Կարո՞ղ եք ձեր կյանքը դարձնել ավելի իմաստալից
ՄԻՇՏ չէ, որ իսկապես արժեք է ներկայացնում այն, ինչը առաջին հայացքից արժեքավոր է թվում։ Միացյալ Նահանգներում թողարկվող ամենախոշոր թղթադրամի անվանական արժեքը 10 000 դոլլար էր, մինչդեռ թուղթը, որի վրա այն տպված էր՝ չնչին գումար արժեր։
Երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ. արդյոք ցածր ներարժեք ունեցող այդ թղթադրամները կարո՞ղ են ձեր կյանքին իսկական իմաստ հաղորդել։ Շատերը գտնում են, որ՝ այո։ Միլիոնավոր մարդիկ զօր ու գիշեր աշխատում են, որպեսզի հասնեն հնարավորին չափ մեծ վարձատրության։ Սակայն դրամ վաստակելու մոլուցքով տարված մարդը երբեմն կարող է լրջորեն վնասել իր առողջությունը, կորցնել ընկերներին, և նույնիսկ՝ ընտանիքը։ Իսկ հանուն ինչի՞։ Հնարավո՞ր բան է, որ դրամը, կամ այն, ինչ ձեռք ենք բերում նրա միջոցով, կարողանան մեզ իրական ու երկարատև գոհունակության զգացում պարգևել։
Հետազոտողների կարծիքով՝ որքան շատ ենք բավարարվածություն փնտրում նյութականի մեջ, այնքան քիչ է այն գտնելու հավանականությունը։ Լրագրող Ալֆի Քոնը եզրակացնում է. «Բավարարվածության զգացումը անհնար է գնել.... Այն մարդիկ, որոնց համար նյութական հարստությունը կյանքում առաջնային տեղ է զբաղեցնում, ծայրաստիճան անհանգստանալու և ընկճվելու հակվածություն ունեն, որն էլ բացասաբար է անդրադառնում նրանց ինքնազգացողության վրա» («International Herald Tribune»)։
Սակայն, մինչ հետազոտությունները ցույց են տալիս, որ իմաստալից կյանք վարելու համար միայն փողը բավարար չի կարող լինել՝ շատերն այլ կերպ են մտածում։ Սա հազիվ թե զարմանալի թվա, քանի որ արևմտյան երկրների բնակչությունը օրվա ընթացքում «ռմբակոծվում» է ավելի քան 3 000 գովազդներով։ Լինեն դրանք մեքենաների գովազդներ, թե՝ քաղցրավենիքի, հիմնական միտքն այս է. «Գնի՛ր սա, և երջանիկ կլինես»։
Ի՞նչ արդյունքների են հանգեցնում նյութական արժեքների անվերջ գովազդները. նպաստում են, որ հոգևոր արժեքները հաճախ մնան ստվերում։ Մի հանդեսում մեջբերված է Գերմանիայի Քյոլն քաղաքի արքեպիսկոպոսի վերջերս արված հետևյալ հայտարարությունը. «Մեր հասարակության մեջ Աստծո մասին այլևս չեն խոսում» («Newsweek»)։
Գուցե դո՞ւք էլ եք պատկանում այն մարդկանց թվին, ովքեր իրենց գրեթե ամբողջ եռանդը նվիրել են ապրուստի ստեղծմանը։ Գուցե զգում եք, որ մեկ այլ բան ձեռնարկելու համար գրեթե չունե՞ք ժամանակ։ Եթե այդպես է, հավանաբար երբեմն զգում եք նաև, որ ապրելու համար ավելին է հարկավոր, քան լոկ միապաղաղ, մեքենայաբար կատարվող աշխատանքը. աշխատանք, որը մի օր ստիպված եք լինելու թողնել առողջության կամ տարիքի պատճառով։
Կարո՞ղ է հոգևոր արժեքներին առավել չափով ուշադրություն ընծայելը բավարարվածության զգացում պատճառել։ Ի՞նչն է, որ ձեր կյանքը կդարձնի ավելի իմաստալից։