Երբևէ վերջ կդրվի՞ դաժանությանը
ՇԱՏԵՐԸ կհամաձայնեն, որ այսօր աշխարհում գոյություն ունեցող դաժանության գլխավոր պատճառը եսասիրությունն է։ Տասնամյակներ առաջ այսպես կոչված «ես» սերնդի կողմից ցանված սերմերը առաջ են բերել մի հասարակություն, որտեղ մեծամասնությունը առաջին հերթին իրենով է մտահոգված։ Իրենց ուզածը ստանալու համար շատերը դիմում են ամեն ինչի, և դա հաճախ հանգեցնում է դաժանության։ Սա կարելի է ասել ոչ միայն առանձին անհատների, այլ նաև ազգերի մասին։
Թվում է, թե մարդու կյանքը այլևս որևէ կարևորություն չունի։ Ոմանք նույնիսկ հաճույք են ստանում դաժան լինելուց։ Նրանք դա զվարճալի են համարում, ինչպես այն հանցագործները, որոնք խոստովանում են, թե վնասում են ուրիշներին զուտ հաճույքի համար։ Իսկ ի՞նչ կարելի է ասել միլիոնավոր անհատների մասին, որոնք նախընտրում են դիտել բռնություն ու դաժանություն պարունակող ֆիլմեր, որոնք շահույթ են բերում կինոյի արդյունաբերությանը։ Զվարճալի հաղորդումներով և լրատվական միջոցներով անընդհատ ցուցադրվող դաժան արարքները բթացնում են շատերի զգայունակությունը։
Հաճախ դաժանությունը հոգեբանական վնաս է հասցնում և կարող է հանգեցնել այն բանին, որ դրա զոհը դարձած մարդը ինքը սկսի դաժանորեն վարվել։ Խոսելով այն մասին, որ բռնությունը առաջ է գալիս դաժանությունից՝ Նոեմի Դիաս Մարրոքվինը, որը դասավանդում է Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանում, ասում է. «Մարդիկ սովորում են բռնություն. այն մեր մշակույթի մի մասն է.... Մենք սովորում ենք բռնություն գործադրել, երբ մեր հանգամանքները թույլ են տալիս կամ խրախուսում են այդպես վարվել»։ Այսպիսով՝ այն մարդիկ, ովքեր բռնության զոհն են դարձել, հավանական է ի վերջո իրենք էլ սկսեն վատ վերաբերվել ուրիշներին՝ գուցե հենց այնպես, ինչպես իրենց են վերաբերվել։
Այլ դեպքերում դաժանորեն են վերաբերվում այն անհատները, ովքեր չարաշահում են ալկոհոլն ու թմրադեղերը։ Չպետք է մոռանալ նաև նրանց, ովքեր դժգոհ են իրենց կառավարությունից, որը չի բավարարում մարդկանց կարիքները։ Այդ անհատներից ոմանք, վճռելով հայտնի դարձնել իրենց տեսակետները, դիմում են դաժան գործողությունների և ահաբեկչության, ու հաճախ դրանց հետևանքով անմեղ մարդիկ են տառապում։
Սակայն գուցե հարցնեք. «Մարդիկ իրենք իրե՞նց են սովորել դաժանություն անել։ Ո՞րն է ներկա իրավիճակի պատճառը»։
Ո՞վ է իրականում կանգնած դաժանության ետևում
Աստվածաշունչն ասում է, որ Բանսարկու Սատանան մեծ ազդեցություն ունի աշխարհի վրա, և անվանում է նրան «իրերի այս համակարգի աստված» (2 Կորնթացիներ 4:4)։ Նա տիեզերքում ամենից եսասեր և դաժան անձնավորությունն է։ Հիսուսը ճիշտ նկարագրեց նրան՝ կոչելով «մարդասպան» և «ստության հայր» (Հովհաննես 8:44)։
Սկսած Ադամի ու Եվայի անհնազանդության պահից՝ մարդկությունը գտնվում է Սատանայի հզոր ազդեցության տակ (Ծննդոց 3:1–7, 16–19)։ Մոտ 15 դար անց այն բանից հետո, երբ առաջին մարդկային զույգը երես թեքեց Եհովայից, ապստամբ հրեշտակները ֆիզիկական մարմիններ հագան, սեռական հարաբերություններ ունեցան կանանց հետ, և այդ միությունից ծնվեցին հսկաներ։ Ո՞րն էր նրանց բնորոշ հատկությունը։ «Հսկաներ» թարգմանված եբրայերեն բառը նշանակում է «տապալողներ», կամ՝ «նրանք, ովքեր գետին են տապալում մարդկանց»։ Ակներևաբար, այդ հսկաները բռնի անձնավորություններ էին, նրանք երկիրը լցրել էին դաժանությամբ և անբարոյությամբ։ Միայն Աստծու կողմից բերված ջրհեղեղը կարող էր կործանել նրանց (Ծննդոց 6:4, 5, 17)։ Թեև ջրհեղեղի ժամանակ այդ հսկաները կործանվեցին, սակայն նրանց հայրերը վերադարձան հոգևոր ոլորտ՝ որպես անտեսանելի դևեր (1 Պետրոս 3:19, 20)։
Ապստամբ հրեշտակների դաժանությունը երևում է Հիսուսի օրերում ապրող մի դիվահար տղայի օրինակից։ Դևը անընդհատ ցնցում էր տղային և գցում մե՛կ կրակի, մե՛կ ջրի մեջ՝ փորձելով այդպիսով սպանել նրան (Մարկոս 9:17–22)։ Անշուշտ, այսպիսի «ոգեղեն չար ուժերը» արտացոլում են իրենց դաժան ղեկավարի՝ Բանսարկու Սատանայի անկարեկից անձնավորությունը (Եփեսացիներ 6:12)։
Այսօր դիվային ազդեցության պատճառով շարունակվում է մարդկային դաժանությունը, ինչի մասին կանխագուշակվել էր Աստվածաշնչում. «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու։ Որովհետև մարդիկ կլինեն անձնասեր.... մեծամիտ, գոռոզ.... անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, բարեգործություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր, որ Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն, բայց նրա զորությունն ուրանում են. դրանցից հեռո՛ւ մնա» (2 Տիմոթեոս 3:1–5)։
Աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ մեր ժամանակները չափազանց դժվար են, քանի որ Սատանան և նրա դևերը դուրս վռնդվեցին երկնքից, երբ Աստծու Թագավորությունը 1914 թ.–ին հաստատվեց այնտեղ Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ։ Աստվածաշունչն ասում է. «Վա՜յ երկրին և ծովին, որովհետև Բանսարկուն ցած իջավ ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12:5–9, 12)։
Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ իրավիճակը չի կարող բարելավվել։ Դիաս Մարրոքվինը, որի խոսքերը բերվել էին սկզբում, ասում է, որ մարդիկ «կարող են ետ վարժվել» ոչ ցանկալի վարք դրսևորելուց։ Սակայն քանի որ այսօր երկիրը գտնվում է Սատանայի ազդեցության տակ, մարդը դժվար թե կարողանա ետ վարժվել դրանից, եթե թույլ չտա, որ ավելի հզոր ուժ ազդի իր մտածելակերպի և վարքի վրա։ Ի՞նչ ուժ է դա։
Փոփոխություններ հնարավոր են. ինչպե՞ս
Ի ուրախություն մեզ՝ Աստծու սուրբ ոգին գոյություն ունեցող ամենահզոր ուժն է, և այն կարող է հաղթել ցանկացած դիվային ազդեցության։ Մարդու մեջ սուրբ ոգին առաջ է բերում սեր և օգնում է նրան ավելի լավը դառնալ։ Աստծու սուրբ ոգին ունենալու համար յուրաքանչյուր անհատ, ով ցանկանում է հաճեցնել Եհովային, պետք է խուսափի նույնիսկ այնպիսի վարքից, որը մոտ է դաժանությանը։ Անհատը պետք է փոխի իր անձնավորությունը, որպեսզի այն համապատասխանեցնի Աստծու կամքին։ Իսկ ո՞րն է այդ կամքը։ Մեզ համար այն նշանակում է, որ մենք պետք է հնարավորին չափ նմանվենք Աստծուն, այսինքն՝ ուրիշներին դիտենք այնպես, ինչպես Աստված է դիտում (Եփեսացիներ 5:1, 2; Կողոսացիներ 3:7–10)։
Սովորելով Աստծու վարվելակերպի մասին՝ դուք կհամոզվեք, որ Եհովան երբեք անտարբեր չի եղել մեկի հանդեպ։ Նա երբեք անարդարացիորեն չի վարվել որևէ մարդու կամ կենդանու հետa (Բ Օրինաց 22:10; Սաղմոս 36:7; Առակաց 12:10)։ Նա չի հանդուրժում դաժանությունը և բոլոր նրանց, ովքեր այդպես են վարվում (Առակաց 3:31, 32)։ Եհովան պահանջում է, որ քրիստոնյաները նոր անձնավորություն հագնեն, և դա օգնում է նրանց բարձր դասել ուրիշներին ու հարգել նրանց (Փիլիպպեցիներ 2:2–4)։ Քրիստոնեական նոր անձնավորությունը ներառում է «կարեկցանքի ջերմ զգացմունքներ, բարություն, խոնարհամտություն, մեղմություն և երկայնամտություն»։ Չպետք է մոռանալ սիրո մասին, որը «միասնության կատարյալ կապն է» (Կողոսացիներ 3:12–14)։ Համաձայն չե՞ք, որ աշխարհը կտարբերվեր, եթե գերիշխեին այսպիսի հատկություններ։
Սակայն գուցե մտածեք, թե արդյոք հնարավոր է, որ անհատի մեջ տևական փոփոխություններ կատարվեն։ Եկեք քննենք իրական կյանքից մի օրինակ։ Մարտինըb գոռում էր իր կնոջ վրա և երեխաների աչքի առաջ դաժանաբար ծեծում նրան։ Մի անգամ իրավիճակը այնքան սրվեց, որ երեխաները ստիպված էին փախչել հարևաններից օգնություն խնդրելու համար։ Մի քանի տարի անց այդ ընտանիքը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Մարտինը իմացավ, թե ինչպիսի անձնավորություն նա պետք է լինի և թե ինչպես պետք է վերաբերվի ուրիշներին։ Արդյոք կարողացա՞վ նա փոխվել։ Նրա կինն ասում է. «Անցյալում ամուսինս այլ մարդ էր դառնում, երբ կորցնում էր իրեն։ Դրա պատճառով երկար ժամանակ մեր կյանքը քաոս էր։ Ես հարմար բառեր չեմ գտնում՝ իմ երախտագիտությունը հայտնելու Եհովային այն բանի համար, որ օգնեց Մարտինին փոխվել։ Այժմ նա լավ հայր է և հիանալի ամուսին»։
Սա ընդամենը մեկ օրինակ է։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ, ովքեր ուսումնասիրել են Աստվածաշունչը Եհովայի վկաների օգնությամբ, այլևս դաժանորեն չեն վարվում։ Այո, հնարավո՛ր է, որ անհատը փոխվի։
Դաժանության վերջը մոտ է
Մոտ ապագայում Աստծու Թագավորությունը, որը երկնքում հաստատված մի կառավարություն է, և որի կարեկից Ղեկավարը Քրիստոս Հիսուսն է, երկրի ամբողջ իշխանությունը իր ձեռքը կվերցնի։ Այդ Թագավորությունն արդեն սրբել է երկինքը դաժանության սկզբնաղբյուրից՝ Սատանայից և նրա դևերից։ Շուտով այն կբավարարի խաղաղասեր երկրային հպատակների բոլոր կարիքները (Սաղմոս 37:10, 11; Եսայիա 11:2–5)։ Դա է աշխարհի խնդիրների միակ իրական լուծումը։ Սակայն ի՞նչ անենք, եթե դառնանք դաժանության զոհը, մինչ սպասում ենք այս Թագավորությանը։
Դաժանությանը միևնույն ձևով արձագանքելը օգուտ չի բերի։ Արդյունքում ավելի շատ դաժանություն կլինի։ Աստվածաշունչը հորդորում է ապավինել Եհովային, քանի որ նա հարմար ժամանակին «կտա մարդիս իր ճանապարհների համեմատ եւ իր գործերի պտուղին համեմատ» (Երեմիա 17:10) (Տե՛ս հոդվածին կից շրջանակը՝ «Ինչպե՞ս արձագանքել դաժանությանը»)։ Հնարավոր է, որ դուք տառապեք՝ դառնալով դաժան հանցագործության զոհը (Ժողովող 9:11)։ Աստված կարող է վերացնել դաժանության բոլոր հետևանքները, այդ թվում նաև մահը։ Իր խոստումի համաձայն՝ նրա հիշողության մեջ գտնվողները, որոնք դաժանության պատճառով կորցրել են իրենց կյանքը, հարություն են առնելու (Հովհաննես 5:28, 29)։
Թեև դաժանության զոհը դառնալու հնարավորությունը դեռևս գոյություն ունի, մենք կարող ենք մխիթարություն գտնել՝ Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ հաստատելով և իր խոստումների հանդեպ հավատ ընծայելով։ Նկատի առեք Սառայի օրինակը, որը առանց ամուսնու է մեծացրել իր երկու որդիներին և օգնել, որ նրանք լավ կրթություն ստանան։ Երբ Սառան ծերացավ, նրա որդիները լքեցին նրան՝ չտալով ո՛չ նյութական և ո՛չ բժշկական օգնություն։ Սակայն Սառան, որն այժմ Եհովայի վկա է, ասում է. «Թեև ես տխուր եմ, սակայն Եհովան չի լքել ինձ։ Ես զգում եմ նրա օգնությունը իմ հոգևոր քույրերի և եղբայրների միջոցով, որոնք միշտ հոգ են տանում ինձ։ Ես համոզված եմ, որ շուտով Եհովան կլուծի ոչ միայն իմ խնդիրները, այլև բոլոր նրանց խնդիրները, ովքեր վստահում են նրա զորությանը և կատարում նրա պատվերները»։
Ովքե՞ր են այն քույրերն ու եղբայրները, որոնց մասին խոսեց Սառան։ Նրանք Սառայի ընկերներն են, որոնք Եհովայի վկաներ են։ Այդ կարեկից մարդիկ համաշխարհային եղբայրություն են կազմում, և նրանք վստահ են, որ շատ շուտով դաժանությանը վերջ կդրվի (1 Պետրոս 2:17)։ Ո՛չ Բանսարկու Սատանան, որը դաժանության գլխավոր պատասխանատուն է, և ո՛չ նրա նման որևէ մեկը գոյություն չի ունենա։ «Դաժանության դարաշրջանը», ինչպես կոչեց այն մի գրող, անցյալի գիրկը կանցնի։ Չէի՞ք ցանկանա ավելին իմանալ այս հույսի մասին՝ կապ հաստատելով Եհովայի վկաներից մեկի հետ։
[ծանոթագրություններ]
a Աստծու հատկություններն ավելի խորը ուսումնասիրելու համար տե՛ս «Մոտեցիր Եհովային» գիրքը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Որոշ անուններ փոխված են։
[շրջանակ 6–րդ էջի վրա]
Ինչպե՞ս արձագանքել դաժանությանը
Աստծու Խոսքը գործնական խորհուրդներ է տալիս, թե ինչպես վարվենք, երբ բախվում ենք դաժանության։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես կարող եք կիրառել հետևյալ իմաստուն խոսքերը.
«Մի ասիր. Չարութեան փոխարէնը հատուցանեմ. Տիրոջը յուսացիր, եւ նա քեզ կ’ազատէ» (Առակաց 20:22)։
«Եթէ մի աղքատի զրկանքը եւ արդարութեան ու իրաւունքի յափշտակուիլը տեսնես.... մի զարմանար այդ բանին. որովհետեւ բարձրիցը մէկ աւելի բարձրը նայում է, եւ բարձրեր կան նորանց վերայ» (Ժողովող 5:8)։
«Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթեոս 5:5)։
«Ուրեմն ամեն ինչում, ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դո՛ւք արեք նրանց. իրականում հենց սրանում են Օրենքը և Մարգարեները» (Մատթեոս 7:12)։
«Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք։ Արեք այն, ինչը բարի է բոլոր մարդկանց առաջ։ Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղությո՛ւն ունեցեք բոլոր մարդկանց հետ։ Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար, այլ տեղ թողեք ցասմանը, որովհետև գրված է. ««Վրեժխնդրությունը ի՛մն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան»» (Հռոմեացիներ 12:17–19)։
«Ինքը Քրիստոսն էլ չարչարվեց ձեզ համար՝ օրինակ թողնելով ձեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևեք.... Երբ նա չարչարվում էր, չէր սպառնում, այլ իրեն հանձնում էր նրան, ով արդարությամբ է դատում» (1 Պետրոս 2:21–23)։
[նկարներ 7–րդ էջի վրա]
Եհովայի կողմից տրված ուսուցման շնորհիվ շատ մարդիկ այլևս դաժանորեն չեն վարվում