Հաղթահարեք ձեր առաջադիմությանը խանգարող արգելքները
Պատկերացրեք՝ մեքենան գործի եք գցում, շարժիչը սկսում է աշխատել, սակայն մեքենան առաջ չի շարժվում։ Տեխնիկապես անսա՞րք է։ Ոչ, անիվներից մեկի առջև մեծ քար կա դրված։ Բավական է այն հեռացնել, և մեքենան տեղից կշարժվի։
Նույնը կարելի է ասել նաև այն մարդկանց մասին, ովքեր Աստվածաշունչ են ուսումնասիրում Եհովայի վկաների հետ և ունեն որոշակի արգելքներ, որոնք կարող են խոչընդոտել նրանց հոգևոր առաջադիմությանը։ Որպես օրինակ՝ Հիսուսը նախազգուշացրեց, որ այնպիսի բաները, ինչպիսիք են՝ «աշխարհի հոգսերը եւ հարստութեան պատրանքները», կարող են «խեղդել» ճշմարտության խոսքը և կանխել նրա աճը (Մատթէոս 13։22)։
Ոմանց մեջ էլ արմատացած վատ սովորություններն ու թուլություններն են խոչընդոտում առաջադիմությանը։ Յուտակա անունով ճապոնացի մի տղամարդու գրավում էր Աստվածաշնչի լուրը, սակայն նա մոլեխաղերի հետ կապված լուրջ խնդիր ուներ։ Նա հաճախ էր փորձել թողնել այդ վատ սովորությունը, բայց դա նրան չէր հաջողվել։ Այս սովորությունը նրա վրա թանկ էր նստել. տանուլ էր տվել մեծ քանակությամբ դրամ, երեք տուն, կորցրել էր ընտանիքի անդամների հարգանքը և իր իսկ սեփական արժանապատվության զգացումը։ Կարո՞ղ էր արդյոք նա հեռացնել գայթակղության այս քարը և դառնալ քրիստոնյա։
Կամ՝ ուշադրության առնենք Կեյկո անունով մի կնոջ օրինակը։ Աստվածաշնչի օգնությամբ այս կինը ազատվել էր այնպիսի վատ սովորույթներից, ինչպիսիք են՝ կռապաշտությունը, անբարոյականությունն ու բախտագուշակությունը։ Կեյկոն խոստովանում է. «Իմ ամենամեծ խնդիրը ծխելն էր։ Ես շատ անգամներ էի փորձում թողնել այն, բայց չէի կարողանում»։
Դուք էլ, հնարավոր է, ունենաք այնպիսի մի խնդիր, որը թվա, թե անհաղթահարելի խոչընդոտ է՝ ձեր առաջադիմության առջև կանգնած։ Ինչ էլ որ դա լինի, համոզված եղեք, որ Աստծո օգնությամբ կարող եք հաղթահարել այն։
Վերհիշենք իր աշակերտներին տված Հիսուսի խորհուրդը այն բանից հետո, երբ նրանք չէին կարողացել մի ընկնավոր տղայի միջից դևին դուրս բերել։ Տղային բժշկելուց հետո Հիսուսը նրանց ասաց. «Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք, այս լեռանը կ’ասէք՝ տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ, եւ կը տեղափոխուի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի» (Մատթէոս 17։14–19; Մարկոս 9։16–28)։ Այո, ցանկացած խնդիր, որը կարող է սարի պես վեր խոյանալ մեր առջև, ամենազոր Արարչի համար այն փոքր է և աննշան (Ծննդոց 18։14; Մարկոս 10։27, ԱԹ)։
Որոշել առաջադիմությանը խոչընդոտող արգելքները
Մինչև արգելքների հաղթահարելը, հարկավոր է որոշել, թե ինչը կարող է ձեզ համար արգելք հանդիսանալ։ Ինչպե՞ս։ Երբեմն ժողովի անդամներից մեկը, օրինակ, երեցը կամ նա, ով ձեզ հետ Աստվածաշունչ է ուսումնասիրում, կարող է ձեր ուշադրությունը ինչ–որ բանի վրա հրավիրել։ Սիրով տրված նրանց խորհրդից նեղանալու փոխարեն՝ լավ է խոնարհաբար ‘խրատ լսել և իմաստուն լինել’ (Առակաց 8։33)։ Մեկ ուրիշ անգամ հնարավոր է հայտնաբերեք ձեր թերությունները Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ։ Այո, Աստծո խոսքը «կենդանի է եւ զօրաւոր» (Եբրայեցիս 4։12)։ Աստվածաշունչը և նրա վրա հիմնված գրականություններն ընթերցելը կօգնի բացահայտել ձեր ամենախոր մտքերը, զգացմունքներն ու շարժառիթները, որոշել, թե որքանով եք համապատասխանում Եհովայի բարձր չափանիշներին։ Այն երևան է բերում և ցույց տալիս, թե ինչը կարող է խանգարել ձեր հոգևոր առաջադիմությանը (Յակոբոս 1։23–25)։
Օրինակ՝ ենթադրենք, թե Աստվածաշնչի մի ուսումնասիրող սովորություն ունի իր երևակայության մեջ պատկերացնել անբարո արարքներ։ Նա կարող է դրա մեջ վատ բան չտեսնել՝ պատճառաբանելով, որ իրականում ոչ մի սխալ բան չի անում։ Ուսումնասիրության ընթացքում նա պատահաբար հանդիպում է Յակոբոս 1։14, 15 խոսքերին. «Իւրաքանչյիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից։ Այնուհետեւ ցանկութիւնը, յղանալով, մեղք է ծնում, եւ մեղքը, հասունանալով, մահ է ծնում»։ Այժմ այդ անձնավորությունը տեսնում է, թե այդպես շարունակելը որքան վնասակար կլինի իր առաջադիմության համար։ Ի՞նչը կօգնի նրան ազատվել նման մտքերից (Մարկոս 7։21–23)։
Հաղթահարել արգելքները
Ուսումնասիրողը կարող է մի հասուն քրիստոնյայի օգնությամբ Աստծո Խոսքի լրացուցիչ ուսումնասիրություն կատարել՝ օգտվելով ««Դիտարան» ընկերության հրատարակությունների ցանկից»։a Օրինակ՝ «Մտքեր» վերնագրի տակ կարելի է գտնել հրատարակված մի շարք հոդվածներ, որտեղ խոսվում է վնասակար մտքերից ազատվելու մասին։ Այդ հոդվածներում լուսաբանվում են աստվածաշնչյան մի շարք օգտակար խոսքեր, որոնցից է Փիլիպպեցիս 4։8–ը, որտեղ կարդում ենք. «Ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ,— ա՛յն խորհեցէք»։ Այո, անբարո մտքերը պետք է փոխարինվեն մաքուր մտքերով։
Ուսումնասիրությունների ընթացքում ուսումնասիրողն, անկասկած, կգտնի աստվածաշնչյան ուրիշ սկզբունքներ, որոնք կօգնեն, որպեսզի իր խնդիրը ավելի չբարդանա։ Օրինակ՝ Առակաց 6։27 և Մատթէոս 5։28 խոսքերը զգուշացնում են միտքը սեռական գործողությունների մղող ինֆորմացիայով սնելուց։ «Ետ դարձրու իմ աչքերը որ ունայն բան չ’տեսնեն»,— աղոթեց սաղմոսերգուն (Սաղմոս 119։37)։ Իհարկե, Աստվածաշնչի այս խոսքերը պարզապես կարդալը դեռ բավական չէ։ «Արդարի սիրտը մտածում է»,— ասում է իմաստունը (Առակաց 15։28)։ Խորհելով ոչ միայն այն մասին, թե ինչ է Աստված պատվիրում, այլ նաև թե ինչու է դա պատվիրում՝ նա Եհովայի ճանապարհների մասին ավելի խոր հասկացողություն ձեռք կբերի, ինչպես նաև իմաստություն և ողջամտություն։
Եվ վերջապես, նա, ով ջանում է հեռացնել իր առաջադիմությունը կանխող արգելքները, պետք է պատրաստակամորեն փնտրի Եհովայի աջակցությունը, քանի որ Աստված լավ գիտի մեր կազմվածքը, գիտի, որ անկատար ենք, պատրաստված՝ հողի փոշուց (Սաղմոս 103։14)։ Օգնության համար անընդմեջ Աստծուն ուղղված աղոթքների, ինչպես նաև անբարո մտքերին անձնատուր լինելուց խուսափելու ամեն հնարավոր ջանքերի վերջնական արդյունքը կլինի մաքուր և բարի խղճմտանքը, որն, իրոք, ցանկալի մի բան է (Եբրայեցիս 9։14)։
Մի հանձնվեք
Ինչպիսի դժվարություն էլ որ դիմագրավելու լինեք, պետք է ընդունեք, որ ժամանակ առ ժամանակ հնարավոր է՝ սայթաքեք։ Նման դեպքերում բնական է հուսահատվելն ու ընկճվելը։ Սակայն հիշեք Գաղատացիս 6։9–րդ խոսքը. «Բարին գործելուց չձանձրանաք, որովհետեւ յարմար ժամանակին պիտի հնձենք, եթէ չթուլանանք»։ Աստծուն նվիրված այնպիսի ծառաներ, ինչպիսիք էին՝ Դավիթն ու Պետրոսը, նույնպես սայթաքեցին՝ ստոր արարքներ գործելով։ Բայց նրանք չդադարեցին Եհովային ծառայելուց։ Նրանք խոնարհաբար ընդունեցին խրատը, անհրաժեշտ փոփոխություններ արեցին և շարունակեցին իրենց դրսևորել որպես Աստծո նվիրյալ ծառաներ (Առակաց 24։16)։ Չնայած Դավիթի թույլ տված սխալներին՝ Եհովան նրան անվանեց «իմ սրտիս համեմատ մարդ, որ իմ բոլոր կամքս պիտի կատարէ» (Գործք 13։22, Արևմտ. Աստ.)։ Պետրոսը նույնպես հաղթահարեց իր սխալները և քրիստոնեական ժողովի «սյուն» դարձավ։
Այսօր էլ շատերին է հաջողվում հաղթահարել արգելքները։ Յուտական, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա պատմում է. «Եհովան աջակցում և օրհնում էր իմ ամեն մի քայլը, ինչը օգնեց ինձ հաղթահարել մոլեխաղերի հանդեպ հակումս և առաջ գնալ։ Մեծ ուրախություն ապրեցի, երբ տեսա Հիսուսի խոսքերի ճշմարիտ լինելը, որ հավատը նույնիսկ ‘սարեր’ կարող է տեղաշարժել»։ Ժամանակի ընթացքում Յուտական ժողովում ծառայողական օգնականի նշանակում ստացավ։
Իսկ ի՞նչ պատահեց Կեյկոյին, որը թուլություն ուներ ծխախոտի նկատմամբ։ Նրա հետ ուսումնասիրող քույրը նրան խորհուրդ տվեց «Արթնացե՛ք» պարբերագրից այդ թեմայի շուրջ մի շարք հոդվածներ կարդալ։ Կեյկոն իր մեքենայի ներսում նույնիսկ փակցրեց Բ Կորնթացիս 7։1 խոսքը՝ որպես Եհովայի աչքին մաքուր մնալու ամենօրյա հիշեցում։ Սակայն նա չկարողացավ թողնել ծխելը։ «Ես այնպե՜ս հուսալքվեցի,— հիշում է Կեյկոն։— Եվ սկսեցի հարցնել ինքս ինձ՝ իրականում ի՞նչ եմ ցանկանում, ծառայել Աստծո՞ւն, թե՝ Սատանային»։ Երբ նա որոշեց, որ պիտի ծառայի Եհովային, անկեղծ սրտով աղոթքով նրանից օգնություն խնդրեց։ «Ի զարմանս ինձ,— պատմում է նա,— կարողացա, առանց տանջվելու, թողնել ծխելը։ Ես միայն ափսոսում եմ, որ ավելի շուտ այդպես չեմ վարվել»։
Դուք նույնպես կարող եք հաղթահարել ձեր առաջադիմությանը խանգարող խոչընդոտները։ Ինչքան շատ համապատասխանեցնեք ձեր մտքերը, ձգտումները, խոսքերն ու գործերը Աստվածաշնչի սկզբունքներին, այնքան շատ ինքնահարգանքի և վստահության զգացում ձեռք կբերեք։ Ձեր ընկերակցությունը հոգևոր քույրերի ու եղբայրների, ինչպես նաև ձեր ընտանիքի անդամների համար թարմացուցիչ և քաջալերիչ կլինի։ Իսկ ամենակարևորը՝ դուք Եհովա Աստծո հետ ավելի մտերիմ հարաբերություններ կունենաք։ Նա խոստացել է, որ ‘վեր կառնի խոչը իր ժողովրդի ճանապարհիցը’ վերջինիս Սատանայի իշխանության տակից դուրս գալիս (Եսայիա 57։14)։ Եվ դուք կարող եք համոզված լինել, որ եթե ջանաք տեղաշարժել ու հաղթահարել ձեր հոգևոր առաջադիմությանը խանգարող արգելքները, Եհովան առատապես կօրհնի ձեզ։
[ծանոթագրություն]
a Հրատարակված է մի շարք լեզուներով՝ Եհովայի վկաների կողմից։
[նկար 28–րդ էջի վրա]
Հիսուսը հավաստիացրեց, որ հավատ ունենալով՝ կարող ենք հաղթահարել սարի պես վեր խոյացած արգելքները
[նկար 30–րդ էջի վրա]
Աստվածաշնչի ընթերցանությունը ուժ է տալիս՝ հաղթահարելու մեր թերությունները