Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 8/1 էջ 23–27
  • Երախտապարտ եմ թանկագին հուշերիս համար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երախտապարտ եմ թանկագին հուշերիս համար
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մեծ պատերազմի ծանր տարիները
  • Համեստ սկիզբ
  • Վճիռ կայացնելու առջև եմ կանգնած
  • Դժվարության եմ հանդիպում
  • Տնից հեռու
  • Աղետը բարիք բերեց
  • Կյանքը գնչուական ծածկասայլում
  • Օգտակար դաս
  • Հաջորդ պատերազմը և դրանից հետո
  • Նախ փնտրում են թագավորությունը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
2001 Դիտարան
w01 8/1 էջ 23–27

Կենսագրություն

Երախտապարտ եմ թանկագին հուշերիս համար

Պատմում է Դրուսիլա Քեյնը

1933 թվականն էր։ Ես ու Զանոան նոր էինք ամուսնացել։ Նա էլ ինձ պես աստվածաշնչյան գրականություն տարածող էր՝ լիաժամ ավետարանիչ։ Ես մեծ ցանկություն ունեի միանալ իմ ամուսնուն ծառայության մեջ, բայց այդ անելու համար ինձ հեծանիվ էր հարկավոր. շքեղություն, որը երբեք չէի կարողացել ինձ թույլ տալ, քանի որ ճգնաժամի տարիները ծանր էին։ Ի՞նչ կարող էի անել ես։

Լսելով իմ դժվար կացության մասին՝ ամուսնուս եղբայրներն անպետք իրերի կույտերում անհրաժեշտ մասեր փնտրեցին, որպեսզի ինձ համար մի հեծանիվ հավաքեին։ Նրանք գտան այդ մասերը... և հեծանիվը շուտով պատրաստ էր։ Հենց որ սովորեցի քշել, ես ու Զանոան ճանապարհ ընկանք։ Մենք ուրախությամբ քարոզում էինք ամեն մի հանդիպած մարդու Անգլիայի Վուսթեր և Հերֆորդ կոմսություններում։

Ես չէի էլ պատկերացնում, որ հավատի այս հասարակ դրսևորումը ինձ կառաջնորդի դեպի այնպիսի կյանք, որի մասին հետագայում բազմաթիվ հուշեր պիտի ունենայի։ Բայց իմ սիրելի ծնողներն էին, որ դրել էին կյանքիս հոգևոր հիմքը։

Մեծ պատերազմի ծանր տարիները

Ես ծնվել եմ 1909 թ. դեկտեմբերին։ Դրանից կարճ ժամանակ անց մայրս ձեռք բերեց «Դարերի աստվածային ծրագիրը» (անգլ.) գիրքը, իսկ 1914 թ.–ին Օլդհեմում (Լանկաշիր կոմսություն) ծնողներս ինձ իրենց հետ տարան՝ տեսնելու «Արարչության լուսադրաման» (երկուսն էլ թողարկվել են նրանց կողմից, ովքեր այժմ կոչվում են Եհովայի վկաներ)։ Թեև երեխա էի, բայց լավ հիշում եմ, թե տուն վերադառնալիս ինչպես էի, տպավորությունների տակ, ուրախությունից թռչկոտում։ Ֆրանկ Հիլին Աստվածաշնչի ուսումնասիրության խումբ բացեց Ռոչդեյլում, որտեղ ապրում էինք։ Այս խմբի հանդիպումներին մասնակցելը օգնեց մեր ընտանիքին աճել Գրություններն ըմբռնելու մեջ։

Այդ նույն տարում մեր կյանքի անխռովությունը չքացավ Մեծ պատերազմի, այսինքն՝ Առաջին համաշխարհային պատերազմի (ինչպես հիմա ենք անվանում) բռնկվելու հետ մեկտեղ։ Հորս զորակոչեցին բանակ, բայց նա չեզոք դիրք բռնեց։ Ինչպես գրվեց տեղական լրագրում, դատարանում նրա մասին խոսեցին որպես «շատ ազնիվ մարդու», և մի քանի ջենտլմենների կողմից ներկայացվեցին նամակներ, որոնցում ասվում էր, որ «իրենք հավատում են, որ նա իսկապես չի ցանկանում ձեռքը զենք վերցնել»։

Սակայն լրիվ ազատելու փոխարեն՝ հորս ազատեցին «միայն շարային ծառայությունից»։ Նա անմիջապես ծաղրի առարկա դարձավ, ինչպես և ես ու մայրս։ Ի վերջո, հորս ազատման հիմքը վերանայեցին և նրան նշանակեցին գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու։ Բայց որոշ ագարակատերեր շահագործում էին նրան՝ շատ քիչ կամ ոչինչ չվարձատրելով։ Ընտանիքի կարիքները հոգալու համար մայրս չնչին գումարի դիմաց ծանր աշխատանք էր կատարում մի մասնավոր լվացքատանը։ Բայց այսօր տեսնում եմ, թե կյանքիս վաղ տարիներին որքան է զորացրել ինձ այն, որ այդպիսի դժվարություններ ենք քաշել. դրանք օգնեցին ինձ գնահատել հոգևորը, որն ավելի կարևոր է։

Համեստ սկիզբ

Մենք ապրում էինք Օզվեսթրի քաղաքում, երբ մեր կյանքում հայտնվեց Դանիել Հյուզը՝ Աստվածաշնչի ջանադիր ուսումնասիրողներից մեկը։ Նա աշխատում էր Օզվեսթրիից 20 կմ հեռու գտնվող Ռուբոն գյուղի քարածխի հանքերում։ Քեռի Դանը, ինչպես անվանում էի նրան, կապ էր պաշտպանում մեր ընտանիքի հետ և երբ էլ որ գար մեզ տեսնելու, նրա զրույցները միշտ Սուրբ գրությունների շուրջ էին պտտվում։ Նա երբեք դատարկ խոսակցություններ չէր վարում։ 1920 թ.–ին Օզվեսթրիում Աստվածաշնչի ուսումնասիրության խմբակ բացվեց, իսկ 1921 թ.–ին քեռի Դանը ինձ տվեց «Աստծո քնարը» (անգլ.) գիրքը։ Ինձ շատ թանկագին էր այդ գիրքը, քանի որ նրա միջոցով Աստվածաշնչի ուսուցումները հասկանալն ինձ համար շատ հեշտ դարձավ։

Հետո Փրայս Հյուզըa եկավ, որն ավելի ուշ դարձավ Եհովայի վկաների լոնդոնյան մասնաճյուղի նախագահող ծառայողը։ Նա ընտանիքով ապրում էր Բրոնիգարդում՝ Ուելսի սահմանի մոտ, և նրա քույրը՝ Սիսին, դարձավ մորս մոտիկ ընկերուհին։

Հիշում եմ, թե ինչ հուզում էր տիրում 1922 թ.–ին, երբ կոչ արվեց «հռչակել Թագավորին և նրա Թագավորությունը»։ Հետագա տարիներին, թեև դեռ դպրոց էի գնում, մեծ խանդավառությամբ մասնակցում էի հատուկ թերթիկների տարածմանը, հատկապես «Մեղադրանք՝ հոգևորականությանը» թերթիկի, որը տարածեցինք 1924 թ.–ին։ Հետադարձ հայացք նետելով այդ տասնամյակին՝ հասկանում եմ, թե ինչպիսի՜ պատիվ էր համագործակցել այդքան շատ հավատարիմ եղբայրների ու քույրերի հետ, որոնց թվում էին Մոդ Քլարկըb և նրա զուգընկեր Մերի Գրանտը,# Էդգար Քլեյը,# Ռոբերտ Հադլինգտոնը, Քեյթի Ռոբերտսը, Էդվին Սքիները,# Փերսի Չափմանը և Ջեկ Նաթանը։# Վերջին երկուսը մեկնեցին Կանադա՝ այնտեղ օժանդակելու գործին։

Աստվածաշնչի վրա հիմնված «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» ելույթը մի յուրաժամ վկայություն էր մեր ընդարձակ տարածքում։ 1922 թ. մայիսի 14–ին Ստենլի Ռոջերսը՝ Փրայս Հյուզի բարեկամը, այս ելույթը ներկայացնելու համար Լիվերպուլից ժամանեց Չիրկ՝ մեր քաղաքից հյուսիս գտնվող գյուղ, իսկ նույն օրվա երեկոյան նա ելույթ պիտի ունենար նաև Օզվեսթրիի կինոթատրոնում։ Ես մինչև հիմա այդ ելույթի ազդաթերթերից մեկը պահում եմ, որոնք տպագրվել էին հատուկ այդ իրադարձության համար։ Ամբողջ այդ ժամանակ մեր փոքրիկ խումբն էին այցելում և զորացնում երեք շրջագայող վերակացուներ՝ պիլիգրիմներ (ինչպես սովորաբար նրանց անվանում էինք), Հերբերտ Սենյորը, Ալբերտ Լոյդը և Ջոն Բլեյնին։

Վճիռ կայացնելու առջև եմ կանգնած

1929 թ.–ին որոշեցի մկրտվել։ Այդ ժամանակ 19 տարեկան էի և առաջին անգամ իսկական փորձության բախվեցի։ Ես հանդիպեցի մի երիտասարդի, որի հայրը քաղաքագետ էր։ Մենք միմյանց համակրում էինք, և նա ամուսնության առաջարկ արեց ինձ։ Մի տարի առաջ ես նրան տվել էի նոր լույս տեսած «Կառավարություն» գիրքը։ Բայց շուտով ակնհայտ դարձավ, որ նրան չի հետաքրքրում երկնային կառավարությունը՝ այդ գրքի թեման։ Ես ուսումնասիրություններիցս գիտեի, որ հին իսրայելացիներին պատվեր էր տրված չամուսնանալ անհավատների հետ, և այդ սկզբունքը վերաբերում է նաև քրիստոնյաներին։ Ուստի, թեև դժվար էր, բայց մերժեցի նրա առաջարկը (Բ Օրինաց 7։3; Բ Կորնթացիս 6։14)։

Ինձ զորացնում էին Պողոս առաքյալի խոսքերը. «Բարին գործելուց չձանձրանաք, որովհետեւ յարմար ժամանակին պիտի հնձենք, եթէ չթուլանանք» (Գաղատացիս 6։9)։ Սիրելի քեռի Դանը քաջալերեց ինձ՝ գրելով. «Փորձություններ՝ մեծ ու փոքր, կարդա Հռովմայեցիս 8։28»։ Այդ համարում ասվում է. «Գիտենք, թէ Աստուած բարիին համար գործակից կ’ըլլայ անոնց՝ որոնք կը սիրեն զինք եւ իր ծրագրին համաձայն իրեն կանչուած են» (ՆԿ–ի ՆԱԹ)։ Հեշտ չէր, բայց գիտեի, որ ճիշտ վճիռ կայացրի։ Այդ տարի ես անդամագրվեցի որպես աստվածաշնչյան գրականություն տարածող։

Դժվարության եմ հանդիպում

1931 թ.–ին մենք նոր անուն ստացանք՝ Եհովայի վկաներ, և այդ տարի մեծ քարոզարշավ ծավալեցինք «Թագավորություն. աշխարհի հույսը» գրքույկի միջոցով։ Ամեն մի քաղաքագետ, հոգևորական և գործարար ստացավ այդ գրքույկից։ Իմ տարածքն ընդգրկում էր շուրջ 25 կմ դեպի հյուսիս՝ Օզվեսթրիից մինչև Ռեքսհեմ։ Հեշտ չէր այդ ամբողջ տարածքն անցնելը։

Հաջորդ տարի Բիրմինգհեմում կայացած համաժողովում կոչ հնչեց այն մասին, որ 24 կամավորների օգնության կարիք կա։ Մեծ ակնկալիքներով՝ մեզանից 24 հոգի ցանկություն հայտնեց նոր ձևի ծառայության անցնել՝ չիմանալով էլ, թե դա ինչ էր իրենից ներկայացնելու։ Պատկերացրեք մեր զարմանքը, երբ մեզ նշանակեցին զույգերով տարածելու այդ նույն գրքույկը՝ «Թագավորություն. աշխարհի հույսը»՝ միաժամանակ մեր վրա կրելով Թագավորությունը ծանուցող ծանր պլակատները։

Ծառայելով մայր տաճարի շրջակայքում՝ ինձ շատ շփոթված էի զգում, բայց ինքս ինձ մխիթարում էի՝ մտածելով, թե այս քաղաքում ոչ մեկն ինձ չի ճանաչում։ Բայց առաջին մարդը, որ ինձ մոտեցավ, իմ նախկին դասընկերուհին էր։ Նա ակնապիշ նայեց ինձ ու ասաց. «Այս ի՞նչ ես անում այստեղ. այդ ի՞նչ է վրադ»։ Այս դեպքն օգնեց ինձ հետագայում հաղթահարելու մարդկանց նկատմամբ ունեցած վախը։

Տնից հեռու

1933 թ.–ին ամուսնացա Զանոայի հետ, որն ինձանից 25 տարով մեծ էր և այրիացել էր։ Նրա առաջին կինը նախանձախնդիր Աստվածաշունչ ուսումնասիրող էր։ Կնոջ մահից հետո էլ Զանոան շարունակել էր հավատարմորեն մնալ իր նշանակման մեջ։ Շուտով մենք Անգլիայից տեղափոխվեցինք հյուսիսային Ուելսում գտնվող մեր նոր տարածքը՝ տնից 150 կմ հեռու։ Արկղերը, ճամպրուկները և այլ կարևոր իրերը մի կերպ տեղավորեցինք հեծանիվների ղեկերին, երկայնակի ձողերի արանքում և հետևի անիվների վրա հարմարեցված զամբյուղներում։ Մենք բարեհաջող տեղ հասանք։ Այդ նշանակման մեջ մեր հեծանիվներն անփոխարինելի էին. նրանցով մենք ամեն տեղ գնում էինք, նույնիսկ մոտեցանք Քադեր Իդրիս լեռան գագաթին (Ուելս), որը 900 մ բարձրություն ունի։ Շատ մեծ բավականություն էր մեզ պատճառում գտնել մարդկանց, որոնք փափագում էին լսել «արքայութեան այս Աւետարանը» (Մատթէոս 24։14)։

Մեր ժամանման օրից շատ չէր անցել, երբ մարդիկ մեզ ասացին, որ ոմն Թոմ Փրայս իրենց քարոզում է ճիշտ այնպես, ինչպես մենք։ Վերջապես գտանք Թոմին։ Նա ապրում էր Լոնգ Մաունթինում՝ Ուելշփուլի մոտ։ Ի՜նչ մեծ զարմանք ապրեցինք մենք։ Երբ դեռ նոր–​նոր էի սկսել քարոզել, ես նրան տվել էի Աստվածաշունչ ուսումնասիրելու մի օժանդակ գիրք՝ «Հաշտություն»–ը։ Նա ինքնուրույն ուսումնասիրել էր այդ գիրքը, ավելի շատ գրականություն ստանալու նպատակով գրել էր Լոնդոն և այն ժամանակվանից նախանձախնդրաբար քարոզում էր նորագյուտ հավատի մասին։ Մենք ուրախ ժամեր էինք անցկացնում՝ հաճախ երեքով միասին ուսումնասիրություն կատարելով, որպեսզի միմյանց քաջալերեինք։

Աղետը բարիք բերեց

1934 թ.–ին հյուսիսային Ուելսի կողմերում բոլոր աստվածաշնչյան գրականություն տարածողներին խնդրեցին գնալ Ռեքսհեմ քաղաք՝ օգնելու այնտեղ «Արդար Իշխանը» գրքույկի տարածմանը։ Քարոզարշավը սկսելու նախորդ օրը ազգային աղետ պատահեց։ Ռեքսհեմից 3 կմ հյուսիս գտնվող Գրեսֆորդի հանքերում կատարված պայթյունի հետևանքով 266 հանքափոր զոհվեց։ Ավելի քան 200 երեխաներ անհայր մնացին, 160 կանայք այրիացան։

Մենք պետք է ցուցակագրեինք հարազատներ կորցրածներին, անձամբ այցելեինք նրանց և գրքույկ տայինք։ Ինձ տրված անուններից մեկը միսիս Չադվիքի անունն էր, որը կորցրել էր իր 19–ամյա որդուն։ Երբ այցելեցի, նրա ավագ որդին՝ Ջեկը, եկել էր մոր մոտ՝ նրան մխիթարելու։ Այս երիտասարդը ճանաչեց ինձ, բայց ոչինչ չասաց։ Հետագայում նա կարդաց գրքույկը, իսկ հետո փնտրում էր մեկ այլ գրքույկ՝ «Վերջնական պատերազմը», որը նրան էի թողել տարիներ առաջ։

Ջեկն ու իր կինը՝ Մեյը, իմացան իմ գտնվելու վայրը և եկան լրացուցիչ գրականություն վերցնելու։ 1936 թ.–ին նրանք համաձայնեցին, որ Ռեքսհեմի իրենց տանը հանդիպումներ անցկացվեն։ Վեց ամիս անց Ալբերտ Լոյդն այցելեց մեզ, և դրանից հետո ժողով հիմնադրվեց, որի նախագահող վերակացու նշանակվեց Ջեկ Չադվիքը։Այժմ Ռեքսհեմում երեք ժողով կա։

Կյանքը գնչուական ծածկասայլում

Մինչև այդ պահը մենք, տեղից տեղ էինք մեկնում և գիշերում ցանկացած հարմար տեղ, բայց Զանոան որոշեց, որ ժամանակն է սեփական տուն ունենալու, այնպիսին, որը հնարավոր լիներ մի վայրից մյուսը տեղափոխել։ Ամուսինս ծագումով գնչու էր։ Նա հմուտ ատաղձագործ էր և մեզ համար գնչուական ծածկասայլ շինեց։ Մենք այն կոչեցինք «Եղիսաբեթ»՝ աստվածաշնչյան անուն, որը նշանակում է «Առատության Աստված»։

Առանձնապես հիշում եմ մեր կանգ առած վայրերից մեկը. դա մի մրգաստան էր գետակի մոտ։ Կարծես Դրախտում լինեի։ Ոչինչ չէր խանգարում ծածկասայլում ապրած տարիների մեր երջանկությանը, թեև այնտեղ հարմարություններ չկային։ Ցուրտ եղանակին անկողնու սպիտակեղենը սառում–​կպչում էր պատերին, իսկ պատերին և առաստաղին ջրի կաթիլներ էին առաջանում։ Նաև ջուրը պետք է ձեռքով բերվեր և երբեմն բավական հեռու տեղից, բայց մենք միասին այս դժվարությունները հաղթահարում էինք։

Մի ձմեռ հիվանդացել էի։ Մի քիչ սնունդ ունեիք, իսկ փող՝ բոլորովին։ Զանոան նստեց անկողնուն, ձեռքս վերցրեց իր ափի մեջ և ինձ համար կարդաց Սաղմոս 37։25–ը. «Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չ’տեսայ արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրանայ»։ Հայացքը հառելով ինձ՝ նա ասաց. «Եթե այս մի երկու օրը ոչինչ չփոխվի, մենք կմուրանք, բայց չեմ պատկերացնում, թե Աստված դա թույլ տա»։ Հետո դուրս եկավ ու գնաց քարոզելու։

Երբ կեսօրին Զանոան վերադարձավ, որպեսզի ինձ համար խմելու որևէ բան պատրաստեր, նրա հոր կողմից մի ծրար էր ստացվել։ Հայրն ուղարկել էր հիսուն ֆունտ ստեռլինգ։ Մի քանի տարի առաջ Զանոային մեղադրել էին ապօրինի յուրացման մեջ, բայց նրա անմեղությունը վերջերս էր հաստատվել և այդ գումարը փոխհատուցումն էր։ Ի՜նչ ճիշտ ժամանակին էր դա։

Օգտակար դաս

Երբեմն մենք դասեր ենք քաղում տարիներ անց։ Ահա մի օրինակ։ Նախքան 1927 թ.–ին դպրոցն ավարտելը ես քարոզել էի բոլոր համադասարանցիներիս, իսկ ուսուցիչներից միայն Լավինիա Ֆարքլոուին չէի քարոզել։ Քանի որ ոչ ոք չէր հետաքրքրվում իմ ապագա պլաններով, և ես այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէի միսիս Ֆարքլոուի հետ, ուստի, որոշեցի նրան վկայություն չտալ։ Դրանից անցել էր մոտ քսան տարի, և պատկերացրեք իմ զարմանքն ու ուրախությունը, երբ մայրս ասաց, որ այդ ուսուցչուհին այցելել էր իր բոլոր նախկին ընկերներին ու աշակերտներին՝ ասելու նրանց, որ ինքն այժմ Եհովայի վկա է։

Երբ հանդիպեցինք, բացատրեցի, թե ինչու չէի պատմել իրեն իմ հավատի և պլանների մասին։ Նա հանգիստ լսեց ինձ ու ասաց. «Ես միշտ փնտրում էի ճշմարտությունը։ Դա իմ կյանքի գլխավոր ձգտումն էր»։ Այս դեպքը օգտակար դաս եղավ ինձ, որ երբեք չխուսափեմ քարոզելուց բոլոր նրանց, ում կհանդիպեմ և երբեք նախապես չդատեմ մարդու մասին։

Հաջորդ պատերազմը և դրանից հետո

30–ականների վերջերին պատերազմի ամպերը կրկին սկսեցին կուտակվել։ Դենիսը՝ ինձանից տասը տարով փոքր եղբայրս, ազատվեց զինվորական ծառայությունից պայմանով, որ մնա իր աշխատանքին։ Նա առանձնապես չէր հետաքրքրվում ճշմարտությամբ, և ես ու ամուսինս խնդրեցինք տեղի ռահվիրաներ Ռուփերտ Բրադբերիին ու վերջինիս եղբայր Դեյվիդին այցելել նրան։ Նրանք այցելեցին և Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին Դենիսի հետ։ Դենիսը մկրտվեց 1942 թ.–ին, ավելի ուշ դարձավ ռահվիրա, իսկ 1957 թ.–ին նշանակվեց որպես շրջագայող վերակացու։

Մեր դուստրը՝ Էլիզաբեթը, ծնվեց 1938 թ.–ին։ Ընտանիքի կարիքները բավարարելու նպատակով Զանոան ընդարձակեց մեր ծածկասայլը։ Երբ 1942 թ.–ին ծնվեց մեր երկրորդ աղջիկը՝ Յունիսը, մտածեցինք, որ խելացի կլիներ հաստատվել մի վայրում։ Այդ պատճառով Զանոան մի քանի տարով դադարեցրեց ռահվիրայությունը։ Ռեքսհեմի մոտակայքում մի փոքրիկ տուն կար, և մենք տեղափոխվեցինք այնտեղ։ Ավելի ուշ բնակվեցինք Միդլիչ քաղաքում, որը գտնվում է հարևան Չեշիր կոմսությունում։ Այնտեղ 1956 թ.–ին իմ սիրելի ամուսինը մահացավ։

Մեր երկու դստրերը դարձան լիաժամ ավետարանիչներ, երկուսն էլ ամուսնացել են և երջանիկ են։ Յունիսն ու իր երեց ամուսինը մինչև հիմա ծառայում են Լոնդոնում որպես հատուկ ռահվիրաներ։ Էլիզաբեթի ամուսինը նույնպես ժողովի երեց է, և ես շատ ուրախ եմ, որ նրանք իրենց երեխաների և չորս թոռների հետ ապրում են իմ կողքին՝ Փրեստոնում (Լանկաշիր կոմսություն)։

Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ ոտքով տնից գնալ Թագավորության սրահ, որը գտնվում է փողոցի մյուս կողմում։ Վերջին տարիներին համագործակցում եմ գուջարաթի լեզվով խոսող խմբի հետ, որի հանդիպումներն անցնում են այդ նույն Սրահում։ Այս լեզուն սովորելը հեշտ չէր, քանի որ լսողությունս փոքր–​ինչ թուլացել է։ Երբեմն չի հաջողվում ընկալել ձայնի շատ երանգներ այնպես, ինչպես երիտասարդներին։ Դժվար է՝ բայց հետաքրքիր։

Դեռևս կարողանում եմ տնետուն քարոզել և տանը Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնել։ Երբ բարեկամներս են այցելում, միշտ էլ հաճույքով եմ անցածից որոշ բաներ հիշում։ Այնքա՜ն երախտապարտ եմ օրհնություններիս մասին ունեցած թանկագին հուշերիս համար. օրհնություններ, որոնք ստացել եմ գրեթե 90 տարի շարունակ Եհովայի ժողովրդի հետ լինելով։

[ծանոթագրություններ]

a Փրայս Հյուզի կենսագրությունը տպագրվել է 1963 թ. ապրիլի 1–ի «Դիտարանի» «Հավատարիմ կազմակերպությանը համաքայլ» հոդվածում, անգլ.։

b Եհովայի այս հավատարիմ ծառաների կենսագրությունները լույս են տեսել «Դիտարանի» նախկին համարներում։

[նկար 25–րդ էջի վրա]

1922 թ. մայիսի 14–ին լսած «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» աստվածաշնչյան ելույթի ազդաթերթը

[նկար 26–րդ էջի վրա]

Զանոայի հետ հարսանիքից կարճ ժամանակ անց՝ 1933 թ.

Կանգնած եմ «Եղիսաբեթի»՝ ամուսնուս սարքած ծածկասայլի մոտ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը