Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 5/1 էջ 3–4
  • Ո՞վ է այս ամենի հեղինակը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ է այս ամենի հեղինակը
  • 1998 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞վ է Եհովան
    Ո՞վ է Եհովան
  • Հարցազրույց կենսաքիմիկոսի հետ
    2006 Արթնացե՛ք
  • Ո՞վ կարող է ասել
    Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
  • Ճանաչեք Հեղինակին, հիացեք նրա գործերով
    2007 Դիտարան
Ավելին
1998 Դիտարան
w98 5/1 էջ 3–4

Ո՞վ է այս ամենի հեղինակը

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ դարի ֆրանսիացի հետազոտող Անրի Մուոն, կտրել–​անցնելով Կամբոջայի ջունգլիները, կանգ էր առել մի անծանոթ տաճարի շուրջբոլորը տարածված մեծ ջրափոսի մոտ։ Մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորության վրա դեպի երկինք էին խոյանում տաճարի հինգ աշտարակները՝ ավելի քան վաթսուն մետր բարձրությամբ։ Դա աշխարհի ամենավիթխարի կրոնական համալիրն էր՝ Անգկոր–​Վատը։ Վերջինս, մինչ Մուոյի կողմից հայտնաբերվելը, յոթ դար շարունակ դիմակայել էր բնության տարերքները։

Առաջին իսկ հայացքից Մուոն կարող էր կռահել, որ այդ մամռապատ կառույցը մարդու ձեռքի գործ էր։ «Հին դարերի ինչ–​որ Միքելանջելոյի ձեռքով կերտված այս կոթողն իր վեհությամբ գերազանցում է հին հունական կամ հռոմեական մշակույթներից մեզ հասած ցանկացած հուշարձանի»,— գրեց նա։ Թեև հուշարձանները դարեր շարունակ լքված էին մնացել, Մուոն կասկած անգամ չուներ այն մասին, որ այդ փառահեղ կառույցը ճարտարապետ է ունեցել։

Դարեր առաջ գրի առնված իմաստությունների մի ժողովածու նույնանման բացատրություն է տալիս՝ պատճառաբանելով, թե ինչո՛ւ մեզ շրջապատող աշխարհը պետք է Կոնստրուկտոր ունենա... պետք է ստեղծված լինի։ Ահա Պողոս առաքյալի խոսքերը. «Արդարեւ, ամէն տուն, որ կառուցւում է, որեւէ մէկի կողմից է կառուցւում, իսկ ով ամէն բան արարեց, Աստուած է։ (Եբրայեցիս 3։4)։ Այս համեմատությունը ոմանց մոտ, թերևս, հակառակ արձագանքն առաջացնի։ «Բնության կատարած գործը տարբեր է մարդու արածից»,— գուցե հայտարարեն։ Սակայն ոչ բոլոր գիտնականներն են համաձայն այս առարկության հետ։ Լիհայի համալսարանի կենսաքիմիայի պրոֆեսոր Մայքլ Բիհին, նախ՝ ընդունելով, որ «կենսաքիմիական համակարգերն անշունչ առարկաներ չեն», հետևյալ հարցը տվեց. «Կարո՞ղ են արդյոք կենսաքիմիական համակարգերը բանականության օգնությամբ կառուցվել»։ Նա շարունակեց խոսել ժամանակակից գիտության մասին, որը կենդանի օրգանիզմների մեջ հիմնական փոփոխություններ է «նախագծում» այնպիսի մեթոդների օգնությամբ, ինչպիսին գենետիկական ինժեներությունն է։ Պարզ է, որ և՛ անշունչ, և՛ շնչավոր առարկաները հնարավոր է նախագծել ու կառուցել։ Միայն մանրադիտակի օգնությամբ մանրազնին ուսումնասիրելով կենդանի բջջի կառուցվածքը՝ Բիհին քննում է իրենց կատարած ֆունկցիաներով մեկը մյուսից կախված բաղադրամասերից բաղկացած այդ զարմանալիորեն բարդ համակարգերը։ Ո՞րն է նրա եզրակացությունը. «Մոլեկուլային մակարդակի վրա կյանքի, այսինքն՝ բջջի հետազոտման միասնական ջանքերի արդյունքը պարզորոշ ցույց է տալիս, որ բջիջը ստեղծված է»։

Տիեզերաբանները, ինչպես նաև ֆիզիկոսները, խորաթափանց հայացք գցելով աշխարհին և, առհասարակ, տիեզերքին, որոշ զարմանալի փաստեր են ներկայացնում։ Օրինակ՝ ներկայումս հայտնի է, որ տիեզերական հաստատուն մեծությունների նույնիսկ ամենաչնչին փոփոխության դեպքում կյանքի գոյությունը տիեզերքում անհնարին կլիներ։a Տիեզերաբան Բրենդըն Քարթերն այս փաստերն «ապշեցուցիչ զուգադիպություններ» անվանեց։ Սակայն, եթե ինքներդ հանդիպեիք մի շարք խորհրդավոր զուգադիպությունների, գոնե մի պահ չէի՞ք մտածի, որ դրանց ետևում ինչ–​որ մեկն է կանգնած։

Անշուշտ, այս բարդ համակարգերը և կատարելապես ներդաշնակեցված «զուգադիպությունները» ինչ–​որ Կոնստրուկտոր ունեն։ Ո՞վ է Նա։ «Կոնստրուկտորին գիտական մեթոդներով» բնորոշելը ծայրաստիճան դժվար խնդիր է»,— ընդունում է պրոֆեսոր Բիհին՝ հարցի պատասխանը թողնելով «փիլիսոփայությանն ու աստվածաբանությանը»։ Թերևս կարծեք, թե այս հարցն անձամբ ձեզ բոլորովին չի վերաբերվում։ Ի՞նչ կմտածեիք, սակայն, ստանալով կոկիկ փաթեթավորված և ձեզ անհրաժեշտ իրերով լի մի ծանրոց. չէի՞ք ցանկանա իմանալ, թե ումի՛ց եք այն ստացել։

Մենք նույնպես, այսպես ասած, ծանրոց ունենք՝ ապրելու և կյանքը վայելելու համար բազում անհրաժեշտ իրերով լի։ Այդ «ծանրոցը» երկրագունդն է՝ կյանքի պահպանման համար անհրաժեշտ իր համակարգերով հանդերձ։ Ճիշտ չէ՞ր լինի արդյոք հետաքրքրվել, թե ո՛վ է այդ ամենի նվիրատուն։

Ուրախությամբ կարելի է ասել, որ նվիրատուն ծանրոցի մեջ «երկտող» է դրել։ «Երկտողն» իմաստություններ պարունակող այն հնագույն գիրքն է, որից քիչ առաջ վկայակոչվեց մի հատված. այդ գիրքն Աստվածաշունչն է։ Գրքի առաջին իսկ խոսքերով պարզ ու հասարակ պատասխան է տրվում «ծանրոցի» տիրոջ ով լինելու մասին։ Ահա այդ խոսքերը. «Սկզբում Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը» (Ծննդոց 1:1)։

Իր «երկտողում» Ստեղծիչը հետևյալ կերպ է ներկայացվում. «Յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը» (Եսայիա 40:28)։ Այո՛, համայն աշխարհի, ինչպես նաև առաջին տղամարդու և կնոջ ստեղծչի անունը Եհովա է։ Սակայն, ո՞վ է Նա։ Ինչպիսի՞ Աստված է Եհովան։ Ինչո՞ւ պետք է աշխարհի բոլոր մարդիկ լսեն նրան։

[ծանոթագրություն]

a «Հաստատունները», օրինակ՝ լույսի արագությունը և ծանրության ուժի հարաբերությունը մասսային, տիեզերքի անփոփոխ, մնայուն արժեքներն են։

[նկար 3–րդ էջի վրա]

Անգկոր–Վատը մարդու ձեռքի գործ էր

[նկար 4–րդ էջի վրա]

Երբ որևէ նվեր ենք ստանում, մի՞թե չենք հետաքրքրվում, թե ումից է այն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը