Ընթերցողների հարցերը
Ոմանք պնդում են, թե Պողոսը նավաբեկության է ենթարկվել ոչ թե Սիցիլիայից հարավ գտնվող Մալթա կղզու, այլ մեկ ուրիշ կղզու մոտ։ Որտե՞ղ է եղել այդ նավաբեկությունը։
Այս հարցը առաջացել է վերջերս արված մի ենթադրությունից, թե Պողոս առաքյալը նավաբեկության է ենթարկվել ոչ թե Մալթա կղզու, այլ Կերկիրայից ոչ հեռու՝ Կեֆալինիա կղզու մոտ, որը գտնվում է Հունաստանի արևմտյան ափը ողողող Հոնիական ծովում։ Աստծո ներշնչյալ Խոսքի համաձայն՝ Պողոսը, որ գտնվում էր հռոմեացի հարյուրապետ Հուլիոսի հսկողության տակ, մյուս զինվորների և իր ուղեկիցների հետ ճանապարհ ընկավ Կեսարիայից։ Ինչպես ցույց է տրված քարտեզում, նրանք ծովով մեկնեցին դեպի Սիդոն և Միռա։ Հասնելով Ալեքսանդրիա (Եգիպտոս)՝ նրանք նստեցին հացահատիկ տեղափոխող մի մեծ նավ և շարժվեցին արևմտյան ուղղությամբ դեպի Կնիդ։ Ուղևորները մտադիր էին Էգեյան ծովով անցնել Հունաստանը և լողալ դեպի Հռոմ, սակայն նրանց նպատակը չիրականացավ։ Ուժեղ քամիները ստիպեցին նրանց ուղևորվել դեպի հարավում գտնվող Կրետե կղզին և պաշտպանություն գտնել նրա ափերում։ Այնտեղ ուղևորները կանգ առան Գեղեցիկ կոչվող նավահանգստում։ Սակայն Կրետեից դուրս գալուց հետո «մի մրրկալից հողմ ընկաւ, որ Եւրակիկլոն էր կոչվում», և նրանց նավը «բռնուեցաւ»։ Հացահատիկ տեղափոխող ծանր նավը ուժգնորեն «տարուբերվում» էր մինչև 14–րդ գիշերը։ Ի վերջո, նավի բոլոր 276 ուղևորները փրկություն գտան մի կղզու վրա, որը Սուրբ Գրությունների հունարեն տեքստում կոչվում է Մե–լի՛տե (Գործք 27։1–28։1)։
Տարիներ շարունակ տարբեր ենթադրություններ են արվել այն բանի վերաբերյալ, թե որն է եղել Մե–լի՛տե կոչված կղզին։ Ոմանք այն կարծիքն են արտահայտել, որ դա Ադրիատիկ ծովի հորվաթական ափի մոտ գտնվող Մելիտե Իլլիրիան էր (այժմ հայտնի է Մլետ անունով)։ Սակայն այս տարբերակը անհավանական է թվում կղզու հյուսիսային դիրքի պատճառով։ Մլետը շատ հեռու է այն վայրերից, որոնցով Պողոսը շարունակել է իր ճանապարհը, այսինքն՝ Սիրակուսայից (Սիցիլիա) և Իտալիայի արևմտյան ափից (Գործք 28։11–13)։
Աստվածաշնչի թարգմանիչների մեծ մասը հանգել է այն եզրակացության, որ Մե–լի՛տե կոչված կղզին Մելիտե Աֆրիկանուսն է (այսօր՝ Մալթա)։ Վերջին վայրը, որտեղ կանգ էր առել Պողոսին տանող նավը, Կրետե կղզու Գեղեցիկ նավահանգիստն էր։ Դրանից հետո մոլեգին փոթորիկը նավը տարել էր արևմտյան ուղղությամբ դեպի Կղոդա։ Քամին շարունակել էր քշել նավը երկար օրեր։ Ուստի ամենևին էլ զարմանալի չէ, որ դեպի արևմուտք տարված նավը այդքան հեռու էր գնացել և հասել էր Մալթա։
Քամու ուժգնության, ինչպես նաև նավերը «քշելու ուղղության ու աստիճանի» մասին Քենիբարն ու Հաուսոնը Պողոս առաքյալի կյանքի վերաբերյալ իրենց գրքում նշում են. «Կղոդայի ու Մալթայի միջև ընկած տարածությունը հազիվ հասնում է 480 մղոնի։ Զուգադիպությունն այնքան զարմանալի է, որ դժվար է հավատալ, թե նավարկություն կատարողները տասնչորսերորդ գիշերը հասած լինեին ոչ թե Մալթա, այլ մեկ ուրիշ կղզի։ Մալթա հասնելու հավանականությունը չափազանց մեծ էր» («The Life and Epistles of St. Paul»)։
Հնարավոր է, որ լինեն նաև ուրիշ կարծիքներ այն բանի վերաբերյալ, թե որն է եղել այդ կղզին։ Այնուամենայնիվ, Մալթայի մոտ տեղի ունեցած նավաբեկությունը, որ պատկերված է այս հոդվածին կից քարտեզում, կարծես համապատասխանում է Աստվածաշնչի հայտնած տեղեկություններին։
[քարտեզ/նկար 31–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Հռոմ
Մլետ
Հունաստան
Մալթա
Կղոդա
Կրետե
Կնիդ
Միռա
Սիդոն
Կեֆալինիա
Սիցիլիա
Սիրակուսա
Կեսարիա
Երուսաղեմ