Այսօրվա դաժան աշխարհը
ՄԱՐԻԱՆ 64 տարեկան մի կին էր և մենակ էր ապրում։ Նրան մահացած գտան իր տան մեջ։ Մարիային ծեծել ու մետաղալարով խեղդել էին։
Զայրացած ամբոխը ծեծի ենթարկեց երեք ոստիկանների՝ մեղադրելով նրանց երկու անչափահասների առևանգելու մեջ։ Ամբոխը ոստիկաններից երկուսի վրա բենզին լցրեց և կրակով այրեց, ինչի պատճառով նրանք մահացան։ Երրորդը հասցրեց փախչել։
Անանուն զանգի շնորհիվ մի սարսափելի դեպք բացահայտվեց։ Մի պարտեզում գտնվեց չորս տղամարդու դիակ։ Այդ տղամարդիկ այդ վայրն էին եկել՝ իրենց արձակուրդն անցկացնելու։ Դիակների աչքերն ու ձեռքերը կապված էին։ Հերձման ժամանակ պարզ դարձավ, որ այդ մարդիկ կենդանի էին թաղվել։
Այս չարագործությունները պարզապես դաժանություն կամ բռնություն ցուցադրող ֆիլմերից տեսարաններ չեն։ Սրանք իրական դեպքեր են, որոնք վերջին ժամանակներս դարձել են լատինամերիկյան մի երկրի թերթերի գլխավոր թեմաները։ Այնուհանդերձ, այսօր դա միակ երկիրը չէ, որտեղ նման սարսափելի իրադարձություններ են տեղի ունենում։
Դաժանության դրսևորումները սովորական բան են դարձել։ Ռմբակոծությունները, ահաբեկչական գործողությունները, մարդասպանությունները, զինված հարձակումները և բռնաբարությունները դաժան արարքների ընդամենը մի փոքր մասն են կազմում։ Լրատվական միջոցները այնքան հաճախակի են հայտնում չարագործությունների մասին, որ շատերը այլևս չեն սարսափում՝ լսելով կամ տեսնելով այդպիսի դաժանություններ։
Գուցե հարցնեք. «Ի՞նչ է այսօր կատարվում աշխարհում։ Մի՞թե այլևս հաշվի չեն առնվում մարդկանց զգացմունքները, և մի՞թե հարգանք չկա կյանքի հանդեպ։ Ինչո՞ւ մենք պետք է ապրենք այսպիսի աշխարհում»։
Այժմ քննենք 69–ամյա Հարրիի օրինակը։ Նա տառապում է քաղցկեղով, իսկ նրա կինը՝ ցրված կարծրախտով։ Սակայն հարևաններն ու ընկերները ուրախությամբ օգնում են նրանց։ Հարրին ասում է. «Չգիտեմ, թե ինչ էինք անելու, եթե այս մարդիկ չօգնեին մեզ»։ Կանադայում, որտեղ ապրում է Հարրին, կատարված մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ տարեցներին խնամողների ավելի քան 50 տոկոսը նրանց բարեկամները չեն։ Անկասկած, դուք ճանաչում եք այնպիսի մարդկանց, ովքեր ամեն օր բարություն են անում և սրտագին վերաբերմունք են ցույց տալիս ուրիշների հանդեպ։ Այո, մարդիկ կարո՛ղ են լինել կարեկից և բարի։
Այդ դեպքում ինչո՞ւ են չարագործություններ տեղի ունենում։ Ի՞նչն է ստիպում մարդկանց դաժան բաներ անել։ Կարո՞ղ են արդյոք այն մարդիկ, ովքեր ուրիշների հանդեպ դաժանությամբ են վերաբերվում, փոխվել։ Երբևէ վերջ կդրվի՞ դաժանությանը։ Եթե այո, ապա ինչպե՞ս և ե՞րբ։
[թույլտվությամբ. նկար 3–րդ էջի վրա]
Train: CORDON PRESS