Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 11/15 էջ 4–7
  • Հարց, որն առնչվում է անձամբ ձեզ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարց, որն առնչվում է անձամբ ձեզ
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը»
  • Ինչպես պատասխան տրվեց բարձրացված հարցին
  • Ի՞նչ պետք է անեք
  • Խուսափեք սեռային անբարոյությունից
  • Հաճեցրեք Աստծուն կյանքի այլ բնագավառներում
  • Դուք կարող եք հաջողության հասնել
  • Հոբը բարձր պահեց Եհովայի անունը
    2009 Դիտարան
  • Մի՛ թող անարատությունդ
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ապրիր Աստծուն հաճելի կյանքով
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • «Չե՛մ թողնի անարատությունս»
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
2006 Դիտարան
w06 11/15 էջ 4–7

Հարց, որն առնչվում է անձամբ ձեզ

ՈՒՆԵ՞Ք այնպիսի ընկեր կամ ընտանիքի անդամ, որի հետ հատկապես մտերիմ եք։ Ի՞նչ կանեիք, եթե որևէ մեկը մեղադրեր ձեզ այն բանում, թե այդ մտերմությունը դուք պահպանում եք՝ զուտ եսասիրական մղումներից ելնելով։ Չէի՞ք վիրավորվի կամ նույնիսկ զայրանա։ Հենց այս բանում էր, որ Բանսարկու Սատանան մեղադրեց բոլոր նրանց, ովքեր մտերիմ փոխհարաբերություններ ունեն Եհովա Աստծու հետ։

Մտածեք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ, երբ Սատանային հաջողվեց դրդել առաջին մարդկային զույգին՝ Ադամին ու Եվային, խախտելու Աստծու օրենքը և միանալ իրեն Աստծու դեմ ապստամբության մեջ։ Արդյոք այն, ինչ տեղի ունեցավ, նշանակո՞ւմ էր, որ մարդիկ կհնազանդվեին Եհովային այնքան ժամանակ, որքան որ իրենց էր ձեռնտու (Ծննդոց 3։1–6)։ Ադամի ապստամբությունից մոտ 2 500 տարի անց Սատանան առաջ քաշեց այս նույն հարցը, սակայն այս անգամ Հոբ անունով մի մարդու առնչությամբ։ Քանի որ Բանսարկուի մեղադրանքը պարզ ցույց է տալիս, թե ինչումն էր հարցը, եկեք ուշադրությամբ քննենք աստվածաշնչյան այդ արձանագրությունը։

«Չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը»

Հոբը «կատարեալ եւ ուղիղ մարդ [էր], աստուածավախ եւ չարութիւնից հեռացող»։ Սակայն Սատանան Հոբին սխալ շարժառիթներ վերագրեց։ Նա հարցրեց Եհովային. «Մի՞թէ Հոբը ձրի է աստուածավախ»։ Այնուհետև Բանսարկուն զրպարտեց թե՛ Աստծուն և թե՛ Հոբին՝ պնդելով, որ Եհովան շահել է Հոբի նվիրվածությունը՝ պաշտպանելով և օրհնելով նրան։ Սատանան ասաց. «Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ամեն ստացուածքին. եւ տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ» (Յոբ 1։8–11)։

Այս մեղադրանքներին պատասխանելու համար Եհովան թույլ տվեց, որ Սատանան փորձության ենթարկի Հոբին։ Ջանալով Հոբին հեռացնել Աստծուց՝ Բանսարկուն այդ հավատարիմ մարդու վրա իրար ետևից աղետներ բերեց։ Նախ՝ Հոբը զրկվեց իր անասուններից, ապա՝ նրա ծառաները, ինչպես նաև երեխաները սպանվեցին (Յոբ 1։12–19)։ Սակայն արդյո՞ք Սատանան հաջողության հասավ։ Ո՛չ։ Թեև Հոբն անտեղյակ էր, որ Բանսարկուն էր իր փորձությունների պատճառը, սակայն նա ասաց. «Տէրը տուաւ եւ Տէրն առաւ։ Տիրոջ անունը օրհնեալ լինի» (Յոբ 1։21)։

Ուստի Եհովան ասաց Սատանային. «[Հոբը] բռնած է իր կատարելութիւնը, թեպէտ եւ ինձ համոզում էիր, նորան զուր տեղը կորցնելու» (Յոբ 2։1–3)։ Այստեղ կարևոր էր Հոբի անարատությունը, մի հատկություն, որը պահանջում է անկոտրում նվիրվածություն դրսևորել Աստծու հանդեպ, ինչպես նաև հավատարմորեն պահել նրա արդար չափանիշները։ Հոբը հաղթանակած դուրս եկավ անարատության հետ կապված հարցում։ Սակայն Բանսարկուն այդքանով չբավարարվեց։

Նա մի անհիմն մեղադրանք առաջ քաշեց, որը վերաբերում է բոլոր մարդկանց։ Սատանան ասաց Եհովային. «Մորթի տեղ մորթ, նաեւ մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ։ Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ոսկորին եւ նորա մարմնին, և տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ» (Յոբ 2։4, 5)։ Հոբ անվան փոխարեն օգտագործելով «մարդս» բառը՝ Բանսարկուն հարցականի տակ դրեց յուրաքանչյուր մարդու անարատությունը։ Նա կարծես ասաց. «Մարդը ամեն ինչ կանի իր կյանքը փրկելու համար։ Տուր ինձ հնարավորություն, և ես կարող եմ ցանկացած մարդու հեռացնել քեզանից»։ Արդյո՞ք երբեք և ոչ մի դեպքում որևէ մարդ նվիրված չէր մնա Աստծուն։

Եհովան թույլ տվեց, որ Բանսարկուն մի սարսափելի հիվանդություն տա Հոբին։ Նա այնքան էր տառապում, որ մահ էր խնդրում իր համար (Յոբ 2։7; 14։13)։ Սակայն նույնիսկ այդ ժամանակ Հոբն ասաց. «Մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը» (Յոբ 27։5)։ Նա այդպես ասաց, քանի որ սիրում էր Աստծուն, և ոչինչ չէր կարող ազդել իր սիրո վրա։ Հոբն ապացուցեց, որ ինքն անարատ մարդ է։ Աստվածաշնչում գրված է. «Եհովան օրհնեց Յոբի վերջը նորա սկզբիցն աւելի» (Յոբ 42։10–17)։ Եղե՞լ են արդյոք Հոբի նման մարդիկ։ Ի՞նչ է ցույց տվել ժամանակը։

Ինչպես պատասխան տրվեց բարձրացված հարցին

Աստվածաշնչի «Եբրայեցիս» գրքի 11–րդ գլխում Պողոս առաքյալը թվարկում է նախաքրիստոնեական ժամանակներում ապրած մի շարք հավատարիմ տղամարդկանց և կանանց, որոնց թվում էին Նոյը, Աբրահամը, Սառան և Մովսեսը։ Այնուհետև առաքյալն ասում է. «Ժամանակս բաւական չէ որ պատմեմ ուրիշ[ների մասին]» (Եբրայեցիս 11։32)։ Աստծու այս հավատարիմ ծառաները այնքան շատ էին, որ Պողոսը նրանց անվանում է «վկաների.... բազմութիւն»։ Բնագրում «բազմություն» բառի փոխարեն օգտագործվում է «մեծ ամպ» արտահայտությունը։ Պողոսը այդպիսով համեմատում էր նրանց հսկայական ամպի հետ, որը տարածվում է երկնքում (Եբրայեցիս 12։1, ՆԱ)։ Այո, դարերի ընթացքում բազմաթիվ մարդիկ իրենց կամքով հավատարիմ են մնացել Եհովա Աստծուն (Յեսու 24։15)։

Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, վերջնական պատասխան տվեց Սատանայի բարձրացրած այն հարցին, թե նա կարող է մարդկանց հեռացնել Աստծուց։ Նույնիսկ տանջանքի ցցի վրա մահվան անտանելի ցավը չկոտրեց Աստծու հանդեպ նրա անարատությունը։ Շունչը տալուց առաջ նա բարձրաձայն ասաց. «Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում» (Ղուկաս 23։45, 46)։

Ժամանակը պարզ ցույց տվեց, որ Բանսարկուն ի վիճակի չի եղել բոլորին հեռացնել ճշմարիտ Աստծուց։ Բազմաթիվ մարդիկ ճանաչել են Եհովային և սիրել նրան ‘իրենց բոլոր սրտով, իրենց բոլոր անձով և իրենց բոլոր մտքով’ (Մատթէոս 22։37)։ Եհովայի հանդեպ նրանց անսասան նվիրվածությունը ապացույցն է այն բանի, որ մարդու անարատության հարցում Սատանան ձախողվել է։ Լինելով անարատ՝ դուք նույնպես կարող եք ապացուցել, որ Բանսարկուն սխալ է։

Ի՞նչ պետք է անեք

Աստծու կամքն է, որ «ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան» (Ա Տիմոթէոս 2։4)։ Ինչպե՞ս կարող եք անել դա։ Ժամանակ հատկացրեք՝ ուսումնասիրելու համար Աստվածաշունչը և ‘ճանաչելու միակ ճշմարիտ Աստծուն և նրան, որ ուղարկեց՝ Հիսուս Քրիստոսին’ (Յովհաննէս 17։3)։

Սատանան կասկածի ենթարկեց մարդու անարատությունը՝ նրան վերագրելով սխալ շարժառիթներ Աստծուն ծառայելու հարցում։ Եթե ցանկանում եք, որ ձեր ստացած գիտությունը ազդեցություն գործի ձեր մղումների վրա, ապա այնպես պետք է անեք, որ այն նաև հասնի ձեր սրտին։ Իսկ որպեսզի դա տեղի ունենա, դուք պետք է ավելին անեք, քան պարզապես Աստվածաշնչից տեղեկություններ փնտրելը։ Սովորություն դարձրեք խորհրդածել ձեր սովորածի շուրջ (Սաղմոս 143։5)։ Երբ կարդում եք Աստվածաշունչը կամ նրա վրա հիմնված գրականությունը, ժամանակ հատկացրեք խորհրդածելու հետևյալ հարցերի շուրջ՝ ի՞նչ եմ սովորում այստեղից Եհովայի մասին, Աստծու ո՞ր հատկությունները կարելի է տեսնել այս դրվագից, կյանքիս ո՞ր բնագավառում կարող եմ կիրառել սա, ինչի՞ն է Աստված հավանություն տալիս և ինչին՝ ոչ, ինչպե՞ս է դա ազդում Աստծու հետ ունեցած իմ փոխհարաբերությունների վրա։ Այսպիսի խորհրդածությունը Ստեղծիչի հանդեպ սեր և գնահատանք կառաջացնի ձեր սրտում։

Աստծու հանդեպ անարատությունը չի սահմանափակվում միայն կրոնական համոզմունքներով (Գ Թագաւորաց 9։4)։ Եհովա Աստծու հանդեպ անարատություն պահելու համար պահանջվում է ողջամտություն դրսևորել կյանքի յուրաքանչյուր բնագավառում։ Միևնույն ժամանակ անարատություն պահելը չի նշանակում, որ դուք զրկանք կկրեք։ Եհովան ‘երանելի Աստված է’, և նա ցանկանում է, որ դուք վայելեք կյանքը (Ա Տիմոթէոս 1։11)։ Այժմ քննարկենք, թե որ գործերից է հարկավոր խուսափել բարոյապես մաքուր մնալու համար, և այդպիսով վայելել երջանիկ կյանք, ինչպես նաև ունենալ Աստծու հավանությունը։

Խուսափեք սեռային անբարոյությունից

Իր Խոսքում՝ Աստվածաշնչում, Եհովան ամուսնության վերաբերյալ չափանիշներ է հաստատել։ Այնտեղ ասվում է. «Մարդը կ’թողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը. եւ մէկ մարմին կ’լինին» (Ծննդոց 2։21–24)։ Քանի որ ամուսինները դառնում են «մէկ մարմին», նրանք պատվում են Աստծու կողմից հաստատված ամուսնական կառույցը, եթե սեռային հարաբերություններ են ունենում միայն իրար հետ։ Պողոս առաքյալն ասաց. «Ամուսնութիւնը ամեն կողմանէ պատուական է եւ անկողինը սուրբ. բայց շնացողներին եւ պոռնիկներին Աստուած կ’դատէ» (Եբրայեցիս 13։4)։ «Անկողինը» արտահայտությունը մատնանշում է սեռային հարաբերություն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական կերպով ամուսնացած են։ Եթե նրանցից որևէ մեկը ամուսնությունից դուրս սեռային հարաբերություն է ունենում, ապա շնություն է գործում և Աստծու կողմից դատապարտության կարժանանա (Մաղաքիա 3։5)։

Ի՞նչ կարելի է ասել մինչամուսնական սեռային հարաբերություն ունենալու մասին։ Դա նույնպես հակառակ է Եհովայի կողմից սահմանված բարոյական չափանիշներին։ Աստվածաշունչն ասում է. «Սա է Աստուծոյ կամքը.... որ դուք ետ կենաք պոռնկութիւնից» (Ա Թեսաղոնիկեցիս 4։3)։ Համասեռամոլությունը, արյունապղծությունը և անասնապղծությունը նույնպես մեղք են համարվում Աստծու առաջ (Ղեւտացոց 18։6, 23; Հռովմայեցիս 1։26, 27)։ Եթե ինչ–որ մեկը ուզում է հաճեցնել Աստծուն և ունենալ իսկապես երջանիկ կյանք, պետք է հեռու մնա անբարո գործերից։

Իսկ ի՞նչ ասել մինչև ամուսնանալը կրքեր բորբոքող սեռական վարք դրսևորելու մասին։ Դա տհաճ է Եհովային (Գաղատացիս 5։19)։ Մեր միտքը նույնպես պետք է մաքուր լինի անբարո մտքերից։ Հիսուսն ասել է. «Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ» (Մատթէոս 5։28)։ Այս խոսքերը վերաբերում են նաև պարբերագրում, էկրանի վրա կամ Ինտերնետում պոռնկագրական նկարներ դիտելուն, անվայել սեռային արարքների մասին պատմություններ կարդալուն և այնպիսի երգեր լսելուն, որոնց բովանդակությունը կարող է անպարկեշտ մտքեր առաջացնել։ Այսպիսի բաներից խուսափելը հաճելի է Աստծուն և առողջ ազդեցություն է գործում անհատի կյանքի վրա։

Ինչ վերաբերում է ֆլիրտին, այն սահմանվում է հետևյալ կերպ. «Թեթևամիտ սիրաբանություն կամ սեռապես գայթակղեցնող» վարքագիծ։ Երբ ամուսնացած տղամարդը կամ կինը այսպիսի վերաբերմունք է դրսևորում ինչ–որ մեկի հանդեպ, որն իր կողակիցը չէ, դա դեմ է Աստվածաշնչի սկզբունքներին և նշան է այն բանի, որ նա չի հարգում Եհովային (Եփեսացիս 5։28–33)։ Պատշաճ չէ, երբ ամուրի անհատները պարզապես զվարճության համար ռոմանտիկ ակնարկներ են ուղղում միմյանց։ Իսկ եթե այսպիսի ֆլիրտը դիմացինի կողմից լուրջ է ընդունվո՞ւմ։ Մտածեք այն մասին, թե ինչ էմոցիոնալ ցավ դա կարող է պատճառել։ Սթափեցնող է նաև այն փաստը, որ ֆլիրտը կարող է հանգեցնել շնության կամ պոռնկության։ Հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ մաքուր վարք դրսևորելը բարձրացնում է անհատի ինքնահարգանքը (Ա Տիմոթէոս 5։1, 2)։

Հաճեցրեք Աստծուն կյանքի այլ բնագավառներում

Ալկոհոլային խմիչքները հասանելի են շատ երկրներում։ Արդյոք սխա՞լ է օգտագործել ալկոհոլ։ Գրությունները չեն արգելում չափավոր օգտագործել գինի, գարեջուր և այլ ալկոհոլային խմիչքներ (Սաղմոս 104։15; Ա Տիմոթէոս 5։23)։ Սակայն չափից շատ խմիչքներ օգտագործելը և հարբեցողությունը սխալ են Աստծու աչքում (Ա Կորնթացիս 5։11–13)։ Անկասկած, դուք չեք ուզում չարաշահել խմիչքը և դրանով իսկ վնասել ձեր առողջությունը ու քայքայել ընտանիքը (Առակաց 23։20, 21, 29–35)։

Եհովան ‘ճշմարտության Աստված’ է (Սաղմոս 31։5, ԱԱ)։ Աստվածաշունչն ասում է. «Անկարելի է որ Աստուած սուտ խօսի» (Եբրայեցիս 6։18)։ Եթե ուզում եք Աստծու հավանությունն ունենալ, ապա պետք է խուսափեք ստելուց (Առակաց 6։16–19; Կողոսացիս 3։9, 10)։ Աստվածաշնչում զգուշացում է տրվում քրիստոնյաներին. «Խօսեցէք ճշմարտութիւնն ամեն մարդ իր ընկերի հետ» (Եփեսացիս 4։25)։

Իսկ ի՞նչ կարելի է ասել մոլեխաղերի մասին։ Չնայած շատերն են զբաղվում մոլեխաղերով, սակայն դա կապ ունի ագահության հետ, քանի որ անհատը փորձում է գումար ձեռք բերել ուրիշների կորցրածի հաշվին։ Եհովան հավանություն չի տալիս նրանց, ովքեր «ամօթալից շահ սիրող» են (Ա Տիմոթէոս 3։8)։ Եթե ուզում եք հաճեցնել Եհովային, ապա պետք է հեռու մնաք ցանկացած տեսակի մոլեխաղերից, ինչպիսիք են օրինակ՝ վիճակախաղերը, բինգոն և ձիարշավի վրա գրազ գալը։ Այդպես դուք կտեսնեք, որ ավելի շատ գումար ունեք ձեր ընտանիքի կարիքները հոգալու համար։

Ինչ–որ բան գողանալը, այսինքն՝ ձեզ չպատկանող որևէ բան վերցնելը, ագահության մեկ ուրիշ դրսևորում է։ Աստվածաշնչում գրված է. «Գողութիւն մի անիր» (Ելից 20։15)։ Սխալ է գնել գողացված իրեր կամ վերցնել ինչ–որ բան առանց թույլտվության։ Աստվածաշնչում ասվում է. «Նա որ գողանում էր, թող էլ չ’գողանայ, այլ մանաւանդ աշխատէ իր ձեռներովը բարին գործելով. որ ունենայ տալու՝ պէտք ունեցողին» (Եփեսացիս 4։28)։ Եհովային սիրողները գործատիրոջից ժամանակ չեն գողանում, այլ իրենց օրվա աշխատանքը ազնվությամբ են կատարում։ Նրանք ‘կամենում են ամեն բանի մեջ բարվոք [«ազնիվ», ՆԱ] վարվել’ (Եբրայեցիս 13։18)։ Մաքուր խիղճ ունենալու շնորհիվ անհատը մտքի խաղաղություն է ձեռք բերում։

Ի՞նչ տեսակետ ունի Աստված բռնի վարքի վերաբերյալ։ Աստվածաշունչը զգուշացնում է. «Մի ընկերանար բարկութեան տէր մարդի հետ, եւ բորբոքուող մարդի հետ մի գնար» (Առակաց 22։24)։ Անզուսպ բարկությունը հաճախ առաջնորդում է բռնի գործերի (Ծննդոց 4։5–8)։ Իսկ վրեժխնդիր լինելու վերաբերյալ Աստվածաշունչն ասում է. «Մէկին չարի տեղ չար մի հատուցանէք. ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցէք։ Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք։ Ձեր անձերի համար վրէժխնդրութիւն մի անէք, սիրելիներ. այլ բարկութեան տեղ տուէք. որովհետեւ գրուած է՝ Վրէժխնդրութիւնն իմն է. ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը» (Հռովմայեցիս 12։17–19)։ Եթե հետևենք այս խորհրդին, մեր կյանքը ավելի խաղաղ կլինի, և դա ավելի կերջանկացնի մեզ։

Դուք կարող եք հաջողության հասնել

Հնարավո՞ր է Աստծու հանդեպ անարատություն պահել, չնայած հակառակն անելու ճնշումները շատ են։ Իհա՛րկե։ Իմացեք՝ Աստված ուզում է, որ դուք կարողանաք ապացուցել, որ մարդու անարատության հարցում Սատանան սխալ է։ Աստծու Խոսքում կարդում ենք հետևյալը. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին» (Առակաց 27։11)։

Դուք կարող եք աղոթել Եհովային, որպեսզի նա զորացնի ձեզ՝ անելու այն, ինչ ճիշտ է իր աչքում (Փիլիպպեցիս 4։6, 7, 13)։ Ուստի վճռականորեն ջանքեր գործադրեք՝ ավելացնելու ձեր գիտելիքները Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի մասին։ Գնահատանքով կիրառելով այն, ինչ սովորում եք Աստվածաշնչից՝ կխորացնեք ձեր սերը Աստծու հանդեպ և կցանկանաք հաճեցնել նրան։ Ա Յովհաննէս 5։3–ում կարդում ենք. «Սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն»։ Ձեր տարածքում ապրող Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն ձեզ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Դուք կարող եք նրանց հետ կապ հաստատել ձեր բնակավայրում կամ գրել այս պարբերագրի հրատարակիչներին։

[նկար 4-րդ էջի վրա]

Փորձությունների ներքո Հոբը հավատարիմ մնաց

[նկար 7-րդ էջի վրա]

Աստծու Խոսքի մասին շատ գիտելիքներ ձեռք բերելը կզորացնի ձեզ, որպեսզի ճիշտ վարվեք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը