Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 4/15 էջ 12–16
  • Երիտասա՛րդ, հիշիր քո Արարչին հիմա՛

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երիտասա՛րդ, հիշիր քո Արարչին հիմա՛
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը»
  • Երիտասարդնե՛ր, իմաստո՛ւն եղեք
  • Նրանք ընկան վերջնագծի մոտ
  • Իմաստուն նպատակներ դիր
  • Լսիր քեզ սիրողներին
  • Հետևիր լավագույն օրինակներին
  • Խուսափիր «մեծամեծ բաներ» փնտրելուց
    Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
  • Եհովայի աչքերը մեզ վրա են մեր իսկ բարօրության համար
    2008 Դիտարան
  • Բարուք. Երեմիայի հավատարիմ գրագիրը
    2006 Դիտարան
  • Պատանինե՛ր, դնո՞ւմ եք հիմք ձեր ապագայի համար
    2004 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 4/15 էջ 12–16

Երիտասա՛րդ, հիշիր քո Արարչին հիմա՛

«Յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը» (ԺՈՂ. 12։1)։

1. Ինչպե՞ս է Եհովան վստահություն արտահայտում իր երիտասարդ երկրպագուների նկատմամբ։

ԵՀՈՎԱՆ քրիստոնյա երիտասարդներին շատ թանկ է գնահատում։ Նա նրանց համեմատում է թարմացնող ցողակաթիլների հետ։ Աստված կանխագուշակել էր, որ իր Որդու «զորության օրը» երիտասարդ տղաներն ու աղջիկները «յօժար կամքով պատրաստ կ’լինեն» քրիստոնեական ծառայության (Սաղ. 110։3)։ Այդ մարգարեությունը կատարվելու էր այն ժամանակ, երբ մարդիկ ընդհանուր առմամբ լինեին անաստված, եսասեր, փողամոլ և անհնազանդ։ Սակայն Եհովան գիտեր, որ իրեն երկրպագող երիտասարդները տարբերվելու են նրանցից։ Որքա՜ն է Աստված վստահում ձե՛զ, սիրելի՛ երիտասարդներ։

2. Ի՞նչ է նշանակում հիշել Եհովային։

2 Պատկերացրու, թե որքան է ուրախանում Եհովան, երբ տեսնում է, թե ինչպես են երիտասարդները «հիշում իրենց Ստեղծողին» (Ժող. 12։1)։ Ինչ խոսք, Եհովային հիշելը ավելին է նշանակում, քան պարզապես նրան մտաբերելը։ Դա նշանակում է ակտիվ քայլեր ձեռնարկել՝ անել այն, ինչ հաճելի է նրան, թույլ տալ, որ նրա օրենքներն ու սկզբունքները առաջնորդեն մեզ կյանքի բոլոր հարցերում։ Աստծուն հիշել նաև նշանակում է վստահել նրան՝ իմանալով, որ Եհովան ամբողջ սրտով հետաքրքրված է մեր բարօրությամբ (Սաղ. 37։3; Ես. 48։17, 18)։ Իսկ դու հիշո՞ւմ ես քո Արարչին։

«Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը»

3, 4. Ինչպե՞ս Հիսուսը փաստեց իր վստահությունը Եհովայի հանդեպ, և ինչո՞ւ է կարևոր այսօր վստահել Եհովային։

3 Եհովային վստահելու հարցում լավագույն օրինակը, անշուշտ, թողել է Հիսուս Քրիստոսը։ Նա ապրեց Առակաց 3։5, 6–ում գրված խոսքերի համաձայն. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները»։ Հիսուսի մկրտությունից կարճ ժամանակ անց Սատանան մոտեցավ նրան և փորձեց համոզել, որ ընդունի այն իշխանությունն ու փառքը, որ կա աշխարհում (Ղուկ. 4։3–13)։ Հիսուսը չխաբվեց։ Նա գիտեր, որ «խոնարհութեան եւ Տիրոջ երկիւղի վարձքն է հարըստութիւն, եւ պատիւ եւ կեանք» (Առակ. 22։4)։

4 Քանի որ այսօրվա աշխարհում գերիշխում են ագահությունն ու եսասիրությունը, մենք խելացի կլինենք, եթե հետևենք Հիսուսի օրինակին։ Չմոռանանք նաև, որ Սատանան ուզում է ամեն ինչ անել Եհովայի ծառաներին կյանքի տանող նեղ ճանապարհից շեղելու համար։ Նա ցանկանում է, որ բոլորը ընթանան կործանում տանող լայն ճանապարհով։ Թույլ մի՛ տվեք, որ նա խաբի ձեզ։ Վճռե՛ք միշտ հիշել ձեր Արարչին։ Լիովին վստահե՛ք նրան և ամո՛ւր բռնեք «իսկական կյանքից», որն անպայման գալու է և մոտ է (1 Տիմոթ. 6։19)։

Երիտասարդնե՛ր, իմաստո՛ւն եղեք

5. Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն է այս աշխարհի ապագան։

5 Այն երիտասարդները, ովքեր հիշում են իրենց Արարչին, իրենց հասակակիցներից շատ ավելի իմաստուն են (կարդա՛ Սաղմոս 119։99, 100)։ Աստծու տեսակետը իրենցը դարձնելով՝ նրանք լիովին հասկանում են, որ այս աշխարհը ոչ մի հեռանկար չունի։ Թեև երիտասարդ ես, անկասկած, նկատել ես, թե ինչպես է այս աշխարհում վախն ու անհանգստությունը գնալով շատանում։ Եթե դեռ դպրոցական ես, հավանաբար, լսել ես շրջակա միջավայրի աղտոտվածության, գլոբալ տաքացման, լայնածավալ անտառահատման և համանման խնդիրների մասին։ Մարդիկ խորապես մտահոգված են այս խնդիրներով, սակայն չգիտեն այն, ինչ գիտեն Եհովայի վկաները. վերջիններս լիովին հասկանում են, որ այդ ամենը մատնանշում է Սատանայի համակարգի կործանումը (Հայտն. 11։18)։

6. Ինչպե՞ս են որոշ քրիստոնյա երիտասարդներ խաբվել։

6 Ցավոք, որոշ երիտասարդ քրիստոնյաներ թուլացրել են իրենց զգոնությունը և մոռացել, որ այս աշխարհին շատ քիչ ժամանակ է մնացել (2 Պետ. 3։3, 4)։ Ոմանք էլ ընկել են չար ընկերակցության և պոռնկագրության ծուղակը ու ծանր մեղք գործել (Առակ. 13։20)։ Որքա՜ն ցավալի կլինի կորցնել Աստծու հավանությունը, այն դեպքում երբ վերջն այդքան մոտ է։ Դու օգտակար բաներ կարող ես սովորել այն դեպքերից, որոնք տեղի ունեցան մ.թ.ա. 1473–ին։ Այդ ժամանակ իսրայելացիները գտնվում էին Մովաբի դաշտերում, կարելի է ասել՝ Ավետյաց երկրի շեմին։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ։

Նրանք ընկան վերջնագծի մոտ

7, 8. ա) Ի՞նչ քայլի դիմեց Սատանան Մովաբի դաշտերում։ բ) Ի՞նչ մարտավարություն է օգտագործում Սատանան այսօր։

7 Սատանան ակնհայտորեն ուզում էր խանգարել իսրայելացիներին, որ չստանան խոստացված ժառանգությունը։ Այն բանից հետո, երբ նրան չհաջողվեց Բաղաամի միջոցով անիծել Իսրայելին, Սատանան դիմեց ավելի խորամանկ քայլի. նա փորձեց այնպես անել, որ իսրայելացիները մեղք գործեն ու զրկվեն Եհովայի օրհնությունից։ Բանսարկուն մովաբացի հրապուրիչ կանանց միջոցով գայթակղեց իսրայելացի տղամարդկանց և որոշակի հաջողության հասավ։ Ժողովուրդը սկսեց անբարո փոխհարաբերություններ ունենալ Մովաբի աղջիկների հետ և խոնարհվել Բելփեգովրի առաջ։ Թեև խոստացված ժառանգությունը՝ Ավետյաց երկիրը, շատ մոտ էր, մոտ 24 000 իսրայելացիներ կորցրեցին իրենց կյանքը։ Ինչպիսի՜ ողբերգություն (Թուոց 25։1–3, 9)։

8 Այսօր մենք արագորեն մոտենում ենք մի ավելի լավ ավետյաց երկրի՝ իրերի նոր համակարգին։ Իր սովորության համաձայն՝ Սատանան դարձյալ փորձում է ապականել Աստծու ժողովրդին սեռական անբարոյության միջոցով։ Աշխարհում բարոյական չափանիշներն այն աստիճան են անկում ապրել, որ պոռնկությունը միանգամայն նորմալ բան է համարվում, իսկ համասեռամոլությունը դիտվում է որպես անհատի անձնական ընտրության հարց։ Մի քրիստոնյա քույր ասաց. «Միայն տանը և Թագավորության սրահում են իմ երեխաները լսում, որ համասեռամոլությունը և ամուսնությունից դուրս սեռական հարաբերությունները անընդունելի են Աստծուն»։

9. Ի՞նչ կարող է լինել «երիտասարդության ծաղկուն շրջանում», և ինչպե՞ս կարող են երիտասարդները ճիշտ վարվել։

9 Այն երիտասարդները, ովքեր հիշում են իրենց Արարչին, գիտեն, որ ինտիմ հարաբերությունները սուրբ պարգև են Աստծու կողմից և առնչություն ունեն կյանքի և որդեծնության հետ։ Ուստի նրանք ընդունում և գիտակցում են, որ սեռական հարաբերությունները միայն ամուսինների համար են, ինչպես որ նախատեսել է Աստված (Եբր. 13։4)։ Սակայն «երիտասարդության ծաղկուն շրջանում»՝ այն ժամանակ, երբ սեռական ցանկությունները ուժգին են և կարող են մթագնել առողջ դատողությունը, գուցե դժվար լինի մաքուր մնալ (1 Կորնթ. 7։36)։ Ի՞նչ կարող ես անել, երբ անպարկեշտ մտքեր են գալիս։ Ջերմեռանդորեն Եհովայից օգնություն խնդրիր, որ կենտրոնանաս մաքուր բաների վրա։ Եհովան միշտ լսում է նրանց, ովքեր անկեղծորեն աղոթում են իրեն (կարդա՛ Ղուկաս 11։9–13)։ Կերտիչ զրույցները ևս կարող են օգնել, որ մաքուր պահես միտքդ։

Իմաստուն նպատակներ դիր

10. Ո՞ր սխալ մտածելակերպից պիտի խուսափենք, և ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։

10 Պատճառներից մեկը, թե ինչու են աշխարհում շատ երիտասարդներ «վայրենանում»՝ սանձարձակ վարք դրսևորում, և մարմնական հաճույքների համար ապրում, այն է, որ նրանք չունեն «մարգարեություն», այսինքն՝ Աստծու առաջնորդություն և ապագայի հաստատուն հույս (Առակ. 29։18)։ Նրանք նման են ամբարիշտ իսրայելացիներին, ովքեր ապրում էին «ցնծության և ուրախության» համար՝ «միս ուտելով և գինի խմելով» (Ես. 22։13)։ Նման մարդկանց նախանձելու փոխարեն՝ լավ կլինի խորհել այն հրաշալի հույսի շուրջ, որ Եհովան տվել է իր հավատարիմ ծառաներին։ Արդյոք փափագով սպասո՞ւմ ես Աստծու նոր աշխարհին։ Ամեն ջանք թափո՞ւմ ես «ապրելու ողջամտությամբ.... մինչ սպասում ես երջանիկ հույսի իրականացմանը», որը Եհովան տվել է քեզ (Տիտոս 2։12, 13)։ Այն, թե ինչ նպատակներ ու նախընտրություններ կդնես, կախված է նրանից, թե ինչպես կպատասխանես այս հարցերին։

11. Ինչո՞ւ քրիստոնյա դպրոցականները պետք է լավ սովորեն։

11 Աշխարհն ուզում է, որ երիտասարդները իրենց ուժն ու եռանդը նվիրեն ոչ հոգևոր նպատակների։ Եթե դպրոց ես հաճախում, ուրեմն պետք է լավ սովորես, որպեսզի հիմնական կրթություն ստանաս։ Ինչ խոսք, կրթություն ստանալու նպատակդ զուտ այն չէ, որ հետագայում հարմար աշխատանք գտնես։ Դու նաև ցանկանում ես օգտակար լինել ժողովին, ինչպես նաև դառնալ Թագավորության հմուտ քարոզիչ։ Ուստի պետք է սովորես մտքերդ հստակորեն արտահայտել, տրամաբանորեն մտածել և ուրիշների հետ զրուցել հանգիստ ու հարգալից կերպով։ Բայցևայնպես, այն երիտասարդները, ովքեր ուսումնասիրում են Աստվածաշունչը և ձգտում են կիրառել նրա սկզբունքները, ստանում են հնարավոր լավագույն կրթությունը և պայծառ ու հավիտենական ապագայի հիմք են դնում (կարդա՛ Սաղմոս 1։1–3)a։

12. Ո՞ւմ օրինակին պետք է հետևեն քրիստոնյա ընտանիքները։

12 Իսրայելում մեծ կարևորություն էր տրվում այն բանին, որ ծնողները կրթեն իրենց երեխաներին։ Վերջիններիս սովորեցնում էին գրեթե ամեն ինչ և հատկապես հոգևոր բաներ (Բ Օրին. 6։6, 7)։ Ուստի այն պատանի իսրայելացիները, ովքեր լսում էին ծնողներին և մյուս աստվածավախ մեծահասակներին, ձեռք էին բերում ոչ միայն գիտելիք, այլև իմաստություն, խորաթափանցություն, հասկացողություն և խորհելու ունակություն. սրանք հազվագյուտ հատկություններ են, որ տալիս է աստվածային կրթությունը (Առակ. 1։2–4; 2։1–5, 11–15)։ Նմանապես, քրիստոնյա ընտանիքները պետք է ուշադրություն դարձնեն իրենց զավակների կրթությանը։

Լսիր քեզ սիրողներին

13. Ի՞նչ խորհուրդ են ստանում որոշ պատանիներ, և ինչո՞ւ նրանք պիտի զգույշ լինեն։

13 Պատանիները խորհուրդ են ստանում գրեթե բոլորից, այդ թվում նաև ուսուցիչներից։ Վերջիններս սովորաբար կենտրոնանում են այն բանի վրա, որ սովորեցնեն աշակերտներին, թե ինչպես «աշխարհային» հաջողությունների հասնեն։ Երբ նրանք քեզ որևէ խորհուրդ են տալիս, խնդրում ենք, աղոթիր Եհովային և այդ խորհուրդը ծանրութեթև արա Աստծու Խոսքի ու «հավատարիմ և իմաստուն ծառայի» հրատարակությունների լույսի ներքո։ Աստվածաշնչի ուսումնասիրությունից դու գիտես, որ Սատանայի գլխավոր թիրախը երիտասարդներն ու անփորձներն են։ Օրինակ՝ Եդեմի պարտեզում անփորձ Եվան լսեց Սատանային՝ մի օտարի, որը նույնիսկ մի փոքր սեր չէր դրսևորել նրա նկատմամբ։ Բոլորովին այլ կլիներ հետևանքը, եթե Եվան լսեր Եհովային, ով իր սերը փաստել էր բազում ձևերով (Ծննդ. 3։1–6)։

14. Ինչո՞ւ պետք է լսես թե՛ Եհովային, թե՛ քո աստվածավախ ծնողներին։

14 Քո Արարիչը սիրում է քեզ միանգամայն մաքուր մղումներով։ Նա ցանկանում է, որ դու երջանիկ լինես ոչ միայն հիմա, այլև հավիտյան։ Ուստի սիրառատ ծնողի պես՝ նա խորհուրդ է տալիս քեզ և իր բոլոր երկրպագուներին. «Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք» (Ես. 30։21)։ Եթե ունես աստվածավախ ծնողներ, ովքեր իսկապես սիրում են Եհովային, ապա դու կրկնակի օրհնված ես։ Հարգանքով լսիր նրանց խորհուրդները, երբ նպատակներ և առաջնահերթություններ ես դնում քո կյանքում (Առակ. 1։8, 9)։ Չէ՞ որ նրանք ցանկանում են, որ դու հավիտենական կյանք ունենաս, որը շատ ավելի թանկ է, քան հարստությունը կամ դիրքը այս աշխարհում (Մատթ. 16։26)։

15, 16. ա) Ինչո՞ւ կարող ենք վստահել Եհովային։ բ) Ի՞նչ կարևոր դաս ենք սովորում Բարուքի օրինակից։

15 Նրանք, ովքեր հիշում են իրենց Արարչին, պարզ կյանք են վարում՝ վստահ լինելով, որ Եհովան «ոչ մի դեպքում» չի թողնի իրենց և «ոչ մի դեպքում» չի լքի (կարդա՛ Եբրայեցիներ 13։5)։ Սա այնպիսի համոզվածություն է, որը հակառակ է աշխարհի մտածողությանը։ Ուստի պետք է զգույշ լինենք, որ աշխարհի ոգին չազդի մեզ վրա (Եփես. 2։2)։ Այս առնչությամբ քննենք Երեմիայի գրագիր Բարուքի օրինակը։ Նա ապրում էր Երուսաղեմում։ Այդ ժամանակ քաղաքը ծանր կացության մեջ էր։

16 Հավանական է՝ Բարուքը ցանկանում էր նյութապես ավելի լավ ապրել։ Եհովան նկատեց սա և մեղմորեն խորհուրդ տվեց նրան «մեծամեծ բաներ» չփնտրել։ Բարուքը համեստ և իմաստուն գտնվեց, քանի որ լսեց Եհովային և կենդանի մնաց մ.թ.ա. 607–ին Երուսաղեմի կործանման ժամանակ (Երեմ. 45։2–5)։ Բայց Բարուքի ժամանակակիցները, ովքեր նյութական «մեծամեծ բաներ» ձեռք բերեցին, Եհովային հետին պլան մղելով, շուտով կորցրեցին ամեն ինչ, երբ քաղդեացիները (բաբելոնացիները) գրավեցին Երուսաղեմը։ Շատերը կորցրեցին նաև իրենց կյանքը (Բ Մնաց. 36։15–18)։ Բարուքի օրինակից տեսնում ենք, որ Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալը շատ ավելի կարևոր է, քան այս աշխարհում հարստություն և դիրք ձեռք բերելը։

Հետևիր լավագույն օրինակներին

17. Ինչո՞ւ են Հիսուսը, Պողոսը և Տիմոթեոսը հրաշալի օրինակներ Եհովայի ժամանակակից ծառաների համար։

17 Աստծու Խոսքը պարունակում է բազմաթիվ մարդկանց օրինակներ, որոնց հետևելով՝ կարող ենք քայլել կյանքի տանող ճանապարհով։ Հիսուսը երբևէ ապրած ամենաշնորհալի անձնավորությունն էր, սակայն նա կենտրոնացավ այն բանի վրա, ինչը մարդկանց հավիտենական օգուտներ կտար. դա «Թագավորության բարի լուրն» էր (Ղուկ. 4։43)։ Պողոս առաքյալը Եհովային լավագույնը տալու համար թողեց իր խոստումնալից կարիերան և չխնայեց իր ժամանակն ու եռանդը հանուն բարի լուրի քարոզչության։ Տիմոթեոսը՝ «հավատի մեջ հարազատ զավակը», հետևեց Պողոսի հրաշալի օրինակին (1 Տիմոթ. 1։2)։ Արդյոք Հիսուսը, Պողոսը և Տիմոթեոսը զղջացի՞ն իրենց բռնած ընթացքի համար։ Բոլորովի՛ն։ Դեռ ավելին, Պողոսն ասաց, որ ամենը, ինչ աշխարհը կարող է առաջարկել, «աղբ» է՝ համեմատած Աստծուն ծառայելու առանձնաշնորհման հետ (Փիլիպ. 3։8–11)։

18. Ի՞նչ մեծ փոփոխություն արեց մի երիտասարդ եղբայր, և ինչո՞ւ նա չի ափսոսում։

18 Այսօր բազմաթիվ երիտասարդ քրիստոնյաներ ընդօրինակում են Հիսուսի, Պողոսի և Տիմոթեոսի հավատը։ Մի երիտասարդ եղբայր, որը ժամանակին ուներ բարձր վարձատրվող աշխատանք, գրեց. «Քանի որ ապրում էի աստվածաշնչյան սկզբունքներով, շուտով պաշտոնս բարձրացրին։ Չնայած ֆինանսական հաջողություններիս՝ զգում էի, որ վազում եմ քամու հետևից։ Երբ մոտեցա այդ ընկերության ղեկավարներից մեկին և բացատրեցի, որ ուզում եմ հեռանալ աշխատանքից, քանի որ ցանկանում եմ լիաժամ ծառայող դառնալ, նա անմիջապես մեծ–մեծ փողեր խոստացավ՝ հուսալով, որ կմնամ։ Բայց ես արդեն կայացրել էի որոշումս։ Շատերը չէին կարողանում հասկանալ, թե ինչու հանուն լիաժամ ծառայության թողեցի շահութաբեր կարիերան։ Իմ պատասխանն այն էր, որ ես իսկապես ցանկանում եմ ապրել նվիրմանս համաձայն։ Քանի որ այժմ կյանքս կենտրոնացած է հոգևոր բաների վրա, ես անչափ երջանիկ ու բավարարված եմ։ Որքան շատ փող և բարձր դիրք էլ որ ունենայի, միևնույն է, դրանք չէին կարող ինձ այդպիսի կյանք պարգևել»։

19. Ի՞նչ իմաստուն ընտրություն կարող են անել երիտասարդները։

19 Ամբողջ աշխարհում հազարավոր երիտասարդներ նման իմաստուն ընտրություն են կատարել։ Ուստի, սիրելի՛ երիտասարդ, երբ մտածում ես քո ապագայի մասին, մտքումդ ամուր պահիր Եհովայի օրը (2 Պետ. 3։11, 12)։ Մի՛ նախանձիր նրանց, ովքեր առավելագույնն են քաղում այս աշխարհից։ Փոխարենը՝ լսիր նրանց, ովքեր իսկապես սիրում են քեզ։ «Երկնքում գանձեր դիզելը» ամենաապահով ներդրումն է, որ դու կարող ես անել, և միակը, որը կարող է հավիտենական օգուտներ բերել (Մատթ. 6։19, 20; կարդա՛ 1 Հովհաննես 2։15–17)։ Այո՛, հիշի՛ր քո Արարչին։ Եթե հիշես, նա կօրհնի քեզ։

[ծանոթագրություն]

a Բարձրագույն կրթության և աշխատանքի մասին տե՛ս «Դիտարան», 2005, հոկտեմբերի 1, էջ 26–31։

Կարո՞ղ եք հիշել

• Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ վստահում ենք Աստծուն։

• Ո՞րն է ամենալավ կրթությունը։

• Ի՞նչ կարող ենք սովորել Բարուքից։

• Ովքե՞ր են լավագույն օրինակները և ինչո՞ւ։

[նկար 13–րդ էջի վրա]

Եհովան է տալիս լավագույն կրթությունը

[նկար 15–րդ էջի վրա]

Բարուքը լսեց Եհովային և վերապրեց Երուսաղեմի կործանումից։ Ի՞նչ կարող ես սովորել նրա օրինակից

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը