Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 6/15 էջ 12–17
  • Հետևի՛ր թագավորներին տրված պատվերին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հետևի՛ր թագավորներին տրված պատվերին
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Թագավորի պես դու էլ սովորիր
  • Պարտականություն է և՛ թագավորների, և՛ քեզ համար
  • Օգտակար է և՛ քեզ համար, և՛ ուրիշների
  • Ինչպես բարելավել Աստծու Խոսքի ուսումնասիրությունը
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստվածաշնչի ընթերցանությունը՝ օգտակար և հաճելի
    2000 Դիտարան
  • «Ժամանակը ծախու առնենք» ընթերցանության և ուսումնասիրության համար
    2000 Դիտարան
  • Ամուր բռնիր Աստծո Խոսքը
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
Ավելին
2002 Դիտարան
w02 6/15 էջ 12–17

Հետևի՛ր թագավորներին տրված պատվերին

«[Նա] գրէ այս օրէնքների օրինակը.... Եւ այն իր մօտ մնայ, եւ իր կեանքի բոլոր օրերումը կարդայ» (Բ ՕՐԻՆԱՑ 17։18, 19)։

1. Քրիստոնյան ո՞ւմ կարող է նմանվել։

ՀԱԶԻՎ թե մեզանից որևէ մեկն իրեն համեմատի թագավորի կամ թագուհու հետ։ Երևի թե ոչ մի քրիստոնյա կամ Աստվածաշունչն ուսումնասիրող անհատ իրեն չէր կարող պատկերացնել այնպիսի արքայական իշխանությամբ, ինչպիսին որ ունեին հավատարիմ թագավորներ Դավիթը, Հովսիան, Եզեկիան ու Հովսափատը։ Բայց առնվազն մի բանում կարող ենք ու պետք է նրանց նմանվենք։ Ո՞րն է դա, և ինչո՞ւ պետք է ցանկանանք նրանց նմանվել այդ հարցում։

2, 3. Ի՞նչ էր Եհովան կանխագուշակել, և ի՞նչ պետք է աներ թագավորը։

2 Աստված իսրայելացիներին թագավոր տալուց դեռ շատ առաջ՝ Մովսեսի օրերում, կանխագուշակեց, որ նրանք ժամանակի ընթացքում ցանկանալու են թագավոր ունենալ։ Ուստի նա ներշնչեց Մովսեսին՝ Օրենքում գրելու հրահանգներ՝ նախատեսված թագավորի համար։

3 Աստված պատվիրեց. «Երբոր մտնես այն երկիրը որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ, եւ.... ասես. Ինձ վերայ թագաւոր դնեմ այն ամեն ազգերի պէս որ իմ շուրջն են, անպատճառ քո Եհովայ Աստուծոյ ընտրած մարդին քեզ վերայ թագաւոր դնես.... Եւ լինի որ իր թագաւորութեան աթոռի վերայ հէնց որ նստեց, գրէ այս օրէնքների օրինակը այն գրքիցը.... Եւ այն իր մօտ մնայ, եւ իր կեանքի բոլոր օրերումը կարդայ. որպէս զի սովորէ իր Եհովայ Աստուածանից վախենալ, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահել եւ այս կանոնները զգուշութեամբ կատարել» (Բ Օրինաց 17։14–19)։

4. Աստծո կողմից թագավորին տրված հրահանգների մեջ ի՞նչ էր մտնում։

4 Այո՛, թագավորը, որին Եհովան ընտրելու էր իր երկրպագուների համար, պետք է արտագրեր այն խոսքերը, որոնք այսօր գրված են ձեր Աստվածաշնչում։ Հետո նա պետք է ամեն օր, ամեն ժամանակ կարդար դրանք։ Այդ ընթերցանությունը չէր նախատեսված հիշողությունը մարզելու նպատակով։ Դա ուսումնասիրություն էր, որը շատ օգուտներ էր տալու։ Եթե թագավորն ուզում էր Եհովայի հավանությանն արժանանալ ու իր սրտում ճիշտ մղումներ ունենալ, ապա պետք է միշտ այդպես վարվեր։ Ուսումնասիրությունը նաև օգնելու էր նրան լինելու հաջողակ ու խորաթափանց թագավոր (Դ Թագաւորաց 22։8–13; Առակաց 1։1–4)։

Թագավորի պես դու էլ սովորիր

5. Աստվածաշնչի ո՞ր մասերը պետք է Դավիթ թագավորն արտագրեր ու կարդար, և ի՞նչ է նա ասել Աստծո Օրենքի մասին։

5 Ի՞նչ ես կարծում, ի՞նչ պետք է աներ Դավիթը Իսրայելի թագավոր դառնալուց հետո։ Այո՛, նա պետք է արտագրեր Հնգամատյանի գրքերը (Ծննդոց, Ելից, Ղևտացոց, Թվոց, Երկրորդ Օրինաց), որ գրվել էին Մովսեսի կողմից։ Պատկերացրու, թե ինչպիսի տպավորություն պետք է ստացած լիներ Դավիթը Օրենքը սեփական ձեռքով արտագրելիս։ Հավանաբար, Մովսեսը գրել էր նաև «Հոբ» գիրքը ու 90 և 91–րդ սաղմոսները։ Արտագրե՞լ էր սրանք Դավիթը։ Գուցե։ Նրա ձեռքի տակ երևի կային նաև «Հեսու», «Դատավորաց» և «Հռութ» գրքերը։ Եվ այսպես, ինչպես տեսնում ենք, Դավիթ թագավորը բավականաչափ աստվածաշնչային գրքեր ուներ, որոնք պետք է կարդար ու հասկանար։ Մենք կարող ենք համոզված լինել, որ նա հենց այդպես էլ վարվել է, որովհետև Սաղմոս 19։7–11-ում կարդում ենք, թե ինչ է նա ասել Աստծո Օրենքի մասին։

6. Ինչպե՞ս կարող ենք համոզվել, որ Հիսուսն իր նախահայր Դավթի պես հետաքրքրություն էր հանդես բերում Գրությունների նկատմամբ։

6 Մեծ Դավիթը՝ Հիսուսը, հետևեց այդ պատվերին։ Նա սովորություն ուներ ամեն շաբաթ գնալ ժողովարան, որտեղ կարդում էին Գրություններից ու մեկնաբանում։ Երբեմն Հիսուսն ինքն էր այնտեղ բարձրաձայն կարդում Աստծո Խոսքը ու բացատրում (Ղուկաս 4։16–21)։ Հեշտությամբ կարելի է տեսնել, որ նա շատ լավ գիտեր Գրությունները։ Կարդացեք Ավետարանները ու կտեսնեք, թե որքան հաճախ էր Հիսուսը «գրուած է» ասելով կամ այլ կերպ մեջբերումներ անում Սուրբ Գրություններից։ Նա իր Լեռան քարոզում, ինչպես երևում է Մատթեոսի Ավետարանից, 21 անգամ մեջբերում կատարեց Եբրայերեն Գրություններից (Մատթէոս 4։4–10; 7։29; 11։10; 21։13; 26։24, 31; Յովհաննէս 6։31, 45; 8։17)։

7. Ինչո՞վ էր Հիսուսը տարբերվում կրոնական առաջնորդներից։

7 Հիսուսը հետևում էր Սաղմոս 1։1–3-ում գրված խորհրդին. «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում.... այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում... ամեն [բան] ինչ որ անում է յաջողվում է նորան»։ Որքա՜ն է նրա վերաբերմունքը տարբերվում իր օրերի կրոնական առաջնորդների վերաբերմունքից, որոնք ‘Մովսեսի աթոռի վրա էին նստել’, բայց ‘Տիրոջ օրենքն’ արհամարհում էին (Մատթէոս 23։2–4)։

8. Ինչո՞ւ Աստվածաշունչ կարդալն ու ուսումնասիրելը ոչ մի օգուտ չէր տալիս հրեա կրոնական առաջնորդներին։

8 Ոմանց գուցե տարակուսանքի մեջ գցի աստվածաշնչյան մի հատված, ըստ որի Հիսուսն իբրև թե չէր խրախուսում Աստվածաշունչ ուսումնասիրելը։ Յովհաննէս 5։39, 40–ում (ԱՆԹ) կարդում ենք, թե ինչ ասաց նա իր օրերի որոշ մարդկանց. «Քննեցե՛ք [«Քննում եք», ծան.] Սուրբ գրքերը, քանի որ կարծում եք, թե դրանցով հավիտենական կյանք կունենաք. նույն այդ գրքերն են, որ վկայում են իմ մասին։ Դուք, սակայն, չեք ուզում դեպի ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք»։ Այս խոսքերն ասելով՝ Հիսուսը ոչ թե ցանկանում էր իր հրեա ունկնդիրներին ետ պահել Գրությունները ուսումնասիրելուց, այլ մերկացնում էր նրանց կեղծավորությունն ու անհետևողականությունը։ Նրանք հասկանում էին, որ Գրությունները կարող են իրենց առաջնորդել դեպի հավիտենական կյանք, բայց հենց այդ Գրությունները, որ իրենք քննում էին, իրենց նաև առաջնորդում էին դեպի Մեսիան՝ Հիսուսը։ Այնինչ նրանք չցանկացան ընդունել նրան։ Ուսումնասիրություններ կատարելը նրանց ոչ մի օգուտ չէր տալիս, քանի որ նրանց սրտում չկային անկեղծ մղումներ ու սովորելու պատրաստակամություն (Բ Օրինաց 18։15; Ղուկաս 11։52; Յովհաննէս 7։47, 48)։

9. Ի՞նչ հրաշալի օրինակ են թողել առաքյալներն ու մարգարեները։

9 Որքա՜ն տարբեր էր Հիսուսի աշակերտների, այդ թվում՝ առաքյալների մոտեցումը։ Նրանք ուսումնասիրում էին «Սուրբ Գրքերը, որոնք կարո՛ղ են իմաստուն դարձնել [մարդուն] փրկութեան համար» (Բ Տիմոթէոս 3։15)։ Նրանք նմանվում էին անցյալի մարգարեներին, որոնք «փնտռտուքներ կատարեցին եւ քննեցին» Աստծո Խոսքը։ Մարգարեները չէին սահմանափակում իրենց փնտրտուքներն ու քննումները մի քանի ամսով կամ տարով։ Պետրոս առաքյալն ասում է, որ նրանք «քննում էին» այն հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Քրիստոսին ու այն փառավոր արդյունքին, որ բերելու էր նրա փրկագործական մահը։ Իր առաջին նամակում Պետրոսը 10 աստվածաշնչային գրքերից 34 մեջբերում է արել (Ա Պետրոս 1։10, 11)։

10. Ինչո՞ւ մեզանից ամեն մեկը պետք է հետաքրքրված լինի Աստվածաշնչի ուսումնասիրությամբ։

10 Հստակ է, ուրեմն, որ հին Իսրայելի թագավորների պարտականությունն էր խորապես ուսումնասիրել Աստծո Խոսքը։ Հիսուսը կատարում էր այդ պարտականությունը։ Սուրբ Գրություններն ուսումնասիրելը նաև Քրիստոսի ապագա երկնային թագավորակիցների պարտականությունն էր (Ղուկաս 22։28–30; Հռովմայեցիս 8։17; Բ Տիմոթէոս 2։12; Յայտնութիւն 5։10; 20։6)։ Թագավորներին տրված այս պատվերին հետևելը հավասարապես անհրաժեշտ է նաև բոլոր նրանց համար, ովքեր ներկայումս սպասում են երկրի վրա Աստծո Թագավորության հաստատմանն ու նրա բերելիք օրհնություններին (Մատթէոս 25։34, 46)։

Պարտականություն է և՛ թագավորների, և՛ քեզ համար

11. ա) Աստծո Խոսքի ուսումնասիրության առնչությամբ ի՞նչ վտանգ կա քրիստոնյաների համար։ բ) Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։

11 Կարելի է միանգամայն կոնկրետ ու պարզ ասել, որ յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա պետք է Աստվածաշնչի ուսումնասիրություն կատարի։ Խոսքը Եհովայի վկաների հետ առաջին անգամ կատարած ուսումնասիրության մասին չէ։ Պողոս առաքյալի որոշ ժամանակակիցներ աստիճանաբար սկսել էին մատների արանքով նայել անձնական ուսումնասիրություն կատարելուն։ Ամեն մեկս պետք է վճռականորեն խուսափի նրանց նմանվելուց։ Նրանք սովորել էին «Աստծու պատգամի նախատարրերը», ինչպես օրինակ՝ «Քրիստոսի մասին եղած նախագիտելիքները», բայց չէին հարատևել ուսումնասիրելու մեջ ու, այդ պատճառով, չէին հասել «չափահասներին հատուկ գիտելիքներին» (ԱՆԹ) (Եբրայեցիս 5։12–6։3)։ Անկախ այն բանից՝ մի քանի ամիս, թե մի քանի տասնամյակ է, որ գտնվում ենք քրիստոնեական ժողովում, միանգամայն տեղին կլիներ, եթե ինքներս մեզ հարցնեինք. «Ի՞նչ եմ մտածում Աստծո Խոսքի անձնական ուսումնասիրություն կատարելու մասին։ Պողոսն աղոթեց, որ իր հավատակիցները «աճ[եին] Աստուծոյ գիտութեան մէջ»։ Իսկ ես ցո՞ւյց եմ տալիս, որ ցանկանում եմ աճել Աստծո գիտության մեջ» (Կողոսացիս 1։9, 10, ԱԹ)։

12. Ինչո՞ւ է կարևոր, որ միշտ սիրենք Աստծո Խոսքը։

12 Ուսումնասիրելու հետ կապված լավ սովորություններ մշակելու համար շատ կարևոր է սեր զարգացնել Աստծո Խոսքի հանդեպ։ Սաղմոս 119։14–16-ը մատնանշում է, որ հարկավոր է միշտ նպատակային կերպով խորհրդածել Աստծո Խոսքի շուրջ։ Այդպես վարվելով՝ մենք կսկսենք սիրել այն։ Մեկ անգամ ևս շեշտենք, որ այստեղ ոչ մի դեր չի խաղում այն, թե որքան ժամանակ է՝ ճշմարտության մեջ ես։ Հիշենք Տիմոթեոսի օրինակը։ Թեև այս քրիստոնյա երեցն արդեն ծառայում էր որպես «Քրիստոս Յիսուսի.... բարի զինուոր», Պողոսը հորդորեց նրան ջանալ «ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացն[ելու]» համար (Բ Տիմոթէոս 2։3, 15; Ա Տիմոթէոս 4։15)։ Հստակ է, որ ‘ջանալու’ մեջ մտնում է ուսումնասիրելու հետ կապված լավ սովորություններ մշակելը։

13. ա) Ինչպե՞ս կարելի է ավելացնել Աստվածաշունչ ուսումնասիրելուն հատկացվող ժամանակը։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ժամանակ գտնենք ուսումնասիրության համար։

13 Ուսումնասիրելու հետ կապված լավ սովորությունների մեջ մտնում է նաև դրան կանոնավոր կերպով ժամանակ հատկացնելը։ Հաջողվո՞ւմ է քեզ դա անել։ Չե՞ս կարծում, որ օգտակար կլիներ մի փոքր ավելացնել անձնական ուսումնասիրությանդ հատկացվող ժամանակը։ «Ինչպե՞ս կարող եմ լրացուցիչ ժամանակ տրամադրել»,— գուցե զարմացած հարցնես։ Դա հնարավոր է։ Օրինակ՝ ոմանք առավոտյան 15 րոպե ավելի վաղ են արթնանում, որպեսզի ավելի շատ կարողանան կարդալ կամ ուսումնասիրել Աստծո Խոսքը։ Ուրիշ հնարավորություն. ի՞նչ կասես քո շաբաթական գրաֆիկում թեթևակի փոփոխություններ կատարելու մասին։ Եթե շաբաթվա գրեթե բոլոր օրերին լրագիր ես կարդում կամ երեկոյան լուրերին ես տեղեկանում հեռուստացույցով, ապա կարո՞ղ ես գոնե մեկ օր չզբաղվել դրանցով։ Այդ ժամանակը կարող ես օգտագործել ավելի խորը ուսումնասիրություն կատարելու համար։ Եթե շաբաթվա մեկ օր լուրերին հատկացվող 30 րոպեն նվիրես անձնական ուսումնասիրությանը, ապա տարեկան այդ թիվը կկազմի ավելի քան 25 ժամ։ Միայն պատկերացրո՛ւ, թե ինչ օգուտներ կարող են բերել Աստվածաշնչի ընթերցանությանն ու ուսումնասիրությանը հատկացված այդ լրացուցիչ ժամերը։ Մեկ ուրիշ առաջարկ. քննիր, թե ինչ ես անելու եկող շաբաթվա յուրաքանչյուր օրվա վերջում։ Գուցե հնարավո՞ր է չզբաղվել որոշ գործերով կամ դրանց մի փոքր ավելի քիչ ժամանակ հատկացնել ու ազատված ժամանակը տրամադրել Աստվածաշնչի լրացուցիչ ընթերցանությանը կամ ուսումնասիրությանը (Եփեսացիս 5։15, 16, ԱԹ)։

14, 15. ա) Ինչո՞ւ է կարևոր նպատակներ դնել՝ անձնական ուսումնասիրություն անելու հետ կապված։ բ) Աստվածաշունչը կարդալու հետ կապված՝ ի՞նչ նպատակներ կարող ենք դնել։

14 Ի՞նչը կօգնի, որ ուսումնասիրությունը դառնա ավելի հեշտ ու հաճելի։ Նպատակներ դնելը։ Իսկ ի՞նչ հասանելի նպատակներ կարող ես դնել։ Շատերը որպես առաջին նպատակ ընտրում են Աստվածաշունչն ամբողջությամբ կարդալը, և դա հիանալի է։ Գուցե մինչև հիմա դու Աստվածաշնչից առանձին հատվածներ ես կարդացել ու օգուտներ քաղել։ Իսկ այժմ կարո՞ղ ես նպատակ դնել կարդալու ամբողջ Աստվածաշունչը։ Դրան հասնելու համար կարող ես նախ կարդալ չորս Ավետարանները, իսկ հետո՝ Քրիստոնեական Հունարեն Գրությունների մնացած մասը։ Այս գրքերը կարդալը քեզ բավականություն կպատճառի, և դու օգուտներ կստանաս։ Քո հաջորդ նպատակը կարող է լինել Աստվածաշնչի մյուս գրքերի ընթերցանությունը՝ սկսած Մովսեսի գրած գրքերից, վերջացրած պատմական գրքերով՝ մինչև «Եսթեր» գիրքը։ Ավարտելով այս գրքերի ընթերցանությունը՝ դու կտեսնես, որ միանգամայն հնարավոր է կարդալ Աստվածաշնչի մնացած գրքերը։ Մի կին, որը 65 տարեկանում դարձավ քրիստոնյա, երբ սկսեց կարդալ Աստվածաշունչը, գրքի կազմի հակառակ երեսին գրեց կարդալ սկսելու ամսաթիվը, իսկ երբ ավարտեց՝ կարդալն ավարտելու ամսաթիվը։ Այժմ նրա Աստվածաշնչում նման ամսաթվերի հինգ զույգ կա (Բ Օրինաց 32։45–47)։ Թեև նա հնարավորություն ուներ համակարգչի էկրանից կարդալու, բայց նա Աստվածաշունչը գրքից էր կարդում։

15 Ոմանք, ովքեր արդեն իրականացրել են Աստվածաշունչն ամբողջությամբ կարդալու նպատակը, լրացուցիչ քայլեր են ձեռնարկում, որ իրենց ուսումնասիրությունն էլ ավելի արդյունավետ ու գոհացուցիչ լինի։ Օրինակ՝ նախքան Աստվածաշնչի որևէ գրքի ընթերցանությանն անցնելը կարելի է դրա հետ կապված լրացուցիչ նյութ ուսումնասիրել։ «Բոլոր Գրությունները Աստծո ներշնչումով են գրված և օգտակար են» գրքում ու «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանում կարելի է մանրամասն տեղեկություններ գտնել Աստվածաշնչի յուրաքանչյուր գրքի վերաբերյալ թե՛ պատմական, թե՛ ոճական առումով և թե ինչով է այդ գիրքը օգտակար։a

16. Մենք ո՞ր մոտեցումից պետք է խուսափենք Աստվածաշունչն ուսումնասիրելիս։

16 Ուսումնասիրելիս խուսափիր այն մոտեցումից, որ հատուկ է որոշ աստվածաշնչագետների։ Նրանք չափից դուրս կենտրոնանում են աստվածաշնչյան տեքստերի վերլուծության վրա այնպես, որ կարծես թե Աստվածաշունչը մարդկային մտքի արդյունք է։ Նրանցից ոմանք ասում են, թե Աստվածաշնչի ամեն մի գիրք նախատեսված է ընթերցողների կոնկրետ շրջանի համար, կամ այդ գրքերը գրողներին փորձում են վերագրել այնպիսի նպատակներ ու տեսակետներ, ինչը վերջիններս իրականում չեն ունեցել։ Մարդկային նման դատողության հետևանքը կարող է լինել այն, որ անհատը սկսի դիտել Աստվածաշունչը որպես զուտ պատմական գրքերի հավաքածու կամ համարել դրանք այնպիսի գրքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է կրոնը զարգացել։ Ուրիշներ էլ ամբողջությամբ տրվում են աստվածաշնչային բառերի ուսումնասիրությանը։ Նրանք ավելի շատ ուսումնասիրում են եբրայերեն ու հունարեն բառերի ծագումն ու դրանց նշանակությունը, քան Աստծո պատգամի էությունը։ Կարծո՞ւմ ես, որ նման մոտեցումները կարող են մարդու սրտում կերտել այնպիսի հավատ, որը նրան գործերի կմղեր (Ա Թեսաղոնիկեցիս 2։13)։

17. Ինչո՞ւ պետք է մտածենք, որ Աստվածաշնչի պատգամը բոլորի համար է։

17 Հիմնավո՞ր են արդյոք աստվածաշնչագետների մտահանգումները։ Ճի՞շտ է, որ Աստվածաշնչի յուրաքանչյուր գիրք միայն մեկ գլխավոր թեմա ունի կամ որ այն նախատեսված է ընթերցողների նեղ շրջանի համար (Ա Կորնթացիս 1։19–21)։ Ճշմարտությունն այն է, որ Աստվածաշնչի գրքերը մնայուն արժեք ունեն բոլոր մարդկանց համար՝ անկախ նրանց տարիքից ու ծագումից։ Նույնիսկ եթե տվյալ գիրքը սկզբնապես հասցեագրված է եղել մեկ անձնավորության, ինչպես ասենք՝ Տիմոթեոսին, Տիտոսին, կամ առանձին խմբի, ինչպես՝ գաղատացիներին, փիլիպպեցիներին, բոլորս էլ կարող ենք ու պետք է ուսումնասիրենք այդ գրքերը։ Դրանք կարևոր են մեզանից ամեն մեկի համար. այդ գրքերում քննարկվում են բազմաթիվ թեմաներ, և ամենատարբեր խմբերի ընթերցողներ կարող են օգուտներ քաղել։ Այո՛, Աստվածաշնչի պատգամը բոլորի համար է. ահա թե ինչու է այս Գիրքը թարգմանվել երկրագնդի ամենատարբեր ժողովուրդների լեզուներով (Հռովմայեցիս 15։4)։

Օգտակար է և՛ քեզ համար, և՛ ուրիշների

18. Կարդալով Աստծո Խոսքը՝ ինչի՞ շուրջ պետք է խորհրդածենք։

18 Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ կտեսնես, թե ինչ մեծ օգուտներ ես ստանում, երբ ձգտում ես հասկանալ նյութը ու տեսնել, թե ինչպես են իրար շաղկապվում տվյալ հարցի տարբեր կողմերը (Առակաց 2։3–5; 4։7)։ Այն, ինչ Եհովան հայտնում է իր Խոսքի միջոցով, սերտորեն կապված է իր նպատակի հետ։ Կարդալու ընթացքում կհանդիպես դեպքերի, մտքերի, մարգարեությունների։ Կարող ես խորհել, թե ինչպես են դրանք առնչվում Եհովայի նպատակին։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ է այս հատվածն ասում Եհովայի մասին։ Ինչպե՞ս է այն առնչվում Աստծո նպատակին, որը նա իրականացնում է իր Թագավորության միջոցով»։ Նաև կարող ես խորհել. «Ինչպե՞ս կարող եմ օգտագործել իմացածս հօգուտ ուրիշների։ Կարո՞ղ եմ կիրառել դա ուսուցանելիս կամ խորհուրդ տալիս» (Յեսու 1։8)։

19. Ովքե՞ր են օգուտ քաղում մեր իմացածից։ Բացատրեք։

19 Մարդկանց մասին մտածելը օգուտ է բերում նաև մեկ ուրիշ առումով։ Աստվածաշունչը կարդալով և ուսումնասիրելով՝ դու նոր բաներ կսովորես ու իրերին նոր տեսանկյունից կնայես։ Աշխատիր իմացածիդ մասին խոսել ընտանիքիդ անդամների և ուրիշների հետ։ Եթե դա անես համեստորեն ու հարմար ժամանակին, ապա նման քննարկումներն անվիճելիորեն բավականություն կպատճառեն։ Սրտանց ու խանդավառ կերպով պատմելով քո իմացածը՝ ավելի տպավորիչ կդարձնես ասելիքդ։ Ավելին՝ դա հենց քեզ համար օգտակար կլինի։ Ինչպե՞ս։ Մասնագետները նկատել են, որ մարդն ավելի երկար է հիշում ինֆորմացիան, եթե նա օգտագործում է դա, քանի դեռ այն թարմ է իր ուղեղում. օրինակ, երբ այն պատմում է ուրիշներին։b

20. Ինչո՞ւ է օգտավետ Աստվածաշունչը միշտ կարդալը։

20 Ամեն անգամ կարդալով Աստվածաշնչի որևէ գիրք՝ անշուշտ նոր բաներ ես սովորում։ Քո վրա մեծ տպավորություն կթողնեն այնպիսի հատվածներ, որոնք նախորդ ընթերցանության ժամանակ քիչ բան էին ասում քեզ։ Դրանք նոր իմաստ կստանան քեզ համար։ Հենց սա էլ վկայում է, որ Աստվածաշնչի գրքերը մարդկային ստեղծագործության արդյունք չեն. դրանք գանձեր են, որոնք կարող ես միշտ ուսումնասիրել և օգուտներ քաղել։ Հիշիր, որ թագավորները, օրինակ՝ Դավիթը, Աստծո Խոսքը պետք է իրենց «կեանքի բոլոր օրերումը կարդայ[ին]»։

21. Ի՞նչ վարձատրություն կարող ենք ստանալ, եթե ավելի շատ ուսումնասիրենք Աստծո Խոսքը։

21 Այո՛, նրանք, ովքեր ժամանակ են տրամադրում Աստվածաշունչը խորը կերպով ուսումնասիրելուն, շատ մեծ օգուտներ են քաղում։ Այդ մարդիկ հոգևոր գանձեր են ձեռք բերում, դառնում ավելի խորաթափանց։ Աստծո հետ նրանց հարաբերություններն ավելի են խորանում, մտերմանում։ Նրանք նաև շատ ավելի գնահատելի են դառնում ընտանիքի, քրիստոնեական ժողովի անդամների և նրանց համար, ովքեր ցանկություն ունեն դառնալու Եհովայի երկրպագուներ (Հռովմայեցիս 10։9–14; Ա Տիմոթէոս 4։16)։

[ծանոթագրություններ]

a Այս գրքերը հրատարակված են Եհովայի վկաների կողմից ու մատչելի են բազմաթիվ լեզուներով։

b Տե՛ս 1993 թ. օգոստոսի 15–ի համարը (էջ 13, 14; ռուս.)։

Հիշո՞ւմ եք

• Ի՞նչ էր պահանջվում Իսրայելի թագավորներից։

• Ի՞նչ օրինակ են թողել Հիսուսն ու առաքյալները Աստվածաշունչն ուսումնասիրելու առնչությամբ։

• Ի՞նչ փոփոխություններ կարող ենք անել, որպեսզի ավելացնենք անձնական ուսումնասիրությանը հատկացված ժամանակը։

• Ի՞նչ մտայնությամբ պետք է մոտենանք Աստծո Խոսքն ուսումնասիրելու հարցին։

[շրջանակ 15–րդ էջի վրա]

«Մեր ձեռքին»

«Եթե Աստվածաշնչի համաբարբառ է մեզ պետք, ապա ավելի լավ միջոց չենք կարող գտնել, քան Ինտերնետը։ Բայց եթե ցանկանում ենք կարդալ Աստվածաշունչը, ուսումնասիրել այն, մտածել, խորհել կարդացածի շուրջ, պետք է մեր ձեռքին ունենանք այդ գիրքը, քանզի միայն այդպես կարող ենք Աստվածաշնչի խոսքը հասցնել մեր մտքին ու սրտին» (Գերտրուդ Հիմելֆարբ, Նյու Յորքի համալսարանի ականավոր պրոֆեսոր)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը