Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 12/1 էջ 4–7
  • Արմագեդոն. երջանիկ կյանքի սկիզբ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արմագեդոն. երջանիկ կյանքի սկիզբ
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Արմագեդոն. ե՞րբ կլինի
  • Արդար Աստվածը արդարացի պատերազմ է մղում
  • Իմաստության Աստվածը տալիս է հարկ եղած նախազգուշացումները
  • Մի՞թե սիրո Աստվածը կարող է պատերազմել
  • Պատերազմ, որ կդադարեցնի բոլոր պատերազմները
  • Ի՞նչ է Արմագեդոն պատերազմը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Արմագեդոն. Աստծու պատերազմը, որը վերջ կդնի բոլոր պատերազմներին
    2008 Դիտարան
  • Արմագեդոնը Իսրայելո՞ւմ կսկսվի։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • Արմագեդոն. հիրավի բարի լուր
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2005 Դիտարան
w05 12/1 էջ 4–7

Արմագեդոն. երջանիկ կյանքի սկիզբ

«ԱՐՄԱԳԵԴՈՆ» բառը ծագում է եբրայերեն «Հար–​Մագեդոն», այսինքն՝ «Մեգիդո լեռ» արտահայտությունից։ Այն արձանագրված է Յայտնութիւն 16։16–ում, որտեղ ասվում է. «Ժողովեցին նորանց այն տեղ որ Եբրայեցերէն Արմագեդոն է կոչվում»։ Իսկ ովքե՞ր և ինչո՞ւ են հավաքվում Արմագեդոնին։ Ընդամենը երկու համար առաջ՝ Յայտնութիւն 16։14–ում, մենք կարդում ենք, որ ‘երկրի և բովանդակ տիեզերքի թագավորները’ հավաքվում են միասին «Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի համար»։ Հետևաբար հետաքրքիր հարցեր են ծագում. այդ ‘թագավորները’ որտե՞ղ, ինչո՞ւ և ո՞ւմ դեմ են պատերազմելու։ Արդյո՞ք նրանք մասսայական ոչնչացման զենքերով պիտի կռվեն, ինչպես շատերն են կարծում։ Արմագեդոնից փրկվողներ կլինե՞ն։ Եկեք թույլ տանք, որպեսզի Աստվածաշունչը պատասխանի այս հարցերին։

Արդյո՞ք «Մեգիդո լեռ» արտահայտությունը նշանակում է, որ Արմագեդոն պատերազմը տեղի է ունենալու Մերձավոր Արևելքում՝ բառացի որևէ լեռան մոտ։ Ո՛չ։ Նախ՝ այդպիսի լեռ իրականում գոյություն չունի. հնագույն Մեգիդո քաղաքի տարածքում ընդամենը 20 մետր բարձրությամբ մի բլուր կա։ Բացի այդ, Մեգիդոյի տարածքը չափազանց փոքր է, որպեսզի «երկրի թագաւորները եւ նորանց զօրքերը» կարողանան այնտեղ հավաքվել (Յայտնութիւն 19։19)։ Սակայն Մեգիդոն հենց այն վայրն է, որտեղ Մերձավոր Արևելքի պատմության ամենակատաղի և վճռորոշ պատերազմներն են տեղի ունեցել։ Այսպիսով՝ «Արմագեդոն» անվանումը խորհրդանիշ է մի վճռական պատերազմի, որում միայն մեկ ակնհայտ հաղթող է լինելու (տե՛ս «Մեգիդո. հարմար խորհրդանիշ» շրջանակը 5–րդ էջի վրա)։

Արմագեդոնը չի կարող պարզապես ազգերի միջև ընդհարում լինել, քանզի Յայտնութիւն 16։14–ում (ԷԹ) ասվում է, որ ‘ամբողջ աշխարհի թագավորները’ հավաքվում են «Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի համար»։ Երեմիան Աստծու կողմից ներշնչված մարգարեության մեջ նշեց, որ «Տիրոջ [«Եհովայի կողմից», ՆԱ] սպանուածներն .... երկրի մէկ ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը կ’լինեն» (Երեմիա 25։33)։ Այսպիսով՝ Արմագեդոնը ազգերի միջև մղվող պատերազմ չէ, որը պետք է տեղի ունենա Մերձավոր Արևելքի որևէ կոնկրետ տարածքում։ Այն Եհովայի պատերազմն է և համաշխարհային բնույթ է կրելու։

Սակայն հարկ է նշել, որ Յայտնութիւն 16։16 համարում Արմագեդոնը ներկայացված է որպես «տեղ»։ Աստվածաշնչյան համատեքստում «տեղ» բառը կարող է մատնանշել որոշակի իրավիճակ կամ պայմաններ, իսկ տվյալ դեպքում այն նշանակում է, որ ամբողջ աշխարհի մարդկությունը կմիավորվի Եհովայի դեմ (Յայտնութիւն 12։6, 14)։ Արմագեդոնի ժամանակ երկրի բոլոր ազգերը կմիավորվեն ընդդեմ ‘երկնքի զորքերի’, որոնց կղեկավարի ‘թագավորների Թագավոր և տերերի Տեր’ Հիսուս Քրիստոսը (Յայտնութիւն 19։14, 16)։

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն պնդմանը, թե Արմագեդոնը համաշխարհային բնաջնջում է, որը տեղի է ունենալու մասսայական ոչնչացման զենքեր օգտագործելու պատճառով կամ երկնային մարմինների բախման հետևանքով։ Սակայն մի՞թե սիրող Աստվածը թույլ կտա, որ մարդիկ ու նրանց բնակավայրը՝ Երկիր մոլորակը, այդպիսի սարսափելի վախճան ունենան։ Իհարկե ոչ։ Նա հատուկ կերպով նշում է, որ երկիրը «չ’ստեղծեց դարտակ, այլ բնակուելու համար ստեղծեց նորան» (Եսայիա 45։18; Սաղմոս 96։10)։ Արմագեդոնի ժամանակ Եհովան չի վերացնելու մեր երկրագունդը տիեզերական հրդեհով, այլ վերացնելու է «երկիրն ապականողներին» (Յայտնութիւն 11։18)։

Արմագեդոն. ե՞րբ կլինի

Այն հարցը, թե՝ «Ե՞րբ է լինելու Արմագեդոնը», դարեր ի վեր անվերջ ենթադրությունների պատճառ է դարձել։ Ուսումնասիրելով «Յայտնութիւն» գիրքը Աստվածաշնչի մյուս մասերի լույսի ներքո՝ կկարողանանք հասկանալ, թե երբ է լինելու այդ վճռական պատերազմը։ Յայտնութիւն 16։15–ից երևում է, որ Արմագեդոնը կապ ունի Հիսուսի՝ գողի պես գալու հետ։ Հիսուսն այդ նույն պատկերավոր արտահայտությունը օգտագործել էր ցույց տալու համար, որ գալու է իրականացնելու այս համակարգի նկատմամբ սահմանված դատավճիռը (Մատթէոս 24։43, 44; Ա Թեսաղոնիկեցիս 5։2)։

Ինչպես երևում է աստվածաշնչյան մարգարեությունների կատարումից, 1914 թ.–ից ի վեր մենք ապրում ենք իրերի այս համակարգի վերջին օրերում։a Վերջին օրերը կեզրափակվեն այն ժամանակահատվածով, որը Հիսուսը կոչեց «մեծ նեղութիւն»։ Աստվածաշնչում չի նշվում, թե որքան պետք է այն տևի, սակայն դա աղետաբեր հետևանքներ ունեցող այնպիսի նեղություն կլինի, որի նմանը աշխարհը երբևէ չի տեսել։ Մեծ նեղության գագաթնակետը կլինի Արմագեդոնը (Մատթէոս 24։21, 29)։

Քանի որ Արմագեդոնը «Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմ[ն]» է, մարդիկ ոչինչ չեն կարող անել այն հետաձգելու համար։ Եհովան այդ պատերազմի համար «որոշուած ժամանակ» է հաստատել։ Այն չի ուշանա (Ամբակում 2։3)։

Արդար Աստվածը արդարացի պատերազմ է մղում

Իսկ ինչո՞ւ պետք է Աստված աշխարհածավալ պատերազմ մղի։ Քանի որ Արմագեդոնը սերտորեն կապված է Աստծու գլխավոր հատկություններից մեկի՝ արդարության հետ։ Աստվածաշունչը հայտնում է. «Տէրն իրաւունք է սիրում» (Սաղմոս 37։28)։ Նա տեսել է մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր անարդարությունները։ Եվ դա, ինչ խոսք, նրան տհաճություն է պատճառել։ Հետևաբար նա իր Որդուն նշանակել է այդ արդար պատերազմը վարելու, որպեսզի վերջինս մեկընդմիշտ վերացնի այս չար համակարգը։

Միմիայն Եհովան է ի զորու վարելու իսկապես արդար և ընտրողական պատերազմ, որի ընթացքում անկեղծ սրտով անհատները, աշխարհի որ ծայրում էլ լինեն, փրկություն կստանան (Մատթէոս 24։40, 41; Յայտնութիւն 7։9, 10, 13, 14)։ Եվ միայն նա ունի իրավունք իշխելու ողջ երկրագնդի՝ իր արարչագործության վրա, քանի որ նա է ամեն բանի Արարիչը (Յայտնութիւն 4։11)։

Իսկ ի՞նչ ուժեր է Եհովան գործադրելու իր թշնամիների դեմ։ Այս հարցի պատասխանը մենք չգիտենք։ Միայն կարող ենք ասել, որ նա իր տրամադրության տակ ամեն միջոցներն ունի չարերին հիմնահատակ կործանելու համար (Յոբ 38։22, 23; Սոփոնիա 1։15–18)։ Սակայն Աստծու երկրային երկրպագուները չեն մասնակցելու այդ պատերազմին։ Յայտնութիւն 19–րդ գլխում նկարագրված տեսիլքից պարզ է դառնում, որ Հիսուս Քրիստոսի հետ միասին միայն երկնային զորքերը պիտի մարտնչեն։ Եհովային ծառայող քրիստոնյաներից և ոչ մեկը այդ պատերազմին չի մասնակցելու (Բ Մնացորդաց 20։15, 17)։

Իմաստության Աստվածը տալիս է հարկ եղած նախազգուշացումները

Ովքե՞ր են լինելու փրկվողների թվում։ Իհարկե, ցանկալի չէ, որ որևէ մեկը կործանվի Արմագեդոնի ժամանակ։ Պետրոս առաքյալը նշեց հետևյալը. «Տէրը .... չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն» (Բ Պետրոս 3։9)։ Իսկ Պողոս առաքյալն ասաց, որ Աստված «կամենում է որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան» (Ա Տիմոթէոս 2։4)։

Այդ նպատակին հասնելու համար Եհովան իմաստուն կերպով հոգ է տարել, որ «արքայութեան այս աւետարանը» հարյուրավոր լեզուներով քարոզվի ամբողջ աշխարհում։ Մարդկանց ամենուրեք հնարավորություն է տրվում փրկվելու և վերապրելու կործանումից (Մատթէոս 24։14; Սաղմոս 37։34; Փիլիպպեցիս 2։12)։ Բոլոր նրանք, ովքեր դրականորեն կարձագանքեն բարի լուրին, հնարավորություն կունենան վերապրելու Արմագեդոնից և կատարյալ կյանքով հավիտյան ապրելու դրախտային երկրի վրա (Եզեկիէլ 18։23, 32; Սոփոնիա 2։3; Հռովմայեցիս 10։13)։ Մի՞թե սա չենք ակնկալում այն Աստծուց, որը սեր է (Ա Յովհաննէս 4։8)։

Մի՞թե սիրո Աստվածը կարող է պատերազմել

Շատերի մեջ, սակայն, հարց է առաջանում, թե ինչու Աստված, որը սիրո կատարյալ մարմնացումն է, պիտի կործանի մարդկանց։ Դա հասկանալու համար պատկերացնենք մի տուն, որտեղ վնասատուներ են հայտնվել։ Համաձայն չե՞ք, որ բարեխիղճ տանտերը հանուն իր ընտանիքի անդամների առողջության ու բարօրության՝ կվերացներ այդ տան վնասատու միջատներին։

Նմանապես, Արմագեդոն պատերազմը Եհովայի խորը սիրո դրսևորումն է լինելու մարդկության նկատմամբ։ Աստծու նպատակն է՝ Երկիր մոլորակը դրախտի վերածել, մարդկությանը հասցնել կատարելության և խաղաղ պայմաններ հաստատել։ Դրախտում «վախեցնող պիտի չ’լինի» (Միքիա 4։3, 4; Յայտնութիւն 21։4)։ Իսկ ի՞նչ է սպասում նրանց, ովքեր սպառնում են մարդկանց խաղաղությանն ու ապահովությանը։ Աստված հանուն արդարների կվերացնի այդ «միջատներին»՝ անուղղելի չարագործներին (Բ Թեսաղոնիկեցիս 1։8, 9; Յայտնութիւն 21։8)։

Այսօր բռնությունն ու արյունահեղությունը հիմնականում տեղի են ունենում անկատար ղեկավարների և վերջիններիս եսասիրական ու ազգայնամոլ ձգտումների պատճառով (Ժողովող 8։9)։ Ձգտելով ավելի ուժգին դարձնել իրենց ազդեցությունը՝ այդ ղեկավարները բացարձակապես արհամարհում են Աստծու Թագավորությունը։ Ոչ մի հիմք չկա մտածելու, որ նրանք կհրաժարվեն իրենց իշխանությունից և այն կթողնեն Աստծուն և Հիսուս Քրիստոսին (Սաղմոս 2։1–9)։ Ուստի այդ իշխանությունները կվերանան և ճանապարհ կհարթեն Եհովայի Թագավորությանը՝ նրա արդար Թագավորի՝ Քրիստոսի գլխավորությամբ (Դանիէլ 2։44)։ Արմագեդոն պատերազմը պետք է տեղի ունենա, որպեսզի մեկընդմիշտ լուծվի այն հիմնախնդիրը, թե ով իրավունք ունի իշխելու երկրագնդի ու մարդկության վրա։

Արմագեդոնի ժամանակ Եհովայի ակտիվ գործողությունները կլինեն բացառապես ի նպաստ մարդկության շահերի։ Աշխարհում տիրող իրավիճակը գնալով ավելի է վատանում, ուստի միայն Աստծու կատարյալ կառավարությունը ամբողջությամբ գոհացում կտա մարդկության պահանջներին։ Եվ միմիայն Աստծու Թագավորության միջոցով իրական խաղաղություն և բարգավաճում կտիրի։ Իսկ ինչպիսի՞ն կլիներ աշխարհի վիճակը, եթե Աստված որոշեր երբեք չմիջամտել։ Մի՞թե ատելությունը, բռնությունն ու պատերազմները չէին շարունակի տառապանք պատճառել մարդկանց, ինչպես որ դարեր շարունակ եղել է մարդակերտ իշխանությունների ներքո։ Իրականում Արմագեդոն պատերազմը լավագույն բաներից մեկն է, որը մարդկությանը օգուտներ կբերի (Ղուկաս 18։7, 8; Բ Պետրոս 3։13)։

Պատերազմ, որ կդադարեցնի բոլոր պատերազմները

Արմագեդոնի միջոցով կիրականացվի մի բան, որ ուրիշ ոչ մի պատերազմ երբևէ չի կարողացել իրականացնել. այն վերջ կդնի աշխարհի բոլոր պատերազմներին։ Մի՞թե չենք ձգտում այն օրվան, երբ բոլոր պատերազմները անցյալի գիրկն անցած կլինեն։ Սակայն դրանք վերջ դնելու մարդկանց բոլոր ջանքերը անհաջողության են մատնվել։ Եվ այդ շարունակական, բայց ապարդյուն ջանքերը մեկ անգամ ևս ընդգծում են Երեմիայի խոսքերի ճշմարտացիությունը. «Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։ Իսկ թե ինչ կիրականացնի Եհովան, Աստվածաշնչում նշվում է. «Դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը. փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները, եւ կառքերը այրում է կրակով» (Սաղմոս 46։8, 9)։

Երբ մարդիկ միմյանց վրա բարձրացնեն իրենց մահացու զենքերն ու սպառնան վերացնել շրջակա միջավայրը, երկիրն Արարողը գործի կանցնի՝ իրականացնելով աստվածաշնչյան Արմագեդոնը (Յայտնութիւն 11։18)։ Այս պատերազմը իրականություն կդարձնի այն, ինչի մասին աստվածավախ անհատները դարեր շարունակ միայն երազել են։ Այն կարդարացնի երկրի Տիրակալի՝ Եհովա Աստծու՝ իր ողջ ստեղծագործության վրա իշխելու իրավունքը։

Այսպիսով՝ ոչ մի արդարասեր մարդ պատճառ չունի վախենալու Արմագեդոնից։ Ավելին, այն հույսի ամուր հիմքեր է տալիս։ Արմագեդոն պատերազմը կմաքրի երկիրը ամեն տեսակ ապականությունից ու չարիքից և դուռ կբացի արդար նոր համակարգի առջև, որը կհաստատվի Աստծու Մեսիական Թագավորության իշխանության ներքո (Եսայիա 11։4, 5)։ Եվ այսպես՝ Արմագեդոնը ոչ թե աշխարհի վերջ է նշանակում, այլ երջանիկ կյանքի սկիզբ բոլոր արդարների համար, ովքեր կապրեն դրախտ–​երկրում (Սաղմոս 37։29)։

[ծանոթագրություն]

a Տե՛ս «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը (գլուխ 11)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[շրջանակ/նկարազարդում 5–րդ էջի վրա]

Մեգիդո. Հարմար Խորհրդանիշ

Հնագույն Մեգիդո քաղաքը գտնվում էր Իսրայելի հյուսիսային մասում՝ Հեզրայելի բերրի հովտի արևմտյան հատվածում, և ռազմավարական տեսանկյունից նպաստավոր դիրքում։ Այն վերահսկում էր միջազգային առևտուրը և ռազմական ուղեգծերը, որոնք հատվում էին այդ վայրում։ Այսպիսով՝ Մեգիդոն դարձել էր վճռական ճակատամարտերի կենտրոն։ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Գրեհեմ Դեյվիսն իր գրքերից մեկում նշում է. «Մեգիդո քաղաքը .... հեշտ հասանելի վայր էր բոլոր ուղղություններից եկող վաճառականների և գաղթականների համար։ Բայց միևնույն ժամանակ, բավական զորեղ լինելու դեպքում այն կարողանում էր և՛ վերահսկել առևտուրը, և՛ վճռել պատերազմների ելքը։ Ահա թե ինչու զարմանալի չէ, որ .... այդ քաղաքը կարծես մրցանակ լիներ հաղթողների համար։ Եվ երբ գրավում էին այն, ամեն գնով պաշտպանում էին» («Cities of the Biblical World—Megiddo»)։

Մեգիդոյի մասին հնագույն պատմությունը սկսվում է շատ դարեր առաջ՝ մ.թ.ա. երկրորդ հազարամյակից, երբ Եգիպտոսի Թութմոս III փարավոնը պարտության մատնեց քանանացի կառավարիչներին։ Այդ պատմությունը շարունակվել է հարյուրամյակներ մինչև 1918 թ., երբ անգլիացի գեներալ Էդմունդ Ալենբին մահացու հարված հասցրեց թուրքական բանակին։ Մեգիդոյի մոտակայքում էր, որ Աստծու օգնությամբ Իսրայելի Բարակ դատավորը ջախջախեց Քանանի Հաբին թագավորին (Դատաւորաց 4։12–24; 5։19, 20)։ Քաղաքի մոտակայքում էր, որ Իսրայելի դատավոր Գեդեոնը վճռական հարված հասցրեց մադիանացիներին (Դատաւորաց 7։1–22)։ Նաև հենց այդ վայրում էր, որ Ոքոզիա և Հովսիա թագավորները սպանվեցին (Դ Թագաւորաց 9։27; 23։29, 30)։

Քանի որ Մեգիդոն բազմաթիվ վճռական ճակատամարտերի կենտրոն է եղել, միանգամայն պատշաճ է Արմագեդոնը համեմատել այս վայրի հետ։ Սա Աստծուն հակառակվող բոլոր ուժերի դեմ տարված լիակատար հաղթանակի հարմար խորհրդանիշն է։

[թույլտվությամբ]

Pictorial Archive (Near Eastern History) Est.

[նկար 7–րդ էջի վրա]

Աշխարհով մեկ ողջ մարդկությանը նախազգուշացում և հնարավորություն է տրվում վերապրելու Արմագեդոնից

[նկար 7–րդ էջի վրա]

Արմագեդոնը երջանիկ կյանքի սկիզբ է նշանակում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը