Եվսեբիոս. «եկեղեցական պատմության հա՞յր»
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ 325 թ.–ին Հռոմի կայսր Կոստանդինը բոլոր եպիսկոպոսներին կանչեց Նիկիա։ Նրա նպատակն էր լուծել Աստծո և նրա Որդու հարաբերության վերաբերյալ հարցը, որը բազմաթիվ քննարկումների առարկա էր դարձել։ Ներկաների թվում էր նաև մի մարդ, որը համարվում էր այն ժամանակվա ամենագիտակ անձնավորությունը՝ Եվսեբիոս Կեսարացին։ Եվսեբիոսը մանրակրկիտ ձևով ուսումնասիրել էր Գրությունները և քրիստոնեական միաստվածության պաշտպան էր։
Նիկիայում տեղի ունեցած ժողովում, ինչպես «Բրիտանական հանրագիտարանն» (անգլ.) է ասում, «Կոստանդինն ինքն էր նախագահում, ակտիվորեն ղեկավարում էր քննարկումները և անձամբ առաջարկեց.... վերջնական ձևակերպումը, որը ժողովի կողմից ընդունված հավատո հանգանակում արտահայտում էր, թե ինչ հարաբերության մեջ է Քրիստոսը Աստծո հետ, այն է՝ «մեկ էություն Աստծո հետ».... Վախենալով կայսրից՝ եպիսկոպոսները, բացառությամբ երկուսի, ստորագրեցին հանգանակի տակ, ընդ որում նրանցից շատերը դա արեցին հակառակ իրենց կամքի»։ Արդյո՞ք Եվսեբիոսը այդ բացառություններից էր։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա բռնած դիրքից։ Եկեք տեսնենք, թե ով էր Եվսեբիոսը՝ ինչ արժանիքներ նա ուներ և ինչ ձեռնարկումներ է արել։
Նրա ուշագրավ աշխատությունները
Հավանաբար, Եվսեբիոսը ծնվել է Պաղեստինում մ.թ. 260 թ.–ին։ Վաղ հասակում նա շփվում էր Կեսարիայի եկեղեցու վերակացուի՝ Պամփիլոսի հետ։ Ընդունվելով Պամփիլոսի աստվածաբանական դպրոցը՝ Եվսեբիոսը դարձավ ջանասեր աշակերտ։ Նա ակտիվորեն օգտվում էր Պամփիլոսի հարուստ գրադարանից։ Եվսեբիոսը ամբողջությամբ իրեն նվիրեց ուսումնասիրություններ կատարելուն, հատկապես՝ Աստվածաշնչի։ Նա նաև դարձավ Պամփիլոսին նվիրված ընկեր, և ավելի ուշ իր մասին հիշատակում էր «Եվսեբիոս Պամփիլեա» անունով։
Իր նկրտումների վերաբերյալ Եվսեբիոսը հետևյալն է ասում. «Իմ նպատակն է գրել սուրբ Առաքյալների հաջորդների, ինչպես նաև մեր Փրկչի օրերից մինչև մեր օրերն ընկած ժամանակների մասին, պատմել, թե եկեղեցու պատմության մեջ ինչպես են տեղի ունեցել բազմաթիվ կարևոր իրադարձություններ, որոնց մասին խոսվում է, և հիշատակել նրանց, ովքեր ղեկավարել են եկեղեցին ու եկեղեցական նշանավոր ծխերի գլուխ են եղել, նաև նրանց, ովքեր յուրաքանչյուր սերնդում հռչակել են Աստծո խոսքը թե՛ բանավոր և թե՛ գրավոր ձևով»։
Եվսեբիոսին հիշում են իր «Եկեղեցական պատմություն» աշխատության համար, որը բարձր գնահատական է ստացել։ Այս աշխատության տասը հատորները, որոնք հրատարակվեցին մ.թ. մոտ 324 թ.–ին, համարվում են եկեղեցու պատմության վերաբերյալ անտիկ ժամանակներում գրված ամենանշանակալից աշխատությունը։ Այս գործի շնորհիվ Եվսեբիոսը հայտնի դարձավ «եկեղեցական պատմության հայր» անունով։
Բացի «Եկեղեցական պատմությունից», Եվսեբիոսի գրչին է պատկանում նաև «Քրոնիկոն» երկհատորանոց աշխատությունը։ Առաջին հատորը համաշխարհային պատմության ամփոփում է։ Չորրորդ դարում այն դարձավ հեղինակավոր աղբյուր, որից օգտվում էին համաշխարհային ժամանակագրության հետ կապված հարցեր լուծելիս։ Երկրորդ հատորում նշվում են պատմական իրադարձությունների տարեթվեր։ Օգտագործելով զուգահեռ սյունակներ՝ Եվսեբիոսը պատկերեց տարբեր ազգերի արքայական տոհմաբանությունը։
Եվսեբիոսը գրել է նաև երկու այլ պատմական գործեր՝ «Պաղեստինի նահատակները» և «Կոստանդին կայսրի կյանքը»։ Առաջին աշխատանքն ընդգրկում է 303–310 թվականները և խոսում է այդ ժամանակաշրջանի նահատակների մասին։ Ըստ ամենայնի, Եվսեբիոսը այդ իրադարձությունների ականատեսն է եղել։ Երկրորդ աշխատանքը, որ հրատարակվել է չորս գրքերի ձևով՝ Կոստանդին կայսրի մահից (337 թ.) հետո, պարունակում է արժեքավոր պատմական մանրամասնություններ։ Այդ գիրքը պատմական ոճով չի գրվել, այլ առավելաբար ներբողական է։
Եվսեբիոսի ջատագովական աշխատությունները պարունակում են նրա պատասխանը Հիերոկլեսին, որն այն ժամանակ հռոմեական կուսակալ էր։ Երբ Հիերոկլեսը գրավոր ձևով հանդես եկավ քրիստոնյաների դեմ, Եվսեբիոսը պաշտպանեց վերջիններիս։ Ավելին՝ ի պաշտպանություն այն բանի, որ Սուրբ Գրությունների հեղինակը Աստված է՝ նա գրեց 35 գրքեր, որոնք համարվում են այս տեսակետից ամենակարևոր ու ամենից մանրակրկիտ ձևով գրված աշխատությունները։ Գրքերից 15–ում նա ջանում է հիմնավորել, թե ինչու են քրիստոնյաներն ընդունել եբրայերեն սրբազան Գրությունները։ Մյուս 20–ը ապացուցում են, որ քրիստոնյաներն իրավացի են, որ անցնում են հրեական կանոններից այն կողմ և հետևում են նոր սկզբունքների ու սովորությունների։ Այս գրքերը միասին հանդես են գալիս որպես Եվսեբիոսի հասկացած քրիստոնեության համակողմանի պաշտպանություն։
Եվսեբիոսը ապրեց մոտ 80 տարի (260–340)՝ դառնալով անտիկ աշխարհի առավել բեղմնավոր գրողներից մեկը։ Նրա գրությունները ընդգրկում են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել առաջին երեք դարերում՝ մինչև Կոստանդին կայսեր օրերը։ Կյանքի վերջում նա միայն գրելով չէր զբաղված. նա նաև կատարում էր Կեսարիայի եպիսկոպոսի պարտականությունները։ Թեև հիմնականում Եվսեբիոսը հայտնի է որպես պատմաբան, նա նաև ջատագով էր, տեղագիր, քարոզիչ, քննադատ և կրոնական մեկնաբան։
Երկակի նպատակ
Ինչո՞ւ Եվսեբիոսը ձեռնամուխ եղավ նման՝ նախադեպը չունեցող վիթխարի գործունեության։ Նա համոզված էր, որ ապրում է այնպիսի ժամանակներում, երբ անցում է կատարվում դեպի նոր դարաշրջան։ Նա գիտակցում էր, որ անցած դարերում մեծ իրադարձություններ են տեղի ունեցել, ուստի հարկավոր էր գրավոր տեղեկություններ թողնել հետագա սերունդներին։
Եվսեբիոսը ուրիշ նպատակ էլ ուներ. նա ջատագով էր։ Նա հավատում էր, որ քրիստոնեությունն աստվածային ծագում ուներ։ Բայց ոմանք պայքարում էին այդ գաղափարի դեմ։ Եվսեբիոսը գրում է. «Իմ նպատակը նաև անուններ, քանակ ու ժամանակներ նշելն է նրանց մասին, ովքեր, տարվելով նորամուծություններով, ամենամեծ սխալները գործեցին, և հռչակելով իրենց որպես գիտելիքներ (որ սուտանուն է) հայտնաբերողների՝ արյունռուշտ գայլերի պես անողորմաբար ամայեցրին Քրիստոսի հոտը»։
Համարո՞ւմ էր Եվսեբիոսն իրեն քրիստոնյա։ Ըստ ամենայնի՝ այո, քանզի նա Քրիստոսի մասին խոսելիս ասում է՝ մեր Փրկիչը։ Նա գրում է. «Ես մտադիր եմ.... մանրամասնորեն պատմել այն դժբախտությունների մասին, որ անմիջապես պատահեցին ողջ հրեա ազգին որպես հետևանք նրանց դավադրությունների մեր Փրկչի դեմ, գրել, թե հեթանոսներն ինչպես և երբ են հարձակումներ գործել Աստծո խոսքի վրա, և տալ այն մարդկանց բնութագիրը, ովքեր տարբեր ժամանակներում արյամբ ու տառապանքով պայքար են մղել հանուն դրա, ինչպես նաև այն խոստովանությունների մասին, որ արվել են մեր իսկ օրերում, ու այն ողորմած ու բարի օգնության մասին, որ մեր Փրկիչը ցույց տվեց բոլոր նրանց»։
Նրա խոր ուսումնասիրությունները
Բազմաթիվ են այն գրքերը, որոնք կարդացվել ու հիշատակվել են Եվսեբիոսի կողմից։ Միայն նրա աշխատությունների շնորհիվ է, որ այսօր տեղեկություններ կան մ.թ. առաջին երեք դարերի հայտնի անձանցից շատերի մասին։ Միայն նրա գործերում կարելի է գտնել հետաքրքիր մանրամասնություններ, որոնք լույս են սփռում նշանավոր իրադարձությունների վրա։ Դրանք վերցված են եղել այնպիսի աղբյուրներից, որոնք այժմ գոյություն չունեն։
Եվսեբիոսը նյութերը հավաքում էր ջանասիրաբար և ամենայն մանրամասնությամբ։ Այնպես է երևում, որ նա ջանում էր իրարից տարբերել վստահելի ու ոչ վստահելի տեղեկությունները։ Սակայն նրա գործերը զերծ չէին թերություններից։ Երբեմն նա չէր հասկանում մարդկանց ու սխալ էր մեկնաբանում նրանց գործողությունները։ Ժամանակագրության հարցում որոշ տեղերում նա անճշտություններ է թույլ տվել։ Եվսեբիոսին պակասում էր նաև նյութը մատուցելու ստեղծագործական ջիղը։ Բայց չնայած այդ թերություններին՝ նրա աշխատանքներից շատերը անգին գանձ են համարվում։
Ճշմարտասե՞ր
Եվսեբիոսին մտահոգում էր այն չպարզված հարցը, թե ինչպես են Հայրը և Որդին միմյանց հարաբերվում։ Արդյո՞ք Հայրը գոյություն է ունեցել նախքան Որդու լինելը, ինչպես ենթադրում էր Եվսեբիոսը։ Թե՞ Հայրն ու Որդին միաժամանակ են գոյություն ունեցել։ «Եթե նրանք միաժամանակ են գոյություն ունեցել,— հարցնում էր նա,— ապա ինչպե՞ս Հայրը կլինի Հայր և Որդին՝ Որդի»։ Նա իր այս համոզմունքը պաշտպանում էր՝ նույնիսկ սուրբգրային վկայակոչումներ բերելով. նա մեջբերում էր Յովհաննէս 14։28–ը, որտեղ ասվում է, որ ‘Հայրը մեծ է Հիսուսից’, և Յովհաննէս 17։3–ը, որտեղ Հիսուսի մասին ասվում է, որ նա ‘ուղարկվեց’ միակ ճշմարիտ Աստծո կողմից։ Հիմնվելով Կողոսացիս 1։15–ի և Յովհաննէս 1։1–ի վրա՝ Եվսեբիոսը պնդում էր, որ Լոգոսը՝ այսինքն՝ Բանը (Խոսքը), «աներեւոյթ Աստուծոյ պատկերն է»՝ Աստծո Որդին։
Սակայն, որքան էլ որ զարմանալի է, Նիկիայի տիեզերաժողովի վերջում Եվսեբիոսը պաշտպանեց հակառակ տեսակետը։ Դեմ գնալով իր սուրբգրային հայեցակետին, որ Աստված և Քրիստոսը միաժամանակ գոյություն չեն ունեցել որպես հավասար անձնավորություններ՝ նա համաձայնվեց կայսրի հետ։
Ինչ դաս ենք սովորում
Ինչո՞ւ Եվսեբիոսը զիջեց Նիկիայի ժողովում և պաշտպանեց մի ոչ սուրբգրային ուսմունք։ Արդյո՞ք նա քաղաքական նպատակներ էր հետապնդում։ Ինչո՞ւ էր նա ընդհանրապես ներկա այդ ժողովին։ Թեև կանչվել էին բոլոր եպիսկոպոսները, սակայն, փաստորեն, եկավ միայն մի մասը՝ 300 հոգի։ Գուցե Եվսեբիոսին մտահոգում էր հասարակության մեջ ունեցած իր դիրքը։ Եվ բացի այդ, ինչո՞ւ էր Կոստանդին կայսրը նրան շատ բարձր գնահատում. Եվսեբիոսն այդ ժողովի ժամանակ նստած էր կայսրի աջ կողմում։
Ակնհայտ է, որ Եվսեբիոսն անտեսեց Հիսուսի այն պահանջը, որ Իր հետևորդները չպետք է «աշխարհքիցը» լինեին (Յովհաննէս 17։16; 18։36)։ «Շնացողներ, չ’գիտէ՞ք որ աշխարհքիս սէրը թշնամութիւն է Աստուծոյ դէմ»,— հարցրեց Հակոբոս աշակերտը (Յակոբոս 4։4)։ Իսկ որքա՜ն տեղին է Պողոսի հետևյալ հորդորը. «Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք» (Բ Կորնթացիս 6։14)։ ‘Հոգով ու ճշմարտությունով երկրպագելով Հորը’՝ եկեք հեռու մնանք այս աշխարհից։
[նկար 31–րդ էջի վրա]
Որմնանկար, որի վրա պատկերված է Նիկիայի տիեզերաժողովը
[թույլտվությամբ]
Scala/Art Resource, NY
[նկար 29–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Courtesy of Special Collections Library, University of Michigan