Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 5/1 էջ 4–7
  • Ինչպես կվերանան արատները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես կվերանան արատները
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսի հրաշքները՝ համընդհանուր բուժման նախաշուք
  • Բուժված՝ առանց ցավի և վճարի
  • Նախ՝ հոգևոր բուժում պետք է լինի
  • Նա սիրեց մարդկանց
    2015 Դիտարան
  • Հրաշքներ, որ դեռ կատարվելու են
    2012 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող է Հիսուսը փոխել ձեր կյանքը
    1999 Դիտարան
  • «Քրիստոսը Աստծու զորությունն է»
    Մոտեցիր Եհովային
Ավելին
2002 Դիտարան
w02 5/1 էջ 4–7

Ինչպես կվերանան արատները

ՊԱՏԿԵՐԱՑՆՈ՞ՒՄ եք՝ կույրերի աչքերը տեսնում են, խուլերի ականջները լսում ամեն մի հնչյուն, համր մարդը երգում է ուրախությունից, իսկ կաղը իր ոտքերի վրա հաստատ կանգնած՝ ի վիճակի է քայլելու։ Խոսքը բժշկության մեջ կատարված հայտնագործությունների մասին չէ, այլ այն արդյունքների, որ կստանա մարդկությունը Աստծո միջամտության շնորհիվ։ Աստվածաշնչում կանխագուշակվում է. «Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։ Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է» (Եսայիա 35։5, 6)։ Սակայն ինչպե՞ս կարող ենք համոզվել այս զարմանահրաշ մարգարեության ճշմարտացիության մեջ։

Երբ Հիսուսը երկրի վրա էր, բժշկում էր ցանկացած հիվանդություն և արատ։ Ի դեպ, այդ հրաշքներին ականատես են եղել բազում մարդիկ, նույնիսկ՝ իր թշնամիները։ Առնվազն մեկ անգամ թերահավատ հակառակորդները հիմնովին հետազոտել են Հիսուսի կատարած բուժումը՝ նրան վարկաբեկելու նպատակով։ Սակայն ի հիասթափություն իրենց՝ բոլոր փաստերը միայն ապացուցել են, որ նրա կողմից իսկապես հրաշք է կատարվել (Յովհաննէս 9։1, 5–34)։ Մեկ ուրիշ դեպքում, երբ Հիսուսը նորից անժխտելի մի հրաշք կատարեց, նրանք ցավով ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում» (Յովհաննէս 11։47)։ Սակայն հասարակ մարդիկ այդքան անզգամ չէին. շատերը սկսեցին հավատալ Հիսուսին (Յովհաննէս 2։23; 10։41, 42; 12։9–11)։

Հիսուսի հրաշքները՝ համընդհանուր բուժման նախաշուք

Հիսուսի հրաշքները ոչ միայն ապացուցել են, որ նա Մեսիան էր և Աստծո Որդին, այլև հիմք են տվել հավատալու Աստվածաշնչի այն խոստմանը, որ Աստծուն հնազանդ մարդիկ ապագայում կբժշկվեն։ Այդ խոստումներից են, օրինակ, այս հոդվածի նախաբանում հիշատակված Եսայիա 35–րդ գլխի խոսքերը։ Աստվածավախ մարդկանց ապագա բուժման մասին է խոսում նաև Եսայիա 33։24–ը. «Այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ»։ Նույն խոստումն է տրվում Յայտնություն 21։4–ում. «[Աստված] պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն [այսօրվա փորձություններն ու տառապանքը] անցաւ»։

Մարդիկ հաճախ են աղոթում այս մարգարեությունների կատարման համար, երբ կրկնում են տիպար աղոթքում Հիսուսի կողմից ասված խոսքերը։ Օրինակ՝ «Քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛» (Մատթէոս 6։10)։ Այո՛, Աստծո «կամքը» վերաբերում է նաև երկրին ու մարդկությանը։ Թեև հիվանդություններն ու արատները որոշ պատճառներով թույլատրվել են, շուտով սակայն իրենց վերջն են գտնելու. այլևս ոչինչ չի ապականի Աստծո «ոտքերի պատուանդանը» (Եսայիա 66։1)։a

Բուժված՝ առանց ցավի և վճարի

Անկախ այն բանից, թե ինչ ցավով էին տառապում մարդիկ՝ Հիսուսը անվճար, առանց հետաձգելու կամ որևէ ցավ պատճառելու բուժում էր նրանց։ Ուստի զարմանալի չէ, որ լուրն այդ մասին կրակի նման տարածվեց. կարճ ժամանակ անց «շատ ժողովուրդներ եկան նորա մօտ, որ իրանց հետ ունէին կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ, եւ ուրիշ շատեր, եւ նորանց գցեցին Յիսուսի ոտները, եւ նա նորանց բժշկեց»։ Ինչպիսի՞ն էր այդ մարդկանց արձագանքը։ Դեպքերի ականատես Մատթեոսի արձանագրության մեջ ասվում է. «Ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. եւ փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն» (Մատթէոս 15։30, ԱԹ, 31)։

Ուշադրություն դարձրեք նաև այն բանի վրա, որ բուժում կատարելու համար Հիսուսը ամբոխից որևէ մեկին հատուկ չէր ընտրում, ինչպես սովորաբար վարվում են շառլատանները՝ մոլորության մեջ գցելու համար։ Ընդհակառակը՝ շատ հիվանդ մարդկանց բարեկամներն ու ընկերները ուղղակի ‘գցում էին նրանց Հիսուսի ոտները, և նա նրանց բժշկում էր’։ Եկեք այժմ քննենք Հիսուսի՝ բժշկելու կարողությունը ցույց տվող մի քանի մասնավոր օրինակներ։

Կուրություն։ Երուսաղեմում եղած ժամանակ Հիսուսը բուժեց մի մարդու, որն «ի ծնէ կոյր» էր։ Այդ մարդը քաղաքում հայտնի էր որպես մի կույր մուրացկան։ Ուստի երևի թե կպատկերացնեք, թե ինչ հուզմունք ու իրարանցում սկսեց տիրել, երբ մարդիկ տեսան, որ նա բուժվել է։ Սակայն բոլորը չէ, որ ուրախ էին։ Վրդովված՝ այն բանի համար, որ Հիսուսը մինչ այդ մերկացրել էր իրենց չարագործությունները՝ փարիսեցիների՝ հայտնի և ազդեցիկ մի աղանդի որոշ անդամներ հսկայական ջանքեր էին թափում, որպեսզի խաբեության գոնե մի ապացույց գտնեն՝ Հիսուսի կողմից (Յովհաննէս 8։13, 42–44; 9։1, 6–31)։ Այդ պատճառով նրանք հարցաքննեցին բուժված մարդուն և նրա ծնողներին, իսկ հետո նորից՝ բուժված մարդուն։ Բայց փարիսեցիների այդ հարցուփորձերը միայն հաստատեցին Հիսուսի կողմից գործած հրաշքը, ինչը զայրույթ պատճառեց նրանց։ Այդ կեղծավոր կրոնավորների համառությունից ապշած՝ նախկին կույրն ասաց. «Աշխարհի սկզբից ոչ ոք չի լսել, թէ մէկը ի ծնէ կոյր ծնուած կոյրի աչքերը բացած լինի։ Եթէ այդ մարդը Աստծուց չլինէր, որեւէ բան անել չէր կարող» (Յովհաննէս 9։32, 33)։ Խելամիտ այս խոսքերը, որ անկեղծ հավատի արտահայտություն էին, պատճառ դարձան այն բանի, որ փարիսեցիները «նրան դուրս հանե[ին]», ինչն ըստ երևույթին նշանակում է, որ այդ նախկինում կույր մարդուն հեռացրեցին ժողովարանից (Յովհաննէս 9։22, 34)։

Խուլություն։ Երբ Հիսուսը Դեկապոլսում էր (Հորդանան գետի արևելյան կողմում ընկած տարածք), «նրա առաջ բերեցին մի խուլ ու համր մարդ[ու]» (Մարկոս 7։31, 32)։ Սակայն Հիսուսը ոչ միայն բուժեց այդ անհատին, այլև խորաթափանցություն ցուցաբերելով՝ հասկացավ խուլ մարդու զգացմունքները. նա կարող էր ամբոխի մեջ շփոթված զգալ իրեն։ Աստվածաշունչը պատմում է, որ Հիսուսը «նրան ամբոխից մի կողմ տա[րավ]» ու բուժեց։ Եվ նորից, ականատեսները «աւելի ու աւելի էին զարմանում»՝ ասելով. «Սա ամէն ինչ լաւ արեց, որովհետեւ խուլերին լսել է տալիս եւ համրերին՝ խօսել» (Մարկոս 7։33–37)։

Անդամալուծություն։ Կափառնայումում Հիսուսի մոտ բերեցին մահճի վրա պառկած մի անդամալույծ մարդու (Մատթէոս 9։2)։ 6–8 համարներում նկարագրվում է, թե ինչ տեղի ունեցավ հետո. ««Ասաց նա [Հիսուսը] այդ ժամանակ անդամալոյծին, – վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»։ Եւ նա վեր կենալով՝ իր տունը գնաց։ Երբ ժողովուրդը այս տեսաւ, զարմացաւ. եւ փառաւորում էր Աստծուն՝ մարդկանց այսպիսի իշխանութիւն տուողին»։ Այս հրաշքի կատարման ժամանակ նույնպես ներկա էին թե՛ Հիսուսի թշնամիները և թե՛ նրա աշակերտները։ Ուշադրություն դարձրեք, որ վերջիններս «փառաւորում [էին] Աստծուն» այն բանի համար, ինչի ականատեսն էին դարձել, քանի որ կուրացած չէին ատելությունից և նախապաշարմունքից։

Հիվանդություններ։ «Նրա [Հիսուսի] մօտ եկաւ մի բորոտ. նա ծնկի եկած աղաչում էր եւ ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ Իսկ Յիսուս գթալով՝ ձեռքը երկարեց, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»։ Եւ երբ նրան այս ասաց, բորոտութիւնը նրանից իսկոյն գնաց» (Մարկոս 1։40–42)։ Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը ոչ թե դժգոհելով բուժեց այդ անհատին, այլ իսկապես կարեկցելով նրան։ Պատկերացրեք, թե բորոտ եք։ Ինչպե՞ս կզգայիք ձեզ, եթե շատ արագ և առանց որևէ ցավի բուժվեիք զզվելի ու մահացու այդ հիվանդությունից, որը գնալով ավելի ու ավելի էր այլանդակում ձեր մարմինը ու ստիպում ձեզ հեռու մնալ հասարակությունից։ Հասկանալի է, թե ինչու հրաշքով բուժված մեկ ուրիշ բորոտ էլ «երեսի վրայ ընկաւ Յիսուսի ոտքերի առաջ եւ շնորհակալութիւն էր յայտնում նրան» (Ղուկաս 17։12–16)։

Մարմնական վնասվածքներ։ Բանտարկվելուց ու ցցի հանվելուց առաջ Հիսուսի կատարած վերջին հրաշքը ևս բժշկություն էր։ Անմիջապես փորձելով ընդդիմանալ նրանց, ովքեր պատրաստվում էին բանտարկել Հիսուսին՝ Պետրոս առաքյալը «որովհետեւ սուր ունէր, քաշեց այն եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա աջ ականջը կտրեց» (Յովհաննէս 18։3–5, 10)։ Ղուկասի զուգահեռ արձանագրության մեջ պատմվում է, որ Հիսուսը «դիպչելով ականջին, այն բժշկեց» (Ղուկաս 22։50, 51)։ Եվ նորից, կարեկցանքով թելադրված այս արարքը կատարվեց ինչպես Հիսուսի ընկերների, այնպես էլ նրա թշնամիների՝ այս անգամ՝ իրեն բանտարկողների առջև։

Այո՛, որքան ավելի խորն ենք ուսումնասիրում Հիսուսի հրաշքները, այնքան ավելի ենք հավաստիանում դրանց իսկության մեջ (Բ Տիմոթէոս 3։16)։ Ինչպես նախապես նշվել էր, այս ուսումնասիրությունը պետք է ամրացնի մեր հավատը հնազանդ մարդկանց բժշկելու՝ Աստծո խոստման հանդեպ։ Աստվածաշնչում քրիստոնեական հավատը սահմանվում է որպես «յուսացուած բաների հաստատումը [«վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք», ԱՆԹ] եւ ապացոյցն այն բաների, որոնք չեն երեւում» (Եբրայեցիս 11։1)։ Իհարկե, Աստված չի խրախուսում կույր հավատ, և ոչ էլ կամենում է, որ մեր հավատը բխի նրա խոստումներն իրականացած տեսնելու տենչանքից։ Աստված ուզում է, որ ապացույցների վրա հիմնված ամուր հավատ ունենանք (Ա Յովհաննէս 4։1)։ Նման հավատ ձեռք բերելով՝ կտեսնենք, որ դառնում ենք հոգևորապես ավելի ուժեղ և առողջ, ինչպես նաև՝ ավելի երջանիկ (Մատթէոս 5։3; Հռովմայեցիս 10։17)։

Նախ՝ հոգևոր բուժում պետք է լինի

Շատ մարդիկ, ֆիզիկապես առողջ լինելով հանդերձ, դժբախտ են։ Ոմանք նույնիսկ փորձում են ինքնասպան լինել, քանի որ հույս չունեն ապագայի հանդեպ, կամ էլ՝ խնդիրները խեղդում են իրենց։ Նրանք հոգևոր արատներ ունեն. մի բան, որ Աստծո տեսանկյունից շատ ավելի լուրջ խնդիր է, քան ֆիզիկական արատավորությունը (Յովհաննէս 9։41)։ Մյուս կողմից՝ խեղանդամ շատ մարդիկ, ինչպես օրինակ՝ նախորդ հոդվածում հիշատակված Քրիստիանն ու Յունիորը, երջանիկ են ու գոհ։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք հոգևորապես են առողջ և ուժ են ստանում Աստվածաշնչի վրա հիմնված հաստատուն հույսից։

Խոսելով այն յուրահատուկ պահանջմունքի մասին, որ մարդ ունի՝ Հիսուսն ասաց. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթէոս 4։4)։ Այո՛, ի տարբերություն կենդանիների՝ մարդիկ ոչ միայն բառացի իմաստով սննդի կարիք ունեն։ Ստեղծված լինելով Աստծո «պատկերովը»՝ մենք կարիք ունենք հոգևոր սննդի՝ Աստծո գիտության, իր նպատակների մեջ մեր ունեցած դերի, ինչպես նաև իր կամքը կատարելու (Ծննդոց 1։27; Յովհաննէս 4։34)։ Աստծո գիտությունը մեր կյանքը իմաստալից է դարձնում և հոգևորապես զորացնում է մեզ։ Այն նաև հիմք է ստեղծում՝ դրախտ երկրի վրա հավիտենական կյանք ստանալու համար։ «Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր» (Յովհաննէս 17։3)։

Ուշագրավ է, որ Հիսուսի ժամանակակիցները նրան ոչ թե «Բժիշկ» էին անվանում, այլ՝ «Վարդապետ» (Ղուկաս 3։12; 7։40)։ Ինչո՞ւ։ Որովհետև Հիսուսը սովորեցնում էր այն միջոցի մասին, որը մեկընդմիշտ կլուծի մարդկության պրոբլեմները՝ Աստծո Թագավորության (Ղուկաս 4։44; Յովհ. 6։26, 27)։ Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ՝ այս երկնային կառավարությունը կիշխի ամբողջ երկրի վրա և կիրականացնի այն բոլոր խոստումները, որ տրվում են Աստվածաշնչում արդար մարդկանց ու մեր երկրային տան տևական ապաքինման վերաբերյալ (Յայտնություն 11։15)։ Ահա թե ինչու իր տիպար աղոթքում Հիսուսը Թագավորության գալը կապեց երկրի վրա Աստծո նպատակների իրականացման հետ (Մատթէոս 6։10)։

Աստծո կողմից ներշնչված այս հույսի մասին սովորելը արատներ ունեցող շատ մարդկանց տրտմության արցունքները վերածել է ուրախության արցունքների (Ղուկաս 6։21)։ Ի դեպ, Աստված ոչ միայն հիվանդություններն ու արատները կվերացնի, այլև կոչնչացնի մարդկանց տառապանքների բուն պատճառը՝ մեղքը։ Ինչ խոսք, վերը նշված Եսայիա 33։24 ու Մատթէոս 9։2–7 խոսքերը վերաբերում են հիվանդություններին, որ ունենք անկատարության պատճառով (Հռովմայեցիս 5։12)։ Սակայն, շնորհիվ այն բանի, որ հաղթանակ կտարվի մեղքի նկատմամբ՝ մարդկությունը վերջապես կվայելի «Աստծու որդիների փառքի ազատութ[յունը]». մի ազատություն, որն իր մեջ ներառում է մտավոր ու ֆիզիկական կատարելություն (Հռովմայեցիս 8։21)։

Այն անհատները, ովքեր լավ առողջություն ունեն, կարող են դրա մեջ ոչ մի արտառոց բան չտեսնել։ Սակայն նույնը չի կարելի ասել տարբեր արատներից տառապող մարդկանց մասին։ Նրանք լավ են հասկանում առողջության և կյանքի արժեքը և գիտեն, թե որքան արագ ու հանկարծակի կարող են փոխվել հանգամանքները (Ժողովող 9։11)։ Ուստի հույս ունենք, որ մեր այն ընթերցողները, ովքեր տառապում են զանազան ա­րատներից, հատուկ ուշադրություն կդարձնեն Աստվածաշնչում Աստծո կողմից տրվող հրաշալի խոստումներին։ Որպեսզի այդ խոստումներն իրականություն դառնան, Հիսուսը տվել է իր կյանքը։ Մի՞ թե դրանից ավելի մեծ երաշխիք կարող ենք ունենալ (Մատթէոս 8։16, 17; Յովհաննէս 3։16)։

[ծանոթագրություն]

a Հանգամանալից կերպով քննելու համար, թե ինչու է Աստված թույլ տվել տառապանքը, տե՛ս Եհովայի վկաների կողմից հրատարակված «Աստված իրապես հոգ տանո՞ւմ է մեր մասին» գրքույկը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը