Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 8/1 էջ 23–27
  • Երջանիկ է նա, ում Աստվածը Եհովան է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երջանիկ է նա, ում Աստվածը Եհովան է
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Առաջին ծանոթությունները Աստվածաշնչի ճշմարտության հետ
  • Ընդլայնում եմ ծառայությունս
  • Շնորհ եմ ընդունում Եհովայի կողմից
  • Եհովան աճեցնում է Հյուսիսում
  • Վերադառնում ենք Կանադա
  • Հաճույքով սովորում և սովորեցնում եմ Եհովայի մասին
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մշտապես օրհնվել եմ ճիշտ որոշումների շնորհիվ
    2007 Դիտարան
2003 Դիտարան
w03 8/1 էջ 23–27

Կենսագրություն

Երջանիկ է նա, ում Աստվածը Եհովան է

Պատմում է Թոմ Դիդուրը

Սրահն արդեն վարձված էր։ Ըստ նախնական տվյալների՝ Պորկուփայն Փլեյնում անցկացվող այդ համաժողովին ներկա էին լինելու 300 հոգի (Սասկաչևան նահանգ, Կանադա)։ Չորեքշաբթի օրը սկսեց ձյուն տեղալ, իսկ ուրբաթ օրը արդեն կատաղի ձյունամրրիկ էր՝ զրո տեսանելիությամբ։ Ջերմաստիճանն ընկավ մինչև -40°C։ Ներկաների թիվը կազմեց ընդամենը քսանութ հոգի՝ երեխաներն էլ միասին հաշված։ Ես խիստ հուզված էի, քանի որ առաջին անգամ էի համաժողովի մասնակցում որպես շրջանային վերակացու. այդ ժամանակ քսանհինգամյա երիտասարդ էի և նոր էի ստացել այդ նշանակումը։ Նախքան պատմությունս շարունակելը կուզեի ներկայացնել, թե ինչպես եղավ, որ արժանացա ծառայության այդ հատուկ առանձնաշնորհմանը։

ԵՍ ՅՈԹԵՐՈՐԴՆ եմ այն ութ երեխաներից, որ լույս աշխարհ են բերել հայրս ու մայրս՝ ութն էլ տղաներ։ Սկզբում ծնվել էր Բիլը, հետո Մետրոն, Ջոնը, Ֆրեդը, Մայքը և Ալեքսը։ 1925 թ.–ին ծնվեցի ես, իսկ ինձանից հետո մեր ամենափոքր եղբայրը՝ Վալին։ Մենք ապրում էինք ոչ հեռու Մանիտոբա նահանգի Ուկրեինա կոչվող քաղաքից, որտեղ ծնողներս՝ Մայքլ և Աննա Դիդուրները, ունեին փոքրիկ ֆերմա։ Հայրիկն աշխատում էր որպես երկաթուղային։ Քանի որ երկաթուղայինի տնակը չափազանց նեղ էր մեր մեծ ընտանիքի համար, մենք ապրում էինք ֆերմայում։ Հայրիկը հազվադեպ էր տանը լինում, այնպես որ մեր դաստիարակության գործով մայրս էր զբաղվում։ Նա ժամանակ առ ժամանակ մեզ թողնում էր տանը ու մի շաբաթով կամ ավելի երկար ժամանակով գնում էր հայրիկի մոտ, սակայն նախապես հարկ եղած ձևով մեզ նախապատրաստում էր տան գործերին. սովորեցնում էր ճաշ եփել, հաց թխել և այլն։ Ու քանի որ Հունական կաթոլիկ եկեղեցու անդամներ էինք, մայրիկի տված ուսուցումն իր մեջ ընդգրկում էր նաև աղոթքներ անգիր սովորելն ու այլ ծիսակատարությունների մասնակցելը։

Առաջին ծանոթությունները Աստվածաշնչի ճշմարտության հետ

Աստվածաշունչը հասկանալու ցանկությունն իմ մեջ սկսեց առկայծել դեռևս վաղ հասակում։ Մեր հարևաններից մեկը, որ Եհովայի վկա էր, հաճախակի էր այցելում մեր ընտանիքին ու Աստվածաշնչից հատվածներ ընթերցում Աստծո Թագավորության, Արմագեդոնի, ինչպես նաև նոր աշխարհի վառ հեռանկարների վերաբերյալ։ Մայրս բոլորովին հետաքրքրություն ցույց չէր տալիս նրա ասածների հանդեպ, սակայն Մայքն ու Ալեքսը սիրով լսում էին։ Այն, ինչ նրանք սովորեցին, մղեց նրանց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրաժարվելու զինվորական ծառայությունից՝ հայտնելով, որ դա դեմ է իրենց կրոնական համոզմունքներին։ Մայքին որոշ ժամանակով բանտ նստեցրին, իսկ Ալեքսին ուղարկեցին ուղղիչ–​աշխատանքային ճամբար, որը գտնվում էր Օնտարիո նահանգում։ Ժամանակի ընթացքում Ֆրեդն ու Վալին նույնպես ընդունեցին ճշմարտությունը, իսկ մեր երեք ավագ եղբայրները՝ ոչ։ Երկար տարիներ մայրս հակառակվում էր ճշմարտությանը, բայց հետագայում մեզ բոլորիս անակնկալ մատուցեց՝ վճռելով ծառայել Եհովային։ Նա մկրտվեց 83 տարեկան հասակում։ Մայրս մահացավ, երբ 96 տարեկան էր։ Հայրս նույնպես կյանքի վերջին ժամանակներում լավ էր տրամադրված ճշմարտության հանդեպ։

Երբ դարձա 17 տարեկան, մեկնեցի Վինիպեգ՝ աշխատանք որոնելու, ինչպես նաև կապ հաստատելու նրանց հետ, ովքեր ինձ կկարողանային օգնել ուսումնասիրելու Աստվածաշունչը։ Եհովայի վկաների գործունեությունն այդ ժամանակ արգելքի տակ էր, սակայն ժողովները կանոնավորաբար անցկացվում էին։ Առաջին ժողովը, որին մասնակցեցի, անցկացվում էր տնային պայմաններում։ Քանի որ դաստիարակվել էի համաձայն Հունական կաթոլիկ կրոնի, ինձ սկզբում տարօրինակ թվաց այն, ինչ լսեցի այնտեղ։ Սակայն ժամանակի ընթացքում աստիճանաբար սկսեցի հասկանալ, թե մարդկանց հոգևոր դասի և հասարակ ժողովրդի բաժանելն ինչու է Աստվածաշնչին հակասում, և թե ինչու են եկեղեցական սպասավորների կողմից զինվորական ուժերի հասցեին հնչող օրհնանքները Աստծո համար անընդունելի (Եսայիա 2։4; Մատթէոս 23։8–10; Հռովմայեցիս 12։17, 18)։ Երկրի վրա հաստատվելիք Դրախտում ապրելը շատ ավելի գործնական ու տրամաբանական թվաց, քան թե հավիտենապես մի հեռավոր վայր տեղափոխվելը։

Համոզվելով, որ գտել եմ ճշմարտությունը՝ անձս նվիրեցի Եհովային ու մկրտվեցի 1942 թ.–ին Վինիպեգում։ 1943 թ.–ին Կանադայում Վկաների գործունեության վրա դրված արգելքը վերացվեց, և քարոզչությունը մեծ թափ առավ։ Աստվածաշնչյան ճշմարտությունը աստիճանաբար ավելի խոր արմատներ էր գցում իմ սրտում։ Ես պատիվ ունեցա դառնալու ժողովի ծառայող (ներկայումս՝ երեց), մասնակցեցի նշանակված տարածքներում կազմակերպվող հանրային ժողովի կամպանիաներին, ծառայեցի նաև չնշանակված տարածքում։ Միացյալ Նահանգներում կազմակերպվող մեծ համաժողովներին մասնակցելը իր հերթին աննկարագրելի չափով նպաստեց իմ հոգևոր առաջադիմությանը։

Ընդլայնում եմ ծառայությունս

1950 թ.–ին ես անցա ռահվիրայական ծառայության, իսկ նույն տարվա դեկտեմբերին հրավիրվեցի ծառայելու որպես շրջանային վերակացու։ Ինձ շատ օգնեց այդ ծառայության համար նախնական պատրաստականությունը, որ ստացա մի փորձառու հավատարիմ եղբոր՝ Չարլի Հեփորթի կողմից Տորոնտոյի մոտակայքում։ Ուրախությամբ պետք է նաև ասեմ, որ իմ ուսումնառության վերջին շաբաթը անցկացրեց Ալեքսը՝ եղբայրս, որն այդ ժամանակ արդեն շրջագայական ծառայության մեջ էր Վինիպեգում։

Որպես շրջանային վերակացու այցելած իմ առաջին համաժողովը, որի մասին հիշատակեցի ամենասկզբում, անմոռանալիորեն տպվել է հիշողությանս մեջ։ Ինձ, բնականաբար, խիստ մտահոգում էր ստեղծված իրավիճակը։ Ինչևէ, մեր մարզային վերակացուն՝ Ջեկ Նեյթանը, կարողացավ այնպես անել, որ բոլորս զբաղված լինեինք և ուրախ։ Մենք համառոտակի կարգով անցկացրինք համաժողովի ծրագիրը ներկաների մասնակցությամբ։ Հերթով պատմում էինք ծառայության ժամանակ տեղի ունեցած դեպքեր, ներկայացնում տնից տուն ծառայության մատուցումներ, կրկնակի այցելության օրինակներ, ցուցադրում, թե ինչպես կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Երգում էինք Թագավորության երգերից։ Առատ սնունդ ունեինք և համարյա ամեն երկու ժամը մեկ սուրճ ու թխվածք էինք ճաշակում։ Գիշերը ով որտեղ ասես քնել էր. մի մասը՝ նստարանների վրա, մի քանիսը՝ բեմահարթակին, մյուսները՝ հատակին։ Կիրակի օրը ձյունամրրիկն արդեն փոքր–​ինչ մեղմացել էր, և հանրային ելույթի ժամանակ ներկաների թիվը կազմեց 96 հոգի։ Այս դեպքն ինձ սովորեցրեց, թե ինչպես կարելի է ելք գտնել դժվար իրավիճակներում։

Շրջանային վերակացուի իմ հաջորդ նշանակումը ընդգրկում էր հյուսիսային Ալբերտան, Բրիտանական Կոլումբիան և Յուկոնը, որը «կեսգիշերային արևի» երկիր է։ Բրիտանական Կոլումբիայի Դոսոն Կրիկ քաղաքից մինչև Յուկոնի Ուայթհորս քաղաքը 1 477 կիլոմետր երկարությամբ ձգվում էր Ալյասկայի դժվարերթևեկելի մայրուղին, որով ճանապարհորդելու և այդ ընթացքում քարոզելու համար դիմացկունություն ու զգուշություն էր հարկավոր։ Ձնահյուսերը, ողորկ զառիթափերը և վատ տեսանելիության պայմանները, որ առաջանում էին ձյունամրրիկների հետևանքով, իսկական դժվարություններ էին առաջ բերում։

Զարմանալի էր տեսնելը, թե ինչպես էր ճշմարտությունը ներթափանցում դեպի հեռավոր Հյուսիս։ Մի անգամ ես ու Վալտեր Լուկովիչը այցելեցինք պարզ ու անշուք մի տնակ, որ գտնվում էր Լոուեր Փոստի մոտակայքում (Բրիտանական Կոլումբիայի գյուղերից, որն ընկած է Ալյասկայի մայրուղու վրա՝ Յուկոնի սահմանի մոտ)։ Գիտեինք, որ տանը ինչ–​որ մեկը բնակվում է, քանի որ փոքրիկ պատուհանից լույս էր նշմարվում։ Երեկոյան ժամը ինն էր, երբ թակեցինք տնակի դուռը։ Հնչեց տղամարդու ձայն՝ հրավիրելով մեզ ներս մտնել։ Մտանք։ Որքա՜ն մեծ եղավ մեր զարմանքը, երբ տեսանք անկողնու վրա կիսապառկած մի ծեր մարդու՝ «Դիտարան» պարբերագիր կարդալիս։ Ընդ որում, նրա ձեռքինը շատ ավելի թարմ համար էր, քան այն, ինչ մենք պատրաստվում էինք առաջարկել։ Նա բացատրեց, որ օդային փոստով է ստացել պարբերագիրը։ Քանի որ մեզ ութ օրվա ճանապարհ էր բաժանում ժողովից, մենք դեռ չէինք ստացել թարմ համարները։ Մարդը, որ ներկայացավ Ֆրեդ Բերգ անունով, առաջին անգամ էր հանդիպում Վկաների, թեև արդեն մի քանի տարի է, որ մեր հրատարակությունների բաժանորդն էր։ Ֆրեդի խնդրանքով գիշերեցինք իր տանը։ Մենք հնարավորություն ունեցանք նրա հետ քննելու բազմաթիվ աստվածաշնչյան ճշմարտություններ և տեղեկացրինք նրա մասին այն Վկաներին, ովքեր այդ տարածքներում հաճախ էին լինում, որպեսզի այցելեն նրան։

Մի քանի տարի ես ծառայեցի երեք փոքր տարածքներում։ Արևելքից արևմուտք դրանք ձգվում էին գրեթե 3 500 կիլոմետր՝ Գրանդ Փրերիից (Ալբերտա) մինչև Կոդյակ (Ալյասկա)։

Հիացմունք էի ապրում՝ տեսնելով, թե ինչպես է Եհովայի շնորհը այս հեռավոր վայրերում էլ դրսևորվում նույն ձևով, ինչպես և մյուս բոլոր տեղերում՝ բոլոր մարդկանց համար, և որ Աստծո ոգին ներգործում է նրանց սրտերի ու մտքերի վրա, ովքեր ճիշտ են տրամադրված դեպի հավիտենական կյանքը։ Այդպիսի մի անձնավորություն էր Հենրի Լեպինը, որ բնակվում էր Յուկոնի Դաուսոն Սիթի քաղաքում (ներկայումս՝ Դաուսոն)։ Հենրին ապրում էր մի մեկուսի վայրում. ավելի քան 60 տարի նա դուրս չէր եկել ոսկու հանքերի այդ շրջանից։ Եվ չնայած դրան՝ 84–​ամյա այս ծերունին, ենթարկվելով Եհովայի ոգու ազդեցությանը, ավելի քան 1 600 կիլոմետր ճանապարհ անցավ, որպեսզի մասնակցեր Անկորիջում անցկացվող շրջանային համաժողովին։ Մինչ այդ նա երբևէ ներկա չէր եղել նույնիսկ ժողովի հանդիպման։ Նրա վրա խոր տպավորություն գործեց համաժողովի ծրագիրը, և նա մեծ բավականություն ստացավ ներկաների հետ շփումից։ Դաուսոն Սիթի վերադառնալուց հետո մինչև իր մահը Հենրին մնաց Եհովային հավատարիմ։ Հենրիին ճանաչողներից շատերը զարմացած էին մնացել, թե այդ ծեր մարդուն ինչը մղեց, որ այդքան երկար ճանապարհ գնար։ Այդ հետաքրքրասիրությունը պատճառ դարձավ, որ ևս մի քանի տարիքով անհատներ ընդունեին ճշմարտությունը։ Այսպիսով՝ անուղղակի ձևով Հենրին կարողացավ հիանալի վկայություն տալ։

Շնորհ եմ ընդունում Եհովայի կողմից

Շատ ուրախացա, երբ 1955 թ.–ին հրավիրվեցի սովորելու «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 26–րդ դասարանում։ Այստեղ սովորելը նպաստեց, որ հավատս ավելի ամրանար, ու օգնեց ավելի մոտենալ Եհովային։ Դասընթացն ավարտելուց հետո ինձ հանձնարարվեց շարունակել շրջագայական ծառայությունը Կանադայում։

Մոտ մեկ տարի ծառայեցի Օնտարիոյի նահանգում, որից հետո դարձյալ նշանակվեցի ծառայելու վեհաշուք Հյուսիսում՝ Ալյասկայում։ Մինչև այժմ աչքիս առջև է մայրուղու երկայնքով տարածվող անբիծ ու փայլածուն լճակների ու ձյունագագաթ բարձրաբերձ լեռների շարանը, ամռան ամիսներին հովիտներն ու մարգագետինները ծածկող բազմագույն վայրի ծաղիկներից հյուսված ծաղկազարդ գորգը։ Հիշում եմ այնտեղի թարմ օդը, զուլալ ջրերը։ Աչքիս առաջ են գալիս իրենց բնօրրանում ազատ շրջող արջերը, գայլերը, որմզդեղնները, հյուսիսային եղջերուները և այլ վայրի կենդանիներ։

Ալյասկայում, սակայն, դժվարությունները շատ էին. դրանք պայմանավորված էին ոչ միայն փոփոխական եղանակով, այլ նաև տարածքների ընդարձակությամբ։ Իմ ծառայության տարածքը արևելքից արևմուտք ձգվում էր 3 200 կիլոմետր։ Այդ ժամանակ շրջագայող վերակացուներին մեքենա չէր հատկացվում։ Տեղի եղբայրներն իրենց նախաձեռնությամբ ինձ հաջորդ ժողովն էին տանում սեփական մեքենաներով։ Երբեմն, սակայն, ստիպված էի լինում պատահական՝ բեռնատար կամ տուրիստական մեքենաներով շարունակել ճանապարհս։

Ահա այսպիսի միջադեպ տեղի ունեցավ Ալյասկայի մայրուղու այն հատվածում, որ ընկած է Տոկ հանգույցի և «1 202 մղոն» փոստային կայանի միջև՝ Սքոթի Կրիկ շրջանում։ Այս երկու կետերի միջև ընկած մաքսային ծառայությունները գտնվում էին իրարից 160 կիլոմետր հեռավորության վրա։ Միացյալ Նահանգների մաքսային կետը Տոկում անցնելուց հետո 50 կիլոմետրի չափ գնացի մեքենայով։ Դրանից հետո այլևս ոչ մի մեքենա չպատահեց, և ես գրեթե տասը ժամ անընդմեջ քայլեցի՝ անցնելով մոտ 40 կիլոմետր ճանապարհ։ Միայն հետագայում իմացա, որ մաքսային կետով իմ անցնելուց կարճ ժամանակ հետո մայրուղու այս ամբողջ հատվածի վրա ճանապարհային երթևեկությունը դադարեցվել էր հանգույցից ոչ հեռու տեղի ունեցած ձնահյուսի պատճառով։ Կեսգիշերին օդի ջերմաստիճանն իջավ մինչև -23°C, իսկ ես դեռևս 80 կիլոմետր ճանապարհ ունեի գնալու, որպեսզի հասնեի ամենամոտ հանգրվանին։ Այնքա՜ն կարիք ունեի մի ծածկ գտնելու, որտեղ կկարողանայի հանգիստ առնել։

Ոտքերս հազիվ քարշ տալով գնում էի, երբ հանկարծ ճանապարհից դուրս աչքովս ընկավ կիսով չափ ձյունածածկ մի մեքենա։ Մտածեցի, որ եթե ինձ հաջողվի մտնել այդ մեքենայի մեջ ու նստատեղին քնել, ապա կկարողանամ լուսացնել այդ ցուրտ գիշերը։ Ես գործի անցա. սկսեցի մեքենայի վրայից մաքրել ձյունը, որ գոնե կարողանամ դուռը բաց անել, սակայն շուտով պարզ դարձավ, որ այնտեղ միայն մետաղյա կմախք է, և ուրիշ ոչինչ։ Բարեբախտաբար, ոչ շատ հեռվում մի դատարկ տնակ գտա։ Որոշ դժվարություններից հետո ինձ հաջողվեց ներս մտնել ու կրակ անել, որից հետո կարողացա մի քանի ժամ հանգստանալ։ Առավոտյան կարողացա մեքենա գտնել, որն ինձ հասցրեց հաջորդ պահակատեղին և ես քաղցս հագեցնելու ու կտրտված մատներս վիրակապելու հնարավորություն ունեցա։

Եհովան աճեցնում է Հյուսիսում

Ամենաուրախալին իմ առաջին այցելությունն էր Ֆերբենքս քաղաքը։ Մենք շատ հաջող ծառայություն անցկացրինք, և այդ կիրակի հանրային թեման ունկնդրելու եկան մոտ 50 հոգի։ Հանդիպումը կայացավ փոքրիկ միսիոներական տանը, որտեղ ապրում էին Վերնոր և Լորեն Դեյվիսները։ Ներկաները խոհանոցից, ննջասենյակից ու միջանցքից դուրս էին հանում իրենց գլուխները՝ հանրային ելույթը լսելու համար։ Այս դրական արձագանքից մեզ համար պարզ եղավ, որ Թագավորության սրահ կառուցելու դեպքում հնարավոր կլիներ Ֆերբենքսում ավելի կայուն ձևով անցկացնել քարոզչական աշխատանքը։ Եվ այսպես, Եհովայի օգնությամբ մենք ձեռք բերեցինք մի բավականին ընդարձակ կառույց, որը նախկինում ծառայել էր որպես պարասրահ, ու տեղադրեցինք մի հարմար վայրում։ Այնուհետև ջրհոր փորվեց, տեղադրվեց ջեռուցման համակարգ, զուգարաններ։ Մի տարի անց Ֆերբենքսում արդեն Թագավորության սրահ էր գործում։ Խոհանոցային հատվածն ավելացնելուց հետո սրահում 1958 թ.–ին անցկացվեց մարզային համաժողով, որին ներկա գտնվեցին 330 հոգի։

1960 թ.–ի ամռանը ես մեքենայով երկարատև ուղևորություն կատարեցի դեպի Նյու Յորք՝ մասնակցելու Եհովայի վկաների գլխավոր մասնաճյուղում անցկացվող կատարելագործման դասընթացներին, որ նախատեսված էին Միացյալ Նահանգների ու Կանադայի շրջագայող վերակացուների համար։ Երբ ես այնտեղ էի, Նաթան Նորը և էլի ուրիշ պատասխանատու եղբայրներ ինձ հետ զրույցներ ունեցան՝ քննելով Ալյասկայում մասնաճյուղի գրասենյակ հիմնելու հնարավորություններին առնչվող հարցեր։ Մի քանի ամիս անց մենք ուրախությամբ իմացանք, որ սկսած 1961 թ.–ի սեպտեմբերի 1–ից Ալյասկայում գործելու է առանձին մասնաճյուղի գրասենյակ։ Մասնաճյուղի ծառայողական պարտականությունների պատասխանատու նշանակվեց եղբայր Էնդրյու Վագները, որն իր կնոջ՝ Վերայի հետ միասին 20 տարի ծառայել էր Բրուքլինում, ուներ նաև շրջագայական ծառայության փորձ։ Ալյասկայում մասնաճյուղի գրասենյակ հիմնելը հիանալի նախաձեռնություն էր, որովհետև դա նպաստեց շրջագայության ծավալների կրճատմանը և հնարավորություն ստեղծեց, որ շրջանային վերակացուն կարողանա գլխավորապես զբաղվել ժողովների ու մեկուսի տարածքների հոգևոր կարիքներով։

1962 թվականի ամռանը Հյուսիսը մեծ ուրախության մեջ էր. տեղի ունեցավ Ալյասկայի մասնաճյուղի նվիրման արարողությունը, ինչպես նաև անցկացվեց մարզային համաժողով Ջունոյում (Ալյասկա)։ Նոր Թագավորության սրահներ կառուցվեցին նաև Յուկոնի նահանգի Ջունո և Ուայթհորս քաղաքներում, ու էլի մի քանի նոր խմբեր կազմավորվեցին որոշ մեկուսի վայրերում։

Վերադառնում ենք Կանադա

Մի քանի տարի շարունակ ես նամակագրական կապ էի պահպանում Մարգարիտա Պետրասի հետ, որն ապրում էր Կանադայում։ Ռիտան՝ ինչպես նրան սովորաբար կոչում էին, սկսել էր ռահվիրայական ծառայությունը 1947 թ.–ին, իսկ 1955 թ.–ին «Գաղաադ» դպրոցն ավարտելուց հետո արևելյան Կանադայում ծառայում էր որպես ռահվիրա։ Ես նրան առաջարկություն արեցի. նա տվեց իր համաձայնությունը։ Մենք ամուսնացանք 1963 թ.–ի փետրվար ամսին՝ Ուայթհորս քաղաքում։ Այդ տարվա աշնանը ինձ նշանակեցին շրջագայական ծառայության արևմտյան Կանադայում և մեր ծառայության հետագա 25 տարիները մենք ուրախությամբ անցկացրինք այնտեղ։

Առողջական պատճառներով 1988 թ.–ին մեր նշանակումը փոխվեց՝ սկսեցինք ծառայել որպես հատուկ ռահվիրաներ Վինիպեգում (Մանիտոբա)։ Այդ ընթացքում մոտ հինգ տարի մեր ծառայության մեջ մտնում էր նաև Համաժողովների սրահին հոգ տանելը։ Հնարավորության չափով մինչև հիմա էլ մեր մասնակցությունն ենք բերում աշակերտներ պատրաստելու բերկրալի գործին։ Շրջագայական ծառայության մեջ անցկացրած տարիներին մենք բազմաթիվ աստվածաշնչյան ուսումնասիրություններ սկսեցինք ու փոխանցեցինք ուրիշների։ Իսկ այժմ, շնորհիվ Եհովայի ողորմության, մենք հնարավորություն ունենք նաև ուրախանալու այն անհատների հոգևոր առաջադիմությամբ և մկրտությամբ, ում հետ Աստվածաշունչ ենք սկսում ուսումնասիրել։

Համոզված եմ, որ Եհովային ծառայելը կյանքի լավագույն ուղին է։ Այն իմաստալից է, բավականություն պատճառող և օր օրի խորացնում է մեր սերը Եհովայի հանդեպ։ Սա է, որ բերում է իսկական երջանկություն։ Ինչպիսին էլ լինի մեր աստվածապետական հանձնարարությունը, աշխարհագրական որ լայնության վրա էլ գտնվելու լինենք՝ մենք համաձայն ենք սաղմոսերգուի խոսքերին. «Երանի այն ժողովրդին, որ նորա Աստուածը Եհովան է» (Սաղմոս 144։15)։

[նկար 24–րդ և 25–րդ էջերի վրա]

Շրջագայական ծառայության մեջ

[նկար 25–րդ էջի վրա]

Հենրի Լեպինին այցելության ենք եկել Դոուսոն Սիթի (ես ձախ կողմում եմ)

[նկար 26–րդ էջի վրա]

Առաջին Թագավորության սրահը Անկորիջում

[նկար 26–րդ էջի վրա]

Ռիտան և ես, 1998 թ.

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը