Սիրակուզա. Պողոսը եղել է այստեղ
ՄԻ ՆԱՎ, հավանաբար, 59 թ.–ին Միջերկրական ծովի Մալթա կղզուց դուրս եկավ և ուղղություն վերցրեց դեպի Իտալիա։ Նավաքթին նշան կար՝ «Զևսի որդիներ», աստվածություններ, որոնք համարվում էին ծովագնացների պաշտպանները։ Աստվածաշնչի գրող Ղուկասը պատմում է, որ նավը մտավ Սիրակուզայի նավահանգիստ, որը գտնվում էր Սիցիլիա կղզու հարավարևելյան ափին, և «երեք օր այնտեղ մնաց» (Գործեր 28։11, 12)։ Ղուկասի հետ նավի մեջ էին նաև Արիստարքոսն ու Պողոս առաքյալը։ Վերջինս Հռոմում պետք է դատարանի առաջ կանգներ (Գործեր 27։2)։
Հայտնի չէ, թե արդյոք Պողոսին թույլ տվեցին ափ իջնել Սիրակուզայում։ Եթե նա կամ նրա ուղեկիցները իջած լինեին, ապա ի՞նչ տեսած կլինեին։
Այն ժամանակներում Սիրակուզան Աթենքի և Հռոմի պես կարևոր քաղաք էր։ Ավանդության համաձայն՝ Սիրակուզան հիմնադրվել է կորնթացիների կողմից մ.թ.ա. 734–ին։ Քաղաքը տեսել է փառավոր ժամանակներ։ Այստեղ են ծնվել այնպիսի հռչակավոր մարդիկ, ինչպիսիք են թատերագիր Էպիքարմոսը և մաթեմատիկոս Արքիմեդը։ Մ.թ.ա. 212–ին հռոմեացիները նվաճեցին Սիրակուզան։
Այցելելով ժամանակակից քաղաքը՝ կարելի է որոշակի պատկերացում կազմել հին Սիրակուզայի մասին։ Այն բաժանված է եղել երկու մասի. մի մասը գտնվել է Օրտիջա փոքր կղզու վրա, որտեղ էլ, հավանաբար, հանգրվանել է Պողոսի նավը, իսկ մյուսը՝ մայրցամաքում։
Այսօր կղզու վրա կարելի է տեսնել դորիական ոճով կառուցված մի հին տաճարի մնացորդներ. դա Ապոլոնի տաճարն է եղել, որը թվագրվում է մ.թ.ա. վեցերորդ դարով։ Պահպանվել են նաև Աթենասին նվիրված տաճարի սյուները (մ.թ.ա. հինգերորդ դար), որոնք այնուհետև ներառվել են մայր տաճարի մեջ։
Ժամանակակից քաղաքի կենտրոնը գտնվում է մայրցամաքում։ Այնտեղ կարելի է այցելել Նեապոլիսի հնագիտական պարկ։ Մուտքի մոտ գտնվում է հունական թատրոնը։ Այն համարվում է հունական թատրոնի ճարտարապետության ամենատպավորիչ օրինակներից մեկը, որ պահպանվել է մինչև օրս։ Թատրոնը նայում է ծովին, ինչի շնորհիվ գեղեցիկ ֆոն է ստեղծվում ներկայացումների համար։ Պարկի հարավային մասում ընկած է երրորդ դարի մի հռոմեական ամֆիթատրոն։ Այն ձվաձև է՝ 140 մետր երկարությամբ և 119 մետր լայնությամբ, իսկ իր մեծությամբ երրորդն է Իտալիայում։
Եթե ձեզ երբևէ հաջողվի այցելել Սիրակուզա, ապա կարող եք նստել Օրտիջա կղզու ծովափին, բացել ձեր Աստվածաշունչը՝ Գործեր 28։12–ը, և պատկերացնել, թե ինչպես է Պողոս առաքյալը նավով մոտենում ափին։
[Աղյուսակ/քարտեզ 30–րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
Մալթա
Սիցիլիա
Սիրակուզա
ԻՏԱԼԻԱ
Հռեգիոն
Պատիողոս
Հռոմ
[նկար 30–րդ էջի վրա]
Հունական թատրոնի ավերակները Սիրակուզայում