Հիսուս. ինչ են ասում մարդիկ նրա մասին
«Հիսուս Նազովրեցին.... անկասկած ամենաազդեցիկ անձնավորությունն է պատմության մեջ» (Հ. Գ. Ուելս, բրիտանացի պատմաբան)։
«Քրիստոսը.... պատմության մեջ հայտնի բոլոր հերոսներից անզուգականն է» (Ֆիլիպ Շաֆ, շվեյցարացի աստվածաբան և պատմաբան)։
ԵՐԲԵՎԷ ապրած մեծագույն մարդ. ո՞ւմ կարելի է այդպիսին համարել։ Ըստ ձեզ՝ ինչո՞վ է որոշվում մարդու մեծությունը. նրանով, որ նա հանճարեղ զորավա՞ր է, ֆիզիկապես ուժե՞ղ է, թե՞ օժտված է մտային բացառիկ կարողություններով։ Իսկ գուցե նրանով, որ այդ անհատի խոսքերն ու գործերը, նաև նրա օրինակը մեծ ազդեցությո՞ւն են թողնում մարդկանց վրա։
Տեսնենք, թե Հիսուս Քրիստոսի մասին ինչ են ասել պատմաբանները, գիտնականները, աստվածաբանները, գրողները, քաղաքական գործիչները և ուրիշները։
«Առնվազն պետք է կարողանալ վարպետորեն կեղծել փաստերը՝ հերքելու համար, որ Հիսուս նազովրեցին եղել է ամենաազդեցիկ մարդը, ոչ միայն վերջին երկու հազարամյակում, այլև ամբողջ պատմության ընթացքում» (Ռեյնոլդս Փրայս, ամերիկացի գրող և աստվածաշնչագետ)։
«Մարդը, որը անմեղ էր, զոհաբերեց իրեն հանուն մարդկության, այդ թվում իր թշնամիների և դարձավ աշխարհի փրկիչը։ Դա կատարյալ զոհաբերություն էր» (Մոհանդաս Գանդի, Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ)։
«Մանկուց կրթվել եմ Աստվածաշնչով և Թալմուդով։ Ես հրեա եմ, սակայն հիացած եմ նազովրեցի Հիսուսի անզուգական օրինակով» (Ալբերտ Էյնշտեյն, գերմանացի գիտնական)։
«Իմ կարծիքով՝ Հիսուս Քրիստոսը բոլոր ժամանակների ամենակարկառուն անձնավորությունն է եղել թե՛ որպես Աստծու Որդի, թե՛ որպես մարդու Որդի։ Ամեն բան, որ նա երբևէ ասել կամ արել է, մեծ արժեք ունի մեզ համար այսօր։ Նույնը չի կարելի ասել ուրիշ ոչ մեկի մասին» (Շոլեմ Աշ, լեհ գրող, «Christian Herald», ընդգծումը իրենցն է)։
«Կյանքիս երեսունհինգ տարիների ընթացքում եղել եմ նիհիլիստ՝ ոչ մի բանի հանդեպ հավատ չունեցող։ Երբ հինգ տարի առաջ սկսեցի հավատալ, որ Հիսուս Քրիստոսը իրական անձնավորություն է եղել, ամբողջ կյանքս կտրուկ փոխվեց» (Լև Տոլստոյ, ռուս գրող և փիլիսոփա)։
«Պատմության մեջ ոչ ոք Հիսուսի նման մեծ ազդեցություն չի ունեցել այդքան շատ մարդկանց վրա։ Եվ այդ ազդեցությունը շարունակվում է» (Քենեթ Սկոտ Լաթուրեթ, ամերիկացի պատմաբան և գրող)։
«Պե՞տք է արդյոք մտածենք, թե Հիսուսի կյանքի պատմությունը հորինված է։ Իրականում այն ամենևին էլ հորինված չէ։ Ի տարբերություն Հիսուսի կյանքի՝ Սոկրատեսի կյանքի պատմությունը, որը ոչ ոք կասկածի չի ենթարկում, այդքան էլ հիմնովին ապացուցված չէ» (Ժան–Ժակ Ռուսո, ֆրանսիացի փիլիսոփա)։
Փաստորեն՝ եթե ինչ–որ մեկը արժանի է ընդօրինակման, ապա դա Հիսուս Քրիստոսն է։ Պողոսը՝ առաջին դարի կրթված մի անձնավորություն՝ Հիսուսի հետևորդը և այն առաքյալը, որը բոլոր ազգերին քարոզում էր Քրիստոսի մասին, հորդորում է մեզ «մեր աչքերը հառել» նրան (Եբրայեցիներ 12։2; Գործեր 9։3)։ Իսկ ի՞նչ կարող է Հիսուսը սովորեցնել մեզ այն մասին, թե ինչպես պետք է ապրել։ Եվ ի՞նչ օգուտներ կարող ենք ստանալ՝ ուսումնասիրելով նրա կյանքը։