Ճշմարիտ գիտելիքի աղբյուրը
ՀԱԶԱՐ ութ հարյուր տասը թվականի դեկտեմբերի 18–ն էր։ Մութն արդեն ընկնում էր։ Մեծբրիտանական ռազմածովային ուժերի «Պալլաս» նավը լողում էր Շոտլանդիայի հարավարևելյան ափերից հեռու։ Փոթորկալից ծովում նավը կորցրեց իր կոորդինատները։ Մթությունը և առատ ձյունը ավելի ու ավելի էին դժվարացնում փարոսի լույսերը գտնելը, ինչն անհրաժեշտ էր նավը ապահով տեղ հասցնելու համար։ Պատկերացրեք նավաստիների ուրախությունը, երբ վերջապես լույսեր տեսան։ Նրանք նավը ուղղեցին դեպի այդ լույսերը։ Դժբախտաբար, դրանք այն լույսերը չէին, որ նրանց պետք էին։ Դրանք կրակներ էին, որ ափում վառել էին բանվորները։ «Պալլասը» նստեց ստորջրյա խութերի վրա և լիովին կործանվեց։ Տասնմեկ նավաստիներ խեղդվեցին։ Ինչպիսի՜ ողբերգություն։
«Պալլաս» նավի դեպքում սխալը հանգեցրեց ողբերգության։ Ուրիշ դեպքերում, սակայն, նավաստիները հայտնվել են նույնիսկ ավելի վտանգավոր իրավիճակում. նրանք առաջնորդվել են, այսպես ասած, խարդախ լույսերով։ Համաձայն մի գրքի՝ ավազակները լույսեր էին վառում ժայռոտ ափերում, որպեսզի նավակոծություն տեղի ունենար, և նավը կողոպտեին («Wrecks, Wreckers and Rescuers»)։
Սուրբ գրություններ, որոնք կարող են ձեզ փրկության առաջնորդել
Գիտելիքի որոնումների ճանապարհին գուցե դուք էլ բախվեք նմանատիպ դժվարությունների։ Հնարավոր է, առաջնորդվեք մոլորեցուցիչ տեղեկությամբ կամ նույնիսկ խարդախության զոհ դառնաք։ Երկու դեպքում էլ գուցե ողբերգություն տեղի ունենա։ Ի՞նչ կարող եք անել ձեզ պաշտպանելու համար։ Անհրաժեշտ է հավաստիանալ, որ գիտելիքի ձեր աղբյուրը խաբուսիկ չէ, այլ արժանահավատ է։ Արդեն ավելի քան 125 տարի է, որ այս պարբերագիրը Աստծու ներշնչյալ Խոսքը՝ Աստվածաշունչը, ջատագովում է որպես գիտելիքներ ստանալու ամենից վստահարժան աղբյուր, քանի որ պարունակում է «սուրբ գրություններ, որոնք զորություն ունեն [ձեզ] իմաստուն դարձնելու և փրկության առաջնորդելու» (Բ Տիմոթէոս 3։15–17, New English Bible)։
Իհարկե, որպեսզի վստահեք Աստվածաշնչին ինչպես մի հուսալի առաջնորդող լույսի, ճիշտ կլինի ստուգել նրա ճշմարտացիությունը (Սաղմոս 119։105; Առակաց 14։15)։ Ուստի համապատասխան տեղեկություններ ստանալու նպատակով դուք կարող եք առանց կաշկանդվելու գրել այս պարբերագրի հրատարակիչներին։ Այդ տեղեկությունները արդեն միլիոնավոր մարդկանց են օգնել համոզվելու, որ Աստվածաշունչն իսկապես ներշնչված է Աստծուց։ Կարդացեք, օրինակ, «Գիրք բոլորի համար» գրքույկը։a Այդ գրքույկը բավական տեղեկություն է պարունակում այն մասին, որ Աստվածաշունչը ճշգրիտ է, վավերական և ներշնչված է Աստծու կողմից։
Հիմնարար ճշմարտություններ
Այդ «սուրբ գրությունները» պարունակում են հիմնարար ճշմարտություններ։ Քննենք դրանցից մի քանիսը։
Կա մեկ Ամենակարող Աստված և Արարիչ, որը ստեղծել է ամեն բաները (Ծննդոց 1։1)։ Մենք գոյություն ունենք զուտ այն պատճառով, որ ‘Աստված ստեղծեց ամեն բաները’ և մեզ կյանք տվեց (Յայտնութիւն 4։11)։ Ահա թե ինչու միայն նա է արժանի մեր երկրպագությանը։ Բոլոր տեսակի գիտելիքները սկիզբ են առնում Արարչից (Սաղմոս 36։9; Եսայիա 30։20, 21; 48։17, 18)։ Նա ունի անձնական անուն և ցանկանում է, որ մենք գործածենք այն (Ելից 3։15)։ Այդ անունը եբրայերեն տառերով Աստվածաշնչում հանդիպում է մոտ 7 000 անգամ և տառադարձվում է՝ ՅՀՎՀ։ Դարեր ի վեր այն հայերեն լեզվում օգտագործվել է «Եհովա» ձևով (Սաղմոս 83։18)։
Եհովան մարդկանց ստեղծել է, որ նրանք դրախտային պայմաններում հավիտյան ապրեն երկրի վրա։ Նա նրանց օժտել է հոգևոր այնպիսի հատկություններով, որոնք արտացոլում են իր անձնավորությունը։ Աստված մարդկանց տվել է որոշակի ունակություններ, որոնց շնորհիվ նրանք երկրի վրա կարող են ապրել անվերջ ու գոհացուցիչ կյանքով (Ծննդոց 1։26–28)։ Եհովան երբեք նպատակ չի ունեցել, որ երկիրը մարդկանց համար փորձադաշտ լինի, ինչպես մի ցատկահարթակ, որտեղից «թռչում» են երկինք՝ ապրելու ոգեղեն աշխարհում, կարծես Աստծու հետ փոխհարաբերություններ կարելի է ունենալ միայն երկնքում։
Մարդու մեջ, որ Աստծու ստեղծագործությունն էր, ոչ մի չար բան չկար։ Չարիքն ի հայտ եկավ միայն այն ժամանակ, երբ Աստծու ստեղծած որոշ էակներ՝ թե՛ մարդկանցից և թե՛ ոգեղեն արարածներից, ունենալով ազատ կամք, սխալ ընտրություն կատարեցին և այդպիսով ապստամբեցին Աստծու դեմ (Բ Օրինաց 32։5)։ Մեր նախածնողներն իրենց վրա վերցրեցին ճիշտն ու սխալը որոշելու իրավունքը (Ծննդոց 2։17; 3։1–5)։ Հետևանքը նրանց մահն էր (Ծննդոց 3։19; Հռովմայեցիս 5։12)։ Ապստամբությամբ բարձրացված հարցերը լուծելու համար Եհովան որոշեց ժամանակավորապես թույլատրել չարության գոյությունը։ Այդուհանդերձ, երկրի ու մարդկանց առնչությամբ նրա նպատակը մնացել է անփոփոխ (Եսայիա 45։18)։ Անպայման կգա ժամանակ, երբ մարդիկ մաքրված երկրի վրա հավիտյան կապրեն (Մատթէոս 6։10; Յայտնութիւն 21։1–5)։
Հիսուս Քրիստոսը ոչ թե Ամենակարող Աստված է, այլ Աստծու Որդին է։ Հիսուս Քրիստոսն ինքը իր հետևորդներին սովորեցրեց աղոթել հետևյալ կերպ. «Մեր Հայր, որ երկնքումն ես. սուրբ լինի քո անունը» (Մատթէոս 6։9)։ Նա երբեք չհավակնեց Աստծու հետ հավասար լինել։ Հակառակը՝ նա ասաց. «Հայրը մեծ է ինձանից» (Յովհաննէս 14։28)։
Հիսուսն առանցքային դեր է խաղում Աստծու նպատակի իրագործման մեջ։ Աստված նրան ուղարկեց ‘աշխարհ իբրև լույս, որ ամեն նրան հավատացողը խավարի մեջ չմնա’ (Յովհաննէս 12։46)։ Համաձայն Պետրոս առաքյալի խոսքերի՝ «ուրիշ ոչ մէկով փրկութիւն չ’կայ» (Գործք 4։12)։ Դա իրոք այդպես է, քանի որ մեր փրկությունը կախված է Քրիստոսի թանկարժեք արյունից (Ա Պետրոս 1։18, 19)։ Հիսուս Քրիստոսը իր կյանքը տվեց որպես քավիչ զոհաբերություն՝ ազատելու համար մարդկանց այն մեղքից, որ մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, փոխանցեցին իրենց սերունդներին (Մատթէոս 20։28; Ա Տիմոթէոս 2։6)։ Բացի այդ, Աստված Հիսուսի միջոցով բացահայտեց իր կամքն ու նպատակը (Յովհաննէս 8։12, 32, 46, 47; 14։6; Գործք 26։23)։
Աստված ստեղծել է երկնային Թագավորություն, կամ՝ կառավարություն, որի մեջ մտնում են Հիսուս Քրիստոսը, ինչպես նաև ուրիշներ, որոնք ընտրվել են մարդկանց միջից։ Աստծու Թագավորության մասին թեման շոշափվում է ամբողջ Աստվածաշնչում։ Աստված այդ կառավարությանը հանձնարարել է ի կատար ածել իր կամքը երկրի վրա, ինչպես որ դա արվել է երկնքում (Մատթէոս 6։10)։ Սկզբնապես Աստված նպատակ չէր դրել, որ մարդկանցից որևէ մեկը գնար երկինք։ Նրանց տունը երկի՛րը պետք է լիներ։ Բայց մարդու՝ մեղքի մեջ ընկնելուց հետո Աստված մի նոր բան նպատակադրեց։ Նա որոշեց «ամեն ցեղից եւ լեզուից եւ ժողովրդից եւ ազգից» ընտրել մարդկանց, որոնք Քրիստոսի հետ կլինեին երկնային կառավարության կազմում և ‘թագավորություն կանեին’ (Յայտնութիւն 5։9, 10)։ Այդ կառավարությունը շուտով պիտի «փշրէ եւ վերջացնէ» մարդկային իշխանության բոլոր ձևերը, որոնք բազում տառապանքներ ու ցավեր են պատճառել մարդ արարածին (Դանիէլ 2։44)։
Հոգին մահանում է։ Աստվածաշնչյան այս հիմնարար ճշմարտությունը շատ բան է պարզաբանում մարդու և նրա ապագայի մասին, ինչպես նաև վերացնում է մահացածների վիճակի վերաբերյալ սխալ ու շփոթեցուցիչ հասկացողություններն ու տեղեկությունները։
Աստվածաշնչի հենց առաջին գրքում ասվում է. «Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ» (Ծննդոց 2։7)։ Հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում։ Հոգին մարդու մարմնում գոյություն ունեցող ինչ–որ անորոշ բան չէ։ Մարդը չունի հոգի։ Նա ինքն է հոգի, որը բովանդակում է ‘հողի փոշու’ մեջ եղող տարրերը և կյանքի ուժը, որ տալիս է Աստված։ Հոգին անմահ չէ։ Երբ մարդը մահանում է, մահանում է հոգին (Ծննդոց 3։19; Ժողովող 9։5, 10)։
Մահացածները հարության միջոցով կյանքի կվերադառնան։ Աստված չարության գոյության համար որոշակի ժամանակ է նախատեսել։ Երբ ավարտվի այդ ժամանակը, «ամենքը՝ որ գերեզմաններումն են, [Հիսուսի] ձայնը կ’լսեն։ Եւ դուրս կ’գան նորանք որ բարի են գործել՝ դէպի կեանքի յարութիւնը, եւ նորանք որ չար են արել՝ դէպի դատաստանի յարութիւնը» (Յովհաննէս 5։28, 29; Գործք 24։15)։ Հարության միջոցով մարդիկ դրախտային երկրի վրա կյանքի կվերադառնան, այնպիսի կյանքի, որ Աստված սկզբնապես նպատակադրել էր մարդկանց համար։
Ամեն օր ուշադրությամբ քննեք Գրությունները
Զգո՞ւմ եք, թե այսպիսի հիմնարար ճշմարտություններ իմանալն ինչպես կարող է ձեզ օգնել։ Մեր այս փոթորկուն ժամանակներում նման գիտելիքը կարող է պաշտպանել ձեզ ‘սուտանուն գիտությունից’, որ ջատագովում է Բանսարկու Սատանան։ Նա իրեն ներկայացնում է իբրև ‘լույսի հրեշտակ’, իսկ նրա գործակալները հանդես են գալիս որպես ‘արդարության պաշտոնյաներ’ (Ա Տիմոթէոս 6։20; Բ Կորնթացիս 11։13–15)։ Սուրբգրային գիտելիքները կարող են պաշտպանել ձեզ այն կեղծ գաղափարներից, որոնք հիմնված են աշխարհի ‘իմաստունների և գիտունների’ փիլիսոփայությունների վրա, ովքեր «անարգեցին Տիրոջ խօսքը» (Մատթէոս 11։25; Երեմիա 8։9)։
Քանի որ մոլորեցուցիչ ուսմունքներն ու փիլիսոփայությունները շատ էին տարածված առաջին դարում, Հովհաննես առաքյալը քրիստոնյաներին հորդորեց. «Ամեն հոգու [«ներշնչյալ արտահայտության», ՆԱ] մի հաւատաք. այլ փորձեցէք հոգիները [«ներշնչյալ արտահայտությունները», ՆԱ] թէ արդեօք Աստուածանից են» (Ա Յովհաննէս 4։1)։ Դատեցեք ինքներդ։ Եթե ստանայիք այնպիսի մի լուր, որը կարող էր ձեր կյանքի վրա մեծ ազդեցություն ունենալ, ապա մի՞թե քիչ ուշադրություն կդարձնեիք դրան զուտ այն պատճառով, որ այդ տեղեկությունը ստացվել է հուսալի աղբյուրից։ Անշուշտ ոչ։ Դուք կստուգեիք այդ աղբյուրը և կքննեիք նրա բովանդակությունը նախքան համապատասխանաբար գործելը։
Աստված իր կողմից ներշնչված հիմնարար ճշմարտությունները գրել է տվել, որպեսզի դուք հնարավորություն ունենաք հենց դա անելու՝ «հավաստիանալու» (ՆԱ), որ ձեզ առաջնորդող լույսերը իսկական «փարոսից» են արձակվում (Ա Թեսաղոնիկեցիս 5։21)։ Առաջին դարում ազնվասիրտ մարդիկ գովասանքի արժանացան, քանի որ «ամեն օր Գրքերը քննում էին»՝ հավաստիանալու համար, թե արդյոք իրենց սովորած բաները ճշմարտություն են (Գործք 17։11)։ Դուք էլ կարող եք այդպես վարվել։ Թող որ Աստվածաշունչը, որ ‘ինչպես մի ճրագ լույս է տալիս մութ տեղը’, ձեզ առաջնորդի դեպի ապահով հանգրվան (Բ Պետրոս 1։19–21)։ Այդպիսով՝ դուք ‘կգտնեք Աստծու գիտությունը’, որը ճշմարիտ գիտելիքի աղբյուրն է (Առակաց 2։5)։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 4-րդ էջի վրա]
Աստծու Խոսքը նման է ճրագի
[նկար 5-րդ էջի վրա]
Ի՞նչ է Աստծու անունը
[նկար 5-րդ էջի վրա]
Ի՞նչ ապագա է սպասում մարդկանց
[նկար 6-րդ էջի վրա]
Հիսուսը Ամենակարող Աստվա՞ծ է
[նկար 6-րդ էջի վրա]
Որտե՞ղ են մահացածները
[նկար 7-րդ էջի վրա]
Մահացածների հարությունը Աստվածաշնչի հիմնարար ճշմարտություններից մեկն է