Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 1/1 էջ 10–12
  • Կերտեք ձեր ընտանիքը հաճելի խոսքերով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կերտեք ձեր ընտանիքը հաճելի խոսքերով
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ ասել և ինչպես ասել
  • Սովորեք տիրապետել ձեզ
  • Ջանացեք գտնել ճիշտ խոսքեր
  • «Սրտի լիությունից»
  • Նախքան խոսելը մտածե՛ք
  • Մեր լեզուն օգտագործենք ի բարին
    2015 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող ես հաղթահարել բացասական զգացումները
    2010 Դիտարան
  • Խոսելու պարգևն օգտագործիր «կերտելու համար»
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Հասկացեք երեխայի զգացմունքները
    2007 Արթնացե՛ք
Ավելին
2008 Դիտարան
w08 1/1 էջ 10–12

Կերտեք ձեր ընտանիքը հաճելի խոսքերով

ԴԵՅՎԻԴԸ ավտոմեքենայում նստած սպասում էր կնոջը։ Նա անընդհատ նայում էր իր ձեռքի ժամացույցին։ Րոպեներն անցնում էին, և նա ավելի անհամբեր էր դառնում ու լցվում բարկությամբ։ Երբ Դայանան՝ նրա կինը, վերջապես դուրս եկավ տնից, Դեյվիդը չկարողացավ զսպել զայրույթը։

«Ես ինչքա՞ն կարող եմ սպասել քեզ,— բղավեց նա։— Դու մի՛շտ ուշանում ես։ Մի անգամ չի՛ եղել, որ տնից ժամանակի՛ն դուրս գաս»։

Դայանան փշրված էր։ Նա սկսեց արտասվել, շրջվեց ու գնաց տուն։ Դեյվիդն իսկույն հասկացավ, որ մեծ սխալ արեց։ Զայրույթն արտահայտելով՝ նա իրավիճակն ավելի բարդացրեց։ Ի՞նչ պիտի աներ այժմ։ Դեյվիդը անջատեց շարժիչը, խոր հոգոց հանեց և դանդաղ քայլերով գնաց կնոջ հետևից։

Համաձա՞յն չեք, որ կյանքում նման իրավիճակներ հաճախ են լինում։ Երբևէ ցանկացե՞լ եք հետ վերցնել ձեր խոսքերը։ Երբ խոսում ենք առանց մտածելու, հաճախ ասում ենք բաներ, որոնց համար հետո զղջում ենք։ Իսկ ահա թե ինչ է ասում Աստվածաշունչը. «Արդարի սիրտը մտածում է թէ ինչ պատասխանէ» (Առակաց 15։28)։

Սակայն հեշտ չէ սթափ դատել, երբ բարկացած ենք, վախեցած կամ վիրավորված։ Զգացմունքներն արտահայտելու ցանկացած փորձ, հատկապես երբ խոսում ենք ընտանիքի անդամների հետ, կարող է վերածվել մեղադրանքի կամ քննադատության։ Արդյունքում լինում են վիճաբանություն և փոխադարձ վիրավորանքներ։

Ինչպե՞ս կարող ենք խուսափել նման տհաճ իրավիճակներից։ Ինչպե՞ս կարող ենք զսպել մեր հույզերը։ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Սողոմոնը, որոշ օգտակար խորհուրդներ է տալիս։

Ինչ ասել և ինչպես ասել

Սողոմոնը, որ գրել է Աստվածաշնչի «Ժողովող» գիրքը, խոսում է կյանքի ունայնության մասին։ Նա ուժգին զգացմունքներով է արտահայտվում։ «Ես ատեցի կեանքը»,— ասում է նա։ Սողոմոնը այն անվանում է «ունայնութիւն ունայնութեանց» (Ժողովող 2։17; 12։8)։ Սակայն չի կարելի ասել, որ «Ժողովող» գիրքը միայն Սողոմոնի հիասթափությունների մասին է։ Նա խոսել է նաև այլ բաներից։ Սողոմոնը չէր կարծում, թե տեղին է նշել կյանքի միայն բացասական կողմերը։ Գրքի վերջում նա ասում է, որ ինքը «ջանք արաւ վայելուչ [կամ հաճելի] խօսքեր գտնելու. եւ գրուածը ուղիղ ճշմարիտ խօսքեր են» (Ժողովող 12։10)։ Մեկ այլ թարգմանությունում ասվում է, որ նա «փորձեց բացատրել այս բաները լավագույն ձևով և ամենայն ճշգրտությամբ» (Contemporary English Version)։

Սողոմոնը ակներևաբար գիտակցում էր, որ ինքը պետք է զսպի իր հույզերը։ Ըստ էության, նա ինք իրեն հարցնում էր. «Ինչ որ պիտի ասեմ, իսկապե՞ս ճշմարիտ է։ Եթե այդ խոսքերն ասեմ, մարդկանց հաճելի կամ ընդունելի կլինե՞ն»։ Ջանք անելով գտնել հաճելի և ճշմարիտ խոսքեր՝ նա թույլ չտվեց, որ զգացմունքները մթագնեն իր առողջ դատողությունը։

Հանձին «Ժողովող» գրքի՝ Սողոմոնի ջանքերի արդյունքում ծնվեց ոչ միայն մի գրական գլուխգործոց, այլև կյանքի իմաստի վերաբերյալ աստվածային իմաստության շտեմարան (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Այն, թե ինչպես Սողոմոնը մոտեցավ հուզական լարվածություն պարունակող հարցին, կարող է օգնել մեզ, որ բարելավենք հաղորդակցությունը մեր հարազատների հետ։ Քննենք մի օրինակ։

Սովորեք տիրապետել ձեզ

Տղան դպրոցից վերադառնում է տուն՝ իր հետ բերելով առաջադիմության թերթիկը։ Նա խոժոռ դեմքով կանգնել է հոր կողքին։ Հայրը նայում է թերթիկը և նկատում, որ տղան մի առարկայից «կաղում» է։ Նա միանգամից զայրույթով է լցվում՝ հիշելով, որ որդին շատ անգամ չէր կատարում տնային աշխատանքը։ Հայրը զգում է՝ ուր որ է կասի. «Ծույլիկի մե՛կը։ Եթե այսպես շարունակես, կյանքում ոչ մի բանի չե՛ս հասնի»։

Սակայն մինչ կարտահայտի իր բարկությունը, հայրը լավ կանի, որ ինքն իրեն հարց տա. «Ինչ որ մտածում եմ որդուս մասին, իրո՞ք ճիշտ է»։ Այս հարցը կարող է օգնել նրան չառաջնորդվել զգացմունքներով, այլ կենտրոնանալ փաստերի վրա (Առակաց 17։27)։ Իսկապե՞ս որդին կյանքում ոչ մի հաջողության չի հասնի ընդամենը այն պատճառով, որ մեկ առարկայից թույլ է։ Բնորո՞շ է նրան ծուլությունը, թե՞ նա տնային առաջադրանքները կատարելը հետաձգում է, որովհետև այդ առարկան դժվար է նրա համար։ Աստվածաշունչը բազմիցս շեշտում է իրերին խոհեմ, ողջամիտ և իրատեսական հայացքով դիտելու կարևորությունը (Տիտոս 3։2; Հակոբոս 3։17)։ Երեխային կերտելու համար ծնողը պետք է ասի «ուղիղ ճշմարիտ խօսքեր»։

Ջանացեք գտնել ճիշտ խոսքեր

Հայրը խորհում է, թե ինչ ասի որդուն։ Նա կարող է ինքն իրեն հարց տալ. «Ի՞նչ խոսքեր ասեմ, որոնք հաճելի և ընդունելի լինեն տղայիս»։ Անշուշտ, ճիշտ բառեր գտնելը հեշտ չէ։ Բայց դա չի նշանակում, որ ծնողները չպետք է ջանան գտնել ճիշտ խոսքեր։ Նրանք պետք է հիշեն, որ դեռահասները հաճախ հակված են ծայրահեղության մեջ ընկնելու՝ առաջնորդվելով «ամեն ի՛նչ կամ ոչի՛նչ» սկզբունքով։ Երեխաները գուցե մեկ անգամ անհաջողության մատնվեն կամ թերանան, հետո սկսեն չափազանցնել դրա լրջությունը՝ եզրակացնելով, որ ոչ մի բանի պիտանի չեն։ Ծնողի սուր արձագանքը կարող է երեխային վերջնականապես «համոզել», որ ինքը ձախողակ է։ Կողոսացիներ 3։21–ում ասվում է. «Մի՛ բարկացրեք ձեր երեխաներին, որ նրանք չվհատվեն»։

«Միշտ» և «երբեք» բառերը սովորաբար ընդհանրացնում և չափազանցնում են փաստերը։ Երբ ծնողն ասում է՝ «կյանքում ոչ մի բանի երբեք չես հասնի», երեխայի արժանապատվությունը լիովին ոտնահարվում է։ Եթե ծնողը ամեն անգամ քննադատում է իր զավակին, ապա վերջինս կսկսի իրեն իրոք ձախողակ համարել, ինչը, անշուշտ, ճիշտ չէ և վհատեցնող է։

Սովորաբար շատ ավելի լավ է ցանկացած իրավիճակում կենտրոնանալ դրական բաների վրա։ Մեր օրինակում նշված հայրը կարող է ասել. «Տղա՛ս, ինչպես տեսնում եմ, ընկճված ես վատ գնահատականի պատճառով։ Բայց ես գիտեմ, որ դու ջանասեր աշակերտ ես։ Արի՛ հիմա խոսենք այդ առարկայի մասին։ Տեսնենք, թե ինչ կարող ենք անել, որ քեզ անհանգստացնող խնդիրները լուծենք»։ Երեխային լավագույն ձևով օգնելու համար հայրը կարող է նաև մի քանի կոնկրետ հարցեր տալ։ Դրանց միջոցով նա կիմանա, թե արդյոք ավելի լուրջ խնդիրներ կան, որոնց պատճառով որդին վատ գնահատական է ստացել։

Նման բարյացակամ ու կշռադատված մոտեցումը շատ ավելի արդյունավետ է, քան երեխային բարկացած հանդիմանելը։ «Վայելուչ [կամ հաճելի] խոսքը քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին»,— վստահեցնում է Աստվածաշունչը (Առակաց 16։24)։ Երեխաները, ինչու չէ ընտանիքի բոլո՛ր անդամները իրենց շատ ավելի լավ են զգում խաղաղ, սիրով լի մթնոլորտում։

«Սրտի լիությունից»

Վերադառնանք հոդվածի սկզբում նշված օրինակին։ Մի՞թե ամեն ինչ ավելի լավ չէր ավարտվի, եթե Դեյվիդը ժամանակ տրամադրած լիներ գտնելու հաճելի խոսքեր։ Նման իրավիճակում ամուսինը լավ կանի՝ ինքն իրեն հարց տա. «Անգամ եթե կինս կարիք ունի բարելավվելու ճշտապահության հարցում, արդյո՞ք նա միշտ է ուշանում։ Հիմա՞ է ամենահարմար ժամանակը այդ մասին խոսելու։ Բարկացկոտ, քննադատական խոսքերը կմղե՞ն նրան փոփոխություններ անելու»։ Եթե մի պահ կանգ առնենք և ինքներս մեզ այսպիսի հարցեր տանք, ապա մեր հարազատներին անգիտակցաբար չենք վիրավորի (Առակաց 29։11)։

Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե ընտանիքում մտքերի փոխանակությունը գրեթե միշտ ավարտվում է վիճաբանությամբ։ Գուցե հարկ կա խորությամբ քննելու սեփական անձը՝ տեսնելու, թե ինչ զգացմունքներ են ընկած մեր խոսքերի հետևում։ Ինչ որ ասում ենք, հատկապես երբ հիասթափված կամ ճնշված ենք, կարող է շատ բան բացահայտել մեր ներքին էության մասին։ Հիսուսն ասաց. «Սրտի լիությունից է բերանը խոսում» (Մատթեոս 12։34)։ Այլ կերպ ասած՝ խոսքերը հաճախ արտացոլում են ամենածածուկ մտքերը, ցանկությունները և վերաբերմունքը։

Եթե կյանքին նայում ենք իրատեսորեն, լավատեսությամբ և հույսով լի, ապա դա կերևա մեր խոսակցությունների տոնից ու բովանդակությունից։ Իսկ եթե հակված ենք կոշտ, հոռետեսական և քննադատական խոսքեր ասելու, ապա, ըստ ամենայնի, մեր խոսքերով կամ խոսելու տոնով կվհատեցնենք ուրիշներին։ Հնարավոր է՝ չենք նկատում, թե մեր մտածելակերպը կամ խոսքը որքան բացասական է դարձել։ Գուցե նույնիսկ համոզված ենք, որ իրերի հանդեպ ճիշտ տեսակետ ունենք։ Սակայն պետք է զգուշանանք ինքնախաբեությունից (Առակաց 14։12)։

Բարեբախտաբար, Աստծու Խոսքը մատչելի է։ Աստվածաշունչը կարող է օգնել մեզ վերանայել մեր տեսակետները և շտկումներ կատարել մտածելակերպի մեջ (Եբրայեցիներ 4։12; Հակոբոս 1։25)։ Անկախ մեր ժառանգական հակումներից և դաստիարակությունից՝ բոլորս ի վիճակի կլինենք փոխելու մեր մտածելակերպն ու գործելակերպը, եթե իսկապես ցանկանանք դա անել (Եփեսացիներ 4։23, 24)։

Մենք մեկ ուրիշ ձևով էլ կարող ենք բարելավել մարդկանց հետ մեր հաղորդակցությունը։ Ինչպե՞ս։ Հարցերի միջոցով։ Օրինակ՝ ձեր կողակցին կամ երեխային խնդրեք, որ անկեղծորեն ասի, թե ինչպես եք հաղորդակցվում իր հետ։ Կարող է օգնել նաև հասուն ընկերը, ով լավ է ճանաչում ձեզ։ Ձեզնից խոնարհություն կպահանջվի, որ ընդունեք նրանց ասածները և անհրաժեշտ փոփոխություններ կատարեք։

Նախքան խոսելը մտածե՛ք

Վերջիվերջո, եթե իսկապես չենք ուզում խոսքով վիրավորել դիմացինին, պետք է վարվենք Առակաց 16։23–ի համաձայն. «Խելացի [կամ իմաստուն] մարդը նախքան խոսելը մտածում է։ Այդ դեպքում նրա խոսքերը ավելի համոզիչ կլինեն» (Today’s English Version)։ Միշտ չէ, որ հեշտ է զսպել զգացմունքները։ Սակայն եթե ջանում ենք հասկանալ ուրիշներին և ոչ թե մեղադրել կամ նվաստացնել նրանց, ապա ճիշտ բառեր գտնելը ավելի հեշտ կլինի մեզ համար։

Անշուշտ, ոչ ոք կատարյալ չէ (Հակոբոս 3։2)։ Երբեմն բոլորս էլ անխոհեմաբար ենք արտահայտվում (Առակաց 12։18)։ Բայց Աստվածաշնչի օգնությամբ կարող ենք սովորել խոսելուց առաջ մտածել և ուրիշների զգացմունքներն ու շահերը մեր զգացմունքներից ու շահերից վեր դասել (Փիլիպպեցիներ 2։4)։ Եկեք վճռականորեն տրամադրվենք որոնելու հաճելի և ճշմարիտ բառեր, հատկապես երբ խոսում ենք ընտանիքի անդամների հետ։ Այդ դեպքում մեր խոսքերը չեն վիրավորի ու չեն վշտացնի, այլ կամոքեն ու կկերտեն մեր հարազատներին (Հռոմեացիներ 14։19)։

[նկար 12–րդ էջի վրա]

Ինչպե՞ս կարող եք զգուշանալ այնպիսի բան ասելուց, որի համար հետո կզղջաք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը