Աստվածաշնչի տեսակետը
Արդյո՞ք միայն մեկ ճշմարիտ Աստված գոյություն ունի
ՄՈՂՈՔԸ, Աստարովթը, Բահաղը, Դագոնը, Մարովդաքը, Դիոսը, Հերմեսը և Արտեմիսը Աստվածաշնչում հիշատակված աստվածներից և աստվածուհիներից մի քանիսն են (Ղեւտացոց 18։21; Դատաւորաց 2։13; 16։23; Երեմիա 50։2; Գործք 14։11; 19։24)։ Սակայն Գրություններում միայն Եհովան է կոչվում Ամենակարող Աստված։ Հաղթական երգում Մովսեսը հետևյալ խոսքերն ասաց. «Ո՞վ է աստուածների մէջ քեզ պէս, ով Եհովայ» (Ելից 15։11)։
Սուրբ Գրություններում հստակ ասվում է, որ Եհովան բարձր է բոլոր մյուս աստվածներից։ Սակայն ի՞նչ դեր ունեն այս աստվածները։ Արդյո՞ք դրանք և անհամար այլ աստվածներ, որոնց դարեր շարունակ երկրպագել են, իրական աստվածներ են և ստորադաս են Ամենակարող Աստծուց՝ Եհովայից։
Աստվածներ, որոնք գոյություն ունեն միայն մարդկանց երևակայության մեջ
Աստվածաշունչը բնորոշում է Եհովային որպես միակ ճշմարիտ Աստծու (Սաղմոս 83։18; Յովհաննէս 17։3)։ Եսայիա մարգարեն արձանագրեց հենց Աստծու խոսքերը, երբ ասաց. «Ինձանից առաջ մի աստուած չ’կազմուեցաւ, եւ ինձանից յետոյ չի լինելու։ Ես եմ Եհովայ. եւ ինձանից ջոկ Փրկիչ չ’կայ» (Եսայիա 43։10, 11)։
Մյուս բոլոր աստվածները ոչ միայն ստորադաս են Եհովայից, այլև գոյություն անգամ չունեն. դրանք միայն մարդկանց երևակայության մեջ են գտնվում։ Աստվածաշնչում այդ աստվածները համարվում են «մարդի ձեռքի գործք...., որոնք ոչ տեսնում են, ոչ լսում, ոչ ուտում են եւ ոչ հոտոտում» (Բ Օրինաց 4։28)։ Աստվածաշունչը հստակ կերպով սովորեցնում է, որ Եհովան է միայն ճշմարիտ Աստվածը։
Զարմանալի չէ, որ Գրություններում հստակ նախազգուշացումներ են տրվում, Եհովայից բացի, որևէ այլ աստծու երկրպագելու վերաբերյալ։ Օրինակ՝ Մովսեսին տրված Տասը պատվիրանների սկզբում վաղեմի Իսրայել ազգին ասվում էր չերկրպագել ուրիշ աստվածների (Ելից 20։3)։ Ինչո՞ւ։
Առաջին պատճառն այն է, որ ինչ–որ աստծու երկրպագելը, որը նույնիսկ գոյություն չունի, մեծ անարգանք է Ստեղծիչի հանդեպ։ Աստվածաշնչում այս կեղծ աստվածների երկրպագուների մասին հետևյալն է ասվում. «Աստուծոյ ճշմարտութիւնը ստութեան հետ փոխեցին. եւ երկրպագեցին եւ պաշտեցին ստեղծուածներին քան թէ Ստեղծողին» (Հռովմայեցիս 1։25)։ Հաճախ այս հնարովի աստվածներին պատկերում են կուռքերի միջոցով, որոնք պատրաստվում են բնության մեջ գոյություն ունեցող նյութերից, ինչպես օրինակ՝ մետաղից կամ փայտից։ Շատ աստվածություններ առնչություն ունեն բնության տարրերի հետ, օրինակ՝ որոտի, քամու կամ օվկիանոսների։ Հետևաբար այսպիսի կեղծ աստվածներին երկրպագելը Ամենակարող Աստծու հանդեպ մեծ անարգանք է։
Ստեղծիչի համար կեղծ աստվածները և կուռքերը գարշելի են։ Սակայն Աստծու տհաճությանը արժանանում են հատկապես նրանք, ովքեր ստեղծել են այս կեղծ աստվածներին։ Աստծու զգացումները արտահայտված են հետևյալ խոսքերում. «Հեթանոսների կուռքերը արծաթ եւ ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։ Բերան ունին եւ չեն խօսում. աչքեր ունին եւ չեն տեսնում. Ականջներ ունին եւ չեն լսում, եւ բնաւ շունչ չ’կայ նորանց բերանումը։ Նորանց նման են նորանց շինողները, եւ բոլոր նորանց յուսացողները» (Սաղմոս 135։15–18)։
Գոյություն ունի ևս մեկ պատճառ, թե ինչու է Աստվածաշունչը խստորեն նախազգուշացնում, որ չպետք է պաշտել մեկ ուրիշի կամ ինչ–որ բանի, բացի Եհովա Աստծուց. դա ժամանակի և ջանքերի հսկայական կորուստն է։ Եսայիա մարգարեն դրա վերաբերյալ գրեց. «Ո՞վ է որ աստուած է շինում, եւ կուռք է ձուլում, որ անպիտան է» (Եսայիա 44։10)։ Աստվածաշունչը նաև նշում է, որ «ազգերի բոլոր աստուածները կուռքեր են [«անօգուտ են», ՆԱ]» (Սաղմոս 96։5)։ Կեղծ աստվածները ոչինչ են և երկրպագել ոչնչի նշանակում է ձեռք բերել ոչինչ։
Հիսուսը, հրեշտակները և Սատանան
Երբեմն Գրությունները աստված են կոչում անձնավորությունների։ Սակայն ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «աստված» բառը այս դեպքում չի մատնանշում, որ այդ անձնավորությունները աստվածներ են։ Բնագիր լեզուներում, որոնցով գրվել է Աստվածաշունչը, «աստված» բառը նաև օգտագործվում է բնորոշելու համար անձնավորության, որը զորեղ է, աստվածային կամ սերտորեն հաղորդակցվում է Ամենակարող Աստծու հետ։
Օրինակ՝ որոշ աստվածաշնչյան համարներում Հիսուս Քրիստոսի մասին խոսվում է որպես աստծու (Եսայիա 9։6, 7; Յովհաննէս 1։1, 18)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Հիսուսին պետք է երկրպագել։ Հիսուսն ինքն ասաց. «Քո Տէր Աստուծուն պէտք է երկրպագութիւն անես, եւ նորան միայն պաշտես» (Ղուկաս 4։8)։ Չնայած այն բանին, որ Հիսուսը զորեղ և աստվածային անձնավորություն է, Գրություններում չի նշվում, թե պետք է երկրպագել նրան։
Հրեշտակների մասին նույնպես Աստվածաշունչը խոսում է որպես աստվածային էակների (Սաղմոս 8։5, ՆԱ; Եբրայեցիս 2։7)։ Այնուհանդերձ, Գրություններում ոչ մի տեղ հորդոր չի տրվում երկրպագել հրեշտակների։ Մի անգամ տարեց Հովհաննես առաքյալը այնքան էր ցնցվել հրեշտակի ներկայությունից, որ ընկավ նրա ոտքերի առաջ՝ նրան երկրպագելու։ Սակայն հրեշտակն ասաց. «Զգոյշ կաց, մի անիր.... Տէր Աստուծուն երկրպագիր» (Յայտնութիւն 19։10)։
Ինչ վերաբերում է Սատանային, ապա Պողոս առաքյալը նրան անվանեց «այս աշխարհքի աստուածը» (Բ Կորնթացիս 4։4)։ Լինելով «աշխարհքի իշխանը»՝ Սատանան դրդում է մարդկանց երկրպագել անհամար կեղծ աստվածների (Յովհաննէս 12։31)։ Ուստի մարդակերտ աստվածներին մատուցած երկրպագությունը իրականում Սատանային է մատուցվում։ Սակայն Սատանան արժանի չէ մեր երկրպագությանը։ Նա ինքնակոչ իշխան, բռնապետ է։ Ի վերջո թե՛ ինքը, թե՛ կեղծ երկրպագության բոլոր ձևերը կոչնչացվեն։ Երբ դա տեղի ունենա, ողջ մարդկությունը, այո՛ ողջ արարչագործությունը հավիտյան կճանաչի Եհովային որպես միակ ճշմարիտ և կենդանի Աստծու (Երեմիա 10։10)։
ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՔ ԻՄԱՆԱԼ
◼ Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում կռապաշտության վերաբերյալ (Սաղմոս 135։15–18)։
◼ Պե՞տք է արդյոք երկրպագել Հիսուսին և հրեշտակներին (Ղուկաս 4։8)։
◼ Ո՞վ է միակ ճշմարիտ Աստվածը (Յովհաննէս 17։3)։
[Նկարներ 30–րդ և 31–րդ էջերի վրա]
Կուռքեր (ձախից աջ)՝ Մարիամ, Իտալիա. եգիպտացորենի աստված (մայա), Մեքսիկա և Կենտրոնական Ամերիկա. Աստարովթ, Քանան. Ֆետիշ, Սիերա Լեոնե. Բուդդա, Ճապոնիա. Չիկոմեկոատլ (ացտեկներ), Մեքսիկա. Հոր, Եգիպտոս. Զևս, Հունաստան
[Թույլտվությամբ]
Maize god, Horus falcon, and Zeus: Photograph taken by courtesy of the British Museum