Լիբերիա. չնայած պատերազմին՝ Թագավորության գործը պտուղներ է բերում
ԼԻԲԵՐԻԱՅՈՒՄ ավելի քան տասը տարի է, ինչ մոլեգնում է քաղաքացիական պատերազմը։ 2003 թ. կեսերին խռովարարները, մարտեր մղելով, հասան ու մտան մայրաքաղաք՝ Մոնրովիա։ Եհովայի վկաներից շատերը ստիպված եղան փախչելու իրենց տներից և այն էլ մի քանի անգամ։ Նրանց ունեցվածքը բազմիցս թալանվում էր։
Ցավոք սրտի, հազարավոր մարդիկ սպանվեցին մայրաքաղաքում տեղի ունեցած կռվի ժամանակ։ Նրանց թվում կային երկու Վկաներ՝ մեկ եղբայր ու մեկ քույր։ Այդ դժվար պահին ինչպե՞ս վարվեցին մյուս եղբայրները, և ի՞նչ արվեց տուժածներին օգնելու համար։
Օգնություն կարիքի մեջ լինողներին
Այդ ճգնաժամային տարիներին Լիբերիայում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղը կարիքի մեջ գտնվողների համար հումանիտար օգնություն կազմակերպեց։ Սնունդ, անհրաժեշտ կենցաղային իրեր և դեղամիջոցներ հայթայթվեցին նրանց համար։ Այն ժամանակ, երբ խռովարարները հսկողության տակ էին առել նավահանգիստը, սննդի քանակը սուղ էր։ Մասնաճյուղը կանխատեսել էր դա և պաշար մթերել երկու հազար Վկաների համար, որոնք փախել էին քաղաքում գտնվող Թագավորության սրահները։ Եղբայրները ուտելիքը օրաբաժնով էին տալիս, այնպես որ այն բավարարեց մինչև նավահանգստի բացումը։ Բելգիայի և Սիերա Լեոնեի մասնաճյուղերը ինքնաթիռով դեղամիջոցներ ուղարկեցին, իսկ Բրիտանիայի ու Ֆրանսիայի մասնաճյուղերն ապահովեցին նրանց հագուստեղենով։
Չնայած սարսափելի իրավիճակին՝ մեր եղբայրները պահեցին իրենց դրական մտայնությունը և չկորցրեցին ուրախությունը։ Եղբայրներից մեկը, որը երեք անգամ փախել էր իր տնից, այսպես արտահայտվեց. «Այսպիսի պայմանների մասին է, որ քարոզում ենք. չէ՞ որ մենք ապրում ենք վերջին օրերում»։ Այսպես էին մտածում նաև շատերը։
Արձագանք՝ բարի լուրին
Չնայած համազգային անկարգություններին՝ Վկաները քարոզչական ծառայության մեջ շարունակում են հրաշալի արդյունքների հասնել։ 2003 թ. հունվարին Թագավորության քարոզիչների բարձրագույն թիվ գրանցվեց՝ 3 879, իսկ փետրվարին նրանք անցկացրին Աստվածաշնչի 15 227 տնային ուսումնասիրություն։
Մարդիկ հեշտությամբ են արձագանքում բարի լուրին։ Ահա մի դեպք. այն տեղի ունեցավ այդ երկրի հարավարևելյան մասի գյուղերից մեկում։ Ժողովներից մեկը Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն ծրագրեց անցկացնել Բուան կոչվող մեծ գյուղում. մշտական հանդիպման վայրից մինչև այդ գյուղը հինգ ժամվա ոտքի ճանապարհ էր։ Եղբայրները դեռ գյուղ չէին մտել, որպեսզի Հիշատակի երեկոյին հրավիրեին մարդկանց, մի հրավիրատոմս գյուղապետին ուղարկեցին։ Այն ստանալուն պես նա վերցրեց իր Աստվածաշունչը, գնաց գյուղացիների մոտ և կարդաց աստվածաշնչյան մի համար, որ նշված էր հրավիրատոմսի մեջ՝ քաջալերելով նրանց ներկա լինել Հիշատակի երեկոյին։ Ուստի երբ քարոզիչները եկան, տեսան, որ իրենց գործն արդեն արվել էր։ Գյուղապետը իր երեխաների և երկու կանանց հետ միասին եկավ Հիշատակի երեկոյին։ Ընդհանուր թվով ներկա եղան 27 հոգի։ Դրանից հետո գյուղապետը հեռացավ մեթոդիստական եկեղեցուց, սկսեց ուսումնասիրել Վկաների հետ և հողատարածք առաջարկեց Թագավորության սրահ կառուցելու համար։
Տեսակետը փոխվում է
Մեր եղբայրների դրսևորած վարքը նույնպես իր լավ ազդեցությունն է թողել նրանց վրա, ովքեր հակառակվում են ճշմարտությանը։ Քննարկենք այն դեպքը, որ տեղի ունեցավ Օպոկու անունով մի մարդու հետ։ Մի հատուկ ռահվիրա քարոզչական ծառայության ժամանակ հանդիպեց նրան ու առաջարկեց «Դիտարան» պարբերագիրը։ Այնտեղի հոդվածներից մեկը հետաքրքրեց Օպոկուին, բայց նա գումար չուներ։ Ռահվիրան բացատրեց, որ դա չի վաճառվում, պարբերագիրը տվեց նրան և պայմանավորվեց կրկին այցելել։ Վերայցելության ժամանակ Օպոկուն հարցրեց ռահվիրային. «Դու ինձ չե՞ս ճանաչում։ Ձեր մարդկանցից շատերը, որ ապրում են Հարպեր քաղաքում, գիտեն ինձ։ Ես շատ անգամներ վռնդում էի դպրոցից ձեր երեխաներին»։ Այնուհետև նա բացատրեց, որ ինքը դպրոցի տնօրենն էր և հալածում էր Եհովայի վկաների երեխաներին այն բանի համար, որ նրանք պատիվ չէին տալիս դրոշին։
Այնուհանդերձ, Եհովայի վկաների կողմից ցուցաբերված քրիստոնեական սիրո երեք օրինակներ մղեցին Օպոկուին, որ նա վերանայի իր տեսակետը։ Նախ՝ նա տեսավ, թե ինչպես էին Վկաները հոգ տանում իրենց հոգևոր եղբայրներից մեկի մասին, որը լուրջ հիվանդ էր։ Նրանք նույնիսկ հոգ տարան, որ նա բուժվի հարևան երկրում։ Օպոկուին թվում էր, թե այդ հիվանդ եղբայրը Վկաների առաջնորդներից էր, բայց իմացավ, որ նա ընդամենը «շարքային» Վկա էր։ Երկրորդ դեպքը տեղի ունեցավ 1990–ական թվականներին, երբ Օպոկուն փախստական էր Կոտդիվուարում։ Մի օր, երբ նա ծարավ էր, գնաց ջուր գնելու մի երիտասարդից։ Օպոկուի ձեռքին միայն մեծ թղթադրամներ կային, ու երիտասարդը նրան ետ վերադարձնելու մանր գումար չուներ, ուստի նա Օպոկուին անվճար ջուր տվեց։ Ջուրը տալով Օպոկուին՝ երիտասարդը հարցրեց. «Ի՞նչ եք կարծում, կտեսնե՞ք այն օրը, երբ իմ ու ձեր նման մարդիկ փոխանակություններ կանեն առանց գումարի»։ Օպոկուն ենթադրեց, որ երիտասարդը Եհովայի վկա է, ու վերջինս հաստատեց նրա խոսքերը։ Այս եղբոր առատաձեռնությունն ու բարությունը շատ տպավորեցին նրան։ Եվ ի վերջո այն, որ հատուկ ռահվիրան պատրաստակամորեն պարբերագիրը անվճար տվեց Օպոկուին, համոզեց նրան, որ ինքը սխալ տեսակետ էր ունեցել Վկաների մասին և կարիք ուներ փոխելու այն։ Նա հոգևորապես առաջադիմեց ու հիմա չմկրտված քարոզիչ է։
Թեև Լիբերիայում եղբայրները շարունակում են դիմագրավել չափազանց դժվար պայմաններ, նրանք ապավինում են Աստծուն և հավատարմորեն հռչակում բարի լուրն այն մասին, որ Աստծո Թագավորության արդար կառավարման ներքո ավելի լավ պայմաններ են տիրելու։ Եհովան երբեք չի մոռանա նրանց տքնաջան աշխատանքը և այն սերը, որ ցույց են տալիս իր անվան հանդեպ (Եբրայեցիս 6։10)։
[քարտեզներ 30–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՄՈՆՐՈՎԻԱ
[նկարներներ 31–րդ էջի վրա]
Ճգնաժամային իրավիճակներում Եհովայի ժողովուրդը հոգևոր և ֆիզիկական օգնություն է ցույց տալիս կարիքի մեջ լինողներին