Սովորիր և սովորեցրու քրիստոնեական բարոյականությունը
«Դու՝ որ ուրիշին սովորեցնում ես, քո անձին չե՞ս սովորեցնում» (ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 2։21, ԱԹ)։
1, 2. Աստվածաշունչն ուսումնասիրելու ի՞նչ հիմքեր ունես։
ԴՈՒ բազմաթիվ հիմքեր ունես ուսումնասիրելու Աստծո Խոսքը։ Ամենայն հավանականությամբ, ցանկանում ես ծանոթանալ մարդկանց, իրադարձությունների, վայրերի և շատ այլ բաների, որ տեղ են գտել Աստվածաշնչում։ Ցանկանում ես իմանալ, թե իրականում ինչ կրոնական ճշմարտություններ է պարունակում Աստվածաշունչը՝ ի տարբերություն այնպիսի սխալ ուսուցումների, ինչպիսիք են երրորդությունն ու դժոխքի կրակը (Յովհաննէս 8։32)։ Անշուշտ, ցանկանում ես նաև Եհովային ավելի լավ ճանաչել, որպեսզի նրա հանդեպ քո սերը մեծանա, ու նրա առջև ուղիղ ընթանաս (Գ Թագաւորաց 15։4,5)։
2 Աստծո Խոսքն ուսումնասիրելու համար կա ևս մեկ կարևոր պատճառ. ուսումնասիրելով՝ դու զինվում ես անհրաժեշտ գիտելիքներով, որպեսզի սովորեցնես քեզ սիրելի մարդկանց, ծանոթների և նույնիսկ անծանոթների։ Ճշմարիտ քրիստոնյան պարտավոր է դա անել։ Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց. «Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին.... Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Մատթէոս 28։19,20)։
3, 4. Ինչո՞ւ է քեզ համար մեծ պատիվ, Հիսուսի պատվերի համաձայն, ուսուցանել մարդկանց։
3 Ուրիշներին ուսուցանելու նպատակով Աստվածաշունչը ուսումնասիրելը պատվաբեր գործ է ու կարող է անհատին բավականություն պատճառել։ Ուսուցիչ լինելը երկար ժամանակ եղել է հարգված մասնագիտություն։ Մի հանրագիտարանում ասվում է. «Հրեաների շրջանում մեծահասակներից շատերը համարում էին, որ ուսուցիչները փրկության են առաջնորդում, ու իրենց երեխաներին սովորեցնում էին, որ ուսուցչին հարկավոր է պատվել ծնողից էլ առավել» («Encarta Encyclopedia»)։ Քրիստոնյայի համար մեծ պատիվ է, որ նա, ուսումնասիրելով Աստվածաշունչը, ինքն իրեն է սովորեցնում, իսկ հետո ձեռք բերած գիտելիքները սովորեցնում է ուրիշներին։
4 «Ոչ մի մասնագիտություն չի գտել այնպիսի տարածում, ինչպիսին որ ուսուցչությունը։ Ամբողջ աշխարհում մոտ 48 մլն մարդ է ներգրավված այս գործում»,— ասվում է «Ուորլդ բուք» հանրագիտարանում («The World Book Encyclopedia»)։ Ուսուցչին է վստահվում երեխաներին սովորեցնելու գործը, և այն գիտելիքները, որ նա փոխանցում է, երկար տարիներ պետք են գալիս նրանց։ Այս առումով արդյունքը շատ ավելի մեծ կլինի, եթե հնազանդվես Հիսուսի՝ ուրիշներին ուսուցանելու պատվերին, որովհետև քո սովորեցրածը կարող է մարդկանց առաջնորդել դեպի հավիտենական կյանք։ Պողոս առաքյալը շեշտեց այս հանգամանքը, երբ հորդոր էր տալիս Տիմոթեոսին։ Նա ասաց. «Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եւ յարատեւի՛ր դրանում։ Եթէ այդ բանն անես, կը փրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ» (Ա Տիմոթէոս 4։16)։ Այո՛, քո սովորեցրածը կարող է մարդուն փրկության տանել։
5. Ինչո՞ւ է քրիստոնեական կրթությունն ամենաբարձրակարգը։
5 Ինքներս մեզ և ուրիշներին սովորեցնելու պատվերը տրված է Աստծուց՝ տիեզերքի Գերիշխանի կողմից։ Միայն այս փաստն արդեն շատ մեծ կարևորություն է հաղորդում նման ուսուցչությանը։ Ուրիշ ոչ մի ուսուցում, լինի դա հիմնական առարկաների, արհեստի կամ նույնիսկ բժշկության ուսուցում, չի կարող այդ աստիճան կարևոր լինել։ «Քրիստոնեական ուսուցում» հասկացությունը նշանակում է, որ անհատը սովորում է, թե ինչպես անձամբ ընդօրինակի Աստծո Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և նույնը ուսուցանի ուրիշներին (Յովհաննէս 15։10)։
Ինչո՞ւ պետք է սովորենք
6, 7. ա) Ինչո՞ւ պետք է նախևառաջ ինքներս մեզ սովորեցնենք։ բ) Ինչո՞ւ կարելի է ասել, որ առաջին դարի հրեաները սովորեցնելու համար չունեին անհրաժեշտ որակ։
6 Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ նախևառաջ ինքներս մեզ սովորեցնենք։ Պատճառն այն է, որ մենք չենք կարող ինչպես հարկն է սովորեցնել ուրիշներին, եթե ինքներս չսովորենք։ Պողոսը շեշտեց այս միտքն իր թղթերից մեկում, և ինչպես որ դա այն ժամանակ կարևոր էր հրեաների համար, այնպես էլ այսօր քրիստոնյաների համար է կարևոր։ Նա հարցրեց. «Դու՝ որ ուրիշին սովորեցնում ես, քո անձին չե՞ս սովորեցնում. դու որ քարոզում ես չ’գողանալ, գողանո՞ւմ ես։ Որ ասում ես շնութիւն չ’գործել՝ շնութիւ՞ն ես գործում. դու՝ որ կռքերիցը գարշում ես՝ սրբապղծութի՞ւն ես անում [«տաճարներն ես կողոպտում», ԷԹ]։ Դու՝ որ օրէնքովը պարծենում ես, օրէնքին դէմ գործելով Աստծուն անարգո՞ւմ ես» (Հռովմայեցիս 2։21–23, ԱԹ)։
7 Այս հռետորական հարցերում Պողոսը երկու չար գործեր է հիշատակում, որոնց վերաբերյալ Տասը պատվիրաններում պարզ գրված էր. «Շնութիւն մի անիր։ Գողութիւն մի անիր» (Ելից 20։14, 15)։ Պողոսի ժամանակներում որոշ հրեաներ հպարտանում էին, որ ունեն Մովսիսական օրենքը։ Նրանք ‘կրթված էին ըստ օրենքի, վստահ էին իրենց վրա՝ առաջնորդներ լինելու կույրերին, լույս՝ խավարի մեջ եղողներին, ուսուցիչներ՝ մանուկներին’ (Հռովմայեցիս 2։17–20)։ Բայց նրանց մեջ կային այնպիսիները, որ իրականում կեղծավորություն էին անում՝ ծածուկ գողություն կամ շնություն գործելով։ Դրանով նրանք անարգում էին թե՛ Օրենքը և թե՛ նրա երկնային Հեղինակին։ Պողոսի խոսքերը վկայում են այդ մասին։ Ակնհայտ է, որ նրանք ամենևին էլ չունեին ուրիշներին սովորեցնելու համար անհրաժեշտ որակ. նրանք նույնիսկ իրենք իրենց չէին ուսուցանել։
8. Հնարավոր է՝ ինչպե՞ս էին Պողոսի օրերում որոշ հրեաներ ‘տաճար կողոպտում’։
8 Պողոսը հիշատակում է տաճարներ կողոպտելու մասին։ Իրո՞ք որոշ հրեաներ բառացիորեն տաճարներ էին կողոպտում։ Ի՞նչ ի նկատի ուներ Պողոսը։ Հիշյալ համարներում բավական ինֆորմացիա չկա այս մասին, ու դժվար է հաստատ ասել, թե ինչպես էին որոշ հրեաներ ‘տաճարներ կողոպտել’։ Ավելի վաղ Եփեսոսի ատենադպիրը բազմությանն ասել էր, որ Պողոսի ընկերները «տաճար կողոպտողներ» (Արևմտ. Աստ.) չեն։ Նրա խոսքերից երևում է, որ ոմանք իսկապես հրեաներին մեղադրում էին դրանում (Գործք 19։29–37)։ Գուցե այդ հրեաները պարզապես օգտվո՞ւմ էին այն թանկարժեք իրերից, որոնք հեթանոսական տաճարներից կողոպտում էին ասպատակիչներն ու կրոնական մոլեռանդները։ Համաձայն Մովսիսական օրենքի՝ կուռքերի ոսկին ու արծաթը պիտի ոչնչացնեին, չպետք է վերցնեին անձնական օգտագործման համար (Բ Օրինաց 7։25)։a Ուստի հնարավոր է, որ Պողոսը նկատի ուներ հենց այդ հրեաներին, ովքեր արհամարհում էին Աստծո այս պատվերը ու հեթանոսական տաճարներից բերված իրերն օգտագործում էին եկամուտ ստանալու և այլ նպատակներով։
9. Երուսաղեմի տաճարի հետ կապված՝ ի՞նչ էին անում հրեաները, որը համազոր էր տաճարը կողոպտելուն։
9 Հովսեպոսը պատմում է Հռոմում տեղի ունեցած մի սկանդալի մասին, որի հեղինակները չորս հրեաներ էին՝ Օրենքի ուսուցիչներ։ Հրեական կրոն ընդունած մի հռոմեացի կնոջ նրանք համոզել էին, որ իրենց միջոցով ոսկի և այլ թանկարժեք իրեր նվիրաբերեր Երուսաղեմի տաճարին։ Բայց վերցնելով՝ յուրացրել էին դրանք, ինչը հավասար էր տաճարից գողանալուն։b Ուրիշ հրեաներ էլ Աստծո տաճարը կողոպտում էին այն իմաստով, որ արատավոր կենդանիներ էին զոհաբերում ու այնտեղ առևտրով էին զբաղվում՝ տաճարը դարձնելով «աւազակների որջ» (Մատթէոս 21։12, 13; Մաղաքիա 1։12–14; 3։8, 9, Արևմտ. Աստ.)։
Ուսուցանիր քրիստոնեական բարոյականությունը
10. Ի՞նչ էր ուզում Պողոսն ասել Հռովմայեցիս 2։21–23 խոսքերում։
10 Պողոսը հիշատակեց, որ առաջին դարում մարդիկ գողություն, շնություն էին անում և տաճարներ կողոպտում։ Բայց եկեք հասկանանք, թե որն էր նրա հիմնական ասելիքը։ Նա հարցրեց. «Դու՝ որ ուրիշին սովորեցնում ես, քո անձին չե՞ս սովորեցնում»։ Ուշադրության է արժանի այն, որ Պողոսի խոսքերը վերաբերում էին անհատի բարոյականությանը։ Առաքյալն այստեղ չէր անդրադառնում Աստվածաշնչի ուսուցումներին կամ պատմական անցքերին։ Նա խոսում էր սովորելու և ուրիշներին սովորեցնելու մասին. բաներ, որոնք առնչվում էին քրիստոնեական բարոյականությանը։
11. Ինչո՞ւ Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ պետք է ուշադրություն դարձնես քրիստոնեական վարքի չափանիշներին։
11 Հռովմայեցիս 2։21–23 խոսքերում պարփակված դասը կիրառել՝ նշանակում է Աստծո Խոսքի օգնությամբ սովորել, թե որոնք են Աստծո բարոյական չափանիշները, գործել համաձայն սովորածի ու նույնը սովորեցնել ուրիշներին։ Հետևաբար, երբ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, հատուկ ուշադրություն դարձրու Եհովայի չափանիշներին, քանզի ճշմարիտ քրիստոնեական բարոյականությունը դրանց վրա է հիմնված։ Ուսումնասիրության ընթացքում խորհրդածիր։ Հաջորդ քայլը իմացածդ համարձակորեն կիրառելն է։ Այո՛, նոր գիտելիքները կյանքում կիրառելու համար քաջություն և վճռականություն է անհրաժեշտ։ Անկատար մարդը հեշտությամբ կարող է արդարացումներ ու պատճառներ գտնել, որպեսզի հիմնավորի, թե առանձին դեպքերում կարելի է և նույնիսկ պետք է հաշվի չառնել Աստծո բարոյական չափանիշները։ Պողոսի հիշատակած հրեաները, նպատակ ունենալով արդարացնել իրենց գործողությունները կամ մոլորեցնել մյուսներին, գուցե արդեն հմտացել էին նման դատողություններ անելու մեջ։ Նրա խոսքերը ցույց են տալիս, որ մենք պետք է զգուշանանք մեր գործերով քրիստոնեական վարքի չափանիշների արժեքը նսեմացնելուց և անտեսելուց։
12. Ինչպե՞ս է մեր վարքը անդրադառնում Եհովա Աստծո անվան վրա, և ինչո՞ւ լավ կլինի միշտ հիշել սրա մասին։
12 Առաքյալը ցույց էր տալիս, թե հրեաները գլխավորապես ինչու պետք է սովորեին ու կյանքում կիրառեին այն բարոյական չափանիշները, որոնք այսօր գրված են քո Աստվածաշնչում։ Նրանք իրենց վատ վարքով վարկաբեկում էին Եհովային. «Դու՝ որ օրէնքովը պարծենում ես, օրէնքին դէմ գործելով Աստծուն անարգո՞ւմ ես։ Որովհետեւ Աստուծոյ անունը ձեր պատճառովը հայհոյվում է հեթանոսների մէջ» (Հռովմայեցիս 2։23, 24, ԱԹ)։ Նմանապես, եթե մենք անտեսում ենք քրիստոնեական բարոյականության սկզբունքները, ապա անարգում ենք նրան, ով որ սահմանել է դրանք, այսինքն՝ Աստծուն։ Եվ հակառակը, եթե հաստատակամորեն պահում ենք այդ սկզբունքները, ապա պատիվ ենք բերում նրան (Եսայիա 52։5; Եզեկիէլ 36։20)։ Այս իրողությունը գիտակցելը կարող է օգնել քեզ ճիշտ վարվելու այնպիսի իրավիճակներում, երբ գուցե թվա, թե լավագույն ելքը քրիստոնեական բարոյականության նորմերը խախտելն է։ Բայց Պողոսի խոսքերն ավելին են մեզ սովորեցնում։ Բացի այն, որ ինքդ պիտի գիտակցես քո վարքի կարևորությունը Եհովայի առջև, դու պետք է նաև այն մարդկանց, որոնց սովորեցնում ես, օգնես հասկանալու, որ Եհովայի համար կարևոր է, թե ինչպես իրենք կկիրառեն իրենց սովորած բարոյական սկզբունքները։ Հարցը միայն այն չէ, որ Աստծո բարոյական չափանիշները պահելը անհատին բավարարվածության զգացում է բերում և առողջական առումով օգտակար է։ Հարցը նաև այն է, որ անհատի վարքը անդրադառնում Նրա անվան վրա, ով սահմանել է այդ չափանիշները և խրախուսում է ապրել դրանցով (Սաղմոս 74։10; Յակոբոս 3։17)։
13. ա) Բարոյական հարցերի հետ կապված՝ ինչպե՞ս է Աստվածաշունչը մեզ օգնում։ բ)Բացատրեք, թե որն է Ա Թեսաղոնիկեցիս 4։3–7-ի հիմնական միտքը։
13 Մարդու վարքը անդրադառնում է նաև ուրիշների վրա։ Այս մասին կարելի է Աստծո Խոսքից բերել օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ օգուտներ է բերում Աստծո բարոյական չափանիշներով ապրելը և ինչ հետևանքներ են լինում դրանք անտեսելիս (Ծննդոց 39։1–9, 21; Յեսու 7։1–25)։ Բարոյականության վերաբերյալ հստակ խորհուրդներ կարելի է գտնել նաև հետևյալ սուրբգրային խոսքերում. «Աստծու կամքը ա՛յս է. որ դուք սուրբ լինէք, հեռու մնաք պոռնկութիւնից. ձեզնից իւրաքանչիւր ոք գիտենայ իր մարմինը պահել սրբութեամբ ու պատուով եւ ոչ թէ ցանկութեան կրքով, ինչպէս այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն։ Թող ոչ ոք այդ բանում չափը չանցկացնի եւ չդիպչի իր եղբօր պատուին [«իր եղբօրը չզրկէ», ԱԹ], քանզի.... Աստուած չկոչեց մեզ պղծութեան, այլ՝ սրբութեան» (Ա Թեսաղոնիկեցիս 4։3–7)։
14. Ի՞նչ կարող ես ինքդ քեզ հարցնել Ա Թեսաղոնիկեցիս 4։3–7-ում պարունակված խորհրդի վերաբերյալ։
14 Գրեթե յուրաքանչյուր ոք կարող է տեսնել այս հատվածից, որ եթե անհատը սեռական անբարոյություն է գործում, ապա նա խախտում է քրիստոնեական բարոյականության նորմերը։ Բայց դու կարող ես ավելի խորը հասկանալ, թե ինչ է այստեղ գրված։ Կան աստվածաշնչային որոշ համարներ, որոնց շուրջ պետք է բավական ուսումնասիրություն կատարել, խորհրդածել, ինչի շնորհիվ այդ համարների վերաբերյալ քո հասկացողությունը կխորանա։ Օրինակ՝ կարող ես խորհել, թե ինչ նկատի ուներ Պողոսը, երբ ասաց, որ պոռնկությունը կարող է հանգեցնել ‘չափն անցնելուն և եղբորը զրկելուն’։ Ի՞նչ զրկելու մասին է խոսքը, և ինչպե՞ս կարող ես, այս խոսքերն ավելի լավ ըմբռնելով, ավելի մեծ վճռականությամբ լցվել՝ ապրելու Աստծո բարոյական սկզբունքներով։ Իսկ ինչպե՞ս կարող է այս հարցի ուսումնասիրությունն օգնել քեզ սովորեցնելու ուրիշներին և օգնելու նրանց պատվել Եհովային։
Ուսումնասիրիր՝ սովորեցնելու նպատակով
15. Ի՞նչ օժանդակ միջոցներ կարող ես օգտագործել անձնական ուսումնասիրության ժամանակ։
15 Սովորելու և սովորեցնելու նպատակով կատարվող ուսումնասիրության ժամանակ հնարավոր է հարցեր առաջանան։ Եհովայի վկաներն ունեն բազմաթիվ օժանդակ միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է քննել դրանք։ Այդ միջոցներից է ««Դիտարան» ընկերության հրատարակությունների ցանկը», որը մատչելի է շատ լեզուներով։ Եթե հնարավորություն ունես դրանից օգտվելու, ապա կարող ես այդ «Ցանկի» օգնությամբ գտնել քո ուզած ինֆորմացիան Եհովայի վկաների կողմից հրատարակված աստվածաշնչային գրականության մեջ։ Փնտրտուքներ կարող ես կատարել կամ ըստ թեմայի, կամ էլ ըստ աստվածաշնչյան համարի։ Ուսումնասիրության մեկ այլ միջոց է ««Դիտարանի» գրադարանը», որը մատչելի է մի քանի տարածված լեզուներով։ Այս «Գրադարանը» մի համակարգչային ծրագիր է՝ CD-ROM սկավառակի վրա և էլեկտրոնային տեսքով հրատարակությունների հարուստ հավաքածու է պարունակում։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս հետազոտելու, թե տվյալ համարի հետ կապված ինչ թեմաներ են շոշափվում Վկաների հրատարակություններում։ Եթե այս օժանդակ միջոցներից որևէ մեկը կամ երկուսն էլ մատչելի են քեզ, ապա կանոնավորաբար օգտվիր դրանցից՝ Աստծո Խոսքն ուսումնասիրելու և այն ուրիշներին սովորեցնելու նպատակով։
16, 17. ա) Որտե՞ղ կարելի է պարզաբանումներ գտնել Ա Թեսաղոնիկեցիս 4։6 համարի վերաբերյալ։ բ) Ինչի՞ց է պոռնկություն գործողը զրկում մյուսներին։
16 Եկեք անդրադառնանք Ա Թեսաղոնիկեցիս 4։3–7 համարներին։ Հարց առաջացավ ‘զրկելու’ մասին։ Ինչի՞ց զրկելու մասին է խոսքը և ինչպե՞ս է դա հնարավոր։ Հիշատակված միջոցներով այս համարների վերաբերյալ կարելի է պարզաբանումներ գտնել, օրինակ, «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանում (հատոր 1, էջ 863, 864; անգլ.), «Իսկական խաղաղություն և ապահովություն. ինչպե՞ս կարող ես գտնել» գրքում (էջ 145, անգլ.), «Դիտարանի» 1989 թ. նոյեմբերի 15–ի համարում (էջ 31, անգլ.)։
17 Հետազոտելով նշված հատվածները՝ կտեսնես, թե որքան ճիշտ են Պողոսի խոսքերը։ Պոռնկություն գործողը մեղանչում է Աստծո դեմ ու տարբեր հիվանդություններով վարակվելու վտանգի է իրեն ենթարկում (Ա Կորնթացիս 6։18, 19; Եբրայեցիս 13։4)։ Կինը, որի հետ տղամարդը պոռնկություն է գործել, զրկվում է, օրինակ, այն իմաստով, որ այլևս չի կարող բարոյապես անբասիր կին համարվել, ինչպես նաև մաքուր խիղճ ունենալ։ Եթե պոռնկությունը կատարվել է կույսի հետ, ապա տղամարդը, մի կողմից՝ զրկում է նրան որպես անարատ կին ամուսնանալու հնարավորությունից, իսկ մյուս կողմից՝ զրկում է նրա ապագա ամուսնուն իր կնոջը որպես այդպիսին ընդունելու իրավունքից։ Նա արատավորում է նաև կնոջ ծնողների և, եթե այդ կինը ամուսնացած է, նրա ամուսնու պատիվը։ Այդ անբարոյական մարդը զրկում է իր իսկ ընտանիքին բարոյապես անարատ համարվելու իրավունքից։ Իսկ եթե նա քրիստոնեական ժողովի անդամ է, ապա նա իր արարքով նախատինք է բերում ժողովին՝ արատավորելով նրա հեղինակությունը (Ա Կորնթացիս 5։1)։
18. Քրիստոնեական բարոյականության վերաբերյալ ուսումնասիրություն կատարելը քեզ ի՞նչ օգուտներ է բերում։
18 Մի՞թե այս բացատրությունները չեն օգնում ավելի խորը հասկանալու այս համարի իմաստը։ Շատ կարևոր է այսպիսի ուսումնասիրություն կատարել։ Այսպես դու սովորեցնում ես ինքդ քեզ։ Քեզ ավելի ու ավելի է տպավորում Աստծո պատգամը, և դու ավելի ու ավելի ես համոզվում դրա ճշմարտացիության մեջ։ Ավելի մեծ վճռականությամբ ես լցվում՝ հետևելու Աստծո բարոյական չափանիշներին՝ անկախ այն բանից, թե ինչ փորձությունների մեջ կընկնես։ Հապա որքա՜ն ես հմտանում՝ որպես ուսուցիչ։ Օրինակ՝ աստվածաշնչյան ճշմարտությունն ուրիշներին սովորեցնելիս դու կարող ես ավելի խոր բացատրություն տալ Ա Թեսաղոնիկեցիս 4։3–7 համարների առնչությամբ, ինչը կօգնի նրանց ավելի լավ հասկանալու քրիստոնեական բարոյականության չափանիշները ու գնահատելու դրանք։ Այո, քո կատարած ուսումնասիրությունը կարող է օգնել թե՛ քեզ և թե՛ ուրիշ շատերի պատվելու Աստծուն։ Մենք այստեղ խոսեցինք ընդամենը մեկ օրինակի մասին, որ գրված էր Պողոսի՝ թեսաղոնիկեցիներին ուղղված նամակում։ Քրիստոնեական բարոյականության բազմաթիվ այլ երեսակներ էլ գոյություն ունեն, և համապատասխանաբար գոյություն ունեն բազում աստվածաշնչյան օրինակներ ու խորհուրդներ, որոնք կարող ես ուսումնասիրել, կիրառել կյանքում ու սովորեցնել։
19. Ինչո՞ւ է խիստ կարևոր, որ ապրես քրիստոնեական բարոյականության չափանիշներով։
19 Կասկած չի կարող լինել, որ քրիստոնեական բարոյականության չափանիշներով ապրելը իմաստության դրսևորում է։ Յակոբոս 3։17–ում (ԱԹ) ասվում է, որ «վերին իմաստութիւնը», որ բխում է Եհովա Աստծուց, «նախ եւ առաջ սուրբ է», այսինքն՝ մաքուր է։ Այս համարը հստակորեն ցույց է տալիս, որ անհատը պետք է ապրի Աստծո բարոյական չափանիշներով։ Եհովան պատվիրում է, որ նրանք, ովքեր իրեն ծանոթացնում են անհատին Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով, նախևառաջ իրենք լավ օրինակ թողնեն՝ ապրելով «մաքրութեամբ» (Ա Տիմոթէոս 4։12)։ Օրինակ՝ վաղ շրջանի աշակերտներ Պողոսն ու Տիմոթեոսը այդպիսի կյանքով էին ապրում. նրանք հեռու էին անբարոյականությունից։ Պողոսը գրեց. ««Հեռո՛ւ ձեզնից պոռնկութիւն եւ ամէն տեսակ պղծութիւն կամ ագահութիւն. դրանց անունն իսկ թող չյիշուի ձեր մէջ, ինչպէս որ վայել է սրբերին. եւ հեռո՛ւ ձեզնից զազրախօսութիւն կամ յիմար խօսք կամ խեղկատակութիւն» (Եփեսացիս 5։3, 4)։
20, 21. Ինչո՞ւ ես համաձայն Ա Յովհաննէս 5։3–ում գրված խոսքերին։
20 Աստծո բարոյական չափանիշները պարզ ու կոնկրետ են, բայց ոչ ճնշող։ Հովհաննեսը, որ առաքյալներից ամենաուշը մահացավ, համոզված էր դրանում։ Նա իր կյանքի բազմամյա փորձով գիտեր, որ քրիստոնեական բարոյականությամբ ապրելը վնաս չի բերում։ Ընդհակառակը, դա առաքինությամբ լեցուն և օգտակար ապրելակերպ է։ Հովհաննեսը շեշտեց այս հանգամանքը հետևյալ խոսքերով. «Սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն» (Ա Յովհաննէս 5։3, ԱԹ)։
21 Նկատենք, սակայն, որ Հովհաննեսը չէր ուզում ասել, թե Աստծուն հնազանդվելը՝ քրիստոնեական բարոյականության չափանիշները պահելով, լավագույն ուղի է զուտ այն պատճառով, որ այդպես վարվելով կարելի է խուսափել պրոբլեմներից։ Նա այս հարցին ճիշտ տեսանկյունից էր նայում. Հովհաննեսը դա առաջին հերթին դիտում էր որպես սիրո դրսևորում Եհովա Աստծո հանդեպ, հիանալի հնարավորություն՝ սեր ցուցաբերելու նրա հանդեպ։ Իսկապես, որպեսզի սովորեցնենք ինքներս մեզ և ուրիշներին սիրել Աստծուն, մենք պետք է ընդունենք նրա վսեմ չափանիշները և ապրենք դրանցով։ Այո՛, դա նշանակում է սովորել ու սովորեցնել ուրիշներին քրիստոնեական բարոյականությունը։
[ծանոթագրություններ]
a Խոսելով այն մասին, որ հրեա ազգը հեռու է սրբապղծությունից՝ Հովսեպոսը Աստծո օրենքը հետևյալ կերպ է շարադրում. «Թող ոչ ոք չհայհոյի այն աստվածներին, որոնց պաշտում են ուրիշ քաղաքներում, չկողոպտի օտար տաճարները, չվերցնի այն թանկարժեք իրերը, որ ընծայաբերվել են ինչ–որ մի աստծո անունով» (ընդգծումը մերն է, «Հրեական հնախոսություն», անգլ., գիրք 4, գլուխ 8, պարբ. 10)։
b «Հրեական հնախոսություն», անգլ., գիրք 18, գլուխ 3, պարբ.5։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ նախքան ուրիշներին սովորեցնելը, ինքներս պետք է սովորենք։
• Ինչպե՞ս կարող է մեր վարքը անդրադառնալ Եհովայի անվան վրա։
• Պոռնկություն գործող անձը հնարավոր է որ ո՞ւմ «զրկէ»։
• Ո՞րն է ձեր դիրքորոշումը քրիստոնեական բարոյականության վերաբերյալ։
[նկար 22–րդ էջի վրա]
«Նորա պատուիրանքները ծանր չեն»