ լիարժեք անել՝ և՛ մարզական կարիերա կառուցել, և՛ Եհովային ծառայել։ Ուստի որոշեցի մերժել կրթաթոշակի առաջարկը։ Ամիսներ անց Կանբեռայի մարզական ինստիտուտը նույնպես ինձ կրթաթոշակ առաջարկեց, որ մարզվեմ մարաթոնյան վազքի մասնակցելու համար։ Դա իմ առջև հնարավորություն կբացեր ներկայացնելու Ավստրալիան Համագործակցության խաղերում կամ Օլիմպիական խաղերում։ Այս անգամ էլ պատասխանս ոչ էր, քանի որ շատ էի ցանկանում պահել Աստծուն տված նվիրման խոստումս։

Դպրոցն ավարտելուց շատ չանցած ռահվիրայություն սկսեցի։ Արդեն բավական ժամանակ այդպիսի նպատակ ունեի։ Բայց մեր ընտանիքը ֆինանսապես ծանր վիճակում էր, այդ պատճառով դադարեցրի ռահվիրայությունս ու լրիվ դրույքով աշխատանքի անցա՝ որպես գյուղտեխնիկայի մեքենավար։ Այդ ժամանակ արդեն չափահաս էի դարձել ու առանձին էի ապրում։ Այդպես տարվեցի առօրյայով ու շատ շուտով իմ երկրպագությունը ինձ համար դարձավ զուտ մեքենայաբար արվող ինչ-որ բան։ Ես շատ ընկճված էի ու Եհովային մոտ չէի զգում։ Անխոհեմաբար վատ ընկերներ էի ընտրել, որոնք չարաշահում էին ալկոհոլը և անբարո կյանք վարում։ Իմ մեջ ցանկություն առաջացավ նրանց պես վարվել։ Եհովայի հետ մտերմությունս հետին պլան էի մղել, որ ժամանակավոր հաճույքներ վայելեմ։

Հասկանում էի, որ պետք է վերանայեմ առաջնահերթություններս։ Ուստի տեղափոխվեցի ուրիշ քաղաք, որ կտրվեմ իմ վատ շրջապատից։ Այնտեղ սկսեցի ամեն ինչ անել, որ նորից մտերմանամ Եհովայի հետ ու նպատակ դրեցի վերսկսել ռահվիրայությունս։ Հետո հանդիպեցի Լեան Մակ-Շերիին՝ մի ամաչկոտ գյուղացի աղջկա, ով այդ ժամանակ արդեն ռահվիրա էր ծառայում։ Մենք ընկերացանք։ Անկեղծ խոսում էինք մեր նպատակների մասին, այդ թվում՝ միսիոներական ծառայության։ 1993 թ.-ին մենք ամուսնացանք։ Երկուսս էլ ուզում էինք, որ Եհովան ուղղորդի մեր կյանքը։

Մեր նպատակներին հասնելու ճանապարհին

Այդ տարի ես էլ սկսեցի Լեանի պես ռահվիրա ծառայել։ Մենք վճռել էինք պարզ կյանք վարել և պարտքերի մեջ չընկնել, ուստի վագոն-տնակ գնեցինք, որ այդտեղ ապրենք։ Մենք վեց տարի շարունակ մի վայրից մյուսն էինք գնում՝ ուր որ կազմակերպությունը խորհուրդ էր տալիս։ Եվ այդ ողջ ընթացքում զանազան աշխատանքներ էինք կատարում մեր ապրուստը հոգալու համար։ Քարոզում էինք Քվինսլենդի ծայրամասերի ընդարձակ ու չոր հարթավայրային տարածքներում տեղի փոքր ժողովների հետ։ Հաճախ ճամբար էինք դնում մեկուսի վայրերում և հանդիպումներ էինք անցկացնում մացառուտներում կամ տեղի հանրային դահլիճներից մեկում։ Մենք երջանիկ էինք։ Բայց մտածում էինք. «Կարո՞ղ ենք ավելին անել Եհովայի համար»։ Շուտով ստացանք այդ հարցի պատասխանը։

Ավստրալիայի հեռավոր տարածքներից մեկում քարոզչական ճամփորդության ժամանակ հանդիպում ենք անցկացնում մացառուտում

Եհովայի կազմակերպությունը մեզ խնդրեց այլ երկրում միսիոներական ծառայություն կատարել։ Սակայն մենք շատ անհանգիստ ու լարված էինք, մեզ անհամապատասխան էինք համարում ու կասկածում էինք, որ առանց «Գաղաադ» դպրոցում սովորելու կկարողանանք լավ միսիոներ լինել։ Ծառայությունը շատ էինք սիրում, բայց քանի որ մեր գնացած հեռավոր տարածքներում Աստվածաշնչի շատ ուսումնասիրություններ չունեինք, մեզ հմուտ ուսուցանող չէինք համարում։

Մեր մտահոգությունները հայտնեցինք Ավստրալիայի մասնաճյուղի կոմիտեումa ծառայող մի եղբոր՝ Մաքս Լոյդին։ Նա մեզ հավաստիացրեց, որ եթե, անհամապատասխան զգալով հանդերձ, մեր պատրաստակամությունը հայտնենք, Եհովան մեզ ունակ կդարձնի անելու իր կողմից մեզ վստահված ցանկացած բան։ Այդ հայրական հորդորից հետո մենք ուրախությամբ ընդունեցինք մեր նշանակումը Շրի Լանկայում։

Դժվարին, բայց ուրախ ծառայություն Շրի Լանկայում

1999-ին մենք ժամանեցինք Կոլոմբո՝ Շրի Լանկայի մայրաքաղաք։ Ավստրալիայի գյուղական վայրերի խաղաղ կյանքից հետո այստեղ մեր առջև բացվեց բոլորովին այլ իրականություն։ Տեսանք քաղաքացիական պատերազմ, աղքատություն, գերբնակեցված տարածքներ ու մուրացկաններ։ Լեզուներն էլ շատ բարդ էին։ Բայց Շրի Լանկայում կային նաև գանձեր՝ մեր թանկ եղբայրներն ու քույրերը և անթիվ-անհամար խոնարհասիրտ մարդիկ, ովքեր դեռ չէին ճանաչում Եհովային։

Մեզ նշանակեցին Կանդի՝ մի քաղաք, որը թեյի պլանտացիաներով ու արևադարձային անտառներով շրջապատված գեղատեսիլ բարձրավանդակի վրա էր կառուցված։ Այդ քաղաքը հայտնի է իր բուդդայական տաճարներով։ Տեղաբնակների մեծ մասը ոչինչ չգիտեր իր սիրառատ Արարչի մասին։ Մեր ժողովը բաղկացած էր սինհալիախոս և թամիլախոս եղբայրներից ու քույրերից, և հանդիպումները անցկացվում էին այդ երկու լեզվով։ Սինհալին դժվար էր մեզ համար, բայց մեր ժողովը և Աստվածաշունչ ուսումնասիրող մարդիկ շատ էին գնահատում, որ ջանք ենք գործադրում այդ լեզուն սովորելու համար, և երբեմն էլ ծիծաղում էին մեր սխալների վրա։

Շրի Լանկայում ելույթ եմ ներկայացնում, որը միաժամանակ թարգմանվում է սինհալի և թամիլ լեզուներով

Այնուամենայնիվ, լեզուն չէր մեր մեծագույն դժվարությունը։ Կյանքում առաջին անգամ մենք ականատես եղանք դաժան հակառակության։ Մի անգամ կատաղի ամբոխը շրջապատեց ինձ ու մի եղբոր։ Նրանցից ոմանք սկսեցին ծեծել ու ոտքերով հարվածել մեզ, իսկ մյուսները այդ ընթացքում այրում էին մեր գրականությունը։ Այդ պահին աղոթեցինք Եհովային, որ օգնի մեզ հանդարտ մնալ ու չմոռանա մեր մասին, եթե մահանանք։ Հուրախություն մեզ՝ ամբոխը ցրվեց, և մենք հեռացանք այդ գյուղից։ Թեև շատ վախեցած էինք, բայց միևնույն ժամանակ անչափ շնորհակալ էինք Եհովային, որ պաշտպանեց մեզ։

Ժամանակի ընթացքում Շրի Լանկան դարձավ մեր տունը։ Չնայած քաղաքացիական պատերազմը պառակտել էր ժողովրդին, սակայն մենք տեսնում էինք, թե Եհովան ինչպես է ճշմարտության ծարավ նորանոր մարդկանց բերում իր միասնական ընտանիք, և դա մեզ մեծ ուրախություն էր պատճառում։ Մենք բազում ջերմ հուշեր ունենք այդ չքնաղ կղզում անցկացրած տարիներից։ Ցավոք, երկու տարի անց իշխանությունները տեղի տվեցին կրոնականների ճնշմանը և սկսեցին խոչընդոտել միսիոներների ծառայությանը։ Ուստի Շրի Լանկայում ծառայող միսիոներների մեծ մասը ստիպված եղավ հեռանալ երկրից։

Հաջորդ մի քանի շաբաթներին շատ անհանգիստ էինք ու մեր տեղը չէինք գտնում։ Չգիտեինք, թե մեր վերջն ինչ է լինելու։ Եվ շուտով Կառավարիչ մարմինը մեզ նշանակեց Պապուա Նոր Գվինեա։ 2001 թ. սեպտեմբերին տեղափոխվեցինք այդ երկրի մայրաքաղաք՝ Փորտ Մորսբի։

Պապուա Նոր Գվինեա՝ անակնկալների երկիր

Թեև Պապուա Նոր Գվինեան Ավստալիայի ամենամոտ հարևան երկիրն է, սակայն այնտեղի առօրյան և մշակույթը շատ են տարբերվում։ Ուստի պետք է նորից հարմարվեինք մեր նոր կյանքին։ Մենք սովորեցինք տոկ փիսին լեզուն, որն այնտեղի ավելի քան 800 լեզուներից մեկն է և ամենատարածվածն է։

Երեք տարի հետո Պոպոնդետա քաղաքում մեզ նշանակեցին շրջանային ծառայության։ Մեր մտքով անգամ չէր անցնում, որ Եհովան մեզ այդպիսի հանձնարարություն կտա։ Միշտ հիացել եմ շրջանային վերակացուների հասունությամբ, ու թե ինչպես են նրանք կարողանում հմտորեն ուղղորդել և ուսուցանել մարդկանց։ Իսկ հիմա ես էլ պետք է նույնն անեի, բայց իմ կարծիքով՝ բավարար հմտություններ չունեի։ Ես միշտ ինձ միսիոներական ծառայության մեջ եմ պատկերացրել և շրջագայող վերակացու լինելու մասին երբևէ չեմ մտածել։ Մինչև հիմա էլ զարմանում եմ, որ Եհովան ինձ այդպիսի հանձնարարություն վստահեց։

Ուորենը հանդիպում է անցկացնում Պապուա Նոր Գվինեայի մեկուսի խմբերից մեկի հետ

Շրջանային այց՝ հեռավոր տարածքում գործող մի խմբի (Արևմտյան Սեպիկ, Պապուա Նոր Գվինեա)

Ուորենը լամպի լույսի տակ հաշվետվություն է պատրաստում

Հեռավոր տարածքում մի խմբի շրջանային այց կատարելուց հետո հաշվետվություն եմ պատրաստում մասնաճյուղ ուղարկելու համար (Պապուա Նոր Գվինեա)

Մեր այցելած քաղաքներում սովորաբար էլեկտրականություն ու ջուր էինք ունենում, ինչպես նաև մահճակալով առանձին սենյակ։ Բայց երբեմն հեռավոր տարածքներ էինք այցելում, որտեղ նման հարմարություններ չկային։ Մենք քնում էինք փոքրիկ խրճիթներում, իսկ ուտելիքը պատրաստում էինք դրսում՝ կրակի վրա։ Լողանում էինք գետերում ու վտակներում, եթե իհարկե այնտեղ կոկորդիլոսներ չէին լինում, իսկ եթե լինում էին, դույլերով ջուր էինք կրում ու խրճիթում լողանում։

Այս ծառայությունը անհամեմատ ավելի մեծ ֆիզիկական ուժ ու եռանդ էր պահանջում, քան մինչ այդ մեր կատարած ցանկացած այլ ծառայություն։ Բայց մենք համոզված էինք, որ եթե մեր ձեռքից եկածն անեինք՝ «մեր զորությունը» գործի դնեինք, Եհովան մեզ կօգներ հաջողության հասնել (Դատավորներ 6։14)։ Ժողովների և խմբերի մեծ մասը, որոնց պետք է այցելեինք, գտնվում էին իրարից հեռու, դժվարհասանելի վայրերում, որտեղ խոնավ արևադարձային խիտ անտառներ էին, մերձափնյա ճահճուտներ և քարքարոտ լեռներ։ Հավատակիցներին այցելելու համար ճամփորդում էինք լիաքարշ մեքենաներով, նավակներով, ուղղաթիռներով, իսկ շատ հաճախ պարզապես ոտքով։b

Լեանը անցնում է գետի վրա գցված բարակ գերանի վրայով

Լեանը երբեք չէր տրտնջում ծառայության մեջ հանդիպող դժվարություններից

Օրինակ՝ Ինդոնեզիայի սահմանին մոտ գտնվող մի ժողով այցելելու համար մենք մեքենայով կտրում-անցնում էինք ավելի քան 350 կիլոմետր, մեծ մասամբ՝ չասֆալտապատված ճանապարհով։ Ընթացքում 200-ից ավելի գետեր ու վտակներ էինք անցնում, որոնցից շատ քչերի վրա կամուրջ կար։ Այդ տարիներին մենք անթիվ-անհամար ժամեր չարչարվել ենք, որ մեր մեքենան հանենք խորը կպչուն ցեխից և ի վերջո հասնենք մեր սիրելի եղբայրներին, ովքեր լայն ժպիտներով և իրենց պատրաստած համեղ կերակուրներով մեզ էին սպասում։

Համակցված նկարներ։ 1. Երեք եղբայր հրում են Ռեյնոլդսների մեքենան, որ այն հանեն խոր ցեղից։ 2. Եղբայրներն ու Լեանը ցեխոտված կանգնել են մեքենայի մոտ

Պապուա Նոր Գվինեայի ճանապարհներով երթևեկելը կատակ բան չէր

Լեռնային բարձր գոտիներում գտնվող գյուղեր հասնելու համար մենք ճամփորդում էինք փոքր միաշարժիչ ինքնաթիռներով։ Հաճախ երկինքը պատված էր լինում ամպերով, և օդաչուն ինքնաթիռը իջեցնելու համար ճեղք էր փնտրում ամպերի մեջ, որ տեսներ թռիչքուղին։ Հետո բավականին ցածր անցնում էր թռիչքուղու վերևով՝ համոզվելու համար, որ տարածքում երեխաներ կամ կենդանիներ չկան։ Այնուհետև մենք ամրակապվում էինք, որ վայրէջք կատարենք ցեխոտ ու անհարթ թռիչքուղու վրա, որը գտնվում էր 2 100 մետր (7 000 ֆուտ) բարձրություն ունեցող վտանգավոր լեռնագագաթին։ Երբեմն այդ հեռավոր գյուղերից մեկնելու միակ ճանապարհը թռիչքուղին էր, որը կտրուկ վերջանում էր զառիթափ ձորաբերանին։c

Երբեմն գրականությամբ և անհրաժեշտ պարագաներով լի ծանր ուսապարկերը շալակած՝ քայլում էինք զառիթափ լեռնային արահետներով կամ ճահճոտ ափամերձ տարածքներով, որտեղ անտանելի շոգ էր ու խոնավ։ Սակայն մեր թանկագին եղբայրների և քույրերի ընկերակցության շնորհիվ այդ դժվարին ճամփորդությունները դառնում էին թարմության աղբյուր, հաճելի զրույցներով և խանդավառ ծիծաղներով լի անմոռանալի պահեր։

Ուորենը վարում է նավակը, որի մեջ մեր հավատակիցներն են

Կերամ գետով ծառայության գնալու ճանապարհին (Պապուա Նոր Գվինեա)

Մենք ողջ սրտով համամիտ ենք 1 Թեսաղոնիկեցիներ 2։8-ում Պողոսի ասած հետևյալ խոսքերին. «Քանի որ այդպիսի ջերմ սեր ունեինք ձեր հանդեպ, և դուք շատ սիրելի էիք դարձել մեզ, մենք սրտանց պատրաստ էինք.... նույնիսկ մեր անձը տալ ձեզ համար»։ Մենք համոզվել էինք, որ մեր եղբայրներն ու քույրերը սրտանց նույնը կանեին մեզ համար։ Նրանք անգամ պատրաստ էին իրենց կյանքը տալ զինված հանցախմբերից մեզ պաշտպանելու համար։ Մի անգամ մաչետեով՝ մեծ դանակով զինված մի մարդ սպառնացել էր Լեանին, իսկ ես այդ պահին գյուղի մեկ այլ մասում էի ու չէի կարող օգնության հասնել։ Բայց եղբայրներից մեկը իսկույն առաջ էր նետվել ու կանգնել այդ մարդու ու Լեանի միջև։ Ուրիշներն էլ էին արագ վրա հասել, որ կանգնեցնեն այդ կատաղի մարդուն, ու դրա շնորհիվ մեր անձնազոհ եղբայրը միայն փոքր վնասվածքներ էր ստացել։ Հանցագործություններով լի այդ երկրում Եհովան ամեն օր հոգ էր տանում մեր մասին, որպեսզի մենք էլ մեր հերթին հոգևորապես ամրապնդենք ու քաջալերենք այդտեղի մեր հավատակիցներին։

Պապուա Նոր Գվինեայում բուժհաստատություններ շատ քիչ կան, ուստի մեզ համար դժվար էր լավ առողջություն պահպանել։ 2010-ին Լեանը վարակվեց մի մանրէածին մահացու հիվանդությամբ, և մենք ստիպված եղանք թռչել Ավստրալիա, որ նա անհապաղ բուժում ստանա այնտեղ։ Եհովան մեզ ուժ էր տալիս, որ հանդարտ մնանք։ Վերջապես բուժանձնակազմը արդյունավետ հակաբիոտիկ գտավ։ Բժիշկներից մեկն ասաց. «Դուք Աստծու գործն էիք անում։ Հիմա էլ նա է գործում ձեզ համար»։ Ամիսներ անց վերադարձանք մեզ նշանակված տարածք՝ շարունակելու մեր ծառայությունը։

Ավստրալիայի և հարակից երկրների քարտեզ, որը ներառում է Շրի Լանկան, Ինդոնեզիան, Պապուա Նոր Գվինեան և Թիմոր Լեշթին։ Ավստրալիայի քարտեզի վրա երևում են Հյուսիսային տերիտորիան, Արևմտյան Ավստրալիայի նահանգները, Քվինսլենդը և Նոր Հարավային Ուելսը

Շատ անելիքներ՝ մեր իսկ երկրում

Հաջորդ մեկ տարվա մեջ ժամանակ առ ժամանակ հետ էինք գնում Ավստրալիա, որ Լեանը հավելյալ բուժում ստանար։ Եվ ի վերջո 2012-ին մեզ խնդրեցին, որ մնանք Ավստրալիայում և հոգանք մեր առողջական հարցերը։ Այդ ընթացքում մեծագույն դժվարությունը ոչ թե ֆիզիկական տկարությունն էր, այլ այդքան տարի երկրից բացակայելուց հետո զգացապես ու մտային առումով հարմարվելը։ Մենք տխրել էինք, որ պետք է թողնենք մեզ նշանակված ծառայությունը և բաժանվենք մեր հոգևոր ընտանիքից՝ մեր թանկ հավատակիցներից, որոնց այնքան շատ էինք սիրում։ Այնպիսի զգացողություն ունեինք, թե ինչ-որ հարցում թերացել ենք ու այլևս պիտանի չենք Եհովային։ Մեր երկար բացակայությունից հետո չէինք կարողանում Ավստրալիան մեր տունը համարել։ Բայց մեր եղբայրներն ու քույրերը անգնահատելի աջակցություն ցույց տվեցին մեզ այդ ծանր պահին։

Լեանի ապաքինումից հետո սկսեցինք Նոր Հարավային Ուելսում՝ Սիդնեյից հարավ գտնվող Վուլոնգոնգ քաղաքում ծառայել որպես հատուկ ռահվիրա։ Մոտ մեկ տարի անց հրավեր ստացանք սովորելու քրիստոնյա զույգերի համար նախատեսված աստվածաշնչյան դպրոցում (այժմ կոչվում է Թագավորության քարոզիչների դպրոց)։ Դրանից հետո Ավստրալիայի մասնաճյուղը մեզ նշանակեց շրջանային ծառայության։ Տարիներ շարունակ մենք տարբեր ժողովների ու խմբերի ենք այցելել մարդաշատ քաղաքներում, հեռավոր անապատային բնակավայրերում և ձկնորսական գյուղերում։ Ներկա պահին նշանակված ենք ծառայելու Ավստրալիայի հյուսիսարևմտյան չորային շրջաններում և Թիմոր Լեշթիի ողջ տարածքում։

Ուորենը և Լեանը ծովափին քարոզում են մի տղամարդու

Քարոզում ենք Թիմոր Լեշթիում

Ես ունեմ հոգևոր նպատակների վրա կենտրոնացած ու ամեն հարցում ինձ աջակցող այնպիսի հրաշալի կողակից, որի մասին չէի էլ կարող երազել։ Նա ամենաթանկ նվերն է Եհովայից։ Լեանը երբեք դեմ չի եղել որևէ նշանակման, ինչքան էլ դժվար ու անհարմար պայմաններում լիներ մեր ծառայությունը։ Երբ էլ նրան հարցնում են, թե ինչպես է տանում այդ դժվարությունները, նա ասում է. «Ես ամեն ինչ պատմում եմ Եհովային»։ Այնուհետև նա կարդում է Աստվածաշունչը՝ ձգտելով հասկանալ, թե Եհովան ինչ է իրեն սովորեցնում. ինչպես ճիշտ կլինի մտածել, զգալ ու գործել։

Հետ նայելով իմ ապրած տարիներին՝ երբեք չեմ ափսոսում, որ ոչ թե սպորտային կարիերայի եմ ձգտել, այլ թույլ եմ տվել՝ Եհովան ուղղորդի իմ կյանքը։ Համոզվել եմ, որ Եհովան իսկապես կարող է մեզ ինչպես հարկն է ուսուցանել, որ անենք իր տված ցանկացած հանձնարարություն, եթե պատրաստակամորեն ընդունենք այն։ Սովորել եմ, որ դժվարությունների բախվելիս կամ որոշումներ կայացնելիս անպայման պետք է աղոթեմ Եհովային և ամեն օր նրանից խնդրեմ իմաստություն ու իր սուրբ ոգին։ Մեր սիրառատ Հայրը՝ Եհովան, մեզ հարուստ ու իմաստալից կյանք է պարգևել։ Ոգևորությամբ սպասում ենք, թե նա մեզ նման «կավե անոթների» միջոցով ուրիշ ինչեր կիրագործի (2 Կորնթացիներ 4։7)։

a Մաքս Լոյդի կենսագրությունը կարող եք գտնել «Դիտարանի» 2012 թ. հուլիս 15-ի թողարկման 17-21-րդ էջերում։

b 2011 թ. «Եհովայի վկաների տարեգրքի» 129-134-րդ էջերում (անգլ․) պատմվում է շրջանային ծառայության ընթացքում նավակով կատարած մեր այցելություններից մեկի մասին։

c Տես «Կորալային խութեր՝ ամպերի մեջ» հոդվածը («Դիտարան», 2010 թ., մարտի 1, էջ 16-17)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը