Ինչպես պաշտպանել երեխաներին աստվածային իմաստությամբ
ԱՄԵՆ օր մեր օրգանիզմը պատերազմի մեջ է։ Այն պայքարում է վիթխարի քանակությամբ մանրէների, մակաբույծների և վիրուսների դեմ։ Ի ուրախություն մեզ՝ շատերս ժառանգել ենք իմուն համակարգ, որը պաշտպանում է մեր օրգանիզմը այդ հարձակումներից և փրկում բազմաթիվ վարակիչ հիվանդություններից։
Նմանապես, քրիստոնյաները պետք է պայքարեն ոչ սուրբգրային մտածելակերպի և չափանիշների դեմ ու դիմադրեն այն տարբեր փորձություններին, որոնք կարող են կործանարար ազդեցություն թողնել հոգևոր առողջության վրա (Բ Կորնթացիս 11։3)։ Մեր մտքի ու սրտի դեմ ուղղված այս ամենօրյա հարձակումներից պաշտպանվելու համար հարկավոր է ձեռք բերել հոգևոր զենքեր։
Այդ զենքերն անհրաժեշտ են հատկապես մեր երեխաներին, քանի որ նրանք չեն ծնվել հոգևոր պաշտպանական միջոցներով, որոնց օգնությամբ կարելի է դիմադրել աշխարհի ոգուն (Եփեսացիս 2։2)։ Մինչ երեխաները մեծանում են, հույժ կարևոր է, որ ծնողներն օգնեն նրանց ունենալու հոգևոր պաշտպանական միջոցներ։ Որտեղի՞ց կարելի է ձեռք բերել դրանք։ Աստվածաշունչը բացատրում է. «Տէրն է տալիս իմաստութիւնը.... նա պահում է իր բարեպաշտների ճանապարհը» (Առակաց 2։6, 8)։ Աստվածային իմաստությունը պահպանում է երիտասարդների ճանապարհը, առանց ինչի՝ նրանք ամենայն հավանականությամբ կընկնեն վատ ընկերակցությունների և վնասակար զվարճությունների ծուղակը, ինչպես նաև հասակակիցների ճնշման տակ կզիջեն իրենց դիրքերը։ Ինչպե՞ս կարող են ծնողները հետևել Եհովայի առաջնորդությանը և երեխաների մեջ աստվածային իմաստություն արմատավորել։
Առողջ ընկերակցություններ
Բնական է, որ պատանիները սիրում են ընկերակցել իրենց հասակակիցների հետ, սակայն եթե նրանք սահմանափակվեն միայն իրենց նման անփորձ անհատներով՝ աստվածային իմաստություն ձեռք չեն բերի։ «Յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին»,— զգուշացնում է Աստվածաշունչը (Առակաց 22։15)։ Ինչպե՞ս են որոշ ծնողներ օգնել իրենց երեխաներին աստվածային իմաստություն դրսևորել ընկերներ ընտրելու հարցում։
Դոնa անունով մի հայր ասում է. «Մեր տղաները բավական ժամանակ էին անցկացնում իրենց տարիքի անհատների հետ։ Մեծամասամբ նրանք շփվում էին տանը՝ մեր ներկայությամբ։ Մեր դուռը միշտ բաց էր նրանց ընկերների համար, տունը միշտ լի էր երիտասարդներով։ Մենք նրանց կերակրում էինք, նաև ջանք էինք թափում, որ մեր տանն իրենց հանգիստ զգան։ Մենք պատրաստ էինք հանդուրժել աղմուկն ու աղաղակը հանուն այն բանի, որ երեխաները ապահով մթնոլորտում լինեին և իրենց լավ զգային»։
Բրայենը և Մարին երեք հիանալի երեխաներ ունեն, բայց նրանք խոստովանում են, որ երեխաներին դաստիարակելը միշտ չէ, որ հեշտ է եղել։ Նրանք պատմում են. «Ժողովում մեր դստեր՝ Ջեյնի տարիքի աղջիկներ քիչ կային, որոնց հետ նա կարող էր ընկերություն անել։ Ջեյնը մտերմացավ Սյուզան անունով մի աղջկա հետ։ Վերջինս բավականին շփվող և ուրախ անձնավորություն էր։ Սակայն նրա ծնողները այնքան խստապահանջ չէին, որքան մենք։ Ի տարբերություն մեզ՝ նրանք Սյուզանին թույլ էին տալիս երեկոյան ուշ վերադառնալ տուն, հագնել կարճ կիսաշրջազգեստներ, լսել կասկածելի ոճի երաժշտություն և դիտել քրիստոնյային ոչ վայել կինոնկարներ։ Երկար ժամանակ Ջեյնը չէր կարողանում հասկանալ մեզ։ Ըստ նրա՝ Սյուզանի ծնողները կարողանում էին մտնել երիտասարդների դրության մեջ, մինչդեռ մենք չափազանց խիստ էինք։ Սակայն երբ Սյուզանը խնդիրների բախվեց, Ջեյնը հասկացավ, որ մեր հաստատակամությունը պաշտպանել է իրեն։ Մենք շատ ուրախ ենք, որ զիջող չենք եղել այն բաներում, ինչը, մեր համոզմամբ, ծառայում էր Ջեյնի բարօրությանը»։
Ինչպես Ջեյնը, այնպես էլ բազմաթիվ երիտասարդներ համոզվել են, թե որքան խելամիտ է ընկերակցության հարցում հետևել ծնողների տված խորհուրդներին։ «Առակաց» գրքում ասվում է. «Կեանքի յանդիմանութիւն լսող ականջը իմաստունների մէջ է բնակվում» (Առակաց 15։31)։ Աստվածային իմաստությունը երիտասարդներին մղում է լավ ընկերներ փնտրել։
Դիմադրել նմանվելու ցանկությանը
Ընկերակցության հետ սերտ կապված է «հասակակիցների ճնշում» հասկացությունը։ Ամեն օր երեխաների վրա մյուսներին նմանվելու ճնշում է գործադրվում, որը կարող է ազդել նրանց հոգևոր պաշտպանության վրա։ Քանի որ երիտասարդները սովորաբար ձգտում են արժանանալ իրենց տարիքի անհատների հավանությանը, ուստի հասակակիցների ճնշման տակ նրանք կարող են դառնալ այնպիսի անձնավորություն, որն աշխարհին է հաճելի (Առակաց 29։25)։
Աստվածաշունչը հիշեցնում է մեզ, որ «աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ» (Ա Յովհաննէս 2։17)։ Ուստի ծնողները չպետք է թույլ տան, որ աշխարհի տեսակետը մեծ ազդեցություն գործի իրենց զավակների վրա։ Ինչպե՞ս կարող են նրանք օգնել իրենց երեխաներին ունենալ քրիստոնյային վայել մտածելակերպ։
«Աղջիկս միշտ ցանկանում էր հագնվել ուրիշ երիտասարդների պես,— ասում է Ռիչարդը։— Ուստի մենք համբերատարությամբ միասին ծանրութեթև էինք անում այս կամ այն նորաձևության առավելություններն ու թերությունները։ Նույնիսկ երբ որոշակի ոճեր մենք ընդունելի էինք համարում, այնուամենայնիվ հետևում էինք մի խորհրդի, որ լսել էինք տարիներ առաջ. «Խելացի մարդը նա է, ով առաջինը չի ընդունում նոր ոճը, ոչ էլ վերջինն է, որ հրաժարվում է դրանից»»։
Փոուլին անունով մի մայր մեկ այլ ձևով է խոչընդոտել երեխաների վրա հասակակիցների գործադրած ճնշմանը։ Նա պատմում է. «Ես հետաքրքրվում էի իմ երեխաների հետաքրքրություններով և կանոնավորաբար մտնում նրանց սենյակ՝ զրուցելու։ Այդ երկար զրույցներն օգնում էին ինձ ձևավորել նրանց մտածելակերպը և սովորեցնել, որ տարբեր տեսանկյուններից նայեն իրերին»։
Հասակակիցների ճնշումը չի պակասի, ուստի, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի, որ ծնողները միշտ պայքարեն աշխարհային ‘խորհուրդները քանդելու’ ուղղությամբ և երեխաներին օգնեն ‘գերի բռնել իրենց մտքերը՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար’ (Բ Կորնթացիս 10։ 4, 5)։ «Աղօթքում յարատեւե[լու]» շնորհիվ թե՛ ծնողները և թե՛ երեխաները ի զորու կլինեն կատարել այս կարևոր առաջադրանքը (Հռովմայեցիս 12։12; Սաղմոս 65։2)։
Զվարճությունների գրավիչ ուժը
Երրորդ բնագավառը, որում ծնողները գուցե դժվարություններ ունենան, զվարճություններն են։ Բնական է, որ փոքրիկները սիրում են խաղալ։ Զվարճությունների են ձգտում նաև տարիքով ավելի մեծ երեխաները (Բ Տիմոթէոս 2։22)։ Սակայն եթե այս ցանկությանը բավարարում տրվի անխոհեմ կերպով, նրանց հոգևոր պաշտպանությունը կթուլանա։ Հիմնականում վտանգը երկու ձևով է արտահայտվում։
Առաջին՝ զվարճությունների մեծ մասն արտացոլում է այս աշխարհի ցածր բարոյական չափանիշները (Եփեսացիս 4։17–19)։ Սակայն դրանք միշտ մատուցվում են հետաքրքիր և գրավիչ ձևով։ Սա իսկական վտանգ է ներկայացնում երիտասարդների համար, որոնք, հնարավոր է, չեն տեսնում այդ զվարճությունների ետևում թաքնված ծուղակները։
Երկրորդ՝ խնդիրներ կարող է հարուցել զվարճություններին հատկացվող ժամանակը։ Ոմանց համար զվարճանալը դառնում է կյանքի ամենակարևոր զբաղմունքը, որը չափազանց շատ ժամանակ ու էներգիա է խլում։ «Շատ մեղր ուտելը լաւ չէ»,— ասում է Աստվածաշունչը (Առակաց 25։27)։ Նմանապես, չափից շատ զվարճությունները կարող են փակել մեր հոգևոր ախորժակը և մտային ծուլություն առաջ բերել (Առակաց 21։17; 24։30–34)։ Այս աշխարհից լիովին օգտվելը կխանգարի երիտասարդներին ամուր կառչել «ճշմարիտ կեանք[ից]», այն է՝ հավիտենական կյանքը Աստծո նոր աշխարհում (Ա Տիմոթէոս 6։12, 19, ԷԹ)։ Ինչպե՞ս են որոշ ծնողներ գլուխ հանել այս դժվարությունից։
Մարի Կարմենը, որը երեք աղջիկների մայր է, ասում է. «Մենք ուզում էինք, որ մեր աղջիկները առողջ հանգիստ վայելեին և լավ զգային իրենց։ Ուստի ընտանիքով կանոնավորաբար քաղաքից դուրս էինք գնում։ Աղջիկներս նաև ժամանակ էին անցկացնում ժողովի իրենց ընկերների հետ։ Սակայն մենք հավասարակշռված էինք մոտենում ժամանցի հարցին։ Մենք այն համեմատում էինք ճաշից հետո մատուցվող աղանդերի հետ. այն համեղ է, սակայն հիմնական կերակուր չէ։ Նրանք սովորեցին լինել աշխատասեր՝ տանը, դպրոցում և ժողովում»։
Դոնը և Ռութը զվարճանալու հարցը նույնպես չէին թողել ինքնահոսի։ «Շաբաթ օրը մենք դարձրել էինք «ընտանեկան օր»,— բացատրում են նրանք։— Առավոտյան մասնակցում էինք քարոզչական ծառայության, կեսօրին գնում լողալու, իսկ երեկոյան հատուկ ընթրիք վայելում»։
Այս ծնողների խոսքերից տեսնում ենք, թե որքան կարևոր է զվարճությունների հարցում լինել հավասարակշռված և դրան ճիշտ տեղ հատկացնել քրիստոնեական կյանքում (Ժողովող 3։4; Փիլիպպեցիս 4։5, ՆԱ)։
Ապավինիր Եհովային
Իհարկե, հոգևոր պաշտպանության միջոցներ ձեռք բերելու համար տարիներ են պահանջվում։ Չկա այնպիսի հրաշք դեղամիջոց, որը երեխաներին ակնթարթորեն աստվածային իմաստությամբ օժտի և մղի նրանց ապավինել իրենց երկնային Հորը։ Ծնողներն է, որ պետք է ‘մեծացնեն նրանց խրատով և Տիրոջ ուսմունքով’ (Եփեսացիս 6։4)։ Այս շարունակական ուսուցումը նշանակում է՝ օգնել երեխաներին ունենալու այնպիսի տեսակետներ, ինչպիսին ունի Եհովան։ Ինչպե՞ս կարող են ծնողները հաջողության հասնել այս հարցում։
Գաղտնիքը Աստվածաշնչի կանոնավոր ընտանեկան ուսումնասիրության մեջ է։ Ուսումնասիրությունը ‘բացում է [երեխաների] աչքերը, որ նրանք տեսնեն Աստծո օրենքի հրաշքները’ (Սաղմոս 119։18)։ Դիեգոն շատ լրջորեն էր վերաբերվում Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Այդպես նա օգնեց իր երեխաներին մտերմանալ Եհովայի հետ։ Նա պատմում է. «Ես ինչպես հարկն է պատրաստվում էի ընտանեկան ուսումնասիրությանը։ Սուրբգրային հրատարակություններում փնտրտուքներ կատարելով՝ կարողացա երեխաներիս համար կենդանացնել աստվածաշնչյան կերպարները։ Ես քաջալերում էի նրանց նմանություններ գտնել իրենց և հավատարիմ անհատների միջև։ Սա օգնեց, որ երեխաներիս մտքում վառ տպավորվի այն, թե ինչն է հաճելի Եհովային»։
Երեխաները սովորում են նաև առօրյա կյանքում։ Մովսեսը հորդորեց ծնողներին խոսել Եհովայի հիշեցումների մասին և՛ ‘տան մեջ նստած ժամանակ, և՛ ճանապարհ գնացած ժամանակ, և՛ պառկելիս, և՛ վեր կենալիս’ (Բ Օրինաց 6։7)։ Մի հայր ասում է. «Ժամանակ է պետք, մինչև որդիս բացի իր սիրտը և արտահայտի զգացումները։ Երբ գնում ենք զբոսնելու կամ միասին ինչ–որ գործ ենք անում, նա ի վերջո սկսում է կիսվել ինձ հետ։ Այդպես մեր միջև լավ զրույցներ են տեղի ունենում, որոնք երկուսիս էլ օգուտներ են տալիս»։
Ծնողների աղոթքները նույնպես խոր ազդեցություն են թողնում երեխաների վրա։ Երբ երեխաները լսում են, թե ինչպես են ծնողները խոնարհաբար դիմում Եհովային և խնդրում, որ օգնի իրենց ու ների, դա նրանց մղում է ‘հավատալ, որ նա կա’ (Եբրայեցիս 11։6)։ Բազմաթիվ ծնողներ, որոնց հաջողվել է լավ դաստիարակել իրենց երեխաներին, ընդգծում են ընտանեկան աղոթքների կարևորությունը, այդ թվում այն աղոթքների, որոնցում ծնողները խնդրում են դպրոցական պրոբլեմների և իրենց երեխաներին անհանգստացնող բոլոր մյուս բաների մասին։ Մի հայր ասում է, որ իր կինը միշտ աղոթում է երեխաների հետ, նախքան նրանց՝ դպրոց գնալը (Սաղմոս 62։8; 112։7)։
«Չ’ձանձրանանք բարին գործելուցը»
Բոլոր ծնողներն էլ սխալներ են գործում և գուցե ափսոսան այն բանի համար, թե ինչպես են վարվել որոշ իրավիճակներում։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը հորդորում է մեզ շարունակ ջանքեր գործադրել և ‘չձանձրանալ բարին գործելուց’ (Գաղատացիս 6։9)։
Սակայն երբեմն ծնողները չեն կարողանում հասկանալ իրենց երեխաներին։ Այդ պատճառով նրանք գուցե այնպիսի զգացում ունենան, թե ուր որ է կհանձնվեն։ Հեշտ է եզրակացնել, որ ներկայիս սերունդը տարբերվում է նախկին սերունդներից, և որ այսօրվա երեխաների հետ դժվար է։ Սակայն իրականում նրանք ունեն այն նույն թերությունները, ինչ որ նախկին սերունդները, և կանգնում են նույնատիպ գայթակղությունների առջև՝ միայն այն տարբերությամբ, որ նրանց վրա մեղք գործելու ավելի մեծ ճնշում է գործադրվում։ Ուստի մի հայր որդուն խրատելուց հետո, մեղմացրեց իր ասածներն՝ ավելացնելով. «Քո սիրտը ցանկանում է անել այն, ինչ որ իմ սիրտն էր ցանկանում անել քո տարիքում»։ Ծնողները գուցե շատ բան չիմանան համակարգիչների մասին, սակայն անկատար մարմնի հակումների մասին նրանք ամեն ինչ գիտեն (Մատթէոս 26։41; Բ Կորնթացիս 2։11)։
Որոշ երեխաներ դժկամությամբ են ընդունում իրենց ծնողների առաջնորդությունը և խրատ ստանալիս նույնիսկ ըմբոստանում են։ Ուստի ծնողներից համբերություն է պահանջվում։ Չնայած որոշ երեխաներ սկզբում չեն ցանկանում հնազանդվել կամ ընդհանրապես չեն ենթարկվում ծնողներին, բայց ի վերջո նրանցից շատերն արձագանքում են խրատին (Առակաց 22։6; 23։22–25)։ Մեթյուն՝ մի երիտասարդ քրիստոնյա, որն այժմ ծառայում է Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկում, պատմում է. «Պատանեկան հասակում կարծում էի, թե այն սահմանափակումները, որ ծնողներս դնում էին ինձ վրա, արդարացի չեն։ Ես մտածում էի, որ եթե ընկերներիս ծնողները թույլ են տալիս ինչ–որ բան անել, ուրեմն իմ ծնողներն էլ պետք է թույլ տան։ Ես շատ էի զայրանում, երբ նրանք ժամանակ առ ժամանակ ինձ պատժում էին՝ արգելելով գնալ կանոեով նավարկելու, որն իմ սիրած զբաղմունքն էր։ Սակայն ետադարձ հայացք նետելով՝ հասկանում եմ, որ ծնողներիս խրատներն ու պատիժները և՛ անհրաժեշտ էին, և՛ օգտակար։ Ես շնորհակալ եմ այն բանի համար, որ նրանք ինձ տվել են հարկ եղած առաջնորդությունը հարկ եղած ժամանակ»։
Իրողությունն այն է, որ թեև մեր երեխաները երբեմն ստիպված են գտնվել հոգևորապես անառողջ շրջապատում, սակայն նրանք կարող են մեծանալ որպես լավ քրիստոնյաներ։ Աստվածաշունչը խոստանում է, որ աստվածային իմաստությունը կարող է հոգևոր պաշտպանություն տալ նրանց։ Այնտեղ ասվում է. «[Երբ] իմաստութիւնը կ’մտնէ քո սիրտը, եւ գիտութիւնը ախորժելի կ’լինի քո հոգիին. խոհեմութիւնը քեզ կ’պահէ, հանճարը քեզ կ’պաշտպանէ. որ քեզ ազատէ չար ճանապարհիցը» (Առակաց 2։10–12)։
Արգանդում ինը ամիս շարունակ երեխա կրելը հեշտ չէ։ Հաջորդ 20 տարիներն էլ իրենց հերթին են ցավ և ուրախություն պատճառում ծնողներին։ Սակայն իրենց երեխաների հանդեպ սիրուց մղված՝ քրիստոնյա ծնողներն ամբողջ ուժով ջանում են նրանց պաշտպանել աստվածային իմաստությամբ։ Նրանք այն նույն զգացումներն ունեն իրենց զավակների հանդեպ, ինչպիսին որ ուներ տարեց Հովհաննես առաքյալը իր հոգևոր որդիների նկատմամբ. «Սորանից աւելի մեծ ուրախութիւն չ’ունիմ, որ լսում եմ թէ իմ որդիները ճշմարտութեան մէջ են գնում» (Գ Յովհաննէս 4)։
[ծանոթագրություն]
a Այս հոդվածում օգտագործված որոշ անուններ փոխված են։
[նկար 24–րդ էջի վրա]
«Մեր տունը միշտ լի էր երիտասարդներով»
[նկար 25–րդ էջի վրա]
Հետաքրքրվիր երեխայիդ հետաքրքրություններով
[նկար 26–րդ էջի վրա]
«Ես ինչպես հարկն է պատրաստվում էի ընտանեկան ուսումնասիրությանը»