Ընթերցողների հարցերը
Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ ասաց. «Քանի անգամ որ այս հացն ուտէք, եւ այս բաժակը խմէք»։
Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյի մասին խոսելիս Պողոս առաքյալը գրել էր. «Քանի անգամ որ այս հացն ուտէք, եւ այս բաժակը խմէք, Տիրոջ մահը պատմեցէք՝ մինչեւ որ նա կ’գայ» (Ա Կորնթացիս 11։25, 26)։ Ոմանց կարծիքով «քանի անգամ» արտահայտությունը այն միտքն է հաղորդում, թե Հիսուսի մահը պետք է հաճախակի հիշվի։ Ուստի նրանք այն նշում են տարին մի քանի անգամ։ Արդյո՞ք Պողոսը դա նկատի ուներ։
Արդեն մոտ 2 000 տարի է անցել այն ժամանակվանից, երբ Հիսուսը հաստատեց իր մահվան Հիշատակի երեկոն։ Ուստի կարելի է ասել, որ մ.թ. 33 թ.–ից սկսած՝ այդ օրն ամեն տարի հիշելը արդեն իսկ կնշանակեր, որ դա արվել է հաճախակի։ Սակայն Ա Կորնթացիս 11։25, 26–ի համատեքստից երևում է, որ Պողոսը չէր խոսում այն մասին, թե ինչ հաճախականությամբ պետք է նշվեր այդ տոնը, այլ՝ թե ինչպես պետք է դա արվեր։ Հունարեն բնագրում Պողոսը օգտագործել է ոչ թե պոլլակիս բառը, որը նշանակում է «հաճախ», այլ օսակիս՝ «ամեն անգամ որ», կամ «երբ որ»։ Փաստորեն՝ Պողոսն ուզում էր ասել. «Երբ որ անեք դա, Տիրոջ մահը պատմեցեք»։
Իսկ ի՞նչ հաճախականությամբ պետք է նշվի Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն։ Տեղին է այն նշել տարին մեկ անգամ։ Դա մահվան հիշատակի երեկո է, իսկ մարդու մահը սովորաբար հիշվում է տարին մեկ։ Բացի այդ, Հիսուսը մահացել է հրեական Պասեքի օրը, որը տարվա ընթացքում նշվում էր մեկ անգամ։ Պողոս առաքյալը Հիսուսին անվանեց «մեր զատիկը», քանի որ Հիսուսի զոհաբերությունը կյանքի ճանապարհ բացեց հոգևոր Իսրայելի համար, ինչպես որ առաջին Պասեքի զոհը փրկեց իսրայելացիների առաջնեկներին Եգիպտոսում և հնարավորություն ստեղծեց, որ այդ ազգը ազատվի ստրկությունից (Ա Կորնթացիս 5։7; Գաղատացիս 6։16)։ Հրեական Պասեքի հետ այս կապը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Հիսուսի Հիշատակի երեկոն հարկավոր է նշել տարին մեկ անգամ։
Ավելին՝ Պողոսը ցույց տվեց, որ կապ գոյություն ունի Հիսուսի մահվան ու Քավության օրվա միջև՝ հրեական մի տոնի, որը նշվում է տարին մեկ։ Ահա թե ինչ ենք կարդում Եբրայեցիս 9։25, 26–ում. «Ոչ թէ որպէս զի [Հիսուսը] շատ անգամ իր անձը պատարագ մատուցանէ ինչպէս քահանայապետը, որ ամեն տարի [Քավության օրը] մտնում էր սրբութեանց սրբութիւնն օտար արիւնով։ ....բայց հիմա ժամանակների վերջումը մէկ անգամ յայտնուեցաւ, որ մեղքը դէն գցէ իր պատարագովը»։ Քանի որ Հիսուսի զոհաբերությունը փոխարինեց Քավության օրը մատուցվող զոհին, նրա Հիշատակի երեկոն տեղին կլինի նշել տարին մեկ անգամ։ Աստվածաշնչյան ոչ մի հիմք չկա այդ օրը ավելի հաճախ նշելու։
Նմանապես՝ պատմաբան Լորենս ֆոն Մոսհայմը գրում է, որ Փոքր Ասիայում ապրող քրիստոնյաները երկրորդ դարում Հիսուսի մահվան հիշատակը, ըստ սովորության, նշում էին «հրեական [նիսան] ամսվա տասնչորսերորդ օրը»։ Հետագայում էր, որ քրիստոնեական աշխարհում Հիսուսի մահը սկսեցին ավելի հաճախակի նշել։