Կարո՞ղ եք դուք բարելավել աշխարհի վիճակը
«Քաղաքագիտությունն ի վիճակի չէ միավորելու քայքայված հասարակությունը։ Այն չունի անհրաժեշտ միջոցները ավանդական բարոյագիտություն վերստեղծելու։ Գործունեության լավագույն ծրագրերով հնարավոր չէ վերականգնել սիրահետությանն ու ամուսնությանը վերաբերող նախկին հայացքները, այնպես անել, որ հայրերը երեխաներին հոգ տանելու պարտավոր զգան, որ մարդիկ կրկին ամոթի զգացում ունենան, ինչպես ընդունված էր անցյալ սերունդների մեջ.... Բարոյականության հետ կապված գոյություն ունեցող խնդիրների զգալի մասը չի կարող վերացվել օրենքի միջոցով»։
Համաձայն չե՞ք ԱՄՆ–ի կառավարական նախկին քաղաքական գործչի այս խոսքերին։ Այդ դեպքում ո՞րն է այսօրվա այն շատ խնդիրների լուծումը, որոնք առաջանում են ագահության, ընտանեկան կապվածության պակասի, անբարոյության, տգիտության և ուրիշ նման գործոնների հետևանքով, որոնք ավելի են քայքայում հասարակությունը։ Շատերը լուծում չեն գտնում, ուստիև ապրում են այնպես, ինչպես կարողանում են։ Ոմանք էլ հույս են փայփայում, թե մի շնորհալի ու փայլուն առաջնորդ կհայտնվի, հնարավոր է նույնիսկ կրոնական, և ժողովրդին ճիշտ ուղղությամբ կառաջնորդի։
Երկու հազար տարի առաջ մարդիկ ցանկացան Հիսուս Քրիստոսին իրենց թագավոր դարձնել, քանի որ նրանք հասկացան, որ նա Աստծո կողմից է ուղարկված և լավ ղեկավար կարող է լինել։ Սակայն, երբ Հիսուսը իմացավ նրանց մտադրությունը, հեռացավ նրանցից (Յովհաննէս 6։14, 15)։ «Իմ թագաւորութիւնը այս աշխարհից չէ»,— հետագայում բացատրեց նա հռոմեացի կուսակալին (Յովհաննէս 18։36)։ Մեր օրերում քիչ կան այնպիսի մարդիկ, անգամ իրենց Հիսուսի հետևորդ համարող կրոնականների մեջ, ովքեր նման դիրք են բռնում։ Նրանցից մի քանիսը փորձել են բարելավել աշխարհի պայմանները՝ կամ ջանալով ազդել քաղաքական գործիչների վրա, կամ էլ՝ քաղաքական պաշտոն զբաղեցնելով։ Սա կարելի է տեսնել՝ ետադարձ հայացք նետելով 1960–70-ական թթ.–ին։
Կրոնականների ջանքերը՝ բարելավելու աշխարհի վիճակը
Ուշ 1960–ականներին Լատինական Ամերիկայի երկրներում որոշ աստվածաբաններ սկսեցին պայքարել աղքատության ու հարստահարության դեմ։ Իրենց նպատակներին հասնելու համար նրանք ազատագրության աստվածաբանություն մշակեցին, որտեղ Քրիստոսը այլևս փրկիչ չէր ստվածաշնչյան իմաստով միայն, այլ հանդես էր գալիս նաև որպես քաղաքական և տնտեսավարական փրկիչ։ ԱՄՆ–ում մի շարք կրոնական առաջնորդներ, որոնց սկսեց խորապես մտահոգել բարոյական արժեքների քայքայումը, կազմավորեցին «Բարոյախոսական մեծամասնություն» կազմակերպությունը («Moral Majority»)։ Նրա նպատակն էր քաղաքականության մեջ պաշտոններ տալ այնպիսի մարդկանց, ովքեր ընտանիքի բարօրությանը նպաստող օրենքներ կհրատարակեին։ Նմանապես, մահմեդական շատ երկրներում էլ խմբավորումներ առաջ եկան, որոնք փորձեցին կաշառակերության ու անկարգության դեմն առնել՝ խրախուսելով ապրել Ղուրանին համաձայն։
Կարծում եք, թե աշխարհի վիճակները շատ ավելի լա՞վ են դարձել շնորհիվ այս ջանքերի։ Փաստերը ցույց են տալիս, որ հիմնականում բարոյական արժեքները շարունակում են նվազել, իսկ հարուստների և աղքատների միջև առաջացած ճեղքը շարունակում է մեծանալ նույնիսկ այն երկրներում, որտեղ որ առկա է եղել ազատագրության աստվածաբանությունը։
Քանի որ «Բարոյախոսական մեծամասնություն» կազմակերպությունը չկարողացավ ԱՄՆ–ում իրագործել իր գլխավոր նպատակները, նրա հիմնադիր Ջերի Ֆոլվելը 1989 թ.–ին լուծարեց այն։ Նրան ուրիշ կազմակերպություններ փոխարինեցին։ Սակայն, «Բարոյախոսական մեծամասնություն» անվանումը հորինողը՝ Փոլ Վեյրիխը «Քրիսչիենիթի թուդեյ» պարբերականում գրեց. «Նույնիսկ երբ հաղթում ենք ընտրությունների ժամանակ, մեզ չի հաջողվում վարել այնպիսի քաղաքականություն, որը մեր կարծիքով կարևոր է» («Christianity Today»)։ Նա նաև ասաց. «Մշակույթը գնալով կեղտաջրի լայնացող խողովակ է դառնում։ Մենք կուլտուրայի չտեսնված քայքայում ենք ապրում, այնպիսի անկում, որն ուղղակի ապշեցնում է քաղաքական գործիչներին»։
Թղթակից և գրող Քալ Թոմասը բացահայտեց, թե որն է քաղաքականության միջոցով հասարակություն զարգացնելու փորձերում հիմնական արատը. «Իսկական փոփոխությունը գալիս է անհատ առ անհատ, ոչ թե ընտրություն առ ընտրություն, որովհետև մեր գլխավոր խնդիրները տնտեսական և քաղաքական բնույթի չեն, այլ՝ բարոյական և հոգևոր»։
Բայց ինչպե՞ս կլուծեք բարոյական և հոգևոր բնույթի խնդիրները մի աշխարհում, որտեղ գոյություն չունեն բոլորից ընդունված չափանիշներ, այլ մարդիկ իրենք են որոշում սխալն ու ճիշտը։ Եթե ազդեցիկ և լավ մտադրություններ ունեցող մարդիկ, կրոնավոր կամ՝ ոչ կրոնավոր, ի վիճակի չեն բարելավել աշխարհում տիրող պայմանները, ապա ո՞վ կարող է դա անել։ Հաջորդ հոդվածում կտեսնենք այս հարցի պատասխանը, որը նաև բացահայտում է, թե ինչու Հիսուսն ասաց, որ իր Թագավորությունը այս աշխարհից չէ։
[նկար 2–րդ էջի վրա. թույլտվությամբ]
COVER: Կեղտոտ ջուր. WHO/UNICEF photo; երկրագունդ. Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.
[նկար 3–րդ էջի վրա. թույլատվությամբ]
Երեխաներ. UN photo; երկրագունդ. Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.