Դուք ապավինում եք իրակա՞ն Աստծուն
Ամերիկայի Բնագիտության թանգարանի կողմից հանձնարարություն ստացած մի արշավախումբ հետազոտում էր Արկտիկան, որը, ըստ ստացված տեղեկագրության, տեսել էր բևեռախույզ Ռոբերտ Պիրին 1906 թ.–ին՝ դրանից յոթ տարի առաջ։
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ Ամերիկայի հյուսիս–արևմուտքի ամենահեռավոր մասից՝ Կոլգեյթ հրվանդանից, Պիրին տեսել էր մի բան, որն ասես հեռվում գտնվող մի երկրի ճերմակ ուրվագիծ լիներ։ Նա այդ երկիրն անվանեց իր հովանավորի անունով՝ Քրոքերի երկիր։ Ինչքան մեծ պիտի լիներ արշավախմբի անդամների հուզմունքը, երբ նրանք տեսան իրենց առջև փռված մի երկիր՝ բարձունքներով, հովիտներով և ձյունածածկ լեռնագագաթներով։ Սակայն նրանք շուտով հասկացան, որ իրենց տեսածը ոչ այլ ինչ է, եթե ոչ հյուսիսային միրաժ։ Մթնոլորտում առաջացող այս օպտիկական երևույթը խաբել էր Պիրիին, և մինչ կհասկանային դա, արդեն բավականին ժամանակ, էներգիա և միջոցներ էին ծախսել՝ հետազոտելու մի բան, որն իրականում գոյություն չուներ։
Այսօր շատ մարդիկ իրենց անձը և ժամանակը նվիրում են աստվածների՝ հավատալով, թե նրանք իրականում գոյություն ունեն։ Հիսուսի առաքյալների օրերում մարդիկ այնպիսի աստվածների էին պաշտում, ինչպիսիք էին Դիոսն (Զևս) ու Հերմեսը (Գործք 14։11, 12, ԱԹ)։ Մեր օրերում միլիոնների է հասնում այն աստվածների թիվը, որոնք պաշտվում են սինտոյականության, հնդուականության և աշխարհի ուրիշ կրոնների մեջ։ Իսկապես, ինչպես որ Աստվածաշունչն է ասում, «կան բազում աստուածներ եւ բազում տէրեր» (Ա Կորնթացիս 8։5, 6)։ Կարո՞ղ են արդյոք այս բոլոր աստվածները իրական լինել։
Աստվածներ, որոնք չեն կարող փրկել
Վերցնենք, օրինակ, պատկերներն ու խորհրդանշանները, որոնք օգտագործվում են երկրպագության մեջ։ Ովքեր կուռքերին են ապավինում ու աղոթում, կարծում են, թե դրանք գերբնական ուժ ունեցող փրկիչներ են և կարող են վարձատրել մարդկանց կամ ազատել վտանգից։ Բայց մի՞թե նրանք կարող են փրկել մարդկանց։ Նման առարկաների վերաբերյալ սաղմոսերգուն ասում է. «Հեթանոսների կուռքերը արծաթ եւ ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։ Բերան ունին եւ չեն խօսում. աչքեր ունին եւ չեն տեսնում։ Ականջներ ունին եւ չեն լսում, եւ բնաւ շունչ չ’կայ նորանց բերանումը»։ Իրոք որ, այդպիսի աստվածները ‘չեն կարող փրկել’ (Սաղմոս 135։15–17; Եսայիա 45։20, Արևմտ. Աստ.)։
Իհարկե, ովքեր կուռքեր են սարքում, հնարավոր է, որ մտածեն, թե իրենց ձեռքի գործերը լի են կյանքով ու զորությամբ։ Իսկ ովքեր երկրպագում են կուռքերին, նրանց էլ ապավինում են։ «Նորան [կուռքին] կրում են ուսի վերայ,— ասում է Եսայիա մարգարեն,— եւ բեռնում, եւ պնդացնում են իր տեղը, եւ նա կանգնում է»։ Այնուհետև նա ավելացնում է. «Իր տեղիցը չէ շարժ[վ]ում. [եթե մեկը] նորան աղաղակում էլ է.... նա չէ պատասխանում. նորա նեղութիւնիցը չէ ազատում» (Եսայիա 46։7)։ Ճշմարտությունն այն է, որ կուռքերը մնում են անկենդան՝ ինչքան էլ մեծ լինի նրանց ապավինողների հավատը։ Այս քանդակված պատկերներն ու ձուլածո արձանները «անօգուտ կուռքեր» են (Ամբակում 2։18, ԷԹ)։
Սովորական երևույթ է այսօր՝ մեծարել, աստվածացնել, պաշտել արվեստի ու սպորտի աստղերի, որոշ կրոնական առաջնորդների, ինչպես նաև քաղաքական կազմակերպությունների։ Փողը նույնպես շատերի համար աստված է դարձել։ Դրանք բոլորը կուռքեր են, որոնց վերագրվում են այնպիսի արժեքներ ու հատկություններ, ինչից իրականում նրանք զուրկ են։ Նրանք ի վիճակի չեն իրենց երկրպագուներին տալ այն ամենը, ինչ նրանք ակնկալում են ստանալ։ Օրինակ՝ կարող է թվալ, թե ստացվածքը ի զորու է լուծել շատ խնդիրներ, մինչդեռ նրա զորությունը խաբուսիկ է (Մարկոս 4։19)։ Մի հետազոտող հարց է ուղղում. «Ինչո՞վ բացատրել այն փաստը, որ երբ մարդ ձեռք է բերում խիստ ցանկալի որևէ բան, ու թվում է, թե այն ամեն ցավի ամոքում կբերի, իրականում բերում է ընդամենը նոր ցավ ու հուսախաբություն»։ Հարստության մոլուցքով տարված՝ անհատը կարող է կորցնել այն, ինչն իրապես արժեքավոր է՝ առողջություն, երջանիկ ընտանեկան կյանք, մտերիմ ընկերներ և Արարչի հետ ունեցած թանկարժեք փոխհարաբերություն։ Փողի և հարստության աստվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ միայն ‘ունայն ու սուտ աստուած’ (Յովնան 2։8, ԷԹ)։
‘Պատասխան տվող չկար’
Անմտություն է իրական համարել մի բան, որն իրականում գոյություն չունի։ Եղիա մարգարեի օրերում ապրող Բահաղի երկրպագուները դա իրենց դառը փորձով հասկացան։ Նրանք հաստատ համոզված էին, թե Բահաղն ուներ անհրաժեշտ զորությունը, որպեսզի երկնքից կրակ իջեցներ և զոհաբերված կենդանուն այրեր։ Նրանք «կանչեցին Բահաղի անունը առաւօտից մինչեւ կէսօր ասելով. Ով Բահաղ, պատասխան տուր մեզ»։ Բայց մի՞թե Բահաղն ականջ ուներ, որ լսեր, և բերան, որ խոսեր։ Շարունակության մեջ կարդում ենք. «Ոչ ձայն կար, ոչ պատասխանող»։ Այո, նրանց ‘լսող չկար’ (Գ Թագաւորաց 18։26, 29)։ Բահաղը իրականում գոյություն չուներ, որ մի բան աներ։
Ուրեմն որքա՜ն կարևոր է, որ ճանաչենք ու երկրպագենք այն Աստծուն, որն իրականում գոյություն ունի։ Բայց ո՞վ է նա։ Եվ ի՞նչ օգուտ նրան ապավինելուց։
[նկարներ 3–րդ էջի վրա]
Պիրիի ուղեկից Իգինյոն ուշադիր դիտում է երկրի հորիզոնը
Ռոբերտ Պիրի
[թույլտվությամբ]
Իգինյո. From the book he North Pole: Its Discovery in 1909 Under the Auspices of the Peary Arctic Club, 1910; Ռոբերտ Պիրի. NOAA
[նկարներ 4–րդ էջի վրա]
Շատերը խաբվում են այնպիսի բաներով, որ աստվածացվում են այս աշխարհում