Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/10 էջ 18–20
  • Ինչո՞ւ տղաները ինձ չեն հավանում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ տղաները ինձ չեն հավանում
  • 2010 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ անել
  • Ի՞նչ չանել
  • Հարգիր քո արժանապատվությունը
  • Ինչո՞ւ տղաները ինձ չեն հավանում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչո՞ւ աղջիկները ինձ չեն հավանում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչո՞ւ աղջիկները չեն հավանում ինձ
    2009 Արթնացե՛ք
  • Պարզապես ընկերնե՞ր ենք, թե՞... մաս 2
    2012 Արթնացե՛ք
Ավելին
2010 Արթնացե՛ք
g 4/10 էջ 18–20

Երիտասարդները հարցնում են

Ինչո՞ւ տղաները ինձ չեն հավանում

Այս տղան գիտի, որ ես ճանաչված եմ, քանի որ ասել եմ, թե ինչքան շատ տղաներ են ինձ հավանում։ Նա ծիծաղեց, երբ ասացի, թե որքան անմիտ են եղել ընկերներիցս ոմանք։ Բացի այդ, նա գիտի, որ ես խելացի աղջիկ եմ, որովհետև երբ խոսում է, երբեմն ուղղում եմ նրան։ Հետաքրքիր է, ե՞րբ է ինձ առաջարկություն անելու։

Ճիշտ է, նա սիրուն է, բայց դատարկ աղջիկ է։ Հազվադեպ եմ խոսելու առիթ ունենում։ Իսկ երբ ինչ–որ բան էլ ասում եմ, շտապ ինձ ուղղում է։ Այդ պահին մտածում եմ, թե երբ եմ պրծնելու նրանից։

ԵՐԲԵՄՆ մտածո՞ւմ ես, թե դու գրավիչ չես տղաների համար։ Շատ աղջիկներ, անգամ նրանք, ովքեր քո կարծիքով ընդհանրապես խնդիր չունեն այս հարցում, այդպես են մտածում։ Օրինակ՝ Ջոանը, որը թեև գեղեցիկ է, խելացի և ազատ արտահայտում է իր մտքերը ուրիշների ներկայությամբ, ասում է. «Հաճախ ինձ թվում է, թե ես տղաներին դուր չեմ գալիս։ Մի քանիսը, ում ես հավանել եմ, որոշ ժամանակով հետաքրքրություն ցույց տվել են իմ հանդեպ, բայց հետո խզել են կապերը»։

Իսկ ի՞նչն է աղջկան գրավիչ դարձնում տղայի աչքին։ Եվ հակառակը՝ ի՞նչը նրան դուր չի գալիս։ Կարիք չկա թերարժեքության զգացումով տառապելու։ Դու պարզապես պետք է իմանաս, թե ինչ է հարկավոր անել քո հավանած տղայի ուշադրությունը գրավելու համար։

Ի՞նչ անել

● Իմացիր, թե ինչ կա քո մտքում և սրտում։ Հավանաբար հասունության շրջանում տղաները սկսել են քեզ ավելի շատ դուր գալ։ Գուցե մեկից ավելի տղաների ես հավանել։ Դա բնական է։ Սակայն եթե առաջին պատահած տղայի առաջ բացել ես սիրտդ, ապա կարելի է ասել, որ վտանգի ես ենթարկել քո փոխհարաբերությունները Աստծու հետ։ Հիշիր՝ ժամանակ է հարկավոր, որ լավ հատկություններ մշակես, «միտքդ նորոգես» և քո նպատակներին հասնես (Հռոմեացիներ 12։2; 1 Կորնթացիներ 7։36; Կողոսացիներ 3։9, 10)։

Ճիշտ է, շատ տղաների գրավում են այնպիսի աղջիկներ, որոնք դեռ ձևավորված տեսակետներ չունեն կամ միամիտ են։ Սակայն հիմնականում նման տղաներին հետաքրքրում է աղջկա մարմինը և ոչ թե նրա ներքին անձնավորությունը։ Իրականում, հավասարակշռված տղան այնպիսի աղջիկ է փնտրում, որը ուժեղ անձնավորություն է և կարող է լրացում լինել իրեն (Մատթեոս 19։6)։

Ինչ են ասում տղաները։ «Ինձ համար գրավիչ է այն աղջիկը, որը ինչ–որ հարցի վերաբերյալ իր սեփական կարծիքն ունի և ինքնահաստատված անձնավորություն է» (Ջեյմս)։

«Ինձ դուր է գալիս այն աղջիկը, ով կարողանում է անկեղծորեն, հարգալից կերպով արտահայտել իր մտքերը և առանց մտածելու շտապ չի համաձայնվում իմ բոլոր ասածներին։ Անգամ եթե աղջիկը գեղեցիկ է, միևնույն է, ես ինձ լավ չեմ զգում նրա ներկայությամբ, եթե նա միայն ինձ հաճելի բաներ է խոսում։ Այդպիսի աղջկա մասին մտածելն արդեն վախ է ներշնչում» (Դարեն)։

«Պետք է ասեմ, որ առաջին հայացքից ինձ գեղեցիկ աղջիկներն են դուր գալիս։ Սակայն իմ զգացմունքները կարող են արագ սառչել, եթե այդ աղջիկը չունի կոնկրետ նպատակներ։ Իսկ եթե գիտի, թե ինչ է ուզում, ինչ նպատակներ ունի իր կյանքում, հատկապես եթե արդեն հասել է որոշ նպատակների, ապա ինձ համար այդպիսի աղջիկը շատ հրապուրիչ է» (Դամիեն)։

● Հարգիր ուրիշներին։ Հիշիր, աղջիկները սիրո կարիք ունեն, իսկ տղաները՝ հարգանքի։ Պատահական չէ, որ Աստվածաշունչն ասում է, որ ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, իսկ կանայք պետք է «խոր հարգանք» դրսևորեն ամուսինների հանդեպ (Եփեսացիներ 5։33)։ Հետաքրքիր է, հարյուրավոր երիտասարդ տղամարդկանց հետ անցկացրած մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ ավելի քան 60 տոկոսը ավելի կարևոր է համարում հարգանքը, քան սերը։ Տարիքով ավելի մեծ տղամարդկանց 70 տոկոսը նույնպես այդ կարծիքին է։

Ինչ խոսք, տղայի հանդեպ հարգանք դրսևորել չի նշանակում, որ դու իրավազուրկ ես ու քո կարծիքը արտահայտելու իրավունք չունես (Ծննդոց 21։10–12)։ Սակայն կգրավես տղային, թե կվանես նրան, կախված է այն բանից՝ ինչպես ես արտահայտում քո կարծիքը։ Եթե անընդհատ հակառակվում ես կամ ուղղում ես նրան, հնարավոր է նա մտածի, որ չես հարգում իրեն։ Իսկ եթե հաշվի ես առնում նրա տեսակետը և միևնույն ժամանակ գովում ես նրան ու ոչ թե քննադատում, ապա նա ավելի հակված կլինի ընդունելու քո տեսակետը։ Խորաթափանց տղան նաև նկատում է, թե դու ինչպիսի վերաբերմունք ունես ընտանիքիդ անդամների հանդեպ և արդյոք ուրիշներին հարգանքով ես վերաբերվումa։

Ինչ են ասում տղաները։ «Տղաներին դուր է գալիս, որ իրենց կարծիքը դիմացինը կարևոր է համարում, հատկապես իրենց հավանած աղջիկը» (Էնթոնի)։

«Իմ կարծիքով՝ հարգանքը ամենակարևոր բանն է հենց այն պահից, երբ սկսվում է մտերմությունը։ Սերը հետո էլ կարող է առաջանալ» (Ադրիան)։

«Եթե աղջիկը հարգում է ինձ, ուրեմն հետո էլ կսիրի» (Մարկ)։

● Համեստ հագուկապ ունեցիր և հետևիր անձնական հիգիենային։ Քո արտաքին տեսքը կարելի է նմանեցնել բարձրախոսի, որը ազդարարում է, թե ինչպիսին են քո մտքերն ու վերաբերմունքը։ Հագուկապը կարող է շատ բան ասել քո մասին։ Ուստի եթե պարկեշտ և համեստ արտաքին ունես, դրական ազդեցություն կթողնես դիմացինի վրա (1 Տիմոթեոս 2։9)։ Իսկ եթե հագուստդ ցանկահարույց է կամ տարօրինակ, ապա դա ցույց է տալիս, թե ինչ բացասական մտքեր կան քո մեջ։

Ինչ են ասում տղաները։ «Հագուկապի վերաբերյալ աղջկա չափանիշները շատ բան են ասում նրա մասին։ Եթե նա բաց կամ տարօրինակ հագուստ է կրում, ինձ համար պարզ է, որ ուզում է ուշադրության կենտրոնում լինել» (Ադրիան)։

«Ինձ դուր է գալիս այն աղջիկը, որը լավ խնամված մազեր ունի, նրա վրայից լավ հոտ է գալիս և մեղմ ձայնով է խոսում։ Տարիներ առաջ ես մտերմություն էի անում մի հրապուրիչ աղջկա հետ, սակայն շատ չանցած՝ մեր փոխհարաբերություններին վերջ դրվեց, քանի որ նա չէր հետևում իր հիգիենային» (Ռայեն)։

«Ինձ դուր չի գալիս, որ աղջիկը չափից շատ է շպարվում և ընդգծող ու բաց հագուստ է կրում, որպեսզի գրավի շրջապատի մարդկանց ուշադրությունը» (Էթըն)։

«Եթե աղջիկը արտառոց հագուստ է կրում, ապա անպայման մարդիկ ուշադրություն կդարձնեն նրա վրա։ Սակայն անձամբ ես չէի ցանկանա այդպիսի աղջկա հետ ընկերություն անել» (Նիկոլաս)։

Ի՞նչ չանել

● Խուսափիր ֆլիրտից։ Սովորաբար աղջիկները մեծ ազդեցություն են թողնում տղաների վրա։ Ինչ խոսք, տղային գրավելու ցանկությունը կարող է թե՛ լավ, թե՛ վատ միտումներով լինի (Ծննդոց 29։17, 18; Առակաց 7։6–23)։ Սակայն եթե փորձես գրավել ցանկացած տղայի, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերես ֆլիրտ անող աղջկա համբավ։

Ինչ են ասում տղաները։ «Ինչ խոսք, հաճելի զգացում ես ունենում, երբ կողքդ գեղեցիկ աղջիկ է նստած, հատկապես երբ ուսդ հանկարծ դիպչում է նրա ուսին։ Էլ չեմ ասում, թե ինչքան հաճելի է, երբ աղջիկը խոսելու ընթացքում անընդհատ դիպչում է քեզ, բայց դա ֆլիրտ է» (Նիկոլաս)։

«Եթե աղջիկը անընդհատ առիթներ է փնտրում, որ դիպչի տղայի ձեռքին կամ եթե աչքերով ուզում է գրավել ամեն տղայի, իմ կարծիքով՝ նա ֆլիրտ է անում։ Այդպիսի աղջիկը ինձ համար գրավիչ չի կարող լինել» (Ջոզե)։

«Եթե աղջիկը անընդհատ դիպչում է ցանկացած տղայի և անմիջապես կենտրոնանում է այն տղայի վրա, որը ամենաշատն է իրեն ուշադրություն դարձնում, ապա նա ֆլիրտ է անում» (Էթըն)։

● Չափից շատ ուշադրություն մի՛ պահանջիր։ Երբ տղան ու աղջիկը ամուսնանում են, ինչպես Աստվածաշնչում է գրված, նրանք դառնում են «մեկ մարմին» (Ծննդոց 2։24)։ Այդ ժամանակ թե՛ ամուսինը, թե՛ կինը գիտակցում են, որ իրենք այլևս ամուրի չեն և շատ ազատություն չունեն։ Նրանք նվիրված են իրար և այժմ ավելի շատ միասին են ժամանակ անցկացնում (1 Կորնթացիներ 7։32–34)։ Սակայն եթե դեռ ընկերություն ես անում քո հավանած տղայի հետ և փորձում ես ավելի լավ ճանաչել նրան, չպիտի ակնկալես, որ նա իր ողջ ժամանակը քեզ տրամադրի, և ոչ էլ նա պետք է քեզնից այդպիսի բան պահանջի։ Իսկ եթե պահանջում ես, որ այդպես լինի, ապա կարող ես վերջ դնել ձեր ընկերությանըb։

Ինչ են ասում տղաները։ «Եթե աղջիկը ուզում է տեղյակ լինել իմ ամեն մի քայլից և թույլ չի տալիս, որ բացի իրենից, շփվեմ նաև ուրիշների հետ կամ այլ հետաքրքրություններ ունենամ, ապա նա չափից շատ պահանջկոտ է» (Դարեն)։

«Եթե նոր եմ սկսել հանդիպել աղջկա հետ, ու նա անընդհատ ինձ հաղորդագրություններ է ուղարկում և ուզում է իմանալ, թե ում հետ եմ, հատկապես ուզում է իմանալ այն աղջիկների անունները, որոնց հետ այդ պահին շփվում եմ, ապա դա արդեն նախազգուշացնող ազդանշան է» (Ռայեն)։

«Այն աղջիկը, որը թույլ չի տալիս քեզ ժամանակ անցկացնել ընկերներիդ հետ և ջղայնանում է, որ դու միշտ իր հետ չես ու իրեն չես հրավիրում այլ տեղեր, չափից շատ պահանջկոտ է և ինձ համար գրավիչ չէ» (Ադրիան)։

Հարգիր քո արժանապատվությունը

Հավանաբար ծանոթ ես այնպիսի աղջիկների, որոնք ամեն բանի պատրաստ են, միայն թե գրավեն տղայի ուշադրությունը։ Կան աղջիկներ էլ, որոնք ցածրացնում են իրենց չափանիշները, որպեսզի պարզապես ընկեր կամ ամուսին գտնեն իրենց համար։ Սակայն այս առնչությամբ տեղին է հիշել հետևյալ սկզբունքը. «Մարդ ինչ որ ցանում է, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7–9)։ Եթե չես հարգում քո արժանապատվությունը և բարձր չափանիշներ չունես, ապա կգրավես այնպիսի տղայի, որը նույնպես չի հարգի քեզ։

Իրականում կարիք չկա, որ բոլոր տղաները հավանեն քեզ։ Ինչ խոսք սխալ չէ, որ ցանկանում ես գեղեցիկ արտաքին ունենալ։ Սակայն կարևորը ներքին գեղեցկությունն է։ Հետևաբար եթե հետևես քո արտաքին տեսքին և միևնույն ժամանակ ունենաս ներքին գեղեցկություն, ապա «մեծ արժեք կունենաս Աստծու աչքում», և արդյունքում կգրավես այնպիսի տղայի, որը արժանի է քեզ (1 Պետրոս 3։4)։

«Երիտասարդները հարցնում են....» խորագրից ավելի շատ հոդվածներ (անգլ.) կարելի է գտնել www.watchtower.org/ype վեբ կայքում։

[ծանոթագրություններ]

a Տե՛ս «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի երրորդ գլուխը (2–րդ հատոր, անգլ., ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

b Սա չի վերաբերում այն հանգամանքին, երբ զույգն արդեն նշանված է, քանի որ այդ ժամանակ, ինչ խոսք, նրանք պետք է հաշվետու լինեն իրար։

ՄՏԱԾԻՐ

● Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ հարգում ես տղայի զգացմունքները և հաշվի ես առնում նրա տեսակետը։

● Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ հարգում ես քո արժանապատվությունը։

[նկար 19–րդ էջի վրա]

Հարգանքն ու սերը նման են հեծանիվի անիվների. երկուսն էլ կարևոր են

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը