Ընթերցողների հարցերը
Որտե՞ղ էր Դանիելը, երբ երեք եբրայեցի պատանիների հավատը փորձվեց Դուրայի դաշտում՝ Նաբուգոդոնոսորի կանգնեցրած հսկայական արձանի առջև։
Աստվածաշունչը ոչինչ չի հայտնում այդ մասին, ուստի այսօր ոչ ոք չի կարող հաստատել Դանիելի գտնվելու վայրը այդ փորձության ժամանակ։
Ոմանք ենթադրում են, որ Նաբուգոդոնոսորը Դանիելին տված է եղել հատուկ արտոնություններ կամ ավելի բարձր պաշտոն, քան Սեդրակին, Միսակին ու Աբեդնագովին։ Հետևաբար, Դանիելը հարկադրված չի եղել գնալ Դուրայի դաշտը։ Դանիէլ 2։49–րդ խոսքը (ԷԹ) ցույց է տալիս, որ մի որոշ ժամանակ նա ավելի բարձր դիրք է գրավել, քան իր երեք ընկերները։ Բայց փաստեր չկան, որ դա կարող էր ազատել նրան արձանի առջև կանգնելուց։
Փորձելով բացատրել Դանիելի բացակայությունը՝ ոմանք այն կարծիքին են, թե նա, հավանաբար, կա՛մ պաշտոնական հանձնարարությունով մեկնել է քաղաքից, կա՛մ էլ հիվանդ է եղել և ի վիճակի չի եղել ներկա գտնվելու։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը ոչինչ չի ասում այդ մասին։ Ինչ էլ որ եղած լինի, Դանիելի վարվելակերպը քննադատության ենթակա չէ, քանի որ, հակառակ դեպքում, Բաբելոնի նախանձ պաշտոնյաներն, անկասկած, կօգտվեին այդ փաստից և մեղադրանք կհարուցեին նրա դեմ (Դանիէլ 3։8)։ Թե՛ մինչև այդ դեպքը և թե՛ դրանից հետո Դանիելը փաստել է իր ուղղամտությունն ու հավատարմությունը Աստծո հանդեպ՝ անկախ նրանից, թե ինչ տեսակ փորձության է նա ենթարկվել (Դանիէլ 1։8; 5։17; 6։4, 10, 11)։ Այսպիսով՝ թեև Աստվածաշնչում չի ասվում, թե Դանիելը ինչու ներկա չէր Դուրայի դաշտում, մենք կարող ենք վստահ լինել, որ նա առանց փոխզիջումների գնալու հավատարիմ է եղել Եհովա Աստծուն (Եզեկիէլ 14։14; Եբրայեցիս 11։33)։