Կենսագրություն
Սովորեցի Լիովին Ապավինել Եհովային
Պատմում է Օբրի Բաքստերը
1940 թ.–ին մի կիրակի երեկո երկու մարդ հարձակվեցին ինձ վրա ու այնպես ուժեղ խփեցին, որ գետին ընկա։ Ոչ շատ հեռու երկու ոստիկաններ էին կանգնած, բայց օգնելու փոխարեն՝ նրանք հայհոյանքներ թափեցին ինձ վրա, իսկ խուլիգաններին գովեցին։ Դրանից հինգ տարի առաջ, երբ աշխատում էի ածխահանքում, կյանքի այն ուղին բռնեցի, որի պատճառով ինձ հետ կատարվեց այս դեպքը։ Թույլ տվեք պատմել։
ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1913–ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Սուոնսի ծովափնյա քաղաքում։ Ծնողներս չորս որդի ունեին. ես երրորդն էի։ Երբ հինգ տարեկան էի, բոլորս վարակվեցինք իսպանական գրիպով։ Այս հիվանդությունն ամբողջ աշխարհում խլեց միլիոնավոր կյանքեր։ Բարեբախտաբար, մեր ընտանիքի բոլոր անդամները կենդանի մնացին։ Սակայն 1933–ին ողբերգություն պատահեց. մայրս մահացավ 47 տարեկան հասակում։ Նա աստվածավախ կին էր, և ժամանակին ձեռք էր բերել «Լույս» գրքի երկու հատորները, որոնք Եհովայի վկաները տարածում էին որպես Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկներ։
Այդ ժամանակ աշխատում էի քարածխի հանքում։ Աշխատանքս, այսպես ասած, երկու փուլով էր ընթանում. կարճատև խելահեղ լարվածությանը հաջորդում էր ժամանակավոր հանդարտություն, և այդ ընթացքում ես իմ սաղավարտին ամրացված կարբիդի լամպի լույսի տակ կարդում էի այն գրքերից մեկը, որ սովորաբար ինձ հետ բերում էի աշխատավայր։ Շուտով հասկացա, որ գտել եմ ճշմարտությունը։ Սկսեցի ռադիոյով լսել Եհովայի վկաների աստվածաշնչային հաղորդումները։ Ի ուրախություն ինձ՝ հայրիկն ու եղբայրներս նույնպես սկսեցին հետաքրքրվել ճշմարտությամբ։
1935–ին մեր ընտանիքում դարձյալ դժբախտություն պատահեց. իմ կրտսեր եղբայրը՝ Բիլը, թոքաբորբից մահացավ։ Նա ընդամենը 16 տարեկան էր։ Այս անգամ, սակայն, հարության հույսն անչափ մխիթարեց մեր ընտանիքին (Գործեր 24:15)։ Ժամանակի ընթացքում հայրիկն ու եղբայրներս՝ Վերներն ու Հարոլդը, և նրանց կանայք իրենց կյանքը նվիրեցին Աստծուն։ Ներկայումս իմ ընտանիքից միայն ես եմ կենդանի մնացել։ Կենդանի են նաև Վերների երկրորդ կինը՝ Մարջրին, և Հարոլդի կինը՝ Էլիզաբեթը, որոնք մինչև հիմա ակտիվորեն ծառայում են Եհովային։
Սովորում եմ ապավինել Եհովային
Իմ առաջին անմիջական շփումը Եհովայի վկաների հետ եղավ 1935–ի վերջում, երբ մի ուկրաինացի տիկին հեծանվով եկավ մեր տուն և քարոզեց բարի լուրը։ Հաջորդ կիրակի առաջին անգամ գնացի քրիստոնեական հանդիպման, իսկ մեկ շաբաթ անց մասնակցեցի քարոզչական ծառայության։ Քարոզչական ծառայության հանդիպումը վարող Վկան մի քանի գրքույկներ տվեց, և, անչափ զարմացա, երբ ինձ մենակ ուղարկեց քարոզելու։ Առաջին դուռը թակելիս այնքան հուզված էի, որ ուզում էի՝ գետինը բացվեր, և ես մտնեի մեջը։ Բայց տանտերը բարյացակամ անձնավորություն էր և նույնիսկ գրականություն վերցրեց։
Աստվածաշնչյան այնպիսի համարներ, ինչպիսիք են՝ Ժողովող 12:1–ը և Մատթեոս 28:19, 20–ը, խորապես տպավորեցին ինձ, և ես ցանկացա դառնալ ռահվիրա՝ լիաժամ ծառայող։ Հայրս հավանություն տվեց իմ որոշմանը։ Թեև դեռ մկրտված չէի, 1936 թ. հուլիսի 15–ը նշանակեցի որպես իմ ծառայության սկիզբ։ Այդ օրը գնացի Եհովայի վկաների Սիդնեյի մասնաճյուղ, որտեղ ինձ հանձնարարեցին աշխատել 12 ռահվիրաներից բաղկացած խմբի հետ Սիդնեյի Դալիջ Հիլ արվարձանում։ Վերջիններս ինձ սովորեցրեցին ցորենը ձեռքի աղացով աղալ. այդ եղանակով ռահվիրաները ալյուր էին ստանում, ինչը նվազեցնում էր սննդի ծախսերը։
Ռահվիրայություն ամայի տարածքներում
Այդ տարի մկրտվեցի և որոշ ժամանակ անց նշանակում ստացա երկու ռահվիրաների՝ Օբրի Ուիլսի և Քլայվ Շեյդի հետ ծառայելու կենտրոնական Քվինսլենդում։ Մեր ողջ ունեցվածքը մի բեռնասայլ էր, որ պատկանում էր Օբրիին, մի քանի հեծանիվ, շարժական ձայնափողով նվագարկիչ՝ աստվածաշնչյան թեմաներով ելույթներ հնչեցնելու համար, մեկ վրան, որը դարձավ մեր տունը հաջորդ երեք տարիների ընթացքում, երեք անկողին, մեկ սեղան և երկաթե կաթսա՝ կերակուր պատրաստելու համար։ Մի երեկո, երբ իմ հերթն էր ճաշ եփելու, որոշեցի «հատուկ» ընթրիք պատրաստել՝ ցորենի շիլա բանջարեղենի հետ։ Մեզանից ոչ ոք չկարողացավ ուտել այն։ Մոտակայքում մի ձի կար։ Տվեցի նրան, որ ուտի։ Բայց նա փնչացրեց, թափահարեց գլուխը ու հեռացավ։ Դրանից հետո այլևս խոհարարական փորձեր չարեցի։
Ժամանակի ընթացքում մենք որոշեցինք արագացնել քարոզչությունը, ուստի մեր տարածքը բաժանեցինք երեք մասի՝ յուրաքանչյուրիս մեկ մաս։ Հաճախ օրվա վերջում այնքան հեռու էի գտնվում մեր վրանից, որ նպատակահարմար էր գիշերն անցկացնել հյուրընկալ գյուղացիներից որևէ մեկի տանը, քան վերադառնալ։ Մի անգամ քնեցի մի անասնապահական ֆերմայի հյուրասենյակի շքեղ անկողնում, իսկ հաջորդ գիշեր անցկացրեցի կենգուրու որսացողի խրճիթում՝ կեղտոտ հատակին՝ շուրջբոլորս գարշահոտ կաշիների կույտեր։ Հաճախ քնում էի նաև բաց երկնքի տակ։ Մի անգամ դինգո կոչվող վայրի շները շրջապատեցին ինձ. թեև նրանք բավական հեռու էին, բայց նրանց ոռնոցը սարսափով էր լցնում գիշերվա մթությունը։ Գիշերն անքուն անցկացրեցի։ Առավոտյան հայտնաբերեցի, որ նրանք ոչ թե ինձանով էին «հետաքրքրված», այլ մոտակայքում թափված լեշերով։
Քարոզում ենք ձայնափողով սարքավորված ավտոմեքենայով
Մենք Աստծու Թագավորության մասին քարոզում էինք նաև ձայնափողով սարքավորված ավտոմեքենայով։ Հյուսիսային Քվինսլենդի մի քաղաքում՝ Թաունսվիլում, ոստիկանությունը թույլ տվեց մեզ քարոզելու քաղաքի կենտրոնում։ Ձայնագրված ելույթը, սակայն, զայրացրեց «Փրկության բանակ» կազմակերպության մի քանի անդամների։ Նրանք մեզ պատվիրեցին հեռանալ։ Երբ մենք հրաժարվեցինք, հինգ հոգի սկսեցին ուժգին թափահարել մեքենան։ Այդ պահին ես ներսում էի և կարգավորում էի նվագարկչի ձայնը։ Անիմաստ էր մեր իրավունքների մասին ինչ–որ բան ասելը, ուստի երբ նրանք դադարեցին, մենք հեռացանք այդտեղից։
Բանդաբերգ քաղաքում մի հետաքրքրվող մարդ նավակ տրամադրեց մեզ, որպեսզի կարողանայինք քարոզել քաղաքի միջով հոսող Բարնետ գետի երկայնքով։ Մի անգամ Օբրին և Քլայվը ձայնային սարքավորումը իրենց հետ տարան նավակ, իսկ ես մնացի մեր վարձած սրահում։ Այդ երեկո Եհովայի վկաների գլխավոր վարչության անդամ Ջոզեֆ Ռադերֆորդի հուժկու ձայնը թնդաց ամբողջ Բանդաբերգում՝ հռչակելով Աստվածաշնչի զորավոր պատգամը։ Այդ օրերին Աստծու ժողովրդից քաջություն և հավատ էր պահանջվում։ Ինչ խոսք, դրանք սքանչելի ժամանակներ էին։
Պատերազմը ավելի շատ դժվարություններ է հարուցում
1939–ի սեպտեմբերին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Դրանից անմիջապես հետո «Դիտարանի» նոյեմբերի 1–ի համարում տպագրվեց հոդված, որում քննարկվում էր քրիստոնեական չեզոքությունը՝ կապված քաղաքականության և պատերազմի հետ։ Հետագայում ես շատ էի ուրախանալու, որ ուսումնասիրել էի այդ ժամանակահարմար հոդվածները։ Երեք տարի միասին ծառայելուց հետո Օբրին, Քլայվը և ես նոր նշանակումներ ստացանք, և մեր ճանապարհները բաժանվեցին։ Ես նշանակվեցի որպես շրջագայող վերակացու հյուսիսային Քվինսլենդում։ Այս նշանակման մեջ իմ ապավինությունը Եհովային հաճախ էր փորձվելու։
1940–ի օգոստոսին այցելեցի Թաունսվիլի ժողով, որտեղ ծառայում էին չորս ռահվիրաներ՝ Փերսի և Իլմա Իզլոբներըa և քույր ու եղբայր Նորման և Բեատրիս Բելլոտիները։ Վեց տարի անց Բեատրիսը դառնալու էր իմ կինը։ Մի շաբաթ երեկո, երբ մեր խումբն ավարտեց փողոցի ծառայությունը, տեղի ունեցավ հոդվածի սկզբում նշված հարձակումը։ Սակայն, այս անարդար վերաբերմունքն ինձ ավելի մղեց եռանդորեն ծառայելու Եհովային։
Երկու ռահվիրա քույրեր՝ Յունա և Մերլ Կիլպատրիկները, ջանասիրաբար քարոզում էին հյուսիսում։ Մենք ամբողջ օրը միասին լավ ծառայեցինք, հետո նրանք ինձ խնդրեցին իրենց անցկացնել գետի մյուս ափը, որտեղ պետք է այցելեին մի հետաքրքրվող ընտանիքի։ Նավակը գտնվում էր հակառակ ափին։ Ես պետք է նախ լողայի այնտեղ, այնուհետև նավակով գայի, վերցնեի քույրերին ու անցկացնեի գետը։ Երբ հասա նավակին, տեսա, որ թիակները չկան։ Ավելի ուշ իմացանք, որ մի հակառակորդ թաքցրել էր դրանք։ Բայց նրա խարդավանքը չկանգնեցրեց մեզ։ Ես մի քանի տարի փրկարար էի աշխատել ու դեռևս բավական ուժեղ լողորդ էի։ Խարսխի պարանը կապեցի մեջքիս, լողալով նավակը տարա աղջիկների մոտ, նրանք նստեցին, և այդպես ես նրանց մյուս ափ տարա։ Եհովան օրհնեց մեր ջանքերը, քանի որ ժամանակի ընթացքում այդ հետաքրքրվող ընտանիքի անդամները դարձան Վկաներ։
Եհովայի պաշտպանության ներքո
Անվտանգության նկատառումներով զինվորականները անցակետ դրեցին Ինիսֆեյլ քաղաքի մոտ։ Քանի որ ունեի այդ տարածքի բնակչի կարգավիճակ, կարողացա անցաթուղթ ձեռք բերել, որն անչափ անհրաժեշտ եղավ, երբ Եհովայի վկաների մասնաճյուղի ներկայացուցիչներն այցելում էին մեզ։ Ես նրանց թաքցնում էի մեքենայի հետևի նստարանի տակ ու այդպես անց էի կացնում հսկիչ կետով։
Այդ ժամանակ բենզինը կտրոնով էին տալիս, և շատ մեքենաներ ունեին գազ արտադրող սարքավորումներ։ Այդ սարքավորումը շարժիչին վառելանյութ մատակարարելու համար օգտագործում էր դյուրավառ գազ, որ արտադրվում էր տաք փայտածուխից։ Ես ճանապարհ էի ընկնում գիշերով՝ մեքենան լի փայտածուխի պարկերով։ Դրանք դնում էի այնտեղ, որտեղ թաքցնում էի եղբորը։ Երբ հասնում էի անցակետ, ես շեղում էի զինվորների ուշադրությունը՝ շարժիչը մեծ հզորությամբ աշխատեցնելով, այնպես որ փայտածուխի կաթսան շիկանում էր։ «Եթե անջատեմ շարժիչը,— մի անգամ բղավելով բացատրեցի ես,— գազի մատակարարումը կդադարի, և շարժիչը կրկին գործի գցելը դժվար կլինի»։ Զինվորները, տհաճություն զգալով տաքությունից, աղմուկից և մրից, մակերեսորեն ստուգում էին մեքենան ու բաց թողնում։
Այդ օրերին ինձ հանձնարարեցին Թաունսվիլում համաժողով կազմակերպել տեղի Վկաների համար։ Սնունդը կտրոնով էր, իսկ անհրաժեշտ քանակով սննդամթերք ստանալու համար հարկավոր էր դիմել տեղի իշխանություններին։ Այդ ժամանակ եղբայրներին բանտարկում էին չեզոքության պատճառով։ Ուստի երբ պետք է հանդիպեի տեղի պաշտոնյայի հետ, մտածում էի. «Իմաստո՞ւն եմ վարվում արդյոք, թե՞ իզուր վագրին բզբզում եմ»։ Այնուամենայնիվ, գնացի նրա մոտ, ինչպես որ ասել էին եղբայրները։
Հսկայական սեղանի գլխին նստած պաշտոնյան ինձ աթոռ առաջարկեց։ Երբ հայտնեցի այցելությանս նպատակը, նա քարացավ և աչքերը պլշեց ինձ վրա։ Հետո հանգստացավ ու ասաց. «Որքա՞ն սնունդ է ձեզ պետք»։ Ես տվեցի ցուցակը, որտեղ գրված էր ուտելիքի նվազագույն քանակը։ Նա աչքի անցկացրեց ու ասաց. «Ինձ թվում է՝ սա ձեզ չի բավականացնի։ Լավ կլինի, որ երկու անգամ ավելի շատ տանք»։ Ես դուրս եկա նրա գրասենյակից՝ խորապես երախտապարտ լինելով Եհովային, որը այսպիսով ապավինության ևս մեկ դաս սովորեցրեց ինձ։
1941–ի հունվարին Եհովայի վկաների գործունեությունը Ավստրալիայում արգելվեց։ Շատերը կասկածանքով լցվեցին մեր հանդեպ և նույնիսկ մեղադրեցին Ճապոնիայի օգտին լրտեսություն անելու մեջ։ Մի անգամ ոստիկաններով ու զինվորներով լի երկու մեքենաներ եկան Թագավորության ֆերմա։ Ֆերման, որը մեզ ապահովում էր սննդով, գտնվում էր Աթերտոնի բարձրավանդակում։ Նրանք լուսարձակ էին փնտրում, որն իբրև մենք օգտագործում էինք թշնամուն ազդանշան տալու համար։ Մեզ նաև մեղադրում էին, թե հացահատիկը այնպես ենք աճեցնում, որ ինքնաթիռից հնարավոր է ինչ–որ բան կարդալ։ Իհարկե, բոլոր այս մեղադրանքները կեղծ էին։
Արգելքի պատճառով մենք պետք է ուշադիր և հնարամիտ լինեինք, հատկապես գրականություն տեղափոխելիս։ Երբ լույս տեսավ «Երեխաներ» գիրքը, Բրիսբենում վերցրի մի արկղ գրականություն, գնացքով ճանապարհվեցի հյուսիս՝ նպատակ ունենալով գրքերը թողնել այն կայարաններում, որտեղ ժողովներ կային։ Որպեսզի ոստիկաններն ու զինվորական տեսուչները չբացեին արկղը, ես ինձ հետ վերցրել էի նաև մի կլոր սղոց, որը վերևից կապել էի արկղին։ Սա հասարակ հնարք էր, բայց ամեն ստուգման ժամանակ գործում էր։ Եհովայի ժողովուրդը մեծ թեթևացում ապրեց, երբ 1943–ի հունիսին արգելքը հանվեց, որը, ինչպես ասաց մի դատավոր, «կամայականության, կարճամտության ու դաժանության դրսևորում» էր։
Կանչում են զինվորական ծառայության
Նախորդ տարում ինձ, Օբրի Ուիլսին և Նորման Բելլոտիին կանչեցին զինվորական ծառայության։ Օբրին ու Նորմանը ինձանից մեկ շաբաթ շուտ կանչվեցին և դատապարտվեցին վեցամսյա ազատազրկման։ Այդ ժամանակ փոստատունը բռնագրավում էր այն «Դիտարանները», որոնք հասցեագրված էին հայտնի Եհովայի վկաներին, բայց մյուս բաժանորդների «Դիտարաններին» ձեռք չէր տալիս։ Մենք փնտրում էինք այդ մարդկանց, պատճենում էինք պարբերագրերը և բաժանում Վկաներին։ Այսպես կանոնավորաբար հոգևոր սնունդ էինք ստանում։
Երբ ինձ էլ դատապարտեցին վեցամսյա ազատազրկման, ես անմիջապես բողոքարկեցի որոշումը, ինչպես որ հրահանգել էր Սիդնեյի մասնաճյուղը։ Մեր նպատակն էր միառժամանակ հետաձգել բանտարկությունս, մինչև որ մեկ ուրիշը նշանակվեր իմ փոխարեն։ Օգտվելով իմ ազատությունից՝ այցելեցի հյուսիսային Քվինսլենդում բանտարկված 21 Վկաներից մի քանիսին։ Մեծամասնությունը գտնվում էր նույն բանտում։ Բանտապետը ատում էր Եհովայի վկաներին։ Երբ ես հիշեցրի նրան, որ այլ կրոնների ծառայողները կարող են այցելել իրենց հավատակիցներին, նա կատաղեց։ «Եթե իրավունք ունենայի,— բղավեց նա,— բոլոր Վկաներին կշարեի պատի տակ ու կգնդակահարեի»։ Հսկիչները արագորեն ինձ հեռացրեցին այդտեղից։
Երբ իմ բողոքարկումը լսելու ժամանակը եկավ, ինձ անվճար իրավաբանական օգնություն տրվեց, ինչպես որ պահանջվում էր օրենքով։ Սակայն իրականում ե՛ս պաշտպանեցի ինձ, ինչը նշանակում էր ամբողջապես ապավինել Եհովային, և Եհովան հուսախաբ չարեց ինձ (Ղուկաս 12:11, 12; Փիլիպպեցիներ 4:6, 7)։ Զարմանալի է, բայց դատարանը գործը վճռեց իմ օգտին։ Պատճառն այն էր, որ քարտուղարը սխալներ էր թույլ տվել փաստաթղթերում։
1944–ին նշանակվեցի ծառայելու մի մեծ շրջանում, որն ընդգրկում էր ողջ Հարավային Ավստրալիան, հյուսիսային Վիկտորիան և Սիդնեյ քաղաքը (Նոր Հարավային Ուելս)։ Հաջորդ տարի հանրային ելույթների քարոզարշավ կազմակերպվեց ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր հռետոր ինքը պետք է պատրաստեր իր ելույթը՝ հիմնվելով կազմակերպության կողմից տրված մեկէջանոց պլանի վրա։ Մեկ ժամ ելույթով հանդես գալը նոր դժվարություն էր, բայց մենք շարունակեցինք ապավինել Եհովային, և նա օրհնեց մեր ջանքերը։
Ամուսնություն և նոր պատասխանատվություններ
1946–ի հուլիսին ամուսնացա Բեատրիս Բելլոտիի հետ, ու մենք սկսեցինք ծառայել որպես ռահվիրաներ։ Մեր տունը ֆաներայից պատրաստված մի ծածկասայլ էր։ Մեր միակ երեխան՝ Ջանիսը, ծնվեց 1950–ի դեկտեմբերին։ Մենք ռահվիրայություն արեցինք տարբեր վայրերում, այդ թվում նաև Քեմպսի քաղաքում և Նոր Հարավային Ուելսում, որտեղ միակ Վկաներն էինք։ Ամեն կիրակի գնում էինք տեղի ակումբ, և ես հանրային ելույթ էի ներկայացնում, որի մասին տեղեկացնում էինք թերթիկների միջոցով։ Մի քանի ամիս իմ ունկնդիրները միայն Բեատրիսն ու Ջանիսն էին։ Սակայն շուտով մարդիկ սկսեցին գալ։ Այսօր Քեմպսիում երկու բարգավաճող ժողով կա։
Երբ Ջանիսը երկու տարեկան էր, մենք տեղափոխվեցինք Բրիսբեն։ Իսկ երբ նա ավարտեց դպրոցը, ամբողջ ընտանիքով հաջորդ չորս տարիները ծառայեցինք որպես ռահվիրաներ Սեսնոկ քաղաքում (Նոր Հարավային Ուելս)։ Այնուհետև վերադարձանք Բրիսբեն, որովհետև Բեատրիսի մայրը վատառողջ էր։ Ներկայումս ծառայում եմ որպես երեց «Չերմսայդ» ժողովում։
Ես ու Բեատրիսը շնորհակալ ենք Եհովային իր բազմաթիվ օրհնությունների համար։ Մեծ օրհնություն էր 32 հոգու օգնել ճանաչելու Աստծուն։ Անձամբ ես շնորհակալ եմ Եհովային իմ թանկագին կնոջ համար, որը լինելով մեղմ ու բարեհոգի անձնավորություն՝ անվախորեն պաշտպանում է Աստվածաշնչի ճշմարտությունը։ Նա սիրում է Եհովային, ապավինում է նրան, «պարզ աչք» ունի. այս ամենը Բեատրիսին դարձրել է շնորհալի կին և մայր (Մատթեոս 6:22, 23; Առակաց 12:4)։ Մենք միասին կարող ենք ասել. «Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում» (Երեմիա 17:7)։
[ծանոթագրություն]
a Փերսի Իզլոբի կենսագրությունը տպագրված է «Դիտարանի» 1981 թ. մայիսի 15–ի համարում (անգլ.)։
[նկար 9–րդ էջի վրա]
Ձայնափողով սարքավորված ավտոմեքենայով մենք քարոզում էինք հյուսիսային Քվինսլենդում
[նկար 10–րդ էջի վրա]
Հյուսիսային Քվինսլենդում անձրևների սեզոն է։ Օգնում եմ Կիլպատրիկ քույրերին տեղափոխել իրենց մեքենան
[նկար 12–րդ էջի վրա]
Մեր հարսանիքի օրը