Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 8/1 էջ 19–23
  • Մենք ապրել ենք Եհովայի զորությամբ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մենք ապրել ենք Եհովայի զորությամբ
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞վ գիտի պատասխանը
  • Առաջին հալածանքները
  • Հալածանքը սաստկանում է
  • Գնում եմ ամուսնուս քայլերով
  • Բանտից բանտ
  • Նորից ընտանիքիս հետ եմ
  • Մենք հաստատապես վճռել էինք Աստծո գերիշխանությունը պաշտպանել
    2004 Դիտարան
2004 Դիտարան
w04 8/1 էջ 19–23

Կենսագրություն

Մենք ապրել ենք Եհովայի զորությամբ

Պատմում է Էրզեբեթ Հաֆները

«Ես թույլ չեմ տա, որ նրանք քեզ արտաքսեն»,— ասաց Թիբոր Հաֆները, երբ իմացավ, որ ինձ հրամայել էին հեռանալ Չեխոսլովակիայից։ Հետո ավելացրեց. «Եթե համաձայն ես, ես կամուսնանամ քեզ հետ, և դու հավիտյան կմնաս ինձ հետ»։

ԱՅԴ անսպասելի առաջարկությունից ընդամենը մի քանի շաբաթ անց՝ 1938 թ. հունվարի 29–ին, ես ամուսնացա Թիբորի՝ մեր ընտանիքին առաջին անգամ վկայություն տված քրիստոնյա եղբոր հետ։ Հեշտ չէր այդպիսի որոշում կայացնելը։ 18 տարիս նոր էր լրացել և, որպես Եհովայի վկաների լիաժամ ծառայող՝ ես երազում էի երիտասարդ տարիներս ամբողջովին նվիրել Աստծո ծառայությանը։ Ես արտասվում էի, աղոթում։ Հանդարտվելուց հետո հասկացա, որ այն, ինչ առաջարկում էր Թիբորը, միայն բարության դրսևորում չէր, ու զգացի, որ ուզում եմ ապրել այս մարդու հետ, որն անկեղծորեն ինձ սիրում էր։

Բայց ինչո՞ւ էի արտաքսվելու վտանգի առջև կանգնել։ Չէ՞ որ ես ապրում էի մի երկրում, որը հպարտանում էր իր դեմոկրատական համակարգով և կրոնական ազատությամբ։ Թերևս այժմ կարիք կա, որ մի փոքր ավելին պատմեմ իմ մասին։

Ես ծնվել եմ 1919 թ. դեկտեմբերի 26–ին Հունգարիայի Սայոզենթպետեր գյուղում (Բուդապեշտից մոտ 160 կիլոմետր արևելք)՝ հույն կաթոլիկների ընտանիքում։ Ցավոք, հայրս մահացել էր նախքան իմ ծնվելը։ Շուտով մայրս ամուսնացավ մի այրի տղամարդու հետ, որը չորս երեխա ուներ, և մենք տեղափոխվեցինք Լուչենեց՝ նախկին Չեխոսլովակիայում գտնվող մի գեղեցիկ քաղաք։ Այդ տարիներին հեշտ չէր ապրել այնպիսի ընտանիքում, որտեղ ծնողներից մեկը խորթ էր։ Հինգ երեխաներից ամենափոքրը ես էի ու ինձ զգում էի այնպես, կարծես լինեի սայլի հինգերորդ անիվը։ Տնտեսական վիճակը ծանր էր, ու ես ոչ միայն զուրկ էի նյութական իրերից, այլև անհրաժեշտ ծնողական ուշադրությունից ու սիրուց։

Ո՞վ գիտի պատասխանը

Երբ ես 16 տարեկան էի, ինձ լուրջ հարցեր էին մտահոգում։ Ես մեծ հետաքրքրությամբ կարդացի Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը և ապշեցի՝ իմանալով այն արյունահեղությունների մասին, որ տեղի էին ունեցել իրենց քրիստոնյա համարող քաղաքակիրթ ազգերի միջև։ Բացի դրանից, ես տեսնում էի, որ ռազմամոլությունն ամենուր աճում է։ Դրան առնչվող ոչ մի բան չէր համապատասխանում այն ամենին, ինչ եկեղեցում սովորել էի մերձավորի հանդեպ սեր դրսևորելու մասին։

Ուստի ես գնացի Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայի մոտ ու նրան հարցրի. «Մենք՝ որպես քրիստոնյաներ, ի՞նչ պատվիրանի պետք է հնազանդվենք. գնալ պատերազմի և սպանե՞լ մեր դրացիներին, թե՞ սիրել նրանց»։ Իմ տված հարցից զայրանալով՝ նա պատասխանեց, որ ինքը սովորեցնում է այն, ինչ որ լսել է ավելի բարձր դիրք ունեցող հոգևորականներից։ Նմանատիպ բան տեղի ունեցավ, երբ ես այցելեցի մի կալվինական քահանայի, այնուհետև հրեա ռաբբիի։ Ես ոչ մի պատասխան չստացա. նրանք ուղղակի զարմանում էին իմ տված անսովոր հարցի վրա։ Վերջիվերջո, ես գնացի լյութերական քահանայի մոտ։ Նա բարկացավ, բայց մինչև հեռանալս, ասաց. «Եթե իսկապես ցանկանում ես ինչ–​որ բան իմանալ այդ մասին, հարցրու Եհովայի վկաներին»։

Ես փորձեցի գտնել Վկաներին, բայց դա ինձ չհաջողվեց։ Մի քանի օր անց աշխատանքից տուն վերադառնալով՝ տեսա, որ մեր տան դուռը կիսաբաց է։ Մի բարետես երիտասարդ Աստվածաշնչից ինչ–​որ բան էր կարդում մորս համար։ Հանկարծ մտածեցի. «Պետք է որ նա Եհովայի վկա լինի»։ Մենք այդ մարդուն՝ Թիբոր Հաֆներին, ներս հրավիրեցինք, ու ես նրան տվեցի ինձ հուզող հարցերը։ Իր տեսակետը հայտնելու փոխարեն՝ նա ցույց տվեց, թե ինչ է ասում Աստվածաշունչը ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշ հատկությունների մասին, ինչպես նաև այն ժամանակների մասին, որոնցում ապրում ենք (Յովհաննէս 13։34, 35; Բ Տիմոթէոս 3։1–5)։

Մի քանի ամիս անց, նախքան կդառնայի 17 տարեկան, մկրտվեցի։ Ես մտածում էի, որ բոլորն էլ պետք է լսեն այս թանկագին ճշմարտությունները, որոնք ես մեծ դժվարությամբ էի գտել։ Ես սկսեցի ծառայել լիաժամ, ինչը բավական դժվար էր Չեխոսլովակիայում 1930–​ականների վերջերին։ Թեև մեր գործունեությունը պաշտոնապես գրանցված էր, բայց մենք բախվեցինք հոգևորականների կողմից հրահրված խիստ հակառակության։

Առաջին հալածանքները

1937 թ. վերջերն էր։ Մի օր ես ու քույրերից մեկը քարոզում էինք Լուչենեցի մոտ գտնվող մի գյուղում։ Շատ չանցած մեզ ձերբակալեցին ու տարան բանտ։ «Դուք այստեղ եք մեռնելու»,— ասաց բանտապահը և շրխկացնելով փակեց բանտախցի դուռը։

Երեկոյան մեր բանտախցում չորս հոգի էլ ավելացան։ Մենք սկսեցինք նրանց մխիթարել ու վկայություն տալ։ Նրանք հանդարտվեցին, ու մենք ամբողջ գիշեր նրանց հետ խոսում էինք աստվածաշնչյան ճշմարտության մասին։

Առավոտյան ժամը վեցին բանտապահը ինձ դուրս կանչեց։ Ես ասացի ինձ հետ եղող քրոջը. «Մենք կրկին կհանդիպենք Աստծո Թագավորությունում»։ Խնդրեցի, որ եթե նա կենդանի մնա, պատմի ընտանիքիս, թե ինչ է պատահել ինձ։ Մտքումս աղոթեցի ու բանտապահի հետ գնացի։ Նա ինձ տարավ բանտի տարածքում գտնվող իր բնակարանը։ «Աղջի՛կ, ես մի քանի հարց եմ ուզում քեզ տալ,— ասաց նա։— Անցյալ գիշեր դու ասացիր, որ Աստծո անունը Եհովա է։ Կարո՞ղ ես Աստվածաշնչում դա ինձ ցույց տալ»։ Ինչպիսի՜ անակնկալ ու թեթևացում։ Նա բերեց իր Աստվածաշունչը, և ես նրան ու նրա կնոջը ցույց տվեցի Եհովայի անունը։ Նա շատ հարցեր ուներ հենց այն թեմաներով, որոնք մենք նախորդ գիշեր քննարկել էինք այն չորս կանանց հետ։ Պատասխանները նրանց գոհացրին, ու նա խնդրեց իր կնոջը նախաճաշ պատրաստել իմ և ծառայակցիս համար։

Մի քանի օր անց մեզ ազատ արձակեցին, բայց դատավորը վճռեց, որ ես պետք է հեռանամ Չեխոսլովակիայից, քանի որ Հունգարիայի քաղաքացի եմ։ Ահա այս դեպքից հետո էր, որ Թիբոր Հաֆները ինձ առաջարկեց դառնալ իր կինը։ Մենք ամուսնացանք, և ես տեղափոխվեցի նրա ծնողների տուն։

Հալածանքը սաստկանում է

Մենք շարունակեցինք մեր ծառայությունը որպես ամուսնական զույգ։ Թիբորը նաև կազմակերպչական աշխատանքներ էր կատարում։ 1938 թ. նոյեմբերին հունգարական զորքերը մտան մեր քաղաք, իսկ դրանից ընդամենը մի քանի օր առաջ ծնվեց մեր որդին, որին նույնպես Թիբոր անվանեցինք։ Եվրոպայում զգացվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի շունչը։ Հունգարիան զավթեց Չեխոսլովակիայի մեծ մասը, և դրա հետևանքով անեքսիայի ենթարկված շրջաններում ապրող Եհովայի վկաները ավելի մեծ հալածանքների ենթարկվեցին։

1942 թ. հոկտեմբերի 10–ին Թիբորը մեկնեց Դեբրեցեն՝ հանդիպելու որոշ եղբայրների հետ։ Սակայն այս անգամ նա ետ չվերադարձավ։ Հետագայում նա ինձ պատմեց, թե ինչ էր պատահել։ Կամրջի վրա, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպումը, եղբայրների փոխարեն ոստիկաններ են կանգնած եղել բանվորական հագուստներով։ Նրանք սպասել են ամուսնուս և Պալ Նագիպալին, որոնք վերջին եկողներն էին։ Նրանց տարել էին ոստիկանական բաժանմունք և նրանց մերկ ոտնաթաթերին այնքան հարվածել մահակներով, մինչև որ նրանք ուշաթափ էին եղել։

Հետո նրանց հրամայել են հագնել կոշիկները ու ոտքի կանգնել։ Չնայած նրանց ոտքերը ցավում էին, բայց նրանց ստիպել էին գնալ երկաթուղային կայարան։ Ոստիկանները բերել էին նաև մի մարդու, որի գլուխն այնպես էր վիրակապած, որ հազիվ էր կարողանում տեսնել։ Դա եղբայր Անդրաշ Փիլինգն էր, որը նույնպես գնացել էր այն հանդիպմանը։ Ամուսնուս գնացքով տարել էին Բուդապեշտի մոտ գտնվող Ալագ գյուղի հավաքակայանը։ Ոստիկաններից մեկը, տեսնելով Թիբորի ծեծված ոտքերը, ծաղրական տոնով ասել էր. «Որքա՜ն դաժան են որոշ մարդիկ։ Մի՛ անհանգստացիր, մենք քեզ կբուժենք»։ Երկու ուրիշ ոստիկաններ սկսել են հարվածել Թիբորի ոտքերին, ինչի հետևանքով նրա շուրջը, ուր կանգնած է եղել նա, արյունոտվել էր։ Մի քանի րոպե անց նա կորցրել էր իր գիտակցությունը։

Հաջորդ ամիս Թիբորին և ավելի քան 60 եղբայրների ու քույրերի դատեցին։ Եղբայր Անդրաշ Բարտային, Դենեշ Ֆալուվեգին և Յանոշ Կոնրադին որոշեցին կախաղան բարձրացնել։ Եղբայր Անդրաշ Փիլինգը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ ամուսինս՝ 12 տարվա ազատազրկման։ Ո՞րն էր նրանց հանցանքը։ Դատախազը նրանց մեղադրեց դավաճանության, զինվորական ծառայությունից հրաժարվելու, լրտեսության և ամենասուրբ եկեղեցուն չարախոսելու մեջ։ Ավելի ուշ մահվան դատավճիռները փոխարինվեցին ցմահ բանտարկությամբ։

Գնում եմ ամուսնուս քայլերով

Երբ Թիբորը գնաց Դեբրեցենում կայանալիք հանդիպմանը, դրանից երկու օր անց ես արթնացա առավոտյան մոտավորապես ժամը վեցին և մեր հագուստն էի արդուկում։ Հանկարծ մեր դուռը ուժեղ թակեցին։ Ես մտածեցի. «Նրանք այստեղ են»։ Ներս խուժեցին վեց ոստիկաններ և հայտնեցին, որ տունը խուզարկելու թույլտվություն ունեն։ Տանը եղող բոլոր մարդկանց, այդ թվում նաև մեր երեքամյա որդուն, ձերբակալեցին և տարան ոստիկանական բաժանմունք։ Նույն օրը մեզ տեղափոխեցին Պետերվաշարայում (Հունգարիա) գտնվող մի բանտ։

Այնտեղ տարվելուց հետո ես տենդով հիվանդացա ու մյուս բանտարկյալներից առանձնացվեցի։ Երբ տենդս թողեց, բանտախցումս երկու զինվորներ տեսա, որոնք ինձ համար վիճում էին. «Մենք պետք է կրակենք նրան։ Ե՛ս կկրակեմ նրան»,— ասաց նրանցից մեկը։ Բայց մյուսը ուզում էր ստուգել իմ առողջական վիճակը նախքան այդ քայլն անելը։ Ես աղաչեցի, որ նրանք ինձ կենդանի թողնեն։ Վերջապես նրանք հեռացան իմ խցից, և ես շնորհակալություն հայտնեցի Եհովային ինձ օգնելու համար։

Ոստիկանները հարցաքննելու հատուկ մեթոդ ունեին։ Նրանք ինձ հրամայեցին փորի վրա պառկել գետնին, բերանս կիսագուլպաներ խցկեցին, ձեռքերս ու ոտքերս կապեցին ու սկսեցին ձաղկել, մինչև մարմնիցս արյուն սկսեց հոսել։ Նրանք կանգ առան միայն այն ժամանակ, երբ զինվորներից մեկն ասաց, որ ինքը ուժասպառ է եղել։ Նրանք հարցրին, թե ում պետք է հանդիպեր ամուսինս այն օրը, երբ ձերբակալվեց։ Ես չասացի, ուստի ծեծը շարունակվեց երեք օր։ Չորրորդ օրը ինձ թույլ տվեցին որդուս տանել մորս մոտ։ Դրսում շատ ցուրտ էր։ Փոքրիկ երեխայիս դրեցի վերքերով պատված մեջքիս ու այդպես քայլեցի մոտ 13 կիլոմետր՝ մինչև երկաթուղային կայարան։ Այդտեղից գնացքով մեկնեցինք տուն, բայց այդ նույն օրը ես պետք է վերադառնայի կալանավայր։

Ես դատապարտվեցի 6 տարվա ազատազրկման Բուդապեշտի բանտում։ Այնտեղ իմացա, որ Թիբորն էլ է այդ բանտում։ Որքա՜ն երջանիկ էինք, երբ մեզ թույլ տվեցին մի քանի րոպե խոսել միմյանց հետ, թեև երկաթե ճաղերի արանքից։ Երկուսս էլ զգացինք Եհովայի սերը, և այդ թանկագին պահերը զորացրին մեզ։ Նախքան նորից իրար հանդիպելը երկուսս էլ ահավոր փորձությունների միջով անցանք՝ կրկին ու կրկին հազիվ պրծնելով մահից։

Բանտից բանտ

Մեզ՝ մոտ 80 քույրերիս, խցկել էին մի բանտախուց։ Շատ էինք ցանկանում հոգևոր կերակուր ունենալ, բայց թվում էր, թե անհնար է ինչ–​որ բան ստանալ դրսից։ Կարո՞ղ էինք հոգևոր կերակուր գտնել բանտում։ Թույլ տվեք պատմել, թե ինչ արեցինք։ Ես ցանկություն հայտնեցի վերանորոգել բանտի ծառայողների գուլպաները։ Մի կտոր թղթի վրա գրավոր խնդրեցի, որ հայտնեն, թե բանտի գրադարանում Աստվածաշունչը որ համարի տակ է գտնվում, ու այն դրեցի գուլպաներից մեկի մեջ։ Կասկած չհարուցելու համար նաև ավելացրեցի երկու այլ գրքերի վերնագրեր։

Հաջորդ օրը ծառայողներից ստացա գուլպաների մեկ ուրիշ կույտ։ Դրանցից մեկի մեջ գտնվում էր պատասխանը։ Ես այդ համարները տվեցի բանտապահին ու խնդրեցի բերել գրքերը։ Ի՜նչ ուրախություն ապրեցինք, երբ ստացանք դրանք, այդ թվում Աստվածաշունչը։ Աստվածաշունչը միշտ մեզ մոտ էինք պահում, բայց մնացած գրքերը ամեն շաբաթ փոխարինում էինք նորերով։ Երբ բանտապահը հարցնում էր Աստվածաշնչի մասին, մենք միշտ պատասխանում էինք. «Դա մեծ գիրք է, և բոլորն էլ ցանկանում են այն կարդալ»։ Այդպիսով կարողանում էինք ընթերցել Աստվածաշունչը։

Մի օր սպաներից մեկն ինձ հրավիրեց իր աշխատասենյակ։ Նա չափազանց քաղաքավարի էր թվում։

— Տիկին Հաֆներ, ես ձեզ համար լավ լուր ունեմ,— ասաց նա։— Դուք կարող եք տուն գնալ։ Թերևս վաղը, կամ եթե գնացք լինի, նույնիսկ այսօր։

— Հիանալի է,— պատասխանեցի ես։

— Իհարկե,— ասաց նա,— դուք երեխա ունեք, և ես համոզված եմ, որ ցանկանում եք մեծացնել նրան,— հետո ավելացրեց,— պարզապես ստորագրեք այս նամակը։

— Ի՞նչ է դա,— հարցրի ես։

— Մի՛ անհանգստացեք։— Հետո պնդեց,— պարզապես ստորագրեք և կարող եք գնալ,— այնուհետև ասաց,— հենց որ տուն հասնեք, արեք, ինչ ցանկանում եք, բայց հիմա պետք է ստորագրություն տաք, որ այլևս Եհովայի վկա չեք։

Ես ետ քաշվեցի ու վճռականորեն հրաժարվեցի։

— Ուրեմն այստեղ էլ կմեռնե՛ք,— զայրացած բղավեց նա ու ինձ ետ ուղարկեց։

1943 թ. մայիսին ինձ տեղափոխեցին Բուդապեշտում գտնվող մեկ ուրիշ բանտ, իսկ հետագայում Մարիանոստրա գյուղը, որտեղ ապրում էինք մի վանքում մոտ 70 միանձնուհիների հետ։ Չնայած սովին և այլ դժվարություններին՝ մենք ձգտում էինք պատմել նրանց մեր հույսի մասին։ Միանձնուհիներից մեկը իսկապես հետաքրքրվեց մեր պատգամով և ասաց. «Շատ հրաշալի ուսուցումներ են։ Երբեք նման բաներ չեմ լսել։ Խնդրում եմ, ինձ ավելի շատ բան պատմեք»։ Մենք սկսեցինք նրան պատմել գալիք նոր աշխարհի և այնտեղ սպասող հրաշալի կյանքի մասին։ Զրույցի ժամանակ եկավ մայրապետը։ Հետաքրքրվող միանձնուհուն անմիջապես տարան, հանեցին հագուստները և մտրակով դաժանորեն ծեծեցին։ Երբ կրկին հանդիպեցինք այդ միանձնուհուն, նա աղերսեց. «Խնդրում եմ, աղոթեք Եհովային, որ նա ինձ փրկի ու տանի այստեղից։ Ես ուզում եմ դառնալ ձեզանից մեկը»։

Այնուհետև մեզ տարան մի հին բանտ Կոմառնոյում՝ Դանուբ գետի ափին գտնվող մի քաղաքում, որը Բուդապեշտից մոտ 80 կիլոմետր դեպի արևմուտք է գտնվում։ Կենսապայմանները սարսափելի էին։ Ինչպես մի քանի այլ քույրեր, ես նույնպես հիվանդացա բծավոր տիֆով։ Արյուն էի փսխում և շատ թուլացել էի։ Մենք ոչ մի դեղ չունեինք, և ես մտածում էի, որ վերջս եկել է։ Բայց այդ ժամանակ սպաները փնտրում էին այնպիսի մարդու, որը կկարողանար գրասենյակային աշխատանք կատարել։ Քույրերը հիշատակել էին իմ անունը, ուստի ինձ որոշ դեղեր տվեցին, ու ես կազդուրվեցի։

Նորից ընտանիքիս հետ եմ

Քանի որ խորհրդային բանակը մոտենում էր արևելյան կողմից, մենք ստիպված էինք տեղափոխվել դեպի արևմուտք։ Եթե նկարագրեմ այն բոլոր սարսափները, որոնց միջով անցել ենք, երկար ժամանակ կպահանջվի։ Միայն ասեմ, որ մի քանի անգամ մահվան շեմին եմ կանգնել, բայց շնորհիվ Եհովայի պաշտպանիչ ձեռքի կենդանի եմ մնացել։ Երբ պատերազմն ավարտվեց, մենք Չեխիայի Տաբոր քաղաքում էինք գտնվում՝ Պրահայից մոտ 80 կիլոմետր հեռու։ Ինձանից և ամուսնուս քրոջից՝ Մագդալենայից, երեք շաբաթ պահանջվեց, մինչև որ 1945 թ. մայիսի 30–ին հասանք Լուչենեցում գտնվող մեր տունը։

Հեռվից պարտեզում տեսա սկեսրոջս և սիրելի որդուս՝ Թիբորին։ Աչքերս արտասուքով լցվեցին, ու բղավեցի. «Թիբիկե՜»։ Նա վազեց և թռավ գիրկս։ Ես երբեք չեմ մոռանա նրա առաջին խոսքերը. «Դու այլևս չես գնա, չէ՞, մայրի՛կ»։

Եհովան գթասրտություն էր դրսևորել նաև ամուսնուս՝ Թիբորի հանդեպ։ Բուդապեշտի բանտից նրան մոտավորապես 160 եղբայրների հետ միասին տեղափոխել էին Բորի աշխատանքային գաղութ։ Շատ անգամ նրանք մահվան շեմին են կանգնել, բայց որպես խումբ կենդանի են մնացել։ Թիբորը տուն վերադարձավ 1945 թ. ապրիլի 8–ին՝ ինձանից մոտ մեկ ամիս առաջ։

Պատերազմից հետո ևս Եհովայի օգնության կարիքն ունեինք, որպեսզի հաղթահարեինք այն բոլոր փորձությունները, որ առաջ եկան հաջորդ 40 տարիների ընթացքում, երբ Չեխոսլովակիան գտնվում էր կոմունիստական իշխանության տակ։ Թիբորը կրկին դատապարտվեց երկարաժամկետ բանտարկության, և ես ստիպված էի առանց նրա հոգ տանել մեր որդուն։ Ազատ արձակվելուց հետո Թիբորը ծառայեց որպես շրջագայող վերակացու։ Կոմունիզմի 40 տարիների ընթացքում մենք ամեն առիթ օգտագործում էինք պատմելու մեր հավատի մասին։ Շատերին կարողացանք օգնել սովորել ճշմարտությունը։ Այդպիսով նրանք դարձան մեր հոգևոր երեխաները։

Ի՜նչ ուրախություն ապրեցինք, երբ 1989 թ.–ին կրոնական ազատություն ստացանք։ Հաջորդ տարի ներկա գտնվեցինք մեր երկրում տեղի ունեցած առաջին համաժողովին այդքան երկար ժամանակ անցնելուց հետո։ Երբ տեսանք հազարավոր եղբայրների ու քույրերի, ովքեր տասնամյակներ շարունակ պահպանել էին իրենց անարատությունը, հասկացանք, որ Եհովան նրանց բոլորի համար էլ մեծ զորության աղբյուր էր եղել։

Իմ սիրելի ամուսինը՝ Թիբորը, մահացավ 1993 թ. հոկտեմբերի 14–ին, ու այժմ ես ապրում եմ Սլովակիայի Ժիլինա քաղաքում՝ որդուս մոտ։ Ֆիզիկապես այլևս այնքան էլ ուժեղ չեմ, բայց Եհովայի զորության շնորհիվ ոգով ուժեղ եմ։ Ես հաստատապես համոզված եմ, որ նրա զորությամբ այս հին համակարգում կարող եմ հաղթահարել ցանկացած փորձություն։ Բացի դրանից, ես անհամբերությամբ սպասում եմ այն ժամանակին, երբ Եհովայի անարժան բարության շնորհիվ կկարողանամ հավիտյան ապրել։

[նկար 20–րդ էջի վրա]

Որդիս՝ Թիբորը, որից պետք է ժամանակավորապես բաժանվեի, 4 տարեկան հասակում

[նկար 21–րդ էջի վրա]

Ամուսինս՝ Թիբորը, Բորում՝ մի քանի եղբայրների հետ

[նկար 22–րդ էջի վրա]

Թիբորի և Մագդալենայի՝ ամուսնուս քրոջ հետ Բռնոյում, 1947 թ.

[նկարներ 23–րդ էջի վրա]

Մի քանի անգամ մահվան շեմին եմ կանգնել, բայց Եհովայի պաշտպանիչ ձեռքի շնորհիվ կենդանի եմ մնացել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը