Հնարավո՛ր է ապրել իմաստալից կյանքով
ԱՅՍՕՐ շատ մարդիկ ապրում են փող վաստակելու նպատակով։ Ոմանց համար կյանքի նպատակը աշխարհում փառք և ճանաչում ձեռք բերելն է։ Ուրիշները ապրում են արվեստի բնագավառում իրենց հմտությունները կատարելության հասցնելու համար։ Կան նաև մարդիկ, ովքեր ապրում են ուրիշներին օգնելու համար։ Սակայն շատերը չգիտեն, թե ինչու են ապրում։
Իսկ դուք ի՞նչ եք մտածում։ Լրջորեն խորհե՞լ եք ձեր ապրելու նպատակի մասին։ Եկեք քննարկենք, թե ինչ նպատակներ են մարդիկ հետապնդում, և տեսնենք, թե իրականում դրանք գոհունակության զգացում պատճառո՞ւմ են նրանց։ Ի՞նչն է իմաստալից կյանքը հնարավոր դարձնում։
Փողը և հաճույքներն իրենց տեղն ունեն
Ժողովող 7։12–ում գրված է. «Իմաստութեան հովանիի տակ ու արծաթի հովանիի տակ՝ մէկ է [«իմաստությունը պաշտպանություն է, ինչպես որ փողը պաշտպանություն է», ՆԱ]. բայց գիտութեան շահը սա է, որ իմաստութիւնը կ’ապրեցնէ իր տիրոջը»։ Իրոք, փողը ունի արժեք։ Փողն անհրաժեշտ է ապրելու համար, եթե հատկապես ընտանիքին հոգ տանելու պատասխանատվություն ունեք (1 Տիմոթեոս 5։8)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել այն հաճույքների մասին, որոնք կարող ենք գնել փողով։ Չնայած քրիստոնեության Հիմնադիրը՝ Հիսուս Քրիստոսը, խոստովանում էր, որ նույնիսկ իր գլուխը դնելու տեղ չուներ, բայց երբեմն մասնակցում էր հավաքույթների ու վայելում էր համեղ ուտելիք և գինի։ Դեռ ավելին, նա չէր խուսափում թանկարժեք վերնազգեստ կրելուց (Մատթեոս 8։20; Հովհաննես 2։1–11; 19։23, 24)։
Սակայն Հիսուսի կյանքի հիմնական նպատակը հաճույքներ հետապնդելը չէր։ Նա հստակ գիտեր, թե ինչն է իր կյանքում առաջին տեղում։ «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից»,— ասաց Հիսուսը։ Այնուհետև նա մի առակ պատմեց հարուստ մարդու մասին, որի հողերը առատ բերք էին տալիս, և որն իր մեջ խորհում էր՝ ասելով. «Հիմա ի՞նչ անեմ, որովհետև բերքս հավաքելու տեղ չունեմ.... իմ ամբարները կքանդեմ ու ավելի մեծերը կկառուցեմ, և իմ ամբողջ ցորենն ու բոլոր բարիքները այնտեղ կհավաքեմ և իմ հոգուն կասեմ. «Ո՛վ հոգիս, շատ բարիքներ ունես շատ տարիների համար կուտակած. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր ու վայելի՛ր»»։ Ի՞նչ սխալ բան կար այս մարդու մտածելակերպի մեջ։ Առակի շարունակության մեջ կարդում ենք. «Աստված ասաց [հարուստ մարդուն]. «Անխոհե՛մ, այս գիշեր քո հոգին կպահանջեն քեզանից։ Ուստի ո՞ւմը կլինեն քո դիզած բաները»»։ Նույնիսկ եթե նա հավաքեր իր բերքը, միևնույն է, երբ մահանար, այլևս չէր կարողանա վայելել իր դիզած հարստությունը։ Եզրափակելով առակը՝ Հիսուսն ասաց իր ունկնդիրներին. «Այդպես էլ կլինի այն մարդուն, որն իր համար գանձ է կուտակում, բայց Աստծու աչքին հարուստ չէ» (Ղուկաս 12։13–21)։
Իհարկե, փողը անհրաժեշտ է, իսկ զվարճությունները իրենց ուրույն տեղն ունեն մեր կյանքում։ Սակայն դրանք կյանքում ամենակարևոր բաները չեն։ Ամենից կարևորը Աստծու աչքին հարուստ լինելն է, այսինքն՝ Աստծուն հաճելի կյանքով ապրելը։
Արդյոք լավ անուն ձեռք բերելը կարևո՞ր է
Շատ մարդիկ ապրում են անուն վաստակելու համար։ Իրականում լավ համբավ ձեռք բերելու և ուրիշների կողմից հիշված մնալու ցանկության մեջ սխալ բան չկա։ «Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից,— ասվում է Աստվածաշնչում,— եւ մահուան օրը նորա ծննդեան օրիցը» (Ժողովող 7։1)։
Կարելի է ասել, որ մահվան օրը գրի է առնվում մարդու ամբողջ կյանքի պատմությունը։ Եթե վերջինս լավ գործեր է կատարել, ապա նրա մահվան օրը ծննդյան օրից ավելի լավ է։ Մինչդեռ նրա ծննդյան օրը դեռ ոչ մի բան չի գրվել և դեռ հայտնի չէ, թե ինչ կյանքով կապրի նա։
Աստվածաշնչի «Ժողովող» գիրքը գրել է Սողոմոն թագավորը։ Նրա խորթ եղբայրը՝ Աբիսողոմը, որը տարիքով ավելի մեծ էր, ցանկանում էր մեծ անուն վաստակել։ Սակայն նրա երեք որդիները, որոնց միջոցով իր անունը պետք է փոխանցվեր հետագա սերունդներին, ակներևաբար, երիտասարդ հասակում մահացան։ Ի՞նչ արեց Աբիսողոմը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Աբիսողոմն.... իրան համար մի արձան էր կանգնեցրել թագաւորի հովիտումը. որովհետեւ ասում էր թէ որդի չ’ունեմ, որ իմ անունը յիշէ. եւ իր անունը դրել էր այն արձանին» (Բ Թագաւորաց 14։27; 18։18)։ Այս կոթողի մնացորդները չեն գտնվել։ Սակայն Աստվածաշունչ ուսումնասիրողները Աբիսողոմին ճանաչում են որպես մի անուղղելի խռովարարի, որը դավադրաբար զավթեց իր հոր՝ Դավթի գահը։
Շատերն այսօր փորձում են հիշվել իրենց կատարած գործերով։ Նրանք ուզում են փառքի արժանանալ մարդկանց կողմից, որոնց նախընտրությունները տարվա եղանակի պես փոփոխական են։ Իսկ որքա՞ն երկար են մարդիկ վայելում փառքը։ Մի գրքում Քրիստոֆեր Լաշը գրում է. «Մեր ժամանակներում, երբ մարդկանց հաջողությունը որոշվում է երիտասարդ, հմայիչ և յուրօրինակ ու ինքնատիպ լինելով, նրանք իրենց փառքն ավելի կարճ են վայելում։ Եվ նրանք, ովքեր դառնում են հռչակավոր, անընդհատ անհանգստանում են իրենց փառքը կորցնելու համար» («The Culture of Narcissism»)։ Արդյունքում շատ հայտնի մարդիկ տրվում են թմրադեղերին, ալկոհոլին և վաղաժամ մահանում են։ Փաստորեն՝ փառքի ձգտելը անօգուտ է։
Այդ դեպքում ո՞ւմ մոտ պետք է լավ անուն վաստակենք։ Խոսելով նրանց մասին, ովքեր պահում են իր Օրենքը՝ Եհովան Եսայիա մարգարեի միջոցով ասաց. «Ես նորանց տեղ եւ անուն պիտի տամ իմ տանն ու իմ պարիսպներումը.... նորանց մի յաւիտենական անուն կ’տամ, որ չի ջնջուիլ» (Եսայիա 56։4, 5)։ Աստծուն հնազանդվելու շնորհիվ նրա հավանությունն ունեցող մարդիկ «տեղ եւ անուն» կունենան։ Աստված կհիշի նրանց անունը հավիտյան, և նրանք «չեն ջնջվի»։ Ուստի այն բարի անունը, որ Աստվածաշունչը քաջալերում է մեզ ունենալ, Եհովայի՝ մեր Արարչի մոտ լավ համբավ ունենալն է։
Եսայիան մարգարեանում էր այն ժամանակների մասին, երբ հավատարիմ մարդիկ հավիտենական կյանք էին ստանալու երկրային դրախտում։ «Հավիտենական կյանքը» «իսկական կյանքն է», կյանք, որն Աստված նախատեսել էր մարդկանց համար, երբ ստեղծեց նրանց (1 Տիմոթեոս 6։12, 19)։ Վաղանցիկ և բավականություն չպատճառող կյանքով ապրելու փոխարեն՝ չպե՞տք է արդյոք ձգտենք հավիտենական կյանքի։
Արվեստով զբաղվելը և բարեգործություն անելը չեն գոհացնում
Բազմաթիվ արվեստագետներ ցանկանում են բարելավել իրենց աշխատանքը, որպեսզի իրենց արվեստի մեջ կատարելության հասնեն։ Սակայն կյանքը չափազանց կարճ է։ 90–ամյա Հիդեոն, որի մասին խոսվեց նախորդ հոդվածում, ջանքեր էր թափում բարելավելու արվեստի իր հմտությունները։ Սակայն նույնիսկ երբ արվեստագետը հասնում է այն մակարդակին, որ իր աշխատանքից բավարարվածություն է ստանում, գուցե այլևս ի վիճակի չլինի անելու այնքան, որքան կաներ ավելի առողջ և ավելի երիտասարդ տարիքում։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե Հիդեոն կարողանար ապրել հավիտյան։ Նա ցանկացած հնարավորություն կօգտագործեր՝ կատարելության հասցնելու իր արվեստը։
Իսկ ի՞նչ կարելի է ասել բարեգործություն անելու մասին։ Իհարկե, գովելի է, երբ անհատը հոգատարություն է դրսևորում աղքատների հանդեպ և իր միջոցներն օգտագործում է կարիքավոր մարդկանց օգնելու համար։ Աստվածաշունչն ասում է. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան թե ստանալու մեջ» (Գործեր 20։35)։ Իրականում ուրիշների բարօրությամբ մտահոգվելը կարող է գոհացուցիչ լինել։ Սակայն որքա՞ն շատ բան կարող է անել անհատը, եթե նույնիսկ իր ողջ կյանքը նվիրի բարեգործությանը։ Ուրիշների ցավը մեղմելու մեր կարողությունները սահմանափակ են։ Անգամ հսկայական նյութական օգնության միջոցով հնարավոր չէ գոհացնել այն հիմնական կարիքը, որն անտեսված է մարդկանց մեծամասնության կողմից. դա երբեք բավարարված չի եղել։ Ո՞րն է այդ կարիքը։
Անհրաժեշտ է բավարարել մեր բնածին կարիքը
Իր Լեռան քարոզում Հիսուսը խոսեց մի բնածին կարիքի մասին, երբ ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը» (Մատթեոս 5։3)։ Աստվածաշնչի համաձայն՝ իսկական երջանկությունը կախված չէ հարստությունից, փառքից, արվեստի բնագավառում կատարած մեր գործերից կամ բարեգործություն անելուց։ Ընդհակառակը՝ երջանկությունը կախված է մեր հոգևոր կարիքը՝ Աստծուն երկրպագելու կարիքը բավարարելուց։
Պողոս առաքյալը խրախուսեց մարդկանց, ովքեր չէին ճանաչում Արարչին, փնտրել նրան։ Նա ասաց. «[Աստված] մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որպեսզի բնակվեն ամբողջ երկրի երեսի վրա, և հաստատեց մարդկանց բնակության նշանակված ժամանակներն ու որոշված սահմանները, որպեսզի փնտրեն Աստծուն, այո, միգուցե նույնիսկ խարխափելով գտնեն նրան, թեպետ իրականում նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ։ Որովհետև նրանով ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք» (Գործեր 17։26–28)։
Ճշմարիտ Աստծուն երկրպագելու կարիքը բավարարելը իսկական երջանկություն ստանալու գրավականն է։ Մեր հոգևոր կարիքները բավարարելը նաև «իսկական կյանք» ձեռք բերելու հեռանկար է բացում մեր առջև։ Նկատի առնենք Թերեզայի օրինակը, որն իր երկրում դարձավ առաջին սևամորթ դերասանուհին։ Նա մեկ ժամ տևողությամբ հեռուստասերիալի գլխավոր դերակատարն էր, որի հեղինակը հենց ինքն էր։ Սակայն կարճ ժամանակ անց Թերեզան թողեց այդ ամենը։ Ինչո՞ւ։ Նա ասում է. «Ես համոզված եմ, որ Աստծու Խոսքի խորհրդին հետևելը կյանքի լավագույն ուղին է»։ Թերեզան չցանկացավ վտանգի ենթարկել Աստծու հետ իր փոխհարաբերությունները՝ խաղալով այնպիսի հեռուստաֆիլմերում, որոնցում փառաբանվում են սեքսը և բռնությունը։ Նա հրաժարվեց հասարակության մեջ մեծ համբավ ունենալուց և ցանկացավ գոհացուցիչ կյանքով ապրել, ուստի սկսեց ծառայել որպես Աստծու Թագավորության բարի լուրի լիաժամ քարոզիչ՝ օգնելով մարդկանց լավ փոխհարաբերություններ հաստատել Եհովայի հետ։
Թերեզայի կայացրած որոշման վերաբերյալ նրա նախկին ընկերներից մեկը հետևյալն է նշում. «Ես մեծ ցավ էի զգում՝ տեսնելով, թե ինչպես է նա հրաժարվում իր հաջողություններից։ Սակայն ակնհայտ է, որ նա գտավ ավելի կարևոր ու ավելի գոհացուցիչ մի բան»։ Հետագայում Թերեզան մահացավ։ Նրա մահից հետո նույն ընկերն ասաց. «Թերեզան երջանիկ էր, իսկ դա այն ամենն է, ինչ բոլորս ենք ուզում ունենալ կյանքում։ Մեզանից քանի՞սը կարող է ասել, որ ինքը երջանիկ է»։ Նրանք, ովքեր Աստծու հետ իրենց փոխհարաբերությունները կյանքում առաջին տեղում են դնում, սակայն կորցնում են իրենց կյանքը, Թագավորության իշխանության ներքո հարության հրաշալի հեռանկարը ունեն (Հովհաննես 5։28, 29)։
Արարիչը երկրի ու մարդկության առնչությամբ նպատակ ունի։ Նա ցանկանում է, որ դուք իմանաք այս նպատակի մասին և վայելեք հավիտենական կյանքը երկրային դրախտում (Սաղմոս 37։10, 11, 29)։ Հիմա է ժամանակը ավելին իմանալու Եհովայի՝ երկնքի ու երկրի Արարչի մասին, նաև տեղեկանալու, թե ինչ է նա նախատեսել ձեզ համար։ Ձեր տարածքում ապրող Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն ձեզ գիտելիքներ ձեռք բերել։ Դուք կարող եք կապ հաստատել նրանց հետ կամ գրել այս պարբերագրի հրատարակիչներին։
[նկար 5–րդ էջի վրա]
Ի՞նչ սխալ բան կար Հիսուսի առակի հարուստ մարդու մտածելակերպի մեջ
[նկար 7–րդ էջի վրա]
Կցանկանայի՞ք վայելել հավիտենական կյանքը երկրային դրախտում