Ինչպե՞ս երջանիկ լինել ամուսնության մեջ
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ կարելի է նմանեցնել երկար ճանապարհորդության՝ լի հաճելի և տհաճ անակնկալներով։ Անծանոթ «վայրերում» անսպասելի դժվարություններ գուցե ծագեն, իսկ դրանցից մի քանիսը նույնիսկ անհաղթահարելի կարող են թվալ։ Բայցևայնպես, շատ զույգեր կարողանում են այդ «ճանապարհորդությունը» հաջող և ուրախ դարձնել, չհաշված մի քանի տհաճ դեպքերը։ Այո՛, երջանիկ ամուսնությունը կախված է ոչ այնքան «ճանապարհին» եղող խոչընդոտների քանակից, որքան այն բանից, թե ինչպես է զույգը հաղթահարում դրանք։
Ձեր կարծիքով՝ ի՞նչը կնպաստի, որ «ճանապարհորդությունը» անցնի անփորձանք ու հաճելի։ Շատ կողակիցներ այնպիսի «քարտեզի» կարիք են զգում, որն իրենց կօգներ ամբողջ «ճանապարհորդության» ընթացքում։ Ամենահուսալի և ամենահեղինակավոր «քարտեզը» ամուսինների համար կազմել է ամուսնության Հիմնադիրը՝ Եհովա Աստված։ Դա նրա Խոսքն է՝ Աստվածաշունչը։ Այդ «քարտեզը» չունի մոգական զորություն, բայց ունի գործնական խորհուրդներ, որոնք կարող են զույգերին ճիշտ առաջնորդություն տալ (Սաղմոս 119։105; Եփեսացիներ 5։21–33; 2 Տիմոթեոս 3։16)։
Քննենք մի քանի «ճանապարհային նշաններ»՝ կարևոր աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ամուսնական կյանքի ճանապարհին։
▸ Ամուսնությունը սուրբ համարեք։ «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։6)։ Արարիչը հիմնադրեց ամուսնական կառույցը, երբ առաջին տղամարդուն և կնոջը՝ Ադամին ու Եվային, միավորեց ամուսնական կապով (Ծննդոց 2։21–24)։ Հիսուս Քրիստոսը երկնքից այս իրադարձության ականատեսն էր, իսկ երբ արդեն երկրի վրա էր, հաստատեց, որ Ադամն ու Եվան, ըստ Աստծու մտադրության, պետք է միշտ երջանիկ ամուսնական զույգ լինեին։ Նա ասաց. «Դուք չե՞ք կարդացել, որ նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ ստեղծեց նրանց ու ասաց. «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն»։ Այնպես որ նրանք այլևս երկուսը չեն, այլ մեկ մարմին են։ Ուրեմն, ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։4–6)։
Ասելով «ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ»՝ Հիսուսը նկատի չուներ այն, թե Աստված է որոշում՝ ով ում հետ է ամուսնանալու։ Հիսուսը պարզապես ուզում էր ասել, որ ամուսնական կառույցը ստեղծել է անձամբ Աստված, ուստի այն պետք է սուրբ համարելa։
Անշուշտ, ամուսինն ու կինը չեն ցանկանա միավորված լինել մի այնպիսի լծի տակ, որը ընդամենը սառը, անսեր գոյակցություն է։ Նրանք կցանկանան բավականություն ստանալ համատեղ կյանքից։ Կողակիցները «մեկ լծի տակ» երջանիկ կլինեն, եթե կիրառեն իրենց Արարչի գործնական խորհուրդները, որոնք կարող են գտնել Աստվածաշնչում։
Քանի որ բոլորս անկատար ենք, տարաձայնություններն անխուսափելի են։ Սակայն հաճախ՝ ամուսինները երջանիկ կլինեն, թե՝ ոչ՝ ավելի շատ կախված է ոչ թե նրանից, թե որքանով են նրանք իրար համապատասխանում, այլ նրանից, թե որքանով են կարողանում հարթել իրենց անհամապատասխանությունները։ Ուստի շատ կարևոր է կարողանալ լուծել խնդիրները սիրո մթնոլորտում, քանի որ սերը «միասնության կատարյալ կապն է», այսինքն՝ կատարյալ ներդաշնակություն է ստեղծում (Կողոսացիներ 3։14)։
▸ Խոսեք հարգանքով։ «Մարդիկ կան, որոնց անմիտ խօսքերը սուրի պէս կը խոցոտեն, բայց իմաստուններուն լեզուն բժշկութիւն է» (Առակաց 12։18, ԱԱ)։ Մասնագետները պարզել են, որ զրույցների մեծամասնությունը ավարտվում է այնպես, ինչպես սկսվում է։ Ուստի եթե զրույցը սկսվում է հարգալից տոնով, ապա շատ հավանական է, որ նույն ձևով էլ վերջանա։ Դուք գիտեք, թե ինչ ցավ է պատճառում այն, երբ ձեր սիրելի անձնավորությունը անմտորեն է խոսում ձեզ հետ։ Հետևաբար աղոթեք Աստծուն, որ ձեզ օգնի խոսել հարգանքով և ջերմությամբ (Եփեսացիներ 4։31)։ Հարուկոb անունով մի ճապոնուհի, որն ամուսնացած է արդեն 44 տարի, ասում է. «Ճիշտ է, մենք տեսնում ենք միմյանց սխալները, բայց դա չի խանգարում, որ իրար հարգենք խոսքով և գործով։ Դրա շնորհիվ ես ու ամուսինս երջանիկ ենք»։
▸ Ձգտեք լինել բարի և կարեկից։ «Մեկդ մյուսիդ հանդեպ եղեք բարի, խորապես կարեկից» (Եփեսացիներ 4։32)։ Եթե ամուսիններից մեկը տարաձայնության պատճառով բարկացած է, ապա դա կարող է փոխանցվել մյուսին։ Անետը (Գերմանիա), որ ամուսնացած է 34 տարի ու երջանիկ է, խոստովանում է. «Հեշտ չէ լարված ժամանակ հանդարտ մնալ. դու հակված ես ասելու բաներ, որոնք ցավ կպատճառեն կողակցիդ։ Իսկ դա ավելի կբարդացնի իրավիճակը»։ Եթե ձգտեք լինել բարի և կարեկից, կկարողանաք շատ բան անել, որ ձեր «ճանապարհորդությունը» անցնի հանգիստ ու հաճելի։
▸ Եղեք խոնարհ։ «Ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք» (Փիլիպպեցիներ 2։3)։ Շատ ընդհարումների պատճառն այն է, որ կողակիցներից մեկը՝ հպարտությունից դրդված, ամեն ինչում մեղադրում է մյուսին՝ փոխանակ խոնարհաբար փնտրելու ուղիներ՝ իրավիճակը հարթելու համար։ Եթե հակված եք ամեն գնով հաղթելու վեճի մեջ, ապա խոնարհամտությունը կօգնի ձեզ պայքարելու դրա դեմ։
▸ Իսկույն մի վիրավորվեք։ «Մի շտապիր հոգովդ բարկանալու [«վիրավորվելու», ՆԱ]» (Ժողովող 7։9)։ Երբ ձեր կողակիցը տեսակետ է հայտնում, մի շտապեք հերքել այն, և երբ նա հարց է տալիս ձեր ասածի կամ արածի վերաբերյալ, իսկույն մի անցեք «ինքնապաշտպանության»։ Փոխարենը՝ լսեք նրան և փորձեք հասկանալ։ Նախքան պատասխանելը լավ մտածեք։ Շատ զույգեր շատ ուշ են հասկացել, որ սիրտը շահելը ավելի մեծ հաղթանակ է, քան վեճը շահելը։
▸ Կա «լռելու ժամանակ»։ «Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1։19)։ Անկասկած, լավ հաղորդակցությունը ամենից կարևոր «ճանապարհային նշաններից» մեկն է, որը կօգնի ամուսիններին երջանիկ լինել։ Այդ դեպքում ինչո՞ւ է Աստվածաշունչն ասում, որ կա «լռելու ժամանակ» (Ժողովող 3։7)։ Այդ «ժամանակը» այն ժամանակն է, երբ հարկավոր է ուշադիր լսել կողակցին, ինչը կարևոր է հաղորդակցության մեջ։ Ուշադիր լսելով՝ դուք կհասկանաք, թե ինչ է իրականում զգում և մտածում ձեր կողակիցը և ինչու։
▸ Լսեք, հասկացեք, զգացեք։ «Ուրախացողների հետ ուրախացե՛ք, լաց լինողների հետ լա՛ց եղեք» (Հռոմեացիներ 12։15)։ Առանց կողակցի խորին զգացմունքները հասկանալու, տրամադրությունը զգալու և նրա կարծիքը հարգելու՝ հնարավոր չէ լավ հաղորդակցվել։ Նելան (Բրազիլիա), որ ամուսնացած է 32 տարի, ասում է. «Երբ ես ու Մանուելը խոսում ենք խնդիրների մասին, միշտ շատ ուշադիր եմ լսում, որպեսզի հասկանամ նրա մտքերն ու զգացմունքները»։ Երբ ձեր կողակիցը խոսում է, ուրեմն «լռելու ժամանակն» է. հարկավոր է լսել, հասկանալ, զգալ։
▸ Գնահատանք արտահայտելը սովորություն դարձրեք։ «Երախտագե՛տ եղեք» (Կողոսացիներ 3։15)։ Ամուր ամուսնական կապին բնորոշ է այն, որ ամուսինները իրար հանդեպ գնահատանք են ցույց տալիս։ Սակայն որոշ կողակիցներ իրենց առօրյայում անտեսում են այս «ճանապարհային նշանը»՝ մտածելով, որ առանց դրա էլ մյուս կողակիցը իրեն գնահատված է զգում։ Հոգեբան Էլեն Վոկտելն ասում է. «Զույգերի մեծամասնությունը գնահատանք կարտահայտեր, եթե պարզապես մտածեր, որ կարելի է դա անել»։
Հատկապես կինն է կարիք զգում լսելու սիրո և գնահատանքի խոսքեր։ Ամուսիննե՛ր, դուք շատ բան կարող եք անել, որ ձեր ամուսնությունը ամուր լինի։ Ձեր կինը և հենց դուք երջանիկ կլինեք, եթե նպատակ դնեք երախտագիտության խոսքեր ասելու նրան լավ գործերի և հատկությունների համար։
Անհրաժեշտ են հավաստիացումներ թե՛ խոսքով և թե՛ գործով։ Երբ դուք քնքշորեն համբուրում եք ձեր կնոջը, մեղմորեն հպվում եք նրան, ջերմորեն ժպտում եք, ավելին եք ասում, քան պարզապես՝ «ես քեզ սիրում եմ»։ Այդպես ձեր կինը կզգա, որ ինքը շատ թանկ է ձեզ համար, և դուք նրա կարիքը շատ եք զգում։ Զանգահարեք կամ հաղորդագրություն ուղարկեք՝ ասելով՝ «կարոտել եմ քեզ», «օրդ ինչպե՞ս է անցնում»։ Եթե մտերմության շրջանից հետո սկսել եք «մոռանալ» նման խոսքեր ասելը, ապա վատ չէր լինի վերականգնել այդ սովորությունը։ Շարունակեք բացահայտել, թե ինչ է դուր գալիս ձեր կնոջը։
Հին Իսրայելի Լեմուել թագավորի մայրն ասաց. «[Առաքինի կնոջ] մարդը կանգնում է եւ գովասանում նորան. Շատ աղջիկներ են առաքինութիւն գործել, բայց դու նորանց ամենիցն էլ գերազանց եղար» (Առակաց 31։1, 28, 29)։ Վերջին անգամ ե՞րբ եք գովել ձեր կնոջը։ Իսկ դուք, կանայք, վերջին անգամ ե՞րբ եք գովել ձեր ամուսիններին։
▸ Մի հապաղեք ներել։ «Թող արևը մայր չմտնի, քանի դեռ դուք զայրացած վիճակում եք» (Եփեսացիներ 4։26)։ Ամուսինները չեն կարող չսխալվել։ Նրանցից յուրաքանչյուրը ինչ–որ սխալ անում է։ Հետևաբար շատ կարևոր է ներելու պատրաստ լինել։ Քլայվն ու Մոնիկան (Հարավաֆրիկյան Հանրապետություն), որոնք 43 տարվա ամուսիններ են, Աստվածաշնչի այս խորհուրդը շատ օգտակար են համարում։ Քլայվն ասում է. «Մենք ջանում ենք կիրառել Եփեսացիներ 4։26–ում գրված սկզբունքը։ Ձգտում ենք իսկույն ներել իրար, որովհետև գիտենք՝ դա հաճելի է Աստծուն։ Դրանից հետո արդեն մեզ լավ ենք զգում և հանգիստ խղճով գնում ենք քնելու»։
Հին իմաստուն առակն ասում է. «Մարդիս.... փառքը յանցանք ներելն է» (Առակաց 19։11)։ Անետը, որի մասին նշվեց վերևում, համաձայն է այս մտքին և ավելացնում է. «Լավ ամուսնությունն անհնար է առանց միմյանց ներելու»։ Նա բացատրում է. «Հակառակ դեպքում մեծանում է վրդովմունքը, անվստահությունը, և դա թունավորում է ամուսնությունը։ Եթե կողակիցները ներում են, նրանց փոխհարաբերությունները ամրանում են, և նրանք ավելի են մտերմանում»։
Եթե վիրավորել եք ձեր կողակցին, մի մտածեք, թե դա նրա վրա առանձնապես չի ազդի, և նա շուտով կմոռանա այդ մասին։ Խաղաղություն հաստատելու համար հաճախ հարկ է լինում անելու ամենադժվար բաներից մեկը, որ ամուսինները պետք է անեն. ընդունել սեփական սխալը։ Ուստի փորձեք ասել մոտավորապես այսպիսի խոսքեր. «Ների՛ր, սիրելի՛ս։ Ես սխալ էի»։ Եթե խոնարհաբար ներողություն խնդրեք, կշահեք ձեր կողակցի հարգանքը և կնպաստեք փոխադարձ վստահությանը։ Ձեր հոգու խորքում անդորր կլինի։
▸ Նվիրված եղեք ձեր կողակցին։ Ձեր կապը ամուր պահեք։ «Նրանք [ամուսինն ու կինը] այլևս երկուսը չեն, այլ մեկ մարմին են։ Ուրեմն, ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։6)։ Դուք Աստծու և մարդկանց առաջ միմյանց երդում եք տվել, որ կմնաք միասին, ինչպիսի խնդիրներ էլ որ ծագեն ապագայումc։ Նվիրվածությունը հիմնված չէ պարզապես իրավական պարտավորությունների վրա։ Այն հիմնված է անկեղծ սիրո ու հարգանքի վրա։ Նվիրված ամուսինները պատվում են միմյանց և Աստծուն։ Ուստի երբեք մի նսեմացրեք ձեր սուրբ կապը՝ ֆլիրտ անելով ուրիշների հետ։ Ձեր աչքերը ուղղեք միայն կողակցի կողմը (Մատթեոս 5։28)։
▸ Անձնազոհությունը ամրացնում է ամուսնական կապը։ «Փնտրեք ոչ միայն ձեր սեփական շահը, այլ նաև ուրիշների շահը» (Փիլիպպեցիներ 2։4)։ Ամուսնական կապը կամրանա, եթե ձեր կողակցի կարիքներն ու նախասիրությունները ավելի վեր դասեք, քան ձերը։ Պրեմջին, որ ամուսնացած է 20 տարի, տնային գործերում օգնում է իր կնոջը, որը լրիվ աշխատանքային օր է աշխատում։ «Ես Ռիտային օգնում եմ ճաշ պատրաստելու, տունը մաքրելու և այլ գործերում, ու նա ժամանակ է ունենում զբաղվելու իրեն հաճելի բաներով»։
Ջանքերը վարձատրվում են
Քանի որ շատ ջանք է հարկավոր երջանիկ ամուսնական կյանք ունենալու համար, երբեմն գուցե հանձնվելու ցանկություն առաջանա ձեր մեջ։ Սակայն թույլ մի տվեք, որ անհաջողությունները ձեզ հաղթեն կամ ստիպեն լքելու այն ամենը, ինչ արել եք հանուն ձեր ամուր կապի. դուք միասին արդեն բավական «ճանապարհ» եք անցել, ուստի մի հանձնվեք։
«Եթե ջանք չխնայեք և անկեղծորեն ցանկանաք, որ ձեր ամուսնությունը երջանիկ լինի, Եհովան կօրհնի ձեզ»,— ասում է Սիդը, որն ամուսնացած է 33 տարի և երջանիկ է։ Ձեր «ճանապարհորդությունը» հաջող և ուրախ կանցնի, եթե նեղ ժամանակ իրար հավատարմորեն օգնեք, իսկ ուրախ պահերը միասին վայելեք։
[Ծանոթագրություններ]
a Հիսուսն ասաց, որ անհատը կարող է ամուսնալուծվել և կրկին ամուսնանալ միայն այն դեպքում, եթե տեղի է ունեցել պոռնկություն՝ արտամուսնական սեռական հարաբերություն (Մատթեոս 19։9)։
b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։
c Ըստ Աստվածաշնչի՝ անմեղ կողակիցը իրավունք ունի որոշելու՝ ամուսնալուծվե՞լ շնություն գործած կողակցից, թե՞ ոչ (Մատթեոս 19։9)։ Տե՛ս «Արթնացե՛ք»–ի 1995 թ. օգոստոսի 8–ի համարը (էջ 10, ռուս.)։
[Մեջբերում 6–րդ էջի վրա]
Աստվածաշունչը նման է քարտեզի, որն օգնում է կողակիցներին անվտանգ «ճանապարհորդել»
[Շրջանակ 7–րդ էջի վրա]
Եթե անհրաժեշտ է քննարկել ինչ–որ խնդիր
◼ Ընտրեք այնպիսի ժամանակ, երբ ձեզնից ոչ ոք հոգնած չէ։
◼ Մի քննադատեք. դրականորեն տրամադրվեք միմյանց հանդեպ։
◼ Մի ընդհատեք. լսեք մինչև վերջ, հետո խոսեք։
◼ Հասկացեք ձեր կողակցի զգացմունքները։
◼ Միմյանց լսեք, հասկացեք ու զգացեք, նույնիսկ եթե իրար հետ համաձայն չեք։
◼ Եղեք ողջամիտ և ճկուն։
◼ Խոնարհաբար ներողություն խնդրեք, երբ սխալ եք գործում։
◼ Արտահայտեք գնահատանք և սեր։
[Շրջանակ 8–րդ էջի վրա]
Որպեսզի երջանիկ լինեք
◼ Միշտ առաջնորդվեք աստվածաշնչյան սկզբունքներով։
◼ Ժամանակ ունեցեք ձեր կողակցի համար։
◼ Ցույց տվեք ջերմություն, սեր, կապվածություն։
◼ Եղեք վստահելի և նվիրված։
◼ Եղեք բարի և հարգալից։
◼ Մասնակցեք տնային գործերին։
◼ Ամեն ինչ արեք, որ ձեր խոսակցությունները հաճելի լինեն։
◼ Կատակեք իրար հետ և միասին ժամանակ անցկացրեք։
◼ Միշտ ամրացրեք ձեր ամուսնական կապը։
[Շրջանակ 9–րդ էջի վրա]
Ինքներդ ձեզ հարցրեք
◼ Առաջին հերթին ի՞նչ պետք է անեմ, որ ամուսնությունս երջանիկ լինի։
◼ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեմ դրա համար։